AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5842, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵԽԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Նախագահ Զեմանը ցավակցեց չեխահայ համայնքին, թուրք դեսպանըՙ բողոքեց

Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը 104 կողմ, 3 ձեռնպահ եւ ոչ մի դեմ ձայներով ընդունեց մի բանաձեւ, որում առաջին անգամ նշվում է «Հայերի ցեղասպանություն» ձեւակերպումը: Բանաձեւում գրված է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակՙ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»: Բանաձեւն ընդունվել է Չեխիայի պետական տոների մասին օրինագծի հետ միասին:

Բանաձեւը ներկայացվել էր սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Չեխ-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից: Նախկինումՙ 2016-ի մայիսին եւ 2016-ի ապրիլի 4-ին խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւեր ներկայացվել էին, բայց չէին անցել ձայների անբավարար թվի պատճառով: Մինչ այդ, 2015 թվականի ապրիլի 14-ին, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունել էր Չեխիայի պատգամավորների պալատի արատաքին հարաբերությունների կոմիտեն:

Բանաձեւի ընդունումը Չեխիայում Հայաստանի դեսպանության եւ չեխահայ համայնքի «Ապրիլ 24» կոմիտեի համատեղ եւ արդյունավետ աշխատանքի արդյունքն է, որը կարելի է ասել սկսվել էր դեռեւս 2005 թվականից եւ նոր թափ հավաքել 2011-ին ՙ Չեխիայում Հայաստանի դեսպանության բացումից հետո: Անցած տարիների ընթացքում ոչ միայն անցկացվել են բազմաթիվ գիտաժողովներ, հանրային ձեռնարկներ, ցույցեր ու հանրահավաք-երթեր, այլեւ եթեր հեռարձակվել հեռուստատեսային ու ռադիոհաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, հրատարակվել բազմաթիվ հոդվածներ: Մասնավորապես վերահրատարակվեցին չեխերին քաջածանոթ Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը եւ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» չեխերեն առաջին գիրքըՙ նվիրված հայերի ցեղասպանությանը:

Չեխական հասարակության ու քաղաքական գործիչների վրա մեծ ազդեցություն ունեցավ նաեւ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի ազնիվ ու հաստատուն կեցվածքը, որ Չեխիայի խորհրդարանը նույնպես պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա տարբեր առիթներով հորդորեց Չեխիայի խորհրդարանականներին, այդ թվում Պատգամավորների պալատի թուրքամետ եւ ադրբեջանամետ նախագահ Համաչեկին, որ անպայման ընդունեն ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Պատմության մեջ առաջին անգամ, այս ապրիլի 24-ին նախագահ Զեմանը նաեւ ուղերձով դիմեց Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին եւ ի դեմս նրաՙ ցավակցեց ոչ միայն չեխահայերին, այլեւ ողջ հայ ժողովրդին:

«Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, եւ անցյալի ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1,5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, եւ պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Հետեւաբար թույլ տվեք, Հայր սուրբ, Հայաստանում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով իմ խորին ցավակցությունները հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին, այլեւ ամբողջ հայ ժողովրդին»,- ասվում է Չեխիայի նաքագահի ուղերձում:

Իհարկե, չնայած Չեխիայի քաղաքական գործիչների մեծ մասը կողմ էին ցեղասպանության ճանաչմանը, սակայն կա նաեւ թուրքամետ եւ ադրբեջանամետ գործիչների մի ստվար զանգված, որ պայքարել է Հայոց ցեղասպանության մասին նման բանաձեւի ընդունման դեմ: Նրանցից ոմանք համարում են, որ պատմական փաստերի մասին խորհրդարանը չպետք է որոշում ընդունի:

Արդեն իսկ մամուլում բանաձեւի դեմ է հանդես եկել Չեխիայում Թուրքիայի դեսպանը, համարելով , որ չեխ պատգամավորները գտնվում են հայկական քարոզչության ազդեցության տակ: Բանաձեւի ընդունումը ոչ տեղին է համարում նաեւ Չեխիայի արտգործնախարարությունը: «Լիդովե նովինի» թերթում հրապարակված հոդվածում մասնավորապես ասվում է, որ այլեւս կդժվարանան բանակցությունները Թուրքիայի հետ առնվազն երկու կարեւոր հարցերում: Նախ Չեխիան մինչ օրս չի կարողանում Թուրքիայից հետ ստանալ Յունուս Էմրե էլեկտրակայանում ներդրած չեխական բանկի 11 միլիարդ կրոնը, ինչպես նաեւ չեն կարողանում բանտից ազատել Թուրքիայում ձերբակալված երկու չեխերին, որոնք կասկածվում են քրդամետ ուժերի հետ համագործակցության մեջ:

Փորձը ցույց է տվել, որ Թուրքիան ինչպես միշտ հանդես կգա կոշտ հայտարարություններով, իսկ հետագայում ամեն ինչ կընկնի հունի մեջ, քանի որ Թուրքիան եւ Չեխիան կապված են առեւտրանտեսական կապերով: Այդ մասին արդեն իրենց կարծիքն են հայտնել նաեւ պատգամավոր, նախկին արտգործնախարար Կարել Շվարցնբերգը , ասելով, թե Թուրքիայի նախագահը բնականաբար աղմուկ-աղաղակ կբարձրացնի, իսկ պատգամավոր եւ մարդու իրավունքների հարցերով նախարար Յան Խվոյկան համարում է, որ չեխ պատգամավորները անկախ են, Չեխիան ինքնիշխան պետություն է, եւ բանաձեւն ընդունվել է ժողովրդավարական ճանապարհով:

Արդեն իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անընդունելի է համարում ոչ միայն բանաձեւի ընդունումը, այլեւ նախագահ Զեմանի հայ համայնքին ուղղված ցավակցությունը:

Կարեւոր է նաեւ այն, որ Չեխիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը Սենատի կամ երկրի նախագահի կողմից հաստատման կարիք չունի:

Դեռ այս ապրիլի 24-ին, Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցում ելույթ ունենալով չեխահայ համայնքի կազմակերպած ձեռնարկին, սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Ռոբին Բյոհնիշը , մերկացնելով Թուրքիայի ներկա քաղաքականությունը, կոչ արեց նրան առերեսվել սեփական պատմությանը: «Չենք կարող եւ չենք ցանկանում մոռանալ, դրա համար հիշում ենք եւ պահանջում ենք»,- ասաց չեխ պատգամավորը եւ շեշտեց, որ «եթե Թուրքիան չգիտակցի, որ ամեն ինչ ուժի եւ դրամի մեջ չէ, նա իր տեղը չի կարող գտնել եվրոպական ժողովուրդների ընտանիքում: Հակառակ դրան, հայ ժողովուրդը վաղուց գրավել է բազմաթիվ եվրոպացիների սրտերը, եւ դեռ կշարունակի բացել նոր սրտեր»:

Այսպիսով, ըստ վերջին հաշվարկների, ուր նկատի է առնվում նաեւ ԱՄՆ կոնգրեսի 1984 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը, Չեխիան 28-րդ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.