AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 4169, Տպվել է` 513, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՆՐ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ապրիլի 7-ին Միացյալ Նահանգները հրթիռակոծեցին Սիրիայի կառավարական ուժերի Շահիրաթ ռազմական օդանավակայանը: Եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակ փոխվեց: Պաշտոնապես ամերիկյան հրթիռակոծումը պատասխան էր Իբդիլ նահանգում սիրիական բանակին վերագրվող քիմիական զենքի կիրառմանը: Այդ փաստը, սակայն, որեւէ հետաքննությամբ հաստատված չէ: ԱՄՆ այդ քայլն, այսպիսով, շարունակում է մնալ բացառապես քաղաքական, քանի դեռ հակառակն ապացուցող փաստեր չեն ներկայացվի: Բայց այդ մասին քչերն են մտածում: Ներկայում ամենաքննարկվող խնդիրն էՙ որքա՞ն կխորանա ԱՄՆ-Ռուսաստան հակասությունը, իսկ եթե այդ հարաբերությունները գնան կարգավորման, ապա յուրաքանչյուր կողմ ի՞նչ կկորցնի կամ կշահի:

Մեծ քաղաքականության մեջ ինտրիգները երբեք բացառված չեն: Եւ այս իմաստով, գուցե, իրականությանը մոտ են մեկնաբանությունները, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ստեղծված իրավիճակն արդեն իսկ օգտագործել են, որպեսզի պայմանավորվեն Սիրիայի հարցում: Ինչի՞ մասին է խոսքըՙ մանրամասնությունները հայտնի չեն: Տեղեկություն կա, որ Մոսկվա այցելության ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը Ռուսաստանի նախագահ Պուտինին է փոխանցել սիրիական կարգավորման ինչ-որ պլան, եւ հիմա Վաշինգտոնում սպասում են Մոսկվայից պատասխանի:

Սիրիական թեման մեզ հետաքրքրում է այնքանով, որ Մերձավոր Արեւելքը մեզ հարեւան տարածաշրջան է, իսկ հակամարտության մեջ ներգրավված կողմերից ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Եւ շատերի ակնկալիքն այն է, որ Արցախի կարգավորման հարցում երկու գերտերությունները պաշտպանեն համաձայնությունները, հանդես գան միասնական դիրքորոշմամբ: Մերձավոր Արեւելքի իրավիճակը նաեւ անվտանգության իմաստով է հետաքրքրություն ներկայացնում: Այն առումով, որ եթե այդ տարածաշրջանը վերջնականապես թաղվի պատերազմի ճահճում, ապա իրադարձությունների մեջ կարող են ներքաշվել մեզ անմիջապես հարեւան երկրներըՙ Թուրքիան եւ Իրանը: Իսկ դա կարող է դետոնացիա տալ նաեւ Ադրբեջանի հետ Արցախի հակամարտության գոտում կամ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Այնպես որ Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորումը ձեռնտու է ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլեւ մեզ:

Այս իմաստով հարկ է ուշադրություն դարձնել, որ անցած շաբաթ Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթաժողովում լուծում ստացավ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը: Այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովը: Որոշ մեկնաբաններ Խաչատուրովի նշանակումը բացատրեցին Բելառուսի նախագահի վերաբերմունքի փոփոխությամբ: Գուցե նաեւ այդպես է, բայց այդ նշանակման գլխավոր ուղերձը արտաքին քաղաքական էր: ՀԱՊԿ-ը ստեղծված իրավիճակում չէր կարող ի ցույց դնել ներքին տարաձայնությունները: Միջազգային ասպարեզում դա կդիտվեր որպես Ռուսաստանի նախագահի թուլություն կամ նույնիսկՙ անգործունակություն:

Խաղադրույքն այնքան բարձր է, որ ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի նախագահները չէին կարող հերթական անգամ տորպեդահարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը: Դա, կրկնեմ, կնշանակեր ձեռնոց նետել Պուտինին եւ միաժամանակ ցուցաբերել քաղաքական կոլաբորացիոնիզմՙ սպասարկելով արեւմտյան ալյանսի շահերը: Նման քայլի ուժ եւ համարձակություն ոչ Բելառուսն ունի, ոչ Ղազախստանը:

Ավելին, այդպիսի որոշմանը նախորդեց դիվանագիտական պրեսինգ: Այս դեպքումՙ Ադրբեջանի նկատմամբ: Նախ Բաքու այցելեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը: Վերջինս պրոֆեսիոնալ հետախույզ է, ժամանակին գլխավորել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Սովորաբար այդ մակարդակի պաշտոնյաները որեւէ երկիր աշխատանքային այց են կատարում, երբ ծագում է կարեւորագույն ասելիք փոխանցելու անհրաժեշտություն, իսկ պետությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու ժամանակ չկա: Ի՞նչ ուղերձ է Ադրբեջանին փոխանցել Պատրուշեւը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բաքվում քննարկել է անվտանգության հետ կապված հարցեր: Այս հարցի պատասխանն իմանալու համար հարկավոր է հետեւել Ադրբեջանի վարքին:

Պատրուշեւի այցից որոշակի ժամանակ անց Ալիեւը Թեհրան գործուղեց պաշտպանության նախարարին: Թեեւ վերջինս պետք է որ ուղղակիրորեն ներգրավված լիներ ընթացող զորավարժություններին: Նշանակում է, որ Ադրբեջանը պետք է աներ այդ ժեստըՙ պաշտպանության նախարարի մակարդակով շփում ունենար Իրանի հետ: Դա ուղերձ էր, որ Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության հարցերում գտնվում է ՀԱՊԿ կոնցեպցիայի եւ ռուս-իրանական համագործակցության ծիրի մեջ:

Ուշադրության է արժանի, որ Պատրուշեւից անմիջապես հետո Բաքու էր այցելել նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը: Այդ այցը պետք է տեղի ունենար անցյալ աշնանը, բայց Նազարբաեւի հիվանդության պատճառով հետաձգվել էր: Տվյալ դեպքում իշխող տպավորություն է, որ Նազարբաեւը նույնպես ինչ-որ ուղերձներ փոխանցել է Ալիեւին եւ համապատասխանաբար այդ մասին տեղեկացրել Ռուսաստանին: Եւ պատահական չէ, որ վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը վերստին խոսեց, որ Ռուսաստանը կողջուներ, եթե Ադրբեջանը մասնակցեր եվրասիական ինտեգրացիային:

Այս ամենը քաղաքական իրադարձությունների անոնսավորում չէ, իհարկե: Բայց ուշագրավ է որպես հնարավորություն, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հայտնվել եվրասիական նույն ինտեգրացիոն խմբում:

Այս տեսանկյունից չափազանց ինտրիգային քայլ է արել Regnum-ը: Գործակալությունը հրապարակել է 1997թ. օգոստոսի 1-ին Վաշինգտոնում Քլինթոն-Հեյդար Ալիեւի հանդիպման պաշտոնական սղագրությունը: Թե ինչպես է այդ փաստաթուղթը հայտնվել ռուսաստանյան լրատվամիջոցի տրամադրության տակ, կարելի է միայն ենթադրել: Հատկանշական է, որ, ըստ սղագրության, Հեյդար Ալիեւը բացառապես Միացյալ Նահանգների հետ է կապել Արցախի խնդրի կարգավորման հեռանկարը եւ Քլինթոնի հասցեին այնպիսի գովասանքներ հնչեցրել, որ վերջինս կատակել է. «Ահա թե ով պիտի զբաղվի իմ փիառով...»: Գուցե այդ հրապարակումը պարզ ակնա՞րկ է Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրության հետ մեծ հույսեր չկապե՞ն: Բայց մյուս կողմից էլՙ չէ՞ որ անցել է երկու տասնամյակ, եւ Ռուսաստանում այսօր բոլորովին այլ որակի իշխանություն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.