AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5610, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱԴՐԲԵՋԱՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարճատեւՙ երկամսյա դադարից հետո

Եթե այս տարվա հունվար ամսին Ադրբեջանում արձանագրվել էր 0,8 տոկոս աճ, հունվար-փետրվարին ավելի ցածրՙ 0,4 տոկոս տնտեսական աճ, ապա հունվար-մարտին Ադրբեջանի տնտեսությունը կրկին բռնեց անկման ճանապարհը: Այդ երկրի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, Ադրբեջանում տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 0,9 տոկոս անկում: Այսինքն, միայն մարտ ամսին անհամեմատ ավելի կտրուկ անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է մարտի 8-ից սկսված նաթվի գների որոշակի նվազմամբ: Նորություն չէ, որ ադրբեջանական տնտեսությունը մեծ կախում ունի նավթային հատվածից, եւ նավթի գների նվազումը անմիջական ազդեցությունն է ունենում այդ երկրի տնտեսության վրա:

Նավթի գների անկում, նավթարդյունահանման ծավալների նվազում եւ մանաթի արժեզրկում

2017-ի առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական անկումը հետաքրքրական է երկու առումներով: Առաջինՙ այն գրանցվում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ավելի մեծՙ 3,5 տոկոս անկման ֆոնին: Դա նշանակում է, որ Ադրբեջանի տնտեսական անկումը դեռ չի հասել «հատակին», որ այն դեռ խորանալու տեղ ունի: Երկրորդՙ անկումը գրանցվել է չնայած նավթի գների որոշ աճինՙ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե անցած տարվա առաջին երեք ամիսներին նավթի (Brent տեսակի) գինը եղել է 30-40 դոլարի միջակայքում, ապա այս տարվա առաջին եռամսյակումՙ ավելի բարձրՙ 50-55 դոլարի միջակայքում: Հետեւաբար, տնտեսական անկումը կապված է ոչ միայն նավթի գների անկման, այլեւ Ադրբեջանում դրա արդյունահանման ծավալների նվազման հետ:

Ադրբեջանական վիճակագրության կցկտուր տեղեկատվությունից պարզ է դառնում, որ տնտեսության հիմնականՙ նավթային հատվածում 2017-ի հունվար-մարտին անկումը կազմել է 6,8 տոկոս: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, այդ երկրում նավթի արդյուհանման ծավալները նվազել են օրական 35 հազար բարելով կամ 4,2 տոկոսով: Դա պայմանավորված է Նավթ արդյունահանող երկրների (OPEC) միջեւ ձեռք բերված համաձայնությամբՙ նվազեցնել նավթի արդյունահանման ծավալներըՙ դրա գների հետագա անկումը կասեցնելու եւ որոշ չափով բարձրացնելու համար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա առաջին կիսամյակի համար եւ դեռեւս հայտնի չէ, թե այդ երկրները կշարունակե՞ն պահպանել այն, թե՞ ոչ: Ադրբեջանը հայտարարել է, որ նույնպես միանում է այդ պայմանավորվածությանը, նավթի արդյունահանման ծավալների նվազումը պայմանավորելով դրանով: Սակայն, իրական պատճառն այլ է: 2011-ից հետո, այդ երկրի նավթի պաշարները, հետեւաբար եւ արդյունահանման ծավալները տարեց տարի նվազում են եւ անկախ OPEC-ի երկրների պայմանավորվածությունից, Ադրբեջանում նավթի արդյունահանումը առաջիկա տարիներին շարունակելու է նվազել:

Հաջորդ գործոնը, որը հարվածում է Ադրբեջանի տնտեսությանըՙ ազգային արժույթիՙմանաթի արժեզրկումն է, ինչը սերտորեն փոխկապակցված է նույն նավթային գործոնի հետ: Նավթի գների անկմանը զուգահեռ, ադրբեջանական մանաթը վերջին 3 տարիներին արժեզրկվել է մոտ 2,5 անգամՙ 1 դոլարի դիմաց 0,7 ադրբեջանական մանաթի դիմաց հասնելով 1 դոլարի դիմաց 1,7 մանաթի: Համապատասխանաբար էլ փոխվել են տնտեսական ցուցանիշները դոլարային արտահայտությամբ: 2013-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն 73 մլրդ դոլար էր, 2016-ինՙ 34 մլրդ դոլար, պետական բյուջեի եկամուտները 2013-ին մոտ 24,5 մլրդ դոլար էին, 2016-ինՙ մոտ 9,5 մլրդ դոլար: Երկու դեպքերում էլՙ 2-2,5 անգամ նվազում:

Ադրբեջանի համար անանկնալ եղավ 2014-ի վերջին ամիսներից սկսված նավթի միջազգային գների կտրուկ անկումը: Այդ երկրի ղեկավարությունը դա չէր կանխատեսել: 2003-ին, երբ ամերիկյան ներխուժումը Իրաք կտրուկ բարձրացրեց նավթի միջազգային գները, Ադրբեջանը կրկնակի շահեց: Բարձր տեմպերով ավելանում էին նավթարդյունահանման ծավալները մի կողմից, բարձրանում էին նավթի միջազգային գները մյուս կողմից: Սակայն, նավթային դարաշրջանի հետհաշվարկն է ընթանում այժմ: Նավթի բարձր գներ առաջիկա տարիների համար չեն կանխատեսվում, քանի որ միջազգային շուկայում նավթի առաջարկը գերազանցում է պահանջարկին, ինչին զուգահեռ նվազում են Ադրբեջանի նավթի պաշարներն ու դրա արդյունահաման ծավալները: Այսինքն, առաջիկա տարիներին Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի լուրջ սպառնալիքների առջեւ է կանգնելու: Ի՞նչ է անում կամ ցանկանում անել այդ երկրի ղեկավարությունը նման զարգացում թույլ չտալու համար:

Կհասնի՞ ադրբեջանական գազը Եվրոպա

Նավթային «ոսկե դարի» շնորհիվ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը դեռեւս մոտ 33 մլրդ դոլար կուտակած գումար ունի, որը կարող է կիրառել զանազան տնտեսական ծրագրեր խթանելու կամ իրականացնելու համար: Սակայն, առավել հավանական է, որ այդ ֆոնդն առաջիկա տարիներին իր միջոցներն ուղղի պետական բյուջեի համալրմանը եւ առաջնահերթ ծախսերի իրականացմանը: Անհայտ է, թե որքա՞ն կբավականացնի այդ գումարը եւ ի՞նչ կլինի դրանից հետո: Ներկա պահին Ադրբեջանի ղեկավարության ամենամեծ հույսը դեպի Արեւմտյան Եվրոպա «Հարավային գազային միջանցք» կոչվող գազատարի կառուցումն ու «Շահ Դենիզ» կոչվող հանքավայրից գազի արտահանումն է: Սակայն այս նախագծի իրականացումը մեծ բարդությունների հետ է կապված:

Գազատարի կառուցման համար ահռելի ներդրումներ են անհրաժեշտՙ մոտ 45 մլրդ դոլար: Նման միջոցներ Ադրբեջանը չունի եւ փորձում է ներդրողներ ներգրավել: Դեռեւս հայտնի չէ, կգտնվեն ներդրողներ, թե՞ ոչ, նկատի ունենալով Ադրբեջանի գազի սահմանափակ պաշարները, հետեւաբար եւ նախագծի անորոշ շահութաբերությունը, ինչպես նաեւ ղարաբաղյան շարունակվող հակամարտությունըՙ ենթադրվող գազատարի անմիջական հարեւանությամբ:

Այդուհանդերձ, եթե ներդրողներ հաջողվի գտնել եւ ըստ Ադրբեջանի նախատեսածիՙ եկող տարվանից սկսվի եւ մինչեւ 2020 թվականը ավարտվի գազատարի կառուցումը, գազի արտահանման առաջին տարիներին ողջ հասույթը վերցնելու են ներդրողները: Լավագույն դեպքում, միայն 2023-2024 թվականներից Ադրբեջանը կսկսի գումարներ ստանալ: Դա տնտեսական աշխուժություն կստեղծի այդ երկրում, բայց հեռու կլինի 2000-կանների նավթային «բում»-ի բերած եկամուտներից:

Հաջորդըՙ գազատարի կառուցումը հակասում է Եվրոպային գազ մատակարարող հիմնական երկրիՙ Ռուսաստանի շահերին եւ վերջինս անպայման քայլեր կձեռնարկի դա թույլ չտալու համար: Այնուհետեւ, դժվար է կանխատեսել, թե ի՞նչ տեղի կունենա Ադրբեջանի ներսում առաջիկա դժվարին տարիներինՙ ներքաղաքական լարումներ, ազգամիջյան հակասություններ, սոցիալական վատթարացում եւ այլն: Հնարավոր չէ նաեւ որոշակիորեն ասել, թե ե՞րբ կսկսվի եւ ե՞րբ կավարտվի այդ գազատարի շինարարությունըՙ հաշվի առնելով տեխնիկատնտեսական, բնապահպանական հարցերը:

Այսինքն, ադրբեջանական տնտեսական վիճակի բարելավման մասին, իրերի այս վիճակում, խոսք լինել չի կարող: Միայն մի դեպքում դա կարող է տեղի ունենալՙ եթե պատերազմ սկսվի աշխարհի, հատկապես նավթաշատ որեւէ տարածաշրջանում, որին նավթի գները կարձագանքեն թռիչքով: Ամեն դեպքում, մենք պետք է մշտապես պատրաստ լինենք պատասխանելու այդ երկրի յուրաքանչյուր արկածախնդրությանը, որին կարող է գնալ նրա ղեկավարությունըՙ անկախ տնտեսական իրավիճակից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.