AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 4400, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ «ԽՈՍՏՈՒՄ»

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Երբ Քըրք Քըրքորյան մագնատի մահվանից մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ զրուցում էի նրա մոտիկ մի գործընկերոջ հետ, տեղեկացա, որ նա անցյալի հետ գործ ունենալ չցանկացող անձնավորություն է: Փոխարենը նա ապագային միտված մարդ է: Ես անշուշտ տխրեցի լսելով նման մեկնաբանությունը, որովհետեւ վստահ էի, որ միայն Քըրքորյանի պես անձնավորությունը կարող էր մեր ուղերձը աշխարհին հասցնել կոթողային ինչ-որ ձեռնարկի միջոցով: Բայց պարզվեց, այնուամենայնիվ, որ իր նախնիների արյան կանչը բորբոքվում էր իր մեջ եւ նա թաքուն ծրագրում էր այդ թեմայի շուրջ մի մեծ ձեռնարկ իրականություն դարձնել: «Խոստումը» ֆիլմը հենց այդ մտահղացումն է, որի միջոցով նա հետմահու դիմում է ապագա սերունդներին:

Մինչ հրեական ողջակիզման (Հոլոքոսթի) մասին հսկայական քանակությամբ փաստաթղթեր, ֆիլմեր եւ ակադեմական հատորներ գոյություն ունեն, հայերս պետք է մեզ պատուհասած ցեղասպանության վերաբերյալ պատառիկներ հավաքենք, որպեսզի աշխարհի ուշադրությունը գրավենք:

Պատճառներից մեկը, գուցե, այն է, որ Հիտլերը ողջ չէ, որպեսզի ժխտի հրեաների դեմ իր գործած սարսափելի հանցագործությունները: Մյուսըՙ հրեաների տարած այն համառ ու անդուլ աշխատանքն է, որով իրենց դատը ճանաչելի դարձրեցին աշխարհին: Չմոռանանք նաեւ, որ Գերմանիան համարձակորեն ընդունելով նախկինում իր գործած մեղքը, քավել է այն Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր առատորեն փոխհատուցելով հրեաներին:

Հայերիս պարագայում, ճիշտ է, Թալեաթ փաշան մահացած է, բայց նրա թողած ժառանգությունը դեռեւս կենդանի է Թուրքիայում: Հայերիս հասցված հարվածն այնքան ուժեղ էր, ահարկու եւ քայքայիչ, որ Ցեղասպանությունից 50 տարի անց չէինք կարողանում ուշքի գալ եւ աշխարհին ներկայացնել մեր գլխին եկածը:

Ըստ ցեղասպանագետ Թաներ Աքչամի , ժամանակակից Թուրքիայի հանրապետությունը կառուցող քեմալիստները այն նույն իթթիհադիստներն էին, որոնք ծրագրեցին եւ իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: Հետագայում, բռնի տեղահանությանց եւ զանգվածային սպանությունների արդյունքում թողնված ավարը ըմբոշխնելով նրանք հասկացան, որ ցեղասպանություն ժխտելը նրանց գոյության գրավականն է:

Նույնիսկ 1930-ականներին, երբ Թուրքիան դեռեւս չուներ միջազգային վարկ ու հեղինակություն, կառավարությունը կարողացել էր արգելել Ֆրանց Վերֆելի «Մուսա Դաղի 40 օրերը» գրքի էկրանավորումը Հոլիվուդում, որովհետեւ թուրք առաջնորդները գիտակցում էին, թե ինչ արձագանք կարող էր ունենալ նման նախաձեռնության իրականացումը: Գիրքն ինքնին արդեն, Ավստրիայում հրատարակվելուց հետո, մեծ աղմուկ էր առաջացրել համաշխարհային հանրության շրջանակներում: Այդ օրվանից սկսած նրանքՙ թուրքերը, չափազանց աչալուրջ են եւ խոչընդոտում են Հայոց ցեղասպանության մասին վավերագրական կամ գեղարվեստական ներկայացման որեւէ փորձ: 1978-ին էկրան բարձրացած բրիտանացի ռեժիսոր Ռոբերտ Պարկերի «Կեսգիշերային ճեպընթացը» ֆիլմը, որ հայերի կամ Հայոց ցեղասպանության հետ ոչ մի առնչություն չուներ, միջազգային անբարենպաստ մթնոլորտ էր ստեղծել ժամանակակից Թուրքիայի միջնադարյան դատական համակարգի հանդեպ իր սարսափելի բանտերով եւ սարսափազդու բանտապահներով:

Նույնիսկ այսօր Հայոց ցեղասպանության հարցը դուրս է եկել իր պատմական հունից եւ չարչրկվում է հասարակական-քաղաքական շրջանակներում, ոտնատակ անելով ճշմարտությունը: Իսկ ժխտողականությունը վրեժխնդրությամբ շարունակվում է: 2015-ին Գալիպոլիում անգլո-ֆրանսիական զորքերի պարտության շեփորահարումը թուրքերի կողմից փորձ էր ստվերելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նշումները, որոնք սարսափեցնում էին նրանց: Նաեւ Ֆրանցիսկոս պապի այցելությունը Հայաստան եւ նրա կողմից Վատիկանում իրերն իրենց անուններով կոչելը պատշաճ ուշադրության չարժանացան համաշխարհային մամուլի էջերում, ոչ թե անպայմանորեն անփույթ վերաբերմունքի, այլ անկասկած դիտավորության պատճառով: Թուրքերի մոգոնած նույնանման ծրագիրը ի հայտ է գալիս այս անգամ էլ: Ապրիլին «Խոստումի» ամերիկյան էկրաններում ցուցադրվելուն զուգահեռ, թուրքերը ծրագրել են էկրան բարձրացնել թուրքական ֆինանսավորմամբ նկարահանված «Օսմանցի լեյտենանտը» ֆիլմը, որտեղ սիրային հենքի վրա թուրքական տեսակետն է հնչում առ այն, որ այո, հայեր կոտորվել են այդ ժամանակ, բայց պարզապես որովհետեւ նրանք ապստամբություն էին կազմակերպել Վանում: Հավատացեք, ոչ ոք կինոթատրոններում հանդիսատեսի կողքին չի նստելու բացատրելու համար նրան, որ ապստամբությունը հետեւանքն էր Ցեղասպանության եւ ոչ թե պատճառը եւ այն կազմակերպվել էր հանուն ինքնապաշտպանության:

Թուրքերը գիտակցում են, որ չեն կարող թաքցնել ճշմարտությունը, որովհետեւ փաստերն աղաղակող են, վավերական փաստաթղթերն այնքան խոսուն ու ճնշող: Բայց նրանց մտադրությունն է հարցը բանավեճի վերածել կասկածի սերմեր ցանելով այս ու այն կողմՙ փորձելով համոզել մարդկանց, որ իբր «կա նաեւ այլ տեսակետ»: Դա է «Օսմանցի լեյտենանտի» նպատակը:

Հանելուկ է մնում, թե ինչու Քըրքորյանը չիրականացրեց ֆիլմի նկարահանումը իր ողջությանը: Գուցե նա կուլիսների հետեւում պետք եղած աջակցությունն էր փորձում ձեռք բերել: Ի դեպ, նույնիսկ նրա նշանակալից առատաձեռնություններն էին արտասովոր իր ողջությանը:

«Խոստումի» իրականություն դառնալը մի հետաքրքրական հարց է առաջադրում. ինչո՞ւ են այդ ֆիլմի, Դիլիջանի միջազգային քոլեջի, Թումո կենտրոնի եւ IDeA ծրագրի նման նախաձեռնությունները իրականություն դառնում տեսլական ունեցող անհատների եւ ոչ թե ավանդական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: Պատասխանը, գուցե, այն է, որ սփյուռքյան կազմակերպությունների կառուցվածքն արդեն իրեն սպառել է, հնացել, եւ չի կարողանում նման ծրագրեր մշակել, էլ ուր մնաց որ իրականացնի: Այդ պատճառով էլ նրանց շրջանցում են:

«Խոստումը» ֆիլմը, իր նշանավոր աստղերի հույլով եւ «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմը նկարահանած Թերրի Ջորջի ռեժիսորությամբ Մ. Նահանգների էկրաններին ցուցադրվելու է ապրիլի 21-ից: Ճշմարտության եւ արդարության կողմնակիցներն ամբողջ աշխարհում ընդհանրապես եւ հայերը մասնավորապես պարտավոր են նեցուկ կանգնել այս ֆիլմին, աջակցել դրան դիտելով այն, մանավանդ, որ տոմսերի վաճառքից ստացված ամբողջ եկամուտը հատկացվելու է Հայ դատի ամենատարբեր խնդիրների լուծմանը:

«Խոստումը» ֆիլմը թողարկող «Survival Pictures» կինոստուդիան, չունենալով միջոցների սղություն, կոթողային ձեւով է կարողացել իրականություն դարձնել Քըրքորյանի երազանքը: Եվ անշուշտ մինչ այժմ անծանոթ մարդիկ դարձել են իսկական հերոսներ: Դոկտ. Էրիկ Իսրայելյանը, ով հայկական համայնքում հարաբերականորեն քիչ ծանոթ անձնավորություն էր, մեծապես օժանդակել է ֆիլմի նկարահանման ամբողջ ժամանակահատվածում ազնիվ հայու իսկական նվիրվածությամբ եւ աշխարհընկալմամբ: Նա նաեւ հմտորեն է օգտագործել Հոլիվուդի եւ այլոց հետ իր անձնական կապերը:

«Անձամբ ինձ համար ֆիլմը շատ մեծ նշանակություն ունի: Խոստումը մեզանից էր գալիս ավարտելու այդ ֆիլմը: Խոստումը մեզ համար էր, որ երբեք չմոռանանք կատարվածը եւ վերջապես խոստումը երդում է, որ այլեւս երբեք չկրկնվեն նման դեպքեր», նշել է Իսրայելյանը :

Այս ուղերձը ուրույն լինելով հանդերձ միտված է հնչեղություն պարգեւել համամարդկային ճշմարտություններին: Այն կարող է համարվել նաեւ անդրաշխարհից Քըրքորյանիՙ մարդկությանը հասցեագրված յուրահատուկ ուղերձ:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.