AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4047, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԶՄԱԹԻՎ ԹԵԼԵՐԻՑՙ ՕԴԱՅԻՆԸ ԵՐԵՎԱՆ-ԲԵՅՐՈՒԹ-ԵՐԵՎԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Երեւան-Բեյրութ-Երեւան

Դժվար է ասելՙ ճշտապահությունն ավելի շատ հայերի՞, թե՞ արաբների առանձնահատկություններից է, բայց անցյալ երկուշաբթի, առավոտյան ճիշտ 9:30-ին, ինչպես նախօրոք հայտարարվել էր, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Բեյրութ ուղեւորվեց «Արմենիա» ավիաընկերության առաջինՙ Բոինգ 737-500 ինքնաթիռըՙ նախատեսված 116 ուղեւորի համար: Սա Երեւանից դեպի Բեյրութ այդ ընկերության առաջին ուղիղ չվերթն էրՙ 7-8 տարի ընդմիջումից հետո, երբ այդ ժամանակ դեռեւս գործող «Արմավիա» ընկերությունն իր վերջին չվերթն իրականացրեց դեպի Բեյրութ:

Ջրված եւ ջերմացած

Ճիշտ 2 ժամ տասը րոպեից վայրէջք կատարեցինք Բեյրութիՙ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում ու մինչ ինքնաթիռը կանգ կառներ ....մեզ մի լավ ջրեցին: Ավանդույթի համաձայն, որեւէ օդանավակայանում առաջին չվերթն իրականացրած, վայրէջք կատարած ինքնաթիռը ջրում են, մեր ինքնաթիռն էլ անցավ բեյրության ջրային կամարով: Հետո ամեն ինչ տաք էր, նկատի չունեմ եղանակը, որը 20 աստիճան տաքության էր հասնում:

Երեւան-Բեյրութ առաջին ուղեւորներիս աղ ու հացով դիմավորելու էին եկել Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը (ՀՅԴ), որի նախարար նշանակվելուց հետո Հայաստանը ներառվել է Լիբանանի համար զբոսաշրջության առումով 8 կարեւոր նշանակությամբ երկրների ցանկում, Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, Լիբանանում հայտնի հայազգի որոշ գործարարներ: Դիմավորողների մեջ քիչ չէին նաեւ Բեյրութի հայկական մեծ ու ավանդական համայնքի այլ ներկայացուցիչներ: Հենց նրանց ջանքերով էլ թերեւս, հայաստանցի հյուրերիս համար հենց օդանավակայանում տրվեց շքեղ հյուրասիրություն, մատուցվեց շքեղ տորթՙ «Արմենիա» գրությամբ:

Հայաստանից մեզ հետ Բեյրութ էր եկել նաեւ «Մուշ» պարային համույթը: Օդանավակայանում նրանք փոքրիկ համերգ տվեցինՙ փաստելով, որ օրը տոնական է:

Նոր հորիզոններՙ հին բարեկամների հետ

Հայկական պաշտոնական պատվիրակության կազմում էին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնավոր ուղեւորափոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը: Նրանք բոլորն իրենց խոսքում նշեցին, որ Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթը էականորեն խթանելու է ոչ միայն երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ զբոսաշրջության մակարդակը, այլեւ բացելու է նոր, ամուր հորիզոններՙ բիզնես տեսանկյունից: Ի պատասխան լիբանանցի որոշ գործարարներ, ովքեր ներկա էին միջոցառմանը, նշեցին, որ այս չվերթի բացումը կարող է բերել երկկողմ անհրաժեշտ ներդրումների մեծ հնարավորություն:

Կոնկրետ երկկողմ զբոսաշրջության մակարդակի հետ կապված, ինչպես նշեց Բեյրութում մեր դեսպանը, «Մենք աշխատում ենք, որպեսզի լիբանանցի գործարարները ներդրումներ անեն մեր զբոսաշրջության ոլորտում, փորձի փոխանակում կատարվի, քանի որ Լիբանանի զբոսաշրջության ոլորտը շատ զարգացած է»: Դեսպանը հավելեց, որ վերջին շրջանում լիբանանցիների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել Հայաստանի նկատմամբ, «պատահական չէ, որ նրանք խմբերով գալիս են Հայաստան»:

Ուշագրավ է, որ ըստ Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանիՙ տարեկան ավելի շատ մարդ Լիբանանից է գալիս Հայաստան, քան Հայաստանիցՙ Լիբանան: Ի դեպ, պարոն Կիտանյանի խոսքերի փաստացի ապացույցը զգացինք Բեյրութից Երեւան վերադառնալիս: Բանն այն է, որ եթե Բեյրութ գնալիս ինքնաթիռում 80 ուղեւոր կար, ապա վերադառնալիսՙ 90, այդ թվումՙ լիբանանցի ամուսիններ, որոնք հենց իմ կողքին էին նստած եւ Հայաստան էին գալիս, ինչպես իրենք ասացինՙ «ուղղակի զբոսնելու»:

Թե ինչո՞վ է այս հանգամանքը պայմանավորված, միանգամից դժվար է ասել. մի շարք գործոններ կան: Օրինակ Բեյրութում մեր դեսպան Սամվել Մկրտչյանի խոսքերովՙ «Հայաստանը, Երեւանը, որը բազմաթիվ թելերով կապված է Լիբանանի եւ Բեյրութի հետ, լիբանանցիներին գրավում է իր հին պատմական ժառանգությամբ»: Թերեւս, բայց կարծում եմ Բեյրութն ինքը եւս հին պատմական ժառանգության կրող է, բացի այդ Բեյրութից Երեւան ժամանող լիբանանցիների մեջ քիչ չեն, եթե չասեմՙ մեծամասնություն են կազմում լիբանանահայերը, որոնց համար Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթի գործարկումը, ըստ Լիբանանի զբոսաշրջության հայազգի նախարար Ավետիս Կիտանյանի, «հուսալի կամուրջ է լիբանանահայ համայնքի ու մայր հայրենիքի միջեւ եւ նպաստելու է նաեւ երկու երկրների միջեւ առկա երկկողմ հրաշալի հարաբերությունների էլ ավելի խորացմանը»:

Լիբանանահայ պատգամավոր Աշոտ Բագրատունու խոսքերովՙ «Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթը անչափ կարեւոր է եւ զբոսաշրջության տեսնկյունից, եւ մշակութային տեսանկյունից, եւ առեւտրատնտեսական տեսանկյունից, բոլոր տեսանկյուններից»:

Արդեն հիմա կարելի է մի բան վստահորեն ասել. այս չվերթը մեծ պահանջարկ է վայելելու մեր հայրենակիցների ու մյուս լիբանանցիների շրջանում: «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը նշելով, որ իրենք ժամանակ առաջ արդեն նկատել են այդ պահանջարկը եւ Լիբանանում Հայաստանի դեսպանատան, լիբանանյան գործընկեր ավիաընկերության հետ հետեւողական աշխատանք տարել (ութ ամիս) այս չվերթը բացելու ուղղությամբ, ասաց նաեւ, որ իրենց խնդիրը հիմա միայն մեկն էՙ ապահովել իրենց ուղեւորների համար հարմարավետ պայմաններ եւ էժան տոմսեր:

***

«Արմենիա» ավիաընկերության հետ դեպի Բեյրութ մեկ տոմսի գինը (Երեւան վերադարձով) կսկսվի 320 դոլարիցՙ ներառյալ 30 կիլոգրամ ուղեբեռ եւ եւս 10 կիլոգրամ ձեռքի ճապրուկ տանելու իրավունքը: Թռիչքըՙ Երեւանից երկու ժամ տասը րոպե (շրջանցելով Սիրիայի օդային տարածքը), Բեյրութիցՙ ուղիղ երկու ժամ (կրկին շրջանցելով Սիրիան): Առայժմ կանոնավոր չվերթներ կլինեն շաբաթական երկու անգամ, հունիսիցՙ շաբաթը երեք անգամ, իսկ հուլիսիցՙ չորս անգամ շաբաթական: Չվերթների իրականացմանը նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ վիզային ռեժիմ չկա:

«Արմենիա» ավիաընկերությունը Բեյրութում արդեն ունի իր մասնաճուղը, որտեղ աշխատում են հիմնականում լիբանանահայ երիտասարդներ, որոնցից մեկըՙ Ռիտան, մեզ սիրով եւ մեծ վարպետությամբ, երկու ժամում ցույց տվեց Բեյրութը, քաղաք, որտեղ կապ չունիՙ դու ինչ կրոն ունես, ինչ մաշկի գույն, որտեղ դժվար է ասելՙ ավելի շատ նորակառո՞ւյց կա, թե՞ կիսաքանդ շինություն: Քաղաք, որտեղ հիջաբով աղջիկներ կան, որոնք փողոցում համբուրվում էլ են, ծխում էլ են: Քաղաք, որտեղ ամեն հարյուր մետրը մեկ լիբանանյան բանակի զինված զինվորներն են հերթապահում, բայց որտեղ երիտասարդ երկար մազերով ու շորտերով տղաները կարող են հենց փողոցում, Միջերկրականից քիչ հեռու կանգնած գարեջուր խմել, ի դեպ, բավականին լավ գարեջուր:

Միջերկրական ծովի վրայով

Ուղեւորվեցինք Երեւան ճիշտ նախանշված ժամին, Բեյրութի տեղական ժամանակովՙ 15:30-ին: Մի քանի րոպեից արդեն Միջերկրական ծովի վրա էինք, որին ափամերձ երկրներից միայն մեկն է Լիբանանը: Ավելի հեռավոր, ոչ պակաս կարեւոր երկրներ էլ կան, եւ եթե հայկական ավիաընկերության ինքնաթիռն արդեն Միջերկրական ծովի վրայով է թռչում, ուրեմն շուտով մյուս ափամերձ երկրներն էլ հասանելի կլինեն «Արմենիա»-ին, Հայաստանին, մեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.