AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2869, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

STRATFOR-Ը ԲԱԼԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՎԿԱՍԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Ամերիկյան Stratfor վերլուծական կազմակերպությունը հաճախ անվանում են ստվերային ԿՀՎ: Stratfor-ի ընդհանրական վերլուծության գծով փոխնախագահ Ռեւա Գուժոնը հայտարարել է, թե «հետաքրքրական զարգացումներ կան Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը խաղում է թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ»: Նրա կարծիքովՙ «այնտեղ դեռեւս առկա է ռազմական ծավալման ներուժ»: «Կարծում եմՙ Ռուսաստանի նպատակն էՙ ամրապնդել իր դիրքերը այդ հակամարտության մեջ եւ բանակցություններում, մանավանդ այն պատճառով, որ Թուրքիային մի կողմ են տանում Սիրիայում իր գերակայությունները: Իրանը նույնպես զբաղված է այլ հարցերով, իսկ Ռուսաստանը տեղ ունի Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու համար»,- ասել է տիկին Գուժոնը:

2016 թ. սկզբներին նույն Stratfor-ը, իր 2015-2025 թթ. հինգերորդ կանխատեսման մեջ պնդել էր, թե հարավում Ռուսաստանը կկորցնի Կովկասը վերահսկելու հնարավորությունը: Իսկ հիմա Գուժոնը կարծում է, որ եթե Ռուսաստանն ուզում է մեռյալ կետից շարժվել Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցների հարցում, ապա նրան գործողությունների նոր ռազմաբեմ է հարկավոր Արեւմուտքի ուշադրությունը գրավելու համար: Նման նոր ռազմաբեմեր կարող են դառնալ Բալկանները եւ Արցախը: Սա պատահական չէ. ամերիկացի փորձագետները հաճախ իրենց հարց են տալիս, թե ինչու Բալկաններում իրենք հաջողության հասան, իսկ Արցախումՙ ոչ:

Բալկաններում ՆԱՏՕ-ն ընդլայնել էր սեփական լիազորությունները եւ ազդեցության գոտին: ԱՄՆ-ը միջամտում էր ամեն մի հակամարտությանՙ եվրոպացիներին հասկացնելով, որ առանց իր օգնության նրանք չեն կարողանում լուծել իրենց խնդիրները: Միեւնույն ժամանակ ամերիկացի դիվանագետները հայտարարում էին, թե ԱՄՆ-ը իբր որեւէ շահագրգռություն չունի: Նրանց առաջարկած մանդատը պետք է ամրապնդեր Վաշինգտոնի գերիշխող դիրքը, թուլացներ Բրյուսելի կապը Բալկանների հետ: Այդուհանդերձ Քի-Ուեսթում չհաջողվեց ԼՂ-ի նկատմամբ կրկնել Դեյտոնյան սցենարը, թեեւ, ինչպես գրում են ամերիկացի դիվանագետները, «Ղարաբաղյան հակամարտությունը Մ. Նահանգների համար ուներ ավելի մեծ ռազմավարական նշանակություն, քան Բոսնիայինը»:

Ինչպես նշում է ամերիկյան The National Interest հանդեսը, «հակամարտության գոտին հյուսիսում սահմանակցում է Վրաստանին եւ Ռուսաստանին, արեւմուտքումՙ Թուրքիային, հարավումՙ Իրանին: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցնում է շփման գծից ընդամենը 12 մղոն հյուսիս: Ադրբեջանը կարեւոր կետ է դեպի Աֆղանստան զորքերի տեղափոխման համար: Կարեւոր էր համարվում հայ-ադրբեջանական հաշտության կնքումը Վաշինգտոնում, որը կարտացոլեր ուժերի նոր դասավորությունը ինչպես Բալկաններում, այնպես էլ Կովկասում»:

Քի-Ուեսթում նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը «քննարկում էին կարգավորման ծրագրի ուրվագծերը», սակայն, ինչպես գրում է բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը, ամեն ինչ վկայում է, որ Բաքուն այն ժամանակ չէր վստահում ԱՄՆ-ի դիրքորոշմանըՙ կարծելով, որ նա հայերի օգտին կլուծի ԼՂ խնդիրըՙ դրանով երախտագիտություն հայտնելով ԼՂ հակամարտության միջոցով ԽՍՀՄ փլուզմանը նպաստած լինելու համար: Ալիեւը հույս ուներ Մոսկվայի հետ բանակցելիս իր շահերին ծառայեցնել Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության արեւմտամետ կողմնորոշումը: Սակայն նրա առողջական վիճակը վատթարացավ: Ամերիկացի փորձագետները Քի-Ուեսթը համարում են ԼՂ-ի համար բաց թողնված «Դեյտոնյան ճշմարտության պահ», թեեւ նրանք իրավացիորեն կարեւոր էին համարում Բաքվի կամ Երեւանի կողմից Մոսկվայիՙ որպես գլխավոր ռազմավարական գործընկերոջ ընտրությունը: Բայց, ի տարբերություն 2001 թվականի, այսօր Բաքուն եւ Երեւանը փոխել են իրենց տեղերը:

The American Interest պարբերականը վերջերս Բալկաններում ստեղծված ստատուս-քվոն բացատրեց տեղական ազգամիջյան պայքարով կամ Բալկաններում Եվրոմիության քաղաքականության ձախողումներով, իսկ այնտեղից ԱՄՆ-ի ինքնահեռացումը, ըստ պարբերականի, կարող է հանգեցնել արտաքին ուժերի աշխուժացմանը, որոնք կարող են տվյալ զարգացումներն օգտագործել Արեւմուտքին դիմակայելու նպատակով: Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վերջերս The Financial Times թերթին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին նախազգուշացրեց. «Ուրիշներին մի՛ դրդեք դուրս գալ ԵՄ-ից, քանի որ Եվրոմիության փլուզման դեպքում դուք կունենաք պատերազմ Արեւմտյան Բալկաններում: Եթե մենք միայնակ թողնենք Բոսնիան ու Հերցեգովինան, Սերբական Հանրապետությունը, Մակեդոնիան, Ալբանիան, ապա կրկին կունենանք պատերազմ»: «Մարդիկ կարծում են, թե Brexit-ը վերջն է, բայց դա միայն սկիզբն է»,- շարունակեց Յունկերը: Այս կապակցությամբ ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության վերջին հրապարակումներից մեկում նշում է, որ Յունկերի խոսքերով ոչ թե Ռուսաստանը, այլ հենց ԱՄՆ-ն է կոչ անում դուրս գալ ԵՄ-ից եւ փլուզել այն: Իր հերթին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրոպային սպառնացող գլխավոր վտանգներից մեկը համարում է ԱՄՆ նոր վարչակազմը, ինչպես նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ իսլամական ահաբեկչությունը: The American Interest-ը արձանագրում է Բալկաններում ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը եւ Բրյուսելի այն երկյուղները, որ Ռուսաստանը կարող է այնտեղ ուժեղացնել իր ազդեցությունըՙ դիմելով տեղի սլավոն եւ ուղղափառ բնակչությանը, իսկ Թուրքիան հանդես կգա որպես Բալկանյան մահմեդականների պաշտպան»:

«Եթե Ռուսաստանն ու Թուրքիան շարունակեն Բալկանների ապակայունացումը, ապա ԵՄ-ը իր սահմանների մոտակայքում կբախվի շատ ավելի լուրջ իրավիճակի եւ չի կարողանա վերահսկել իրադրությունը»,- կարծում է Stratfor-ըՙ սխեմայից հանելով ԱՄՆ-ին ու Թուրքիային, որը գերակայություններ ունի Սիրիայում: Եվրոպայում ԱՄՆ միացյալ զինված ուժերի հրամանատար Կերտիս Սկապարոտտին այն տեսակետն է արտահայտել, թե Ռուսաստանն ապակայունացնում է իրադրությունը աշխարհում եւ մասնավորապես Արցախում, շարունակում է ռազմակայան պահել Հայաստանի տարածքում, իսկ Թուրքիան ստիպված է պայքարել Ռուսաստանի մարտահրավերների, փախստականների հոսքի եւ ահաբեկչության դեմ, մինչդեռ Ռուսաստանը լարվածությունն օգտագործում է եվրոպական եւ անդրատլանտյան մերձեցումը դանդաղեցնելու նպատակով: Այս ամենի արդյունքում սխեմայի մեջ մնում են Ռուսաստանը, Չինաստանը եւ իսլամական ահաբեկչությունը: Բայց վերջերս Չինաստանը սկսել են հանել սխեմայից:

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ-ն ստիպված էր հերքել Al Jazzera-ի կայքի այն հոդվածը, որտեղ ասվում է, թե Ռուսաստանը Աֆղանստանում իբր համագործակցում է ահաբեկչական կազմակերպությունների հետ: Գերմանական Frankfurter Allgemeine թերթի բնորոշմամբ, ի վերջո մնում է Բալկանների մակարդակին բարձրացված Կովկասը (կամ ընդհակառակը)ՙ որպես գործողությունների ենթադրյալ ռազմաբեմՙ ապակայունացման տարբերակների արտահանմամբ: Ըստ Թոմաս դե Վաալի , արցախյան ճակատում այս տարվա գարնանը սրացումը չի բացառվում, քանի որ 2016 թ. ապրիլյան պատերազմից ի վեր քաղաքական եւ դիվանագիտական առաջընթաց չի արձանագրվել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նույնիսկ հաղորդեցին, թե Աբխազիայով ու Վրաստանով դեպի Հայաստան իբր առաքվում են ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգեր, ինչը կտրականապես հերքեց Ռուսաստանի ԱԳՆ-ն: Փաստն այն է, որ ինչպես Հարավսլավիայի մասնատումից հետո Բալկաններում, այնպես էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Անդրկովկասում պահպանվել են աշխարհաքաղաքական բեկվածքներ, որոնք մնում են տարածաշրջանային եւ ըդհանուր անկայունության պատճառներ: Արեւմուտքի փորձագետները ներկայումս ստեղծում են տեղեկատվական-քաղաքական այնպիսի իրավիճակ, ըստ որի Բալկաններում կամ Կովկասում վտանգավոր քաղաքական զարգացումների ծագման դեպքում բոլոր սլաքներն ուղղված կլինեն Մոսկվային: Stratfor-ը շարունակում է իր խաղը, բայց խաղալ կարող են նաեւ ուրիշները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.