AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



ԵՐԱԽՏԻՔ

Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1915, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱԲ ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱԶԱՊՈՒՐԾ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Առաջատար գիտաշխատող

Սուլթան Աբդուլ Համիդի իշխանության տապալումից եւ 1908 թ. Սահմանադրության ընդունումից հետո, կառավարության գլուխն անցած երիտթուրքերը, ձգտում էին ոչ միայն պահպանել Oսմանյան կայսրությունը, այլեւ` բռնությամբ ոչնչացնել կամ ձուլել` թուրքացնել հայերին եւ քրիստոնյա մյուս հպատակ ժողովուրդներին, ստեղծել համաիսլամական համընդհանուր տերություն` Միջերկրական ծովի շրջակայքից մինչեւ Ալթայան երկրամաս:

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունից վերապրած ականատես-վկաները, որոնք այլեւս չկան, իմ գրառումների ընթացքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին քսաներորդ դարում իրագործված առաջին ցեղասպանության պատմաքաղաքական իրադարձությունները:

Իթթիհատի գործադիր կոմիտեն նախատեսում էր այդ տեղահանությունը եւ կոտորածը կատարել ոչ թե բանակի եւ ոստիկանության միջոցով, այլ` բանտից ազատված ոճրագործներին, մարդասպաններին, ինչպես նաեւ` քրդերին, չերքեզներին ու չեչեններին հանձնելով այդ գործը:

Պատմաքաղաքական այս հանգամանքներում Թուրքիայում ապրող քրիստոնյա ազգերի, այդ թվում նաեւ հայերի համար մեծագույն չարիք էր դարձել ընդհանուր զորահավաքը, զինահավաքը եւ հայ մտավորականների ոչնչացումը անապատներում:

Թուրքական զորահավաքին հաջորդում է զինահավաքը: Այն ուղեկցվում էր համատարած շուրջկալներով, որոնց ընթացքում «զենք» հավաքելու պատրվակի տակ թուրք ոստիկաններն ավերում էին հայերի տները, կողոպտում նրանց ունեցվածքը, ձերբակալում, սպանում շատերին:

Հայերի բնաջնջումն իրականացվում էր ե՛ւ տեղերում, ե՛ւ աքսորավայրերում` Միջագետքի անապատներում, հատկապես Ռաքքայում, Հավրանում, Ռաս ուլ Այնում, Մեսքենեում, Սուրուճում, Դեյր էլ Զորում եւ այլուր:

Հայ վերապրողներից բացի, պատմական այդ փաստերի մասին վկայություններ են հաղորդել նաեւ արաբ անապատականները:

Ներկայումս Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, դամասկոսաբնակ Նորա Արիսյանը կարեւոր եւ փաստագրական արժեք ներկայացնող հարցազրույցներ է ունեցել Սիրիայի արաբ բեդուին անապատականների հետ եւ տեսագրել: 1999 թ. գրանցված արաբերենով տեսաերիզը նա ուղարկել էր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվին: Այդ տեսագրության մեջ ներկայացված են արաբ անապատականներ 119 տարեկան ալ Գըհըմի (ծնվ. 1880 թ., Ռաքքա), Բաշիր էլ Սաադիի (ծնվ. 1901 թ., Ռաքքա), արաբ կին անապատական Բաթրայի (ծնվ. 1906 թ., Դեյր էլ Զոր), Հաբ Ալիի (ծնվ. 1905 թ., Ռաս ուլ Այն), Աբդուլ Ղաֆուրի (ծնվ. 1915 թ., Ռաս ուլ Այն) վկայությունները:

Այդ հինգ վկայությունները ես թարգմանել եմ տվել արաբերենից հայերեն եւ, վերծանելով, ներկայացրել իմ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» (Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 880 էջ) ստվար գրքում [Վկայություն 302-306] ի շարս 700 այլ վկայությունների: Ստորեւ մեջբերում ենք ժողովրդական այդ ուշագրավ նյութերը:

Արաբ անապատական, Հայոց ցեղասպանության ականատես վկա ալ Գըհըմը վկայել է. «Ես արդեն 119 տարեկան եմ: Ծնվել եմ Ռաքքայում: Ես լավ եմ հիշում խեղճ աքսորական հայերի տառապանքները: Նրանք բռնի վտարված էին իրենց հայրենական տներից եւ քայլելով, անոթի, ծարավ հասել էին մինչեւ մեր սիրիական անապատները` Եփրատ գետի ափը: Թուրք մսագործները խաբել էին այդ հայերին, թե նրանք շուտով պիտի վերադառնան իրենց տները, բայց նրանց տարան Ռաքքայի պարիսպի հետեւը եւ սպանեցին: Նրանցից միայն յոթ հայ ընտանիք փրկվեց, որոնց մեր արաբները օգնել էին փախչել եւ ապաստան տվել իրենց վրաններում»:

Արաբ անապատական Բաշիր էլ Սաադին եւս վկայել է. «1915 թ. ես 14 տարեկան էի, Եփրատի ափին Ռաքքայում հովիվ էի եւ մերոնց անասուններն էի արածացնում: Այդ ժամանակ ես տեսնում էի մարդկանց խմբեր, որոնք հոգնած եւ ուժասպառ, ցնցոտիներով ու կիսամերկ գալիս էին մեր կողմերը: Հետո իմացա, որ թուրքական կառավարությունը նրանց տեղահանել է իրենց հայրենիքից եւ քշել դեպի մեր սիրիական անապատները: Այդ հայ տարագիրները թուրք ժանդարմների հսկողության տակ քայլել են երկար ժամանակ առանց իմանալու, թե ո՞ւր են գնում: Այդ հայերը ճամփին էին թողել իրենց հարազատներին, որոնք չէին կարողացել քայլել, շատերին էլ թուրքերը սպանել էին:

Ես իմ հորեղբոր զավակների հետ մեր ուղտերով գնում էինք անապատ եւ, տեսնելով նրանց խղճալի վիճակը, ոմանց օգնում էինք. մեր ուղտերը կթելով` այդ սոված ու ծարավ հայերին կաթ էինք խմեցնում ջրի փոխարեն: Նրանք այնքան հյուծված եւ ուժասպառ էին, որ կանգնած վիճակում գետին էին փռվում եւ ոչխարների պես մեռնում էին»:

Իսկ Հաբ Ալին իր վկայության մեջ նշել է, թե ինչպես ինքը փրկել է մի քանի հայերի, նաեւ հիշատակել է մի շարք արաբ ցեղախմբերի, որոնք եւս մարդկայնորեն օգնել են հայ տառապյալ աքսորյալներին. «Ես 1915 թ. մոտ տաս տարեկան էի եւ լավ եմ հիշում տառապած աքսորական հայերին: Նրանք հոգնած, ուժասպառ, կիսամերկ ու արյունլվա եկան հասան Ռաս ուլ Այն: Ես նրանց մի քանիսին տարա, թաքցրեցի մի մեծ փոսի մեջ, եւ նրանք փրկվեցին իրենց հետապնդող թուրք ոստիկաններից:

Սիրիական մի շարք աշիրաթներ եւս օգնեցին այդ հայերին: Այդ բարի արաբներից էին Շանմարը, Բակկարան, Ուբադան, Աջուբեն, Հարփը, Ալ Մուհամեդը, Ալ Հասանը, Ալ Ուդուան, Ժաբրան, Զուբեյդը, որոնք նույնպես շատ հայ կիների եւ մանուկների թաքցրեցին իրենց ընտանիքներում եւ փրկեցին մահից:

Հեծյալ թուրք ժանդարմներն ու զինվորները, հայ աքսորականների հետեւից գալով, նրանց ստիպում էին առանց դադարի քայլել: Չեչենները, քրդերը եւ նույնիսկ թուրք զինվորները հարձակվում էին նրանց վրա դանակներով, կացիններով հարվածում էին, իսկ արաբները երբեք հայերին մատո՜վ անգամ չեն դիպած»:

Նույն Ռաս ուլ Այնում ապրող Աբդուլ Ղաֆուրը եւս վկայել է. «Իրենց պատմական հայրենիքից բռնի կերպով տեղահանված հայերը, ծայր աստիճան ուժասպառ հասնելով Ռաս ուլ Այն, կամա, թե ակամա իրենց կյանքը փրկելու համար ծառայեցին արաբների տներում: Նրանց կանայք գեղեցիկ աչքեր ունեին եւ շատ աշխատասեր էին: Այդ կանայք ստիպված ամուսնացան մեր անապատական շեյխերի եւ կամ գյուղապետերի հետ: Նրանց մեծ մասը կրոնափոխ եղավ, իսկ ոմանք` ոչ: Բացասական հետեւանքները հայտնվեցին ժամանակի ընթացքում` կամաց-կամաց նրանց հոգեբանության մեջ ստեղծելով տխուր ապրումներ եւ հոգեկան տանջանք: Հետագայում նրանք փորձեցին փնտրել եւ գտնել իրենց ողջ մնացած հարազատներին, կապ պահպանել նրանց հետ, միաժամանակ, որպես պարկեշտ կանայք` ընդունելով իրենց նոր կյանքը, ընտանիքը եւ զավակները:

Մի հայ աղջիկ, որի հորն ու մորը սպանել էին թուրքերը, աքսորի ճամփաները քայլել էր իր երկու փոքր եղբայրների հետ: Հոգնած ու սպառված, եղբայրները ճամփին մահացել էին, իսկ ինքը միայնակ հասել էր Ռաս ուլ Այն եւ հուսահատ ամուսնացել Շամմա աշիրաթի շեյխի հետ: Նա ծնել է ինձ` դառնալով իմ ու իմ քույր, եղբայրների հոգատար եւ սիրելի մայրը»:

Վերհիշելով հայ աքսորականների ողբերգական վիճակը` արաբ կին անապատական Բաթրան միաժամանակ բնութագրել է հայ տառապյալ կանանց. «Ես 93 տարեկան արաբ անապատական կին մըն եմ: 1915 թ. ինը տարեկան էի եւ լավ կհիշեմ, թե ինչպես հայ աքսորականների կարավաններն իրար հետեւից ուժասպառ հասնում էին Դեր Զոր: Նրանք տանջված էին, սոված, ծարավ, ցնցոտիների մեջ ու ոտաբոբիկ: Նրանք եկան եւ հավաքվեցին Դեր Զորի կամուրջի մոտ: Մենք տեսնում էինք, թե ինչպես թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում էին: Ողջ մնացած կանայք ստիպված ամուսնացան մեր արաբ անապատական շեյխերի եւ գյուղապետերի հետ: Նրանք դարձան ընտանիքի լավ մայրեր: Նրանց մեծ մասը հավատափոխ եղավ, իսկ ոմանք` ոչ: Մենք հիացած էինք հայ կանանց գեղեցկությամբ: Նրանք սքանչելի աչքեր ունեին: Բացի այդ, նրանք հավասարակշռված էին, հնազանդ ու պատվավոր: Նրանք երբեք չմուրացին:

Թուրքերը հայերին ցրեցին սիրիական անապատները, իսկ արաբները, մեղքանալով նրանց, հավաքեցին»:

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր անտուն ու անհայրենիք մնացած թշվառ հայեր հյուրընկալ ջերմ վերաբերմունքի են արժանացել արաբական երկրների (Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս եւ այլն) կառավարությունների ու ժողովուրդների կողմից: Օգտվելով այդ հյուրընկալ վերաբերմունքիցՙ հարյուր հազարավոր հայեր նոր կյանք են սկսել այդ երկրներումՙ պահպանելով մշտարթուն երախտագիտության զգացումներ:

Նկար 1. Ալ Գըհըմ (ծնվ. 1880 թ., Ռաքքա)

Նկար 2. Բաշիր էլ Սաադի (ծնվ. 1901 թ., Ռաքքա)

Նկար 3. Բաթրա (ծնվ. 1906 թ., Դեյր էլ Զոր)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.