AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3058, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ»

Պ. Ք.

Քառօրյա պատերազմի առաջին տարելիցը թերեւս ոչ պատահականորեն համընկավ Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի արած այն հայտարարությանը, որով նա Մոսկվային դատապարտեց Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների եւ օկուպացման համար: Դիտորդները նշում են, որ Թիլլերսոնի խոսքերը ավելի կոշտ էին, քան մինչեւ օրս նախագահ Թրամփի եւ նրա վարչակազմի արած հայտարարությունները: Այն պնդումն է արվում, թե պետքարտուղարը նախապես մտադրվել էր այդ նիստին մասնակցելու փոխարեն մեկնել Մոսկվա: Սակայն այդպես չեղավ:

Ամերիկացի դիվանագետի խոսքերի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը տարակուսանք արտահայտեց: Միեւնույն ժամանակ Deutche Welle ռադիոկայանը մեջբերում է 1990-ականների վերջերին ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչը եղած Յոախիմ Բիտտերլիխի այն հայտարարությունը, թե Դոնալդ Թրամփի վարչակազմում ձեւավորված տպավորության համաձայն, ՌԴ նախագահ Պուտինը իր «կարմիր գծերն» է համարում Ուկրաինան եւ Անդրկովկասը: Դրանով իսկ գերմանացի դիվանագետը կրկնում է «Ռեգնում» գործակալության եւ եվրոպացի մի շարք փորձագետների արած այն հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները միեւնույն շղթայի օղակների պես կապվում են Սիրիայի եւ Ուկրաինայի իրադարձությունների հետ: Այդ մասին ֆրանսիական Le Figaro թերթում մասնավորապես գրել է լրագրող եւ միջազգային հարցերի փորձագետ Ժան-Կլոդ Գային : Նա հիշեցնում է, որ Ուկրաինայի ճգնաժամի ծագումից հետո դրա կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկվեցին հիմք ընդունելով այն երկյուղները, որ դա սպառնալիք է ստեղծում Եվրոպայի անվտանգության համար, իսկ Ադրբեջանը հանդես եկավ համաշխարհային ընկերակցությանն ուղղված կշտամբանքներով:

Բաքուն աշխարհին մեղադրում էր այն բանում, որ նա բավարար ուշադրություն չի դարձնում Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այն ժամանակ հայտարարում էր. «Եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված լիներ, ապա Ուկրաինան այժմ թերեւս չէր բախվի այդ հակամարտությանը, քանի որ այստեղ եւս առկա է նույն սցենարըՙ նույն անջատականությունը, տարածքային ամբողջականության խախտումը, օկուպացումը: Դրանք ասես միմյանց հայելային արտացոլումը լինեն»: Սակայն, ինչպես գրում է Գային, Ուկրաինան շուտով դադարեց լինել Արեւմուտքի կառավարությունների գերակայությունը: Բաքուն զգաց դա: Կիեւը սրեց իրադրությունը երկրի հարավարեւելյան մարզերում, իսկ Բաքուն պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: Այդպես սկսվեց միանգամից երկու ճգնաժամերի բախումըՙ ուկրաինականի եւ ղարաբաղյանի, այն հաշվարկով, թե Արեւմուտքը կմիջամտի դրանց:

Ներկայումս վերստին նկատվում է իրադրության սրում Ուկրաինայի արեւելքում: Բրյուսելում Թիլլերսոնի արած հայտարարության համաձայն, Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի աջակցումը մնում է անսասան: Նրա խոսքերովՙ Ռուսաստանը չի կատարում Ուկրաինայի արեւելքում ռազմական հակամարտությունը կարգավորելուն ուղղված սեփական պարտավորությունները Մինսկի համաձայնությունների շրջանակներում: Ըստ Թիլլերսոնի, այնտեղ ռուս անջատականները կռվում են ուկրաինական զորքի դեմ, ինչը, նրա բնորոշմամբ, վարկաբեկում է ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոպայի մասին Արեւմուտքի ընդհանուր ընկալումը: Սակայն նա հաշվի չի առնում, որ Ամերիկան չի մտնում Նորմանդական խմբի մեջ, որի առաքելությունը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումն է: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ Մինսկի խմբի համանախագահ է եւ Հայաստանը չի անվանում անջատողական եւ ԼՂ խնդիրը չի կապում Եվրոպայի ընդհանուր ընկալման հետ: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ամերիկացիները չեն թողնում, որ ԼՂ հակամարտությունը մտնի հետխորհրդային տարածքի ճգնաժամերի միասնական շղթայի մեջ, այս կապակցությամբ նշում է «Ռեգում» գործակալությունը:

Ֆրանսիական Le Journal International հրատարակությունը հավաստելով, որ ներկայումս անակնկալների է բախվում Հարավային Կովկասի (Անդրկովկասի) քաղաքական-տնտեսական ամբողջ վերնախավը, որի հայացքը ուղղված էր Հիլարի Քլինթոնին, ում Ուկրաինա-Անդրկովկաս-Սիրիա սխեմայում նախատեսվում էր վերջ դնել Բաշար Ասադին օգնելուն: Ինչպես նշվում էր, Անդրկովկասում Վաշինգտոնը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ է գործում ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով, որի մասնակիցներն են Հայաստանն ու Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, նա ձգտում է պահպանել առաջնային հարաբերությունները Վաշինգտոնի հետ եւ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Սակայն Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ն համարում է հնացած, ինչը անորոշության գործոն է դառնում Վրաստանի քաղաքական ղեկավարության համար: Բացի դրանից, ինչպես հայտարարում է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սպայսերը , ցանկալի է, որ ԱՄՆ-ը համակերպվի Սիրիայում Բաշար Ասադի կառավարման հետ եւ փոխարենը կենտրոնանա «Իսլամական պետության» ջախջախման վրա:

2016 թ. ապրիլյան պատերազմը, ինչպես նաեւ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը շատ նման են 1918-1920 թթ. տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, երբ բացակայում էր որեւէ հակամարտության լուծման տրամաբանությունը: Այն ժամանակ որպես հակամարտության մոդերատորներ, որպես կանոն, հանդես էին գալիս արտաքին ուժերը: Թուրք-գերմանական դաշինքի պարտության հետեւանքով 1918 թ. Օսմանյան կայսրությունը հանձնվեց Անտանտի երկրների ողորմածությանը, որոնք էլ դարձան Անդրկովկասում իրադրության տերերը: Տարածաշրջան բերվեցին գերմանական եւ անգլիկական զորքեր, իսկ 1920 թ. հայտնվեցին Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալի հետ դաշինք կնքած բոլշեւիկները եւ խորհրդայնացրին Ադրբեջանը: Բաքվի վրա հենվելով եւ Լոնդոնի հետ գաղտնի համաձայնություն կնքելովՙ բոլշեւիկները ավելի ուշ խորհդրայնացրին Հայաստանը եւ Վրաստանը: Նման իրավիճակ արդյոք կկրկնվի՞ այս անգամ:

Այսօր Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Երեւանն է, որի հետ ձեւավորվում է պաշտպանության եւ անվտանգության միասնական տարածք: Թուրք փորձագետներից մեկի բնորոշմամբ, Մոսկվայի հետ դաշինք կնքած Անկարան կորցրել է երբեմնի ինստիտուցիոնալ հիշողությունը եւ գործում է հույզերի հիման վրա: Նախագահ Թրամփը դեռ չի մշակել այսպես կոչված «կովկասյան գործ», որը կախված է նաեւ այն բանից, թե ՆԱՏՕ-ի ներսում ի հայտ կգա՞ արդյոք «եվրոպական հիմք» եւ ո՞վ առաջատար դեր կխաղա այնտեղ: Ահա թե ինչու Անդրկովկասում դեռ ոչ ոք չի ուրվագծել այսպես կոչված «կարմիր գիծ»: Ուստի կարելի է միայն ենթադրություններ անել, թե ապագայում ինչպես կզարգանա իրադրությունը տարածաշրջանում, կամ ինչպիսի արտաքին կենտրոններ ակտիվ մասնակցություն կունենան դրան: Ակնհայտ է լոկ այն, որ իրադրությունը լինելու է այն բանի ածանցյալը, թե ինչպիսին կլինի Մերձավոր Արեւելքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.