AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2824, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՈՎ ԵՐԿԻՐ ՉԻ ԶԱՐԳԱՆԱ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Այս տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պատահական զուգադիպությամբ համընկավ կանանց միամսյակի հետՙ դրանով կարծես ավելի սրելով բոլորիս ուշադրությունը հասարակական կյանքում կնոջ ստանձնած դերի եւ պետական կառավարման վերին օղակներում քնքուշ սեռի ներկայացուցիչների ներգրավվածության վրա:

Հայտնի է, որ ընտրական նոր օրենսգիրքը մեծացնում է կանանց մասնակցությունը ընտրություններին. քաղաքական ուժերի ցուցակներում ամեն չորրորդը իգական սեռի ներկայացուցիչ պետք է լինի: Սա այն դեպքում, երբ ներկա Ազգային ժողովի 131 պատգամավորներից միայն 14-ը կամ 10,7%-ն է կին: Նկատենք, որ այսօր ՀՀ-ում ընդամենը 2 կին նախարար ունենք, բայց եւ ոչ մի կին մարզպետ կամ քաղաքապետ: Իսկ 866 գյուղապետերից էլ միայն 20-ն են կանայք (2,3%): Սրանք միայն չոր փաստեր են, որոնց հետեւում կենդանի իրականությունն էՙ իր հասկանալի-անհասկանալի ելեւէջավորումներով եւ ուղղելի-անուղղելի կնճիռներով: Այս, ինչպես նաեւ մեր այժմյան կեցության սոցիալական բաղադրիչի, դրա լույսուստվերի մասին խոսելու համար հանդիպեցինք Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն, ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Միրա Անտոնյանի հետ, որն, ի դեպ, նորանկախ Հայաստանի առաջին սոցիալական աշխատողն է եղել եւ ներկայումս Սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահն է:

Ո՞վ է սոցիալական աշխատողը եւ ի՞նչ է սոցիալական աշխատանքը

Խորհրդային տարիներին, ի դեպ, չի եղել նման մասնագիտություն, քանի որ պետությունը խոշոր հաշվով ինքն է ստանձնել սոցաշխատողի դերըՙ արհմիությունների ու տարատեսակ այլ ինստիտուտների միջոցով փորձելով լուծում տալ սոցիալական առկա խնդիրներին: Երկրի անկախացումից հետո, սակայն, երբ մի համակարգից անցում կատարվեց մյուսին եւ կտրուկ փոխվեց մեր հասարակության սոցիալական կազմըՙ ծնունդ տալով ծայրահեղ հարուստներին ու աղքատներին, անհրաժեշտություն առաջացավ նման մասնագիտության ի հայտ գալուն:

Սոցիալական աշխատողի եւ ծառայություն ստացողի հանդիպումը, փաստորեն, երկու փորձագետների հանդիպում է: Անմիջականորեն շփվելով բազում խնդիրների մեջ հայտնված եւ տարբեր կորուստներ ունեցած ընտանիքների հետՙ սոցիալական աշխատողը մարդկանց օգնում է իրենց մեջ բացահայտելու սեփական ռեսուրսները: Օգնում է, որ ակտիվանան, կառուցողական մտածեն ու գործեն:

Մերօրյա պայմաններում սա ամենաարդիական մասնագիտություններից է, ուստի պատահական չէ, որ 2000-ից սկսյալ Երեւանի պետհամալսարանում տարեկան պատրաստում են 40-50 սոցիալական աշխատողներ: Խնդրահարույցն այն է, որ ըստ Միրա Անտոնյանի` «պետական սոցիալական ծառայություններում այսօր համալսարանի տվյալ բաժինն ավարտածներից միայն 5 հոգի է աշխատում: Մինչդեռ մնացյալ 1300 աշխատակիցներըՙ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, ուսուցիչներ, ճարտարագետներ եւ այլն, չունենալով համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, ունակ չեն մարդկանց հետ պրոֆեսիոնալ աշխատանքի եւ փաստորեն կատարում են պետբյուջեի գումարները բնակչությանը բաժանողի գործառույթներ: Իրականում, կապված սոցիալական ոլորտի վերջին բարեփոխումների հետ, որի համաձայն սոցիալական ծառայությունները պետք է անցնեն անհատական մոտեցումներով աշխատանքի մեթոդների, գնալով մեծ պահանջարկ կունենան համապատասխան կրթություն ունեցող մասնագետները:

Ընտանեկան նպաստների «պերճանքն ու թշվառությունը»

Զրուցակիցս, մեջբերելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալները, վկայում է, որ մեզանում շատ բարձր է հատկապես մանկական աղքատության տոկոսը: Այսպես. երեխաների կամ անչափահաս բնակչության 41%-ը (մոտ 350հզ.) ապրում է աղքատության գծից ներքեւ: Ընդ որում, դա միայն եկամուտների անբավարարություն չի նշանակում, այլ նաեւ հանրային տարբեր ծառայություններից (մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության խմբակներ, առողջապահական ծառայություններ եւ այլն) օգտվելու հնարավորությունների նվազեցում: Պետությունն իր ուժերի ներածին չափով, իհարկե, փորձում է սատար կանգնել կարիքավոր ընտանիքներինՙ նրանց տրամադրելով սոցիալական նպաստներ: Այլ հարց է, որ նախՙ այդ նպաստները խիստ անհամապատասխան են կարիքի ծավալներին ու չափերին, ապաՙ պետական աջակցության ձեւերը մեծամասամբ հասցեականության ու ճշգրիտ թիրախավորման պրոբլեմ ունեն:

Նման համոզման Միրա Անտոնյանն եկել էՙ 1999-ից աշխատելով ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում: «Մեր կենտրոնում,- պատմում է նա,- տարեկան շուրջ 200 երեխա ենք ընդունում, ովքեր հայտնվել են ոչ ստանդարտ իրավիճակներումՙ ենթարկվել են բռնությունների, հալածվել կամ դուրս են մնացել կրթությունից եւ այլն: Եվ տարօրինակն այն է, որ այդ երեխաների ընտանիքները աղքատության ընտանեկան նպաստի ծրագրում ընդգրկված չեն»: Ինչպես ասում ենՙ մեկնաբանություններն ավելորդ են...

Մյուս կողմից էլ մասնագետին մտահոգում է մեր հասարակության մեջ աղքատության մշակույթի արմատավորումը: Վերջինս ենթադրում է բավարարվածություն անգամ չունեցածով, երբ մի կերպ յոլա գնալը շատ-շատերի համար սկսում է դառնալ կյանքի նորմա: Ըստ Միրա Անտոնյանի «Մեզանում վտանգավոր աստիճանի է հասնում չափազանց, նույնիսկ մարդու իրավունքներին հակասող բարձր հարմարվողականությունը, որը բերում-հանգեցնում է դիմադրողականության ողջ ռեսուրսի սպառման: «Կաՙ կուտեմ, չկաՙ չեմ ուտի» մտածողությունը աստիճանաբար ջլատում է ոչ միայն անհատին, այլեւ ողջ հասարակությանը: Վերջինիս պատած այդ պրիմիտիվ հարմարվողականության ախտը սկսում է խանգարել նաեւ երկրի տնտեսական աճին, որն իրականացնողը արժանապատիվ կյանքի ձգտող եւ արարող քաղաքացին պիտի լինի: Այս առումով ճիշտ չեմ գտնում ընչազուրկ ապրողի հերոսացումըՙ ցույց տալու համար, թե տեսեք-տեսեքՙ ինչպես է դիմանում ամեն տեսակ դժվարության: Ընդհակառակը, պետք է օգնել այդ մարդկանց պայքարելու իրենց կյանքի որակի բարձրացման, իրենց երեխաների սոցիալական հեռանկարի երաշխավորման համար»:

Միգուցե զավեշտ է, սակայն նման իրավիճակ ստեղծվում է նաեւ նույն ընտանեկան նպաստի համակարգի պատճառով: Չէ՞ որ պատրաստի գումար տալը ծուլացնում է մարդկանցՙ վերջիններիս դնելով պետությունից կախվածության մեջ, իսկ շատերին էլ մղելով մանր-մունր խարդախությունների: Այդ կերպ խեղաթյուրվում են պետություն-քաղաքացի հարաբերությունները, աղճատվում քաղաքացի դառնալու գործընթացը եւ ի չիք դառնում երկրի զարգացման հույսը: «Ցավում եմ, որ մեր երկիրն արդեն 16 տարի շարունակ փորձում է աղքատության խնդիրը լուծել նպաստ տալով,- պնդում է զրուցակիցս եւ շարունակում,- այդ կերպ երկիր չի զարգանա: Հարկ է արմատապես փոխել մոտեցումները: Նպաստը պետք է համատեղվի ընտանիքին ուժեղացնող, խրախուսող, ոտքի կանգնեցնող այլ ներարկումների հետ, որպեսզի ինչ-որ ժամանակ անց ընտանիքն այլեւս նման աջակցության կարիք չունենա:

Առանձին դեպքերում, իհարկե, կարելի է եւ նպաստ տալ, եթե տվյալ ընտանիքում չկա աշխատուժ: Մեկ այլ դեպքում միգուցե միանգամից պետք է տրամադրել ամբողջ տարվա նպաստը, որով հնարավոր կլինի, ասենք, վարել-ցանել հողը եւ հավաքած բերքով հաջորդ տարի դառնալ ինքնաբավ: Բերելով ՀՀ Բերդի տարածաշրջանում արդեն 4 տարի ՀՕՖ-ի ծավալած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի օրինակը, որի շրջանակներում ամենօրյա աշխատանք է տարվում շուրջ 600 գյուղական ընտանիքների հետ, տիկ. Անտոնյանը նկատում է, որ իրենց թիմին հաջողվել է կյանքի կոչել ընտանիքում սոցիալական ռիսկերի կանխարգելման լավ մոդել եւ ձեւավորել ընտանիքի աջակցության արդյունավետ փաթեթ: Դա մեծապես հնարավոր եղավ իրագործել շնորհիվ երիտասարդ մասնագետների ներգրավման, ովքեր ՀՕՖ-ի աջակցությամբ անցել էին մեկամյա հատուկ վերապատրաստում ԵՊՀ-ում եւ գրեթե ամենօրյա աջակցություն են ստանում ՀՕՖ-ի վերոհիշյալ կենտրոնի փորձառու սոցիալական աշխատողների կողմից:

Բերդի տարածաշրջանում ներդրված մոդելի համաձայն, նյութական որեւէ բան տալուց զատ, հետեւողական աշխատանք է տարվում յուրաքանչյուր ընտանիքի հետՙ փոխելու նախ եւ առաջ մտածողությունը. «Մարդիկ հաճախ աղքատ են հենց իրենց մտածելակերպի պատճառով,- նշում է Մ. Անտոնյանը,- Պետությունից կախվածությունը ամլացրել է շատերին, քանի որ նրանք այլեւս չեն մտածում այլընտրանքների մասին: Սա այլ բան չէ, քան տարիներ ձգվող սխալ սոցիալական քաղաքականություն: Ու որքան էլ այսօր մեզանում քայլեր են արվում տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, այն հնարավոր չի լինելու իրագործել առանց սոցիալական կոմպոնենտի հավասարակշռության: Տնտեսական զարգացումը առաջին հերթին մարդկային ռեսուրսների զարգացում է, մարդկանց մոտ մտածելակերպի փոփոխություն: Իր սոցիալական կարգավիճակը փոխել չցանկացող աղքատ մարդը ամենամեծ խոչընդոտը կարող է դառնալ երկիրը փոխելու ճանապարհին»:

Մանկատների վերակազմակերպում

Ընտանիքին նպաստի տրամադրումը պետական աջակցության լոկ մի թեւն է: Մյուսը ծառայությունների մատուցումն է մանկատներում եւ ինստիտուցիոնալ այլ փակ հաստատություններում, որտեղ ամենաուռճացված թվերով այսօր մոտ 4 հզ. երեխա է պատսպարվում: Ըստ Միրա Անտոնյանի, պետությունը մանկական խնամքի այս հաստատությունների վրա մեծ գումարներ է ծախսում (բազմաթիվ անձնակազմ, շենքերի պահպանություն, կոմունալ վճարումներ եւ այլն): Մինչդեռ կարելի է երեխաների խնամքի այդ ամբողջական փաթեթը կիրառել ընտանեկան պայմաններումՙ անմիջականորեն աջակցելով ընտանիքներինՙ արդյունքում բեռնաթափելով մանկատներն ու մանկական խնամքի մյուս հաստատությունները:

Այն դեպքերում էլ, երբ կենսաբանական ընտանիքը ամենատարբեր պատճառներով չի կարողանա զբաղվել երեխայի խնամքով ու դաստիարակությամբ, առաջարկվում է խնամատար ընտանիքի մոդելը, որը դեռ 2005-2009թթ. հաջողությամբ փորձարկվել եւ ներդրվել է ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ: Այդ փորձը լիովին արդարացրել է իրեն: Միրա Անտոնյանը համոզված է, որ հասարակության մեջ թաքնված ռեսուրս կաՙ բարեհույս ընտանիքներ, ովքեր դեմ չեն լինի խնամել լքված որեւէ երեխայի. «Մենք արդեն գտել ենք նման ընտանիքներ ու դրանցից 36-ում տեղավորել երեխաներ: Մանկատների աստիճանական փակման գործընթացին զուգահեռ պատրաստում ենք խնամատար նոր ընտանիքներ, որոնք ի վիճակի են ստանձնել այդ գործը: Արդեն ունենք գրանցված եւ վերապատրաստված 60-ից ավելի նոր ընտանքիներ, որոնք պատրաստ են թեկուզ վաղն ընդունել մանկատներից դուրս բերված երեխաներին»: Սա ստեղծարար, կառուցողական մոդել է, որից շահում է թե՛ երեխան, թե՛ ընտանիքը եւ թե՛ հասարակությունն ու պետությունը: Այն ավելի էժան է ու սոցիալապես արդյունավետ, քան խնամքը մանկատներում:

Կանայքՙ ճկուն ու նորարար

Միրա Անտոնյանը երկար տարիներ ոչ միայն սոցիալական ոլորտում նոր սոցիալական մոդելներ ու տեխնոլոգիաներ ներդնելու, օրենսդրական դաշտը բարեփոխելու եւ մերօրյա պահանջներին այն համապատասխանեցնելու բազում առաջարկներ է արել, այլեւ անձամբ ու իր համախոհներով մասնակցել նոր օրենքների մշակմանը: «Այդ դեպքում ինչո՞ւ չմասնակցեցիք ընտրություններինՙ գործուն դեր ստանձնելով բարձրագույն օրենսդիր մարմնում» հարցիս ի պատասխան` հետեւյալ պատասխանն ունեցա. «Ես գերադասում եմ որպես փորձագետ մասնակցել գործընթացներին, քանի որ մասնագիտական աշխատանքի հարթությունն է իմ տարերքը: Չեմ էլ պատկերացնում, որ անմիջականորեն չեմ աշխատի ՀՕՖ-ի կենտրոնում կամ չեմ կրթի ապագա մասնագետներին: Դա իմ կյանքն է` հախուռն, լեցուն մարտահրավերներով, հիասթափություններով ու ձեռքբերումներով»:

Նա համաձայն է, որ մեզանում կառավարական վերին էշելոններում կանանց ներգրավվածության նկատելի պակաս կա: Դա, ըստ զրուցակցիս, պայմանավորված է նախ, այսպես կոչված, տղամարդկային համերաշխությամբ, երբ արական սեռի ներկայացուցիչները սիրում են իրար հետ աշխատելՙ շատ հարցեր լուծելով, ասենք, սեղանի շուրջ: Այդուհանդերձ, տղամարդիկ ուզեն, թե ոչ, կանայք ավելի ճկուն են ու նորարար, եւ փոփոխվող իրավիճակներում համեմատաբար ավելի հեշտ են վերահարմարվում ու վերադասավորվում: Ուստի անընդունելի է, որ կանանց ներուժը պատշաճ չի իրացված մեր հասարակության մեջ: Գուցե դա է պատճառը, որ նրանք փորձում են կայանալ զանազան հասարակական կազմակերպություններում, որոնք ստեղծագործ մարդկանց տեղ են: Բացառություն չէ նաեւ Հայ օգնության ֆոնդը, որտեղ կանայք առանցքային պաշտոններ են զբաղեցնում:

Նրանցից միայն մեկն է Միրա Անտոնյանը, որը խոստովանում է. «Մեզ մոտ, այո, կանանց վստահում ենՙ տալով մտքի ազատություն: Վերջինս հազիվ թե ես ունենայի պետական պաշտոնավարության ժամանակ: Կա՞ ավելի մեծ երջանկություն, քան սիրած գործով զբաղվելը, երբ նաեւ ապահովում ես քո եւ ընտանիքիդ բարեկեցությունը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.