AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 4027, Տպվել է` 466, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքի 90-րդ տարում վախճանվեց վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ (2003), ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:

Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետոՙ 1945 թ., նա ընդունվում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ եւ այն հաջողությամբ ավարտում 1950 թ.: Նույն տարում ընդունվում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադ. Ս. Տ. Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: 1954 թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968 թ.ՙ դոկտորական ատենախոսությունները:

Վ. Բարխուդարյանը աշխատանքային առաջին մկրտությունը ստացել է Հայաստանի պատմության պետական թանգարանումՙ որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958): 1958 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտումՙ որպես կրտսեր (1958-1959), այնուհետեւՙ ավագ (1963-1967), գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963), փոխտնօրեն (1967-1990): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունումՙ որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005), ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2011-2017 թ.):

Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության եւ հայ-ռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարեւորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը: «Նոր-Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, Երեւան, 1967, 1985) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական եւ մշակութային պատմությունը: Վ. Բարխուդարյանի ուսումնասիրությունն ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի դերը հարավային Ռուսաստանիՙ Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առեւտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում:

Վ. Բարխուդարյանիՙ պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքոՙ ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայ-հունգարական պատմական եւ մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները եւ հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996):

Վ. Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Հասկանալի պատճառներով անհնար էր դարձել նախկին դասագրքերով հայոց պատմության դասավանդումը: Նրա խմբագրությամբ լույս տեսան հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք:

Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի եւ այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ եւ գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին: Վ. Բարխուդարյանը առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգեւոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը:

Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակՙ որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխնախագահ, հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ծավալել է գիտական-կազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաստակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգեւներիՙ ԽՍՀՄ Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալ:

Վաստակաշատ գիտնական Վլադիմիր Բարխուդարյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.