AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3089, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Պ. Ք.

Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ ալ-Սիսիին: Դա կլինի նրանց երկրորդ անձնական հանդիպումը 2016-ից ի վեր: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, երկու երկրները համաձայնագիր կկնքեն արմատական իսլամիզմի դեմ մղվող պայքարում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Ռաֆիկ Հարիրիի անվան Մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Խ.Ա. Խելիերի կարծիքովՙ երկու նախագահները խոր հակակրանք են տածում քաղաքական իսլամիզմի հանդեպ: Առկա է նաեւ Թրամփի եւ ալ-Սիսիի փոխադարձ անձնական համակրանքի գործոնը: Թրամփը գտնում է, որ ալ-Սիսին 2014 թ. նախագահ դառնալուց հետո վճռական քայլեր է ձեռնարկել ահաբեկիչների դեմ: Ի դեպ, երբ 2013 թ. եգիպտացի զինվորականները ալ-Սիսիի գլխավորությամբ տապալեցին «Մուսուլման եղբայրների» վարչակարգը, նախագահ Բարաք Օբաման սառեցրել էր ռազմական օգնությունը Կահիրեին, ինչը ոգեւորությամբ էր ընդունվել Թուրքիայում: Էրդողանին շատերը քննադատում էին ալ-Սիսիի դեմ հանդես գալու համար: Նա արդարանում էրՙ ասելով, թե ինքը հանդես է գալիս մարդկանց կամքն անտեսողների դեմ: «Եգիպտոսի իսկական նախագահը Մուհամմեդ Մուրսին է», ասում էր նա:

Ավելի վաղ Անկարան ողջունել էր Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիի եւ ապա Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումը: Արեւմուտքցի փորձագետները նշել էին, որ Թուրքիան ձգտում է հարմար առիթն օգտագործել, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը մահմեդական աշխարհում, որի առաջատար երկիրը Եգիպտոսն է: Թուրքիան ձգտում էր Եգիպտոսի միջոցով տիրել նախաձեռնությանը ամբողջ Մերձավոր Արեւելքում: Դրան հաջորդեցին թուրք-իսրայելական հարաբերությունների վատացումը եւ Սիրիայի ճգնաժամի խորացումը: Բայց Անկարան պետք է հասկանար, որ կրակը տարածվում է իր իսկ սահմանների երկայնքով:

Ներկայումս թուրք փորձագետները խոստովանում են, որ այն ժամանակ Թուրքիան Եգիպտոսում տեղի ունեցող ամեն մի իրադարձություն ընկալում էր այնպես, ասես դա տեղի է ունենում Թուրքիայում: Անկարան պաշտոնապես չճանաչեց Եգիպտոսի նոր վարչակարգը եւ այդ երկրում կատարվածը անվանեց ոչ թե «ժողովրդական հեղափոխություն», այլ «զինվորական հեղաշրջում»: Իր հերթին Կահիրեն կասկածներ արտահայտեց «Մուսուլման եղբայրների» եւ Անկարայի իշխանությունների կապերի գոյության առնչությամբ: Անկարայի կանխատեսումներին հակառակ, Օբամայի վարչակազմը, ալ-Սիսիից սահմանազատվելովՙ չպաշտպանեց Էրդողանին: Եգիպտոսի ղեկավարը հայտարարում էր, որ Թուրքիան խնդիրներ ունի հարեւանների հետ եւ տարածաշրջանում կորցրել է իր բոլոր դաշնակիցներին: Պատահական չէ, որ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Անկարան ամեն ջանք գործադրում էր, որպեսզի Սպիտակ տանը Էրդողանին ընդունեն մերձավորարեւելյան մյուս ղեկավարներից առաջ: Դա պատճառաբանվում էր նրանով, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ դաշնակիցն է ՆԱՏՕ-ի գծով:

Սակայն Թրամփը Էրդողանի հետ հեռախոսազրույց ունեցավ միայն 2017 թ. փետրվարին եւ Էրդողանին հավաստիացրեց, որ ԱՄՆ-ը Թուրքիային աջակցում է որպես ռազմավարական գործընկերոջ եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի: Հետո Անկարան սկսեց երկու ղեկավարների հանդիպումը շաղկապել ապրիլի 16-ին Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետՙ ակնկալելով Վաշինգտոնի աջակցությունը: Թուրքիա այցելեցին ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն, Միացյալ շտաբների կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, Սենատի զինված ուժերի հանձնախմբի նախագահ Ջոն Մաքքեյնը եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Բայց այդ բոլոր այցելությունները կրում էին ավելի շուտ տեխնիկական բնույթ, կողմերը քննարկում էին Սիրիայի հարցին առնչվող կոնկրետ խնդիրներ:

«Ռեգնում» գործակալությունը մեջբերում է օրերս Էրդողանի արած հայտարարությունը, ըստ որի նա Թրամփի հետ հանդիպում կունենա մայիսին, այսինքն հանրաքվեից հետո: Էրդողանը դա բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ում ընդունված չէ օտար երկրների ղեկավարների հետ հանդիպել քվեարկությունից 60 օր առաջ: Սակայն որոշ թուրք քաղաքագետներ նշում են, որ Թրամփին համոզել չհաջողվեց նույնիսկ փետրվարին Մյունխենում կայացած կոնֆերանսում, երբ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն միացավ իր իսրայելցի եւ սաուդցի պաշտոնակիցների հակաիրանական հռետորաբանությանը: Դա արվեց չնայած այն բանին, որ Թուրքիան Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Իրանի դաշնակիցն է: Իր հերթին Էրդողանի խորհրդական Թահա Գենչը հայտարարեց, որ Թուրքիան հավանություն չի տալիս Մերձավոր Արեւելքում այսպես կոչված «արաբական ՆԱՏՕ» ստեղծելու Կահիրեի գաղափարին, թեեւ դա արժանացել է ԱՄՆ-ի հավանությանը:

Այս կապակցությամբ թուրքական «Յենի Շաֆաք» թերթը ենթադրում է, որ Սպիտակ տան օրակարգում թերեւս կա գաղտնի ծրագիր, որ արաբական պետություններին դրդում է Դամասկոսի հանդեպ իրենց վերաբերմունքը փոխելՙ անկախ Սիրիայի եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների ներկա վիճակից: Որոշ թուրք փորձագետների գնահատմամբ, եթե Վաշինգտոնը ստիպված լինի Սիրիայի հարցում ընտրություն կատարել «Իսլամական պետություն» եւ Ասադի միջեւ, ապա նա կնախընտրի Ասադին, իսկ Թուրքիայի ու Եգիպտոսի միջեւ ընտրություն կատարելու դեպքում նախապատվությունը կտրվի Եգիպտոսինՙ նկատի ունենալով Ռուսաստանի ու Իրանի ազդեցությամբ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.