AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1675, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՙ ԵՐԱԽՏԻՔԻ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պարույր Աղբաշյանի «դիմաքանդակային հպումները»

Կյանքի ճանապարհի մի որոշակի հանգրվանում մարդը կարիք է ունենում վերանայելու, վերարժեւորելու, հանրագումարի բերելու արածն ու անելիքի մասին խորհելու:

Սփյուռքահայ մտավորական, ուսուցիչ, խմբագիր, հրապարակագիր Պարույր Աղբաշյանը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դահլիճում «Երախտաւոր դասախօսներ» իր գրքի առիթով կազմակերպված հանդիպմանը ակնարկեց, որ վերջին տարիներին գրած 10-12 գրքերի մեջ այս մեկն է, որ ինքնաբավարարում, ինքնագոհունակություն է պատճառել: Մասնագիտական կրթությունը նա ստացել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում, շուրջ 47 տարի անց այդ օրերի հիշողությունները վավերացրել է այս գրքով, հիշողություններ, որ նրան ուղեկցել են մշտապես: Ենթադրելի է, որ հարուստ ու հետաքրքրական պետք է որ լինեին, սակայն ուսանողական տարիներից նա առանձնացրել է կարեւոր մի հատվածՙ վերհանելու այն մտավորականների, դասախոսների կերպարները, որոնք իր եւ իր սերնդակիցների մասնագիտական կայացման մեջ ունեցել են կարեւոր դերակատարում, քանի որ համալսարանական կրթությունը, ինչպես ինքն է գրում, իր գիտակցական եւ մտածողական կյանքի մեջ անկյունադարձային, ամրակուռ հանգրվան է դարձել: Այդ տարիները բանասիրական ֆակուլտետի ոսկե շրջանը կարելի է համարել, այդպիսի մթնոլորտում, այդ անձերի հետ շփումներն արդեն իսկ առավելություն եւ բարեբախտություն պետք է նկատել: Հիշողությունների այս գրությունների համար Պարույր Աղբաշյանը շատ հետաքրքրական բնորոշում է գտելՙ դիմաքանդակային հպումներ, որ լավագույնս արտահայտում է իր մոտեցումներն ու ոճը:

Երեւանի պետական համալսարանում ստացած գիտելիքները, իմացությունները նա հետագայում գործադրել է սփյուռքահայ մշակութային-կրթական կյանքի տարբեր ոլորտներում, ծառայեցրել դրանք հայապահպանության գործին, քանի որ աշխատել է հայկական տարբեր կրթօջախներում (ՀԲԸՄ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկ, Հայկազեան համալսարան) եւ մամուլում, երկար տարիներ եղել է սփյուռքի ամենանշանավոր թերթերից մեկիՙ «Զարթօնքի» խմբագիրը, խմբագրել, աշխատել-աշխատակցել է «Խօսնակ» ամսագրին, «Գեղարդ», «Դիտակ», «Կամար» հանդեսներին, հանդես է եկել հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներով, հեղինակել տասնյակից ավելի գրքեր:

Վերոնշյալ գիրքը հրատարակվել է ԵՊՀ հիմնադրության 95-ամյակի առիթով եւ յուրատեսակ հարգանքի տուրք է մայր բուհին եւ երախտիք սիրելի ուսուցիչներին, որոնք իրենց մանկավարժական-գիտական գործունեությամբ հիրավի արժեքավոր հետք, ժառանգություն են թողել հայ կրթամշակութային կյանքում: Նա ընտրել է մտավորական-դասախոսների պատկառելի փաղանգՙ Գեւորգ Ջահուկյան, Էդուարդ Աղայան, Մկրտիչ Մկրյան, Հովհաննես Բարսեղյան, Լեւոն Ներսիսյան, Հրանտ Թամրազյան, Գուրգեն Սեւակ, Էդուարդ Ջրբաշյան, Աշոտ Սուքիասյան, Վաչե Նալբանդյան, Մանվել Ասատրյան եւ ուրիշներ: Իր այս նոթերում հեղինակը հակիրճ, բայց դիպուկ բնութագրումներով ներկայացնում է նրանցՙ ոչ միայն որպես ուսուցչի, գիտելիք փոխանցողի, նաեւ նրանց խառնվածքի ամենահատկանշական գծերի, երբեմն էլ հումորային դրվագների միջոցով մարդկային նկարագիրն է տալիս, անշուշտ իր ստացած տպավորություններով ու զգացողություններով, իսկ տեղ-տեղ արտաքինի մի փոքր, բայց խոսուն դետալ ամբողջացնում է կերպարն այնպես, որ յուրաքանչյուրին, ով ուսանել է նրանց, հուշերի սեփական աշխարհը կտեղափոխի:

Այդպես եղավ նաեւ գրքի առիթով հանդիպմանը ելույթ ունեցողների հետ, նրանք իրենց խոսքը կառուցեցին անցյալի հիշողությունների վրա, իհարկե տարիների փորձով ու կյանքի փորձառությամբ գնահատելով այդ անցածն ու հետագա ընթացքըՙ գործունեության արդյունքը: Բանասիրական ֆակուլտետի երկարամյա դեկան Արծրուն Ավագյանը , հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը , որ նաեւ գրքի առաջաբանն է գրել, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որ նույնպես ԵՊՀ սան է եղել եւ շատ բաներ ուներ հիշելու, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը , հեղինակի համակուրսեցի, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը : Նրանք բոլորը գնացին ետ, դեպի անցյալ, հիշողությունների միջոցով վերարթնացրին անցած դարի 60-70- ականների հայաստանյան կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները, սփյուռքահայ ուսանողների առաջին մուտքը Հայաստան, նրանց բերած նորություններն ու գաղափարական ազդեցությունները տեղի մշակութային կյանքի վրա, նշանակալի մասնակցությունը ազգային զարթոնքի շարժումներին, անշուշտ գնահատելով եւ կարեւորելով հայաստանյան կրթության, մտավորական միջավայրի դերը նրանց կայացման եւ հետագա գործունեության վրա: Այդ առումով Պարույր Աղբաշյանը այն նվիրյալների շարքում է, ովքեր իրենց կյանքի կարեւորագույն մաս են համարում հայապահպանության գործը, Հայրենիք - Սփյուռք կապի ջատագովներ ու ամրապնդողներ են, ովքեր Հայաստանը, նրա մշակույթն ու հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները ճանաչելի են դարձնում սփյուռքին, ինչպես ասում ենՙ կենդանի կամուրջ ծառայելով հայության երկու հատվածների միջեւ:

Հանդիսությունը վարելովՙ Երվանդ Տեր-Խաչատրյանը հաճախ էր անդրադառնում ժամանակիՙ հայաստանյան եւ սփյուռքյան տարբեր իրողություններին, հիշատակելով ազգային-մշակութային այն կարեւոր երեւույթները, որոնցով պայմանավորեցին 60-ականների ազգային-գիտակցական զարթոնքն ու գաղափարական վերելքը: Արժեւորելով սփյուռքահության դերըՙ նա անդրադարձավ այդ շրջանում սփյուռքից Հայաստան առաջին անգամ ուսանելու եկած երիտասարդներին. եւ որ նրանց մեծ մասը դարձավ սփյուռքահայ հանրային-մշակութային կյանքի երեւելի դեմքերից, պատահական չէր: Եվ միակը նրանց մեջ, որ երախտիքի, շնորհակալության խոսք ուղղեց Երեւանի պետական համալսարանին եւ բանասիրական ֆակուլտետինՙ Պարույր Աղբաշյանն էրՙ «ժամանակի, մթնոլորտի նկարագրությունՙ արված ջերմությամբ, խոնարհությամբՙ ուսուցիչներին»:

Հետաքրքրական էր Հակոբ Ավետիքյանի անդրադարձը համատեղ ուսանողական կյանքին, Բեյրութ վերադարձի հիշողություններին, ուշագրավ էր ժամանակի նրա գնահատականը: «1957-ին մի շատ կարեւոր բան կատարվեց հայկական կյանքում, ասաց նա: Խորհրդային Հայաստանը սկսեց ուսանողներ ընդունել սփյուռքից: Ես դա դիվանագիտական սխրագործություն կհամարեի, երբ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին հաջողվեց համոզել Մոսկվային, որ սփյուռքահայ ուսանողները գան եւ սովորեն իրենց մայր հայրենիքում»:

Նա նաեւ ասաց, որ «Պարույր Աղբաշյանը բեյրության պայմաններում միշտ կարոտով է հիշել համալսարանական տարիները, դասախոսներին ու այդ մթնոլորտը, եւ պատահական չէ, որ հենց նա գրեց երախտիքի այս խոսքը մայր բուհին եւ մեր ժողովրդի լավագույն զավակներին, եւ երբ դա ներկայացվում է համահավաքՙ դեր է կատարում, ինչպես Պարույրի եւ իր ընկերների գործունեությունն է արժեքավորՙ ճանաչեցնելու հայաստանյան հայագիտությունը եւ առհասարակ Հայաստանըՙ Սփյուռքին»:

Հեղինակն իհարկե կրկին հնարավորություն ունեցավ իր երախտագիտությունն ու գոհունակությունն արտահայտելու աջակիցներին եւ հանդիպումը կազմակերպողներինՙ մեկ առ մեկ թվարկելով նրանց անունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.