AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 3529, Տպվել է` 379, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐՍԻՑ ԻՋԱԾՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Քարոզարշավից ավելի լավ մեկ էլ քարոզարշավն է ցույց տալիս մեր ժողովրդի իրական նկարագիրը, տրամադրությունն ու ներկա-ապագայի մասին պատկերացումները: Նախընտրական խոստումների, ծրագրերի նկատմամբ արդեն իմունիտետ ունենք. ինքնապաշտպանական ռեակցիա է, բնական բնազդ, մեր կյանքի հանգամանքներն ու պայմանները ձեւավորղների, թելադրողների նկատմամբ ընդվզման թեթեւակի դրսեւորում: Ծով խոստումներից, օվկիանոսաչափ բարեփոխումների ծրագրերից, բոցաշունչ ելույթներից ժողովրդի հոնքն էլ չէր շարժվում:

Քարոզարշավն ընդգրկեց ամբողջ Հայաստանըՙ էլ հեռավոր գյուղեր, էլ սահմանապահ ու սահմանամերձ բնակավայրեր, ինչ քունջ ու պուճախ ասես, որ թեկնածուները չմտան. միայն թե մարդ որսան: Բոլ-բոլ խոստումներՙ «Այս գյուղը թշնամու դիտակետից հեռու պահելու համար թունել ենք կառուցելու, գյուղացուն ցածր տոկոսով երկարաժամկետ վարկեր ենք տրամադրելու, գյուղմթերքը ձեր ուզած գնով ենք առնելու, տներ ենք կառուցելու ձեզ համար, աստղեր ու լուսին ենք իջեցնելու երկնքից, օվկիանոսից մարգարիտ ենք հանելու մեր սիրելի, թանկագին ընտրողների համար: Բա ամոթ չի՞. էս ոնց եք ապրում, ավելի լավ է գետինը մտնեինք, մենակ թե ձեզ էս վիճակով չտեսնեինք: Ձեր անգին ձայնն ինձ տվեք, ու տեսեքՙ սարեր եմ շուռ տալու, իմ անձը մատաղ եմ անելու ձեզ համար»:

Հեչ, հարգարժան, թանկագին ընտրողի պետքն էլ չի, թե պատգամավորության թեկնածուի սիրտն ու հոգին բզիկ-բզիկ, հալումաշ է լինում: Դեմքըՙ անհաղորդ, աչքերում օվիկանոսաչափ հոգս, մտածմունք ու հուսալքություն:

Նրանց վերաբերմունքն ու ռեակցիան քարոզարշավ երեւույթին ներկայացնում եմ չմիջնորդավորված, բայց անուն-ազգանուններ չնշելով: Ես նրանց խոստացել եմ պահպանել գաղտնիությունը, ու խոստումս կատարում եմ:

***

- Բալա ջան, մեր գյուղում հեռախոսն ականջին են դնում, խոսում, դու հեռախոսդ պահել ես բերանիս ու հարցեր ես տալիս, որ շշկռվեմ... Պա քու... ձայնագրում ես: Անտեր մնա... էս ինչքան եմ կյանքից հետ մնացել: Բահն ու լապատկեն ձեռքիցս վեր չեմ դնում, բալա ջան, զարմանալ մի: Ասա, լսում եմ...Հա, հիմա որ էս ջահել տղեն երկու-երեք հարյուր կմ կտրել-եկել է մեր գյուղ, սիրուն-սիրուն խոսում է. նայում եմ բոյ-բուսաթին, քեֆս գալիս է, ուզում եմ տանեմ իմ տուն, իմ քաշած գինուց խմացնեմ ու ասեմ. «Տղա ջան, Աստվածդ սիրես, գնա, մի սիրուն կնիկ առ, ընտանիք ստեղծիր, աչքերիցդ երեւում է, որ մեջդ մաքրություն կա, ինչ գործ ունես էդ գելերի մեջ ես մտել, կյանքդ թունավորում ես»: Հարսիս դրած թթվից էլ մի աման կուտացնեմ, թող իմանա լավ կինն ինչ բան է: Բայց ինձ կլսի՞: Չէ, գինիս կխմի, հասիս դրած թթուն կուտի, մատն էլ մի լավ կտնկի վրասՙ թե, այ բիձա, էս ինչ ես ասում, դու բան ես հասկանում որ: ...Հավատում չեմ ոչ մեկի ասածին, բայց դե մարդիկ են եկել մեր գյուղ, ամոթ չի, որ գոնե կանգնող-լսող չունենան: Հայվանս թողել-եկել եմ, որ մենակ չմնան քաղաքից եկած էս մարդիկ:

***

- Դուք պիտի երեկ գայիք, տեսնեիք, թե ինչքան մարդ կար էս հրապարակում: Մեր-մանուկ բոլորը տներից դուրս էին թափվել, մեր թագավոր թեկնածուին ոնց որ պետք է դիմավորեցինք: Ոտքի կոխած հողն էլ պաչում էին, իրար բրթելով առաջ գնում, որ գոնե ձեռքով դիպչեն նրա շոր-կոշիկին: Մեր գյուղում չեմ հիշում երբՙ մեկ էլ հնդկական կինո ցույց տալուց է էդքան մարդ հավաքվել: Չէ, մի անգամ էլ կլիպ են նկարել, էլի գյուղացիք տներից դուրս էին եկելՙ թամաշայի: ...Քույր ջան, չնեղանաս, բայց մենակ այլմոլորակայինը քո տված հարցը կտար: Մեր գյուղն ով է հիշում, գյուղի տեղն ով է իմանում, որ թատրոն բերած լինեն էստեղ, մենք էլ հագած-կապած գնայինք թատրոն նայելու: Կամ թատրոնը որտեղ ցույց տան: Իսկի բուժարան չունենք, հարսները շատ ժամանակ տանն են երեխա ունենում, էլ ուր մնացՙ թատրո՜ն: Չէ մի չէ, բրդած մածուն: Երկու երեխա ունեմ: Տղաս մի անգամ է թատրոն տեսել: Ամոթ է, բայց պիտի ասեմ, որ ես էլ նրա հետ եմ առաջին անգամ թատրոն գնացել, որովհետեւ դասարանին քաղաք էինք տարել, ավտոբուսն էլ ես էի քշում: Իսկ աղջիկս... ոչինչ քաղաք մարդու կտամ, թող ինչքան ուզի թատրոն գնա: Այ քույրս, դու կինոյից ու թատրոնից ես հարցնում, դրանք երկրորդական բաներ են, գյուղում մարդ չի մնացել. դու էդ ասա, թե չէ թիթեռ ես նկարում:

***

- Հայրիկ ջան, նախընտրական ծրագիրս ՋԻՊ-ումս է, հիմա կտամ, կարդա, ծանոթացիր:

- Տղա ջան, քո ջիպից հանես, իմ ջիպումը դնես, պառավս էլ շալվարս լվանա, էդ ծրագիր-մրագիրդ կորչի-գնա: Չէ, ջիպիցդ հանիլ մի, ափսոս է, թող մնա մի ջահելի կտաս, կկարդա:

***

- Բարեւ Ձեզ, սա մեր նախընտրական ծրագիրն է, խնդրեմ, ծանոթացեք:

- Էս ինչ ես տալիս, փող տուր, փող:

- Այսինքնՙ ընտրակաշառք եք ուզում: Հիմա ով փող տա, նրան էլ ընտրելու եք:

- Մեկ է, ոչ մեկդ էլ մի բան անող չեք, գոնե օգուտս էդ փողը կմնա:

***

- Ժամանակին մեր շրջանում գործարան է աշխատել, մարդավարի աշխատել-ապրել ենք: Չորս տղա եմ մեծացրել, ամուսնացրել: Հիմա ոչ մեկը կողքիս չէ: Ես ու ասմուսինս ենք մնացել: Բա մարդ տասը թոռ ունենա ու մենակ մնա չորս պատի մեջ: Քթիս ծուխը գցում է, որ երեխեքիս ձայնը լսում եմ: ....Արդեն 15-16 թեկնածու եկել է, էս նույն ամբիոնից խոսել ու խոստացել: Ես ժամանակին պլան-բաժնի պետ եմ եղել, ժողովրդի առաջ ելույթներ եմ ունեցել: Մեր քաղաքում բոլորն ինձ հռետոր էին ասում: Նաչալնիկս ասում էրՙ Սուսան, էն խոսող պիջակդ հագիր, էսօր պիտի ելույթ ունենաս: Մենակ ամբիոններից չէ, հարսանիք-քեֆ-ծնունդՙ ամեն տեղ խոսել եմ, կենաց եմ ասել, ծաղկեցրել: Աղջիկ ջան, սրանք ինձ տվին-անցան: Հիմա Սուսանն է՜, սրանց դիմաց ինչ է որ: Էնպես են խոսում, ներկայացնում, սիրաշահում, բերաններից վարդ-մանուշակ է թափվում: Քննադատում են, խոստանում, քննադատում, խոստանում... Ես ինձ միամիտ մարդ չեմ համարում, բայց մեկ էլ ուղեղս անջատվում է, սկսում եմ սրանց ասածներին հավատալ: Երեկ ուրիշ կուսակցություն էր եկել, խոսեցին, հավատացի, էսօր ուրիշն է էստեղ, խոսում են, էլի հավատում եմ, մեջս հույս է արթնանում, թոռներս հատ-հատ աչքիս առաջ են գալիս: Բայց մեկ էլ ինքս ինձ ասում եմՙ Սուսան, սթափվիր, կուտ են տալիս էլի:

***

- Մի բան ասեմ, տես սո՞ւտ եմ: Բոլոր կուսակցություններն առանձին -առանձին, թեկնածուներն էլ իրենց հերթինՙ բուկլետ ու ծրագիր են տպել: Ես մեր շրջանի թերթում եմ աշխատել: Գիտեմ տպագրությունն ինչ ծախս է պահանջում: Թղթի, թանաքի որակից էլ խելքս հասնում է: Բոլորի բուկլետները տեսել եմ, շոշափել եմ. բոլորինն ընտիր որակի է, ես կասեիՙ ընտրագույն որակի: Ես ինձ գիր-գրականության մարդ եմ համարում ու մեր մարզի բանաստեղծներին, գրողներին լավ գիտեմ: Անցյալ տարի մտքովս անցավ բոլորի գործերի ընտրանին հավաքեմ-տպեմ: Ինչ վատ կլիներ որ, նույնիսկ որոշել էի Հայաստանի գրողների միության մրցանակի համար առաջադրել: Ում դուռը գնացի, ներկայացրի, խոսեցի, որ փող տան, ժողովածուն տպեմ, ոչ ոք տեղից չշարժվեց: Այ մարդ, ախր ձեր համագյուղացիները, համերկրացիներն են էդ գրողները, մի տեղ էլ պիտի լավ զգաք, չէ՞, որ մեջները շնորհքով մարդիկ կան: Չէ, մերժեցին, հիսուն հազար դրամ հազիվ հավաքվեց, տարա, հետ տվեցի փողը: Բայց հլա տես էս կուսակցություններն ինչքան փող են ծախսել էս բուկլետների վրա: Մի թեկնածուի նախընտրական ծրագրի փողն ու թուղթը հերիք էին իմ երազած գիրքը տպելու համար: Ախր ցավն այն է, որ իրենք բաժանում են, խոսում, գնում, իրենցից հետո էդ բուկլետներն աղբ են դառնում, ժողովուրդը տանում թափում է: Բա էդքանն ինչ անի: Մեկը չի, երկուսը չի... մակուլատուրա էլ չեն հավաքում, թե տանենք հանձնենք, ախր ափսոս է: Մի խելքը գլխին գիրք չի, որ տանենք գրադարակում դնենք, երեխեքը կարդան:

***

- Մեր ընտրատարածքում հարյուրից ավելի թեկնածու է առաջադրված: Էդպիսի բան կլինի բա: Ով գալիս խոսում էՙ ինձ ընտրեք, ինձ ընտրեք: Այ քո հոր Աստծուն մեռնեմ. էս ընտրատարածքում իսկի էդքան մարդ չի ապրում: Հիմա մի բան ասեմ. Էս կինն էլ խոսի-պրծնի, բարձրանալու եմ իր կանգնած տեղը կանգնեմ ու հարցնեմՙ դու քո խոստացածին հավատում ես, քո երեխան քեզ հավատում է: Էդ ոնց ես թոշակը հասցնում մինչեւ հարյուր հազարի, բանակը հզորացնում: Չկա, փող չկա, բյուջեում քամիներ են վզվզում, եղածն էլ էս քարոզարշավի վրա եք ծախսել: Քթներիցս հանելու են, կաշիներս քերթելու են: Ուր էիք այսքան ժամանակ, Մարսից եք իջել: Էլի ձեր ձեռքին էր երկիրն էլ, ժողովուրդն ու բյուջեն էլ: Համաձայն են, որ երկիրն անդունդն են գլորել: Մինչեւ հիմա մատ մատի չեք տվել, հիմա ասում եքՙ մեզ ընտրեք, որ սրանից հետո գործ անեք:

***

- Մեր գյուղը քաղաքից հեռու չի: Յոթ հազար բնակիչ ունի, ու բնական է, չէ, որ տաքսով-մեքենայով հնարավոր չէ ամբողջ օրը տեղաշարժվել: Մի հատ երթուղային է աշխատում, ուրիշ ոչ մի տրանսպորտային գիծ չեն բացում: Ով եկավ, ուզեց նոր երթուղային գիծ գցի, երկու օր հետո փակել տվեցին, անհետացրին, որովհետեւ էս մինուճար երթուղայինը լավ թիկունք ունեցող պաշտոնյայի սեփական գիծն է, ուրիշին թույլ չի տալիս մոտենալ մեր գյուղին: Գյուղի էն ծայրից կիլոմետրերով պիտի քայլեն, գան հասնեն էստեղ, որ երթուղային տաքսի նստեն, գնան Երեւան: Հազար տեղ գրել ենք, դիմել: Քաղաքն էլ է իրենցը, գյուղն էլ, տրանսպորտն էլ, օդն ու ջուրն էլ, մենք էլՙ իրենց ճորտ-նոքյարը: Իրար հերթ չեն տալիս, գալիս են էս ֆուտբոլի դաշտում կանգնում, բարձրախոսը ձեռքներն առնում ու ծղրտում: Տո ով է գժվել ձեզ հավատա:

***

- Նորմալ երկրներում քարոզարշավների ընթացքում թեկնածուները խոստանում են այս կամ այն խնդիրը լուծելՙ բնապահպանական, մարդու իրավունքների պաշտպանության որեւէ նոր պրոբլեմ, դրույթ, խոստանում են որոշակի բարեփոխում որեւէ ոլորտում: Իսկ մերոնց առջեւ ու բոլորի առջեւ անխտիր դրված են երկիրը զրոյից կառուցելու, սարքելու, նոր օրենսդրություն ու արդարադատություն, կառավարման բոլորովին նոր համակարգ, սոցիալական, առողջապահական, կրթական, տնտեսական բոլոր ոլորտները զրոյից ձեւավորելու խնդիր: Սա ողբերգություն է: Խոստանում են բոլորըՙ իշխող կուսակցությունը, նաեւ ընդդիմադիր կոչվածն ու նոր ձեւավորված դաշինքը: Նշանակում էՙ իշխանություն, թե ընդդիմություն, բոլորն ընդունում են, որ մինչեւ հիմա այս երկրում ոչինչ չի արվել, ու այ քեզ բա՜ն, ընտրություններից հետո նոր պիտի արվի: Սա սարսափ է, պարադոքս: Ու ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ իրավունք չունեն իրենց չարածը բարդել պատերազմի վրա, արդարանալ, թեՙ պատերազմող երկիր ենք, իբր ամեն ինչ, բոլոր միջոցները մինչեւ հիմա ուղղվել են բանակին: Որ ուզում եմ խորանալ այս ամենի մեջ, զգում եմՙ խելագարվում եմ: Դե արի ու վստահիր, հավատա: Մեղք ենք, լուրջ եմ ասում, մեղք ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.