AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5583, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ՕՐԱԿԱՐԳ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում ամեն ինչ ծուլորեն շարժվում է իր հունով` նոր խորհրդարանի կազմը դեռ մի շաբաթ էլ հայտնի չի լինի, իսկ ըստ մեր ունեցած տեղեկությունների` այնուամենայնիվ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունները ձեւավորողները որոշել են սկանդալային պատմությունների մեջ հայտնված հնարավորինս քիչ մարդկանց տանել խորհրդարան եւ կերպավորել հնարավորինս քաղաքակիրթ խմբակցություններ: Այդ առումով փորձ է արվում գտնել եւ օգտագործել օրենսդրության ընձեռած բոլոր հնարքները, որոնք դա թույլ կտան: Այնպես որ` չի բացառվում, որ տասնյակ փող ծախսածներ եւ զանազան համբավավորներ (տարբեր իմաստներով), ինչպես եւ ենթադրել էինք ընտրություններից անմիջապես հետո, իրենց «գցված» կզգան արդեն մեկ շաբաթից:

Մայրաքաղաքի ավագանու քարոզարշավը հորանջում է, քանի որ էն գլխից էլ պարզ է արդյունքը` մի 65-75 տոկոսի միջակայքում կլինեն ՀՀԿ-ի քվեները, 15-20 տոկոս` «Ելքինը», մի 5-7 տոկոս` «Երկիր Ծիրանիինը», Գելափն էլ էր, չէ՞, դրան մոտ թվեր ասել: Մի քիչ Զարուհին ու Նիկոլն են իրար խուտուտ տալիս` միակ հետաքրքրությունն էդ է: Իսկ ընդհանրապես` մարդիկ ընտրություն բառից արդեն ալերգիա ունեն, մանավանդ` դրա բովանդակությունից, այնպես որ` հազիվ թե որեւէ անկանկալ լինի: «Ելքն» ընդամենն ավելի կամրապնդի ընդդիմություն լինելու եւ հաջորդ համապետական ընտրություններին ընդդիմության ազատ մնացած տարածքը գրավելու հայտը:

Նույնը, նվազ հաջողությամբ, կանի «Երկիր Ծիրանին» եւ ընդամենը: Քաղաքապետարանի ավագանին պետք է կարծիքների բախման երեւույթը ստանա, դե պարզ է, Տարոն Մարգարյանը վերջին անգամ է քաղաքապետ լինելու, նրա նյարդերը հինգ տարով տրամադրվում են Նիկոլի ու Զարուհու կուսակցություններին` դե հիմա սիրում ես զբոսնել, հետեւանքներին նույնպես պետք է տիրություն անես:

Իսկ ՀԱԿ-ի տվայտանքները Սահմանադրական դատարանում ընդամենն արարողակարգային մակարդակի միջոցառում են մնալու` նոր խորհրդարանի ձեւավորումն, այդպիսով, ակամա հետաձգելով: Այս պահին նրա շնորհիվ մենք պայմանականորեն առանց իշխանության մի թեւի ենք մնացել, բայց նաեւ այդ ժամանակի մեջ գլխավոր երկու քաղաքական ուժերը կոտրում են իրենց ցուցակների բոլոր այն համարներին, որոնք հավատում են, թե անպայման նոր խորհրդարանում են լինելու:

***

Երկրից դուրս տեղի ունեցողի վրա էլ մենք զրոյական ազդեցություն ունենք, բայց դա չի նշանակում, որ այն մեզ հետ կապ չունի: Հենց օրերս տեղի ունեցած ԵԽԽՎ վերջին նստաշրջանն ուղիղ կապ ուներ մեզ հետ այն առումով, որ համ մեր մի ոխերիմ հարեւան Թուրքիային է նեղել (Թուրքիան ԵԽԽՎ մոնիտորինգի ենթակա երկրների ցանկում հայտնվելու սպառնալիքի տակ է, որին նպաստել է ե՛ւ այդ երկրում մարդու իրավունքների վատթար վիճակը, եւ խորհրդարանական հանրապետությունից ավելի ավտորիտար նախագահական համակարգում հայտնվելու Թուրքիայի ընտրությունը), համ մյուս ոխերիմ հարեւան Ադրբեջանին. այս երկրի մարդու իրավունքների ոլորտում եղած ողբալի վիճակը եվրոպացիների լայն քննադատության առարկա էր դարձել` ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսի` 2016-ին մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակում: Դեռ մի բան էլ ավելին` ադրբեջանական լոբբիինգի ազդեցության տիրույթում գտնվող ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, որի նախագահության օրոք ընդունվեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական զեկույցը, մինչեւ մայիսի 29-ը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, ճիշտ է` ոչ թե խավյարամոլության պիտակով, ինչպես որ նրան շատ կհամապատասխաներ, այլ ինքնագլուխ, այն էլ ռուսների հետ ու նրանց ինքնաթիռով, ասել է թե` եվրոպացիների համար կողմնակալ մոտեցմամբ, Սիրիա այցելելու համար:

Այսինքն` մենք մեզ համար հանգիստ նստած ու մատներս անգամ չշարժած դեպքերում էլ իրադարձությունները լավ կամ վատ առումով կարող են առնչվել մեզ հետ, լրացուցիչ ջանքեր գործադրելու, կամ հակառակը` ընձեռնված բարեհարմարությունից օգտվելու պատեհությունը մեզ տալով: Ահա այս անգամ Եվրոպան, ԵԽԽՎ-ի միջոցով մեզ մշտական անհանգստություն պատճառող երկու երկրներին դեղին քարտ է ցույց տվել: Բայց միշտ այդպես չի լինի, քանի որ մեր տարածաշրջանում իրադարձությունները շատ արագ են հերթագայում միմյանց, այնպես որ արժե տալ հարցը, թե այսպիսի համապատկերում ի՞նչ կարող ենք սպասել վաղը Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռւսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:

Թե ինչ են քննարկելու վաղը Մոսկվայում երեք արտգործնախարարները` Արցախի հարցի կարգավորման հետ կապված, պարզ չէ, համենայնդեպս` եթե ԵԽԽՎ-ում խոսք է գնում Ադրբեջանում մարդու իրավունքների ողբալի վիճակի մասին, այդպիսի երկիրն իրավունք չունի արցախցիների իրավունքների վերաբերյալ առաջարկներից խոսելու, կամ քննարկումների ինչ-որ ֆորմատ առաջարկելու, որքան էլ ռուսական կողմին հարմար լինի այդ հարթակում Բաքվի հետ զրուցելն ու այդ պատուհանից նրան եվրասիական տարածք գայթակղելը: Հուսով ենք` ԵԽԽՎ-ում վերջին օրերի հայերիս ակամա տրված բոնուսը` Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին միջազգային գնահատականներով հայկական կողմը ճիշտ եւ տեղին կօգտագործի: Մանավանդ` հասկանալի չէ, արդյոք այդ հանդիպումը ստացե՞լ է Մինսկի խմբի բոլոր երեք անդամների հավանությունը, թե, այնուամենայնիվ, Մոսկվայի միակողմանի նախաձեռնությունն է, այն էլ այն ժամանակ, երբ մեկ համանախագահը` ԱՄՆ-ը զբաղված է Սիրիայով, իսկ մյուսը` Ֆրանսիան` նախագահական ընտրություններով: Եւ ընդհանրապես` քանի՞ գրոշ արժեն այդ հանդիպումները, եթե մեր սահմաններին Ադրբեջանն ամեն օր կրակում է, զոհվում են հայ զինվորներ, իսկ վերահսկողական մեխանիզմների ընդլայնման բազմիցս բարձրաձայնված առաջարկներն առայժմ սառույցին են գրվում:

***

Գալով վերջին օրերի այն քննարկումներին, թե ինչ էր սպասում հայությունն ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, անկախ նրանից` ինչ հաջողությամբ էր աշխատել հայկական լոբբին, նշենք, որ այս իմաստով հազիվ թե հայությունը պատրանքներ ուներ. Թրամփը ապրիլի 24-ին ասաց այն, ինչ պիտի ասեր ԱՄՆ-ի որեւէ պրեզիդենտ, ոչ ավել, ոչ պակաս, ու այդ իմաստով անունները, լինի դա Թրամփ, Օբամա, Քլինթոն, թե Բուշ` նշանակություն չունեն, ամերիկյան քաղաքականությունը մեկ մարդու քաղաքականություն չէ, եւ դա մի քանի անգամ արդեն ապացուցվել է Թրամփի` ընտրությանը հաջորդած նրա առանցքային որոշումներում:

Սա միակ թեման չէ, որ հայերիս համար հետեւությունները գործի մեջ կիրառելու առիթ էր վերջին օրերին: Հայաստանը, անհայտ չէ, շատ վտանգավոր խաչմերուկ է ամենահակասական շահերի բախման համար, իսկ մենք չենք սովորում մեր քնած գործելակերպը այս իրողությունից ելնելով վերակառուցելուն: Հենց թեկուզ վերջերս Գյումրիում տեղի ունեցածով դատենք: Գյումրիում ռուսական ռազմաբազա կա, դա կարող է շատերին դուր չգալ, ու Պերմյակովի ոճրի սթափեցնող սառը ցնցուղի արդյունքում Գյումրիի անցուդարձը հսկողության տակ պահելու մեր մոտեցումները պիտի որ փոխվեին, ուժայինների ավելի զգոն-հսկողական-համակարգված հայեցակարգ աշխատեցվեր: Բայց, պարզվում է, ոչ մի դաս էլ չենք քաղել` ով ասես, փաստորեն, առաջվա պես կարող է հայտնվել Գյումրիում, ընդհուպ` Ղուրանը ծոցում պահող արտերկրյա մուսուլման հայ, ռազմաբազայի ռուս զինծառայողի սպանել-սադրելով, ով գիտե` ինչ պատվեր կատարելով, խառնշտելու համար ռուսական բազայի շուրջ իրավիճակը կամ մի այլ նպատակով: Հերթական անգամ: Լավ, մերոնք ե՞րբ պիտի հետեւանքի հետեւից ընկնելու փոխարեն` մինչեւ կատարվելիքը կանխարգելեն սադրանքները: Երկու տարի առաջ յոթ մարդու սպանությունը ահազանգ չեղա՞վ, որ Գյումրիում ոստիկանական եւ անվտանգային հսկողությունն այլ հայեցակարգով աշխատի` կանխարգելի՛չ, մեր այս կառույցները մեկ առ մեկ իրազեկված լինեն, թե դրսից եկածներից ո՞վ ինչով է շնչում, ինչով զբաղվում ռազմական օբյեկտ ունեցող քաղաքում, որը փաստորեն տարբերվում է սովորական քաղացիական բնակավայրերից: Եւ առհասարակ` այնտեղ, ուր արտերկրյա բազա է` մենք լրիվ արտակարգ հայեցակարգով պետք է աշխատենք, անվտանգությունն այստեղ ամենաբարձր մակարդակի պետք է լինի: Չե՞ք նկատում` ի՞նչ է կատարվում այս տարածաշրջանի երկրներում, միթե կարելի է այդքան քնած լինել:

Հ.Գ. Ռուսաստանի դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի դեպ, երեկ ճշտում է մտցրել Մոսկվայի եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Նրա խոսքով, նախարարներին որոշակի փուլում կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցիչը, սա որպես լրացում եռակողմ հանդիպման վերաբերյալ մեր դիտարկմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.