AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 4166, Տպվել է` 477, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ

(մաս երկրորդ)

Անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած պետության համար, անկախ նրա մեծությունից, հզորությունից ու աշխարհագրական դիրքից: Կա տարածված այն սխալ կարծիքը, որ անվտանգությունը պետության կարեւորագույն գործառույթներից մեկն է, իրականության մեջ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ պետության միակ գործառույթն է, դրանով է միայն բացատրվում ու արդարացվում պետության` որպես ինստիտուտի գոյության անհրաժեշտությունը, հակառակ դեպքում պետության գոյությունը ինքնին դառնում է անիմաստ, իսկ պետություն պահելն էլ` ավելորդ ճոխություն: Հետեւաբար առաջին ու բնական հարցը, որ այս դեպքում առաջանում է, այն է, թե ինչպես ստեղծել անվտանգության այնպիսի համակարգ, որը ապահովի պետության եւ նրա քաղաքացինների բնականոն գոյությունը եւ զարգացումը:

Այստեղ արժե շեշտել, որ անվտանգություն ասելով պետք չէ հասկանալ միայն դրա ռազմաքաղաքական բաղադրիչը, իրականում այն շատ ավելի լայն հասկացություն է եւ իր մեջ ընդգրկում է պետության գործառույթի բոլոր ճյուղերը, սկսած տնտեսական, էներգետիկ ու այլ տիպի անվտանգություններից` մինչեւ հոգեւոր, տեղեկատվական, մշակութային, կրթական, եւ այս թվարկումը կարելի է երկար շարունակել: Հայաստանի դեպքում ռազմավարական նշանակություն ունի նաեւ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների անվտանգային բաղադրիչը եւս, ինչը նշենք, որ մեր կողմից ամենից վատ ուսումնասիրված ու էլ ավելի վատ կիրառվող ուղղություններից մեկն է:

Անվտանգությունը որպես գիտական դիսցիպլին սկսվեց հետազոտվել 20-րդ դարի երկրորդ կեսին` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Արդեն իսկ պարզ էր, որ հարկավոր է հետազոտել ու առաջարկել անվտանգության նորագույն համակարգերի այն բանաձեւը, որը կապահովի երկարատեւ խաղաղությունը: Այս թեմայով առաջին հետազոտողներից էր շվեյցարական ծագման ամերիկացի գիտնական, Յել համալսարանի պրոֆեսոր Առնոլդ Վոլֆրսը, որը իր աշխատանքում անվտագությունը կոչում էր «զերծ պատերազմից» տարածք: Վերջինս սակայն հասկանում էր, որ նմանատիպ տարածք կառուցելու համար հարկավոր է անվտանգության միջազգային նոր համակարգ, որը կարող է գործել ռազմական հավասարակշռության պայմաններում միայն: Սակայն հարցերից հարցը տվյալ դեպքում այն էր թե ինչպես ստեղծել այդ հավասարակշռությունը, որը համապատասխան կլինի զարգացման նոր միտումներին ու երկարատեւ ժամանակաշրջանի համար կապահովի անվտանգության ընդունելի տարբերակ: Այսինքն հարկավոր էր անվտանգային ռազմավարության մի նոր համակարգ, որը ոչ միայն համահունչ էր նոր սպառնալիքներին, այլեւ պատասխանում էր այն հարցին, թե գոնե տեսանելի ապագայում ինչ նոր մարտահրավերներ են սպառնում միջազգային անվտանգությանը:

Ցանկացած ռազմավարության, առավել եւս` անվտանգային ռազմավարության մշակման համար հարկավոր է հասկանաալ այն վերջնանպատակը, որին ցանկանում ենք հասնել: Թիրախային նմանատիպ հստակությունը հնարավորություն է տալիս նախանշել այն քայլերը, որոնք հարկավոր է իրականացնել այդ նպատակին հասնելու համար: Նախագծման ու պլանավորման այս գործընթացում, սակայն կարեւորագույն քայլը ռազմավարական այդ ճանապարհին առկա ռիսկերը, վտանգներն ու սպառնալիքները նախանշելն է: Հաջորդ քայլով պետք է փորձել կատարել նշված ռիսկերի, վտանգների եւ սպառնալիքների չափումը, այլ կերպ ասած` հասկանալ դրանց վտանգի աստիճանը ու սպառնալիքի չափը միջազգային անվտանգության համար ընդհնարապես եւ տվյալ պետության համար մասնավորապես:

Այստեղ պետք է ավելացնել, որ ռիսկերի աճումըՙ վտանգի, սպառնալիքի եւ ապա մարտահրավերի, որոշակի գործընթաց է, որի դասակարգումը ժամանակին իրականացվել է Արեւմտյան մասնագիտական շրջանակների կողմից: Հաջորդիվ հարկավոր է իրականացնել այդ վտանգների շարժման ու զարգացման դինամիկայի կանխատեսումը (սցենարային վերլուծություն), սա թերեւս այս գործընթացի բարդագույն մասն է, ինչը առանցքային նշանակություն ունի սպառնալիքի վտանգի աստիճանը գնահատելու եւ գրագետ ռազմավարություն մշակելու համար: Միաժամանակ պետք է հասկանալ, որ այդ դինամիկան փոփոխական է եւ գտնվում է անընդհատ շարժի մեջ` մեծանալով կամ նվազելով, իսկ երբեմն էլ կարող են ի հայտ գալ նոր ռիսկեր ու սպառնալիքներ, որոնք նույնպես չափման, հաշվարկման ու կանխատեսման կարիք ունեն:

Այստեղ կարող եմ ավելացնել, որ 2016թ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ազգային անվտանգության մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների հետ կատարեցինք հաշվարկ, թե ինչպես է, օրինակ, նավթի գների անկումը ազդում տարածաշրջանի անվտանգային դինամիկայի վրա ընդհնարապես եւ առանձին պետությունների վրա մասնավորապես: Մշակված մեթոդաբանությունը ու դրա կիրառումը ցույց տվեցին, որ նմանատիպ հաշվարկները շատ մոտ են իրականությանը եւ արտահայտում են այն փոփոխությունները, որոնք կատարվել են Հարավային Կովկասում էներգակիրների գների փոփոխությունից հետո:

Վերը նշված գործընթացից հետո կարելի է ձեռնամուխ լինել նախանշված վտանգների, ռիսկերիի ու սպառնալիքների նվազեցմանը, չեզոքացմանը կամ կանխարգելմանն ուղղված քայլերի համար անհրաժեշտ քաղաքականության մշակմանը: Ահա այս քաղաքականությունների ամբողջությունն էլ հնարավորություն կտա ասել, որ ունենք առկա ու սպասվելիք մարտահրավերներին համապատասխան անվտանգային ռազմավարություն: Եվ միայն այս ամբողջական մշակումից հետո կարող ենք ունենալ անվտանգային միջավայրի մասին ընդհանուր պատկերը, որն ինչպես կենդանի օրգանիզմ անընդհատ փոփոխվում է եւ, հետեւաբար, այն մշտական հետազոտման ու մշտադիտարկման կարիք ունի: Ըստ այդմ էլ անընդհատ մշակման ու բարելավման կարիք ունի անվտանգային ռազմավարությունը: Հարկավոր է ժամանակ առ ժամանակ թարմացնել ու կատարալագործել մեթոդաբանական այն զինանոցը, որը մենք կիրառում ենք վերը նշված մշակումներն ու վերլուծությունները կատարելու համար, հարկավոր է նորարական եւ ստեղծագործական մոտեցումներ այս հարցերում, հակառակ դեպքում շարունակելու ենք անընդհատ իրադարձությունների հետեւաից վազել, փորձելով ծագող մարտահարավերները եւ սպառնալիքները լուծել` դրանց մասին նույնիսկ չունենալով խորքային պատկերացում:

Հասկանալի է, անվտանգային ռազմավարության մշակումը միջդիսցիպլինար ուղղություն է, որտեղ պետք է ներգրավված լինեն թե հումանիտար, թե ճշգրիտ, եւ թե ռազմական գիտությունների մասնագետները, սա նաեւ մեկ առանձին վերցրած ինստիտուտի կամ գերատեսչության աշխաատանք չէ, այն պետք է իրականացնել միջգերատեսչական ձեւաչափով` վերլուծական լավագույն ինստիտուտների ու ուժերի ներգրավմամբ, որն էլ իր հերթին հնարավորություն կտա հնարավորինս խորքային ու գրագետ աշխատանք կատարել:

(շարունակելի)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.