AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



ՀԱՅՐԵՆԻՔ

Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3909, Տպվել է` 414, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հերթական անգամ զանգահարեց ՀՀ Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը եւ առաջարկեց կրկին այցելել Արցախ, հանդիպել մարտիկներին եւ դասախոսություն կարդալ որեւէ թեմայով: Անկեղծ ասած, վաթսունի շեմն անցածիս համար այնքան էլ հեշտ ու հաճելի չէ տրորվել եւ գալարվել Սարավան-Բերձոր եւ այլ մեծ ու փոքր ոլորաններով այնքան հարուստ Երեւան-Ստեփանակերտ-Երեւան 700 կիլոմետրանոց ճանապարհին: Սակայն այն միտքը, թե անհրաժեշտ գործ ես կատարում եւ որ գոնե այս դեպքում մտավոր արժեքներն իսկապես գնահատվում են, տանելի են դարձնում թե ոլորանները, թե այլ մանր ու մեծ դժվարություններ: Սիրով ու պատրաստակամությամբ համաձայնեցի:

Այս անգամ կազմակերպիչները հաճելի անակնկալ էին պատրաստել: Նախՙ Երեւանից մեկնեցինք Սեւան-Մարտունի-Վարդենիս-Ստեփանակերտ անհամեմատ բարվոք ճանապարհով, որտեղ ոլորաններն էլ քիչ են: Հետո էլ հենց ճանապարհին մեզ մատուցվեց հոգեւոր եւ նյութեղեն այնպիսի սնունդ, որ այս այցելությունն էապես տարբերվեց մյուսներից: Խոսքը նախ եւ առաջ հայտնի Դադիվանք այցելությանն էր վերաբերում:

Կան վայրեր, որոնք գրավիչ եւ հետաքրքրական լինելուց բացի, առանձնահատուկ ազդեցություն ունեն, ե՛ւ գրավում են, ե՛ւ վախեցնում, ո՛չ լինում է գնալ, ո՛չ էլ այնտեղ երկար մնալ: Դադիվանքը հենց այդպիսին է: Այն Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին` ԱՀ (նախկին ԼՂՀ) Մարտակերտի եւ Քարվաճառ շրջանների սահմանագլխինՙ լեռան անտառապատ լանջին: Ըստ ավանդությանՙ հիմնադրվել է I դ.ՙ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում: «Դադին մեկն էր այն 70 մարդկանցից, ովքեր սուրբ Թադեւոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հյուսիսային շրջաններ: Աբգարի ձեռքով սպանվելուց հետո նրան թաղեցին Փոքր Սյունիքում, որտեղ էլ հետագայում վանք կառուցեցին ու անունը նրա պատվին Դադի դրեցին»: Այսպես է գրում միջնադարյան պատմիչ Միքայել Ասորին: Դադին մահացել է 1-ին դարի երկրորդ կեսին, ճիշտ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը նոր էր սկսում տարածվել: Վանական համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, իսկ 5-րդ դարում՛ դարձել եպիսկոպոսի նստավայր: Հետագայում այն վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավումՙ աշխարհիկ շենքերը:

Ավանդույթի համաձայնՙ քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից: Ստացվել է քարից նուրբ գործվածք, որն ի տարբերություն սովորական խաչքարերի, չի կտրվում: Իշխանուհին Դադիվանքին միայն ժանյակներ ու խաչքարեր չի տվել: Ահա թե ինչ է գրված ճարտարապետական համալիրի կենտրոնիՙ Արզու Խաթուն տաճարի պատին (1214թ.), «Ամենակարող հայր Աստծո ու նրա Միածին որդուՙ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ու Սուրբ հոգու ընծայի շնորհիվ, եսՙ Քրիստոսի խոնարհ ծառա Արզու Խաթունս, մեծն իշխանաց իշխան Քուրդի դուստրն ու Հաթերքի տիրակալի ու ամբողջ Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այսՙ ամուսնուս ու որդիներիս գերեզմանին»:

Համալիրի գլխավորՙ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1234 կամ 1244 թ.: Նրա ներսում պահպանվել են XIII դ. որմնանկարներ: Կաթողիկեի արեւմտյան կողմում սյունասրահն էՙ կից զանգակատնով, որի ստորին հարկում կանգնեցված են 1283 թ. նրբագեղ խաչքարեր: Կաթողիկեի հյուսիսարեւմտյան կողմում Ս. Դադի եկեղեցին է (X-XI դդ.)ՙ կից քառամույթ գմբեթավոր ժամատնով (1224 թ.), իսկ հարավային կողմումՙ աղյուսակերտ թմբուկով գմբեթավոր եկեղեցին (XIII դ.):

Դադիվանքը հայ եկեղեցական ճարտարապետության Արցախի դպրոցի ամենախոշոր եւ լավագույն համալիրներից է: Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին: Համալիրի հյուսիսային մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին եւ նրան արեւմուտքից կից գավիթը (XIIIդ.): Հարավում առանձին կանգնած է փոքր գմբեթավոր եկեղեցին: Համալիրի հարավային մասում վանքի օժանդակ կառույցների խումբն է` չորս սյուներով ժամատուն (1224թ.), նրան կից խոհանոցով սեղանատուն, հյուրատուն, գրատուն եւ սենյակներ: Հարավ-արեւմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը: Համալիրի կազմում կան նաեւ մատուռներ եւ խաչքարեր: Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով:

Դադիվանքում պահպանվել են նաեւ երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաեւ արձանագրություններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դեպքերի մասին:

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը եւ քրիստոնեություն էր քարոզում Արցախում:

Վանքում 13-րդ դարն առաջին դարից մի քանի քայլով է բաժանված: Հատակարանի ծածկը, որի տակ Դադիի գերեզմանն է, քանդվել է, պատերն էլ ավելի շատ ցանկապատի են նման: Մեջտեղումՙ նոր ու նախանձելիորեն ուղիղ շարված քարերի վրա, վեր է խոյանում տապանաքարը. պարզ, կոպիտ տաշված քարի սալՙ փորագրված խաչերով. դա նույնպես խաչքար է: Քարից ժանյակներ հյուսելու համար 13 դար պահանջվեց... Գրիգոր եպիսկոպոսի գավիթ-մատուռը ինչպես խոնավ էր կառուցման պահին 13-րդ դարում, այդպես էլ մնացել է:

XII դարում միառժամանակ Մխիթար Գոշն էլ է այստեղ բնակվել եւ աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում: Ընդհանրապես, 13-րդ դարը եղավ վանքի համար ծաղկուն ժամանակաշրջանը. Դադիվանքն ուներ այգիներ, արոտավայրեր, գյուղեր, գործում էին հյուրատներ, արհեստանոցներ ու գրապահոցներ: Ասում են, քանիցս հայտնաբերել են պատերի մեջ դրված կժերում եպիսկոպոսների թաքցրած ոսկիները: Այստեղ, ըստ երեւույթին, մարդիկ միայն հավատքի համար չէ, որ զոհվել են...

Փոքր բլրով դատարկ վանական խցերի կողքով իջա ներքեւ եւ հայտնվեցի մի մութ փոսի մեջ: Րոպեներ անց աչքերս ընտելացան մթին, տեսա, որ առջեւում պատ է, վրանՙ փոքր քարեր: Դրանցից յուրաքանչյուրն արտահայտում է ինչ-որ մեկի մտքում պահված ցանկություն: Պատի խորհուրդը հետեւյալն էՙ ցանկություն ես պահում ու քարն ամուր սեղմում պատին, եթե կպավՙ կկատարվի: Ի զարմանս ինձ, քարերը կպչում էին...

Վանքի կողքի կառույցը կուտակված հողաշերտից մաքրող տարեց բանվորը պատմեց, որ ժամանակին այստեղ պանիր ու կարագ են պատրաստել: Վերեւի բարձունքներում արածող կովերին տեղում կթում էին ու խողովակով լեռնային արոտավայրերից կաթը հասցնում այնտեղ: Ժողովուրդը Դադիվանքը արտաբերել է իբրեւ Դատիվանք: Այս կերպ վանքի անունն այլ նշանակություն է ստանում, բայց նշենք, որ Դատիվանքն աստծո դատի հետ կապ չունի:

Մեզ սիրով ու վարակիչ ժպիտով դիմավորեց վանքի բարձրահասակ ու թիկնեղ վանահայրը: Հոգեւորականի համար ոչ սովորական ազատ ու անկաշկանդ կեցվածքով ողջունեց եւ պատրաստակամությամբ եւ թաքուն հպարտությամբ ներկայացրեց կատարված աշխատանքներն ու մոտակա անելիքները: Ազդեցիկ էր այդ ամենը եւ ոչ պակաս` վանքից վերեւ, ժայռի ծայրին թառած փոքրիկ մատուռը, որի նորոգման համար մարդիկ շալակով ավազ ու ցեմենտ են բարձրացրել օրեր շարունակ:

Ուղեւորությունն ավելի տպավորիչ եղավ նաեւ պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանի ղեկավարությամբ եւ ջանքերով գետի եզերքին, Կուսանաց անապատում պատրաստված շատ համեղ խորովածի շնորհիվ:

Հաջորդ առավոտյան զույգերով մեկնեցինք զորամասեր: Ցորում եղել էի երեք տարի առաջ: Շատ բան էր փոխվել, ավելի բարեկարգ էր դարձել զորամասը, իսկ ամենագրավիչն այն էր, որ առավոտյան շարահանդեսի համար զինվորները հրապարակ մտան «քոչարու» բարձր երաժշտության ուղեկցությամբ պարելով, որը, կարծում եմ, ուսանելի շատ բան ունի իր մեջ` օրը սկսել պարելով եւ ուրախ...

Լսարանը բավականին մեծ էր ու մարդաշատ: «Հայ ֆիդայական պայքարը եւ Հայկական հարցը» թեմայով զեկուցումս հաջող անցավ: Հաջորդը Ա. Ղամբարյանի Ռուբեն Սեւակ բանաստեղծ-նահատակին նվիրված մանրակրկիտ ու սրտացավորեն պատրաստված զեկուցումն էր, որն ուղեկցվում էր ցուցադրումներով: Ամենահետաքրքրականն ու հաճելին մեր երեխա-տղամարդ-զինվորների հայացքներն էին. նրանցում հետաքրքրություն կար, հավատ եւ հերոսներին նմանվելու վճռականություն: Հենց այստեղ, այդ նվիրական լսարանի առաջ, միանգամից տեղի է տալիս ամեն մի հոգնություն, այդ օրերն ավելի են իմաստավորվում, հասկանում ես, որ գիտելիքն էլ արժեք ունի եւ գնահատվում է:

Երեւան-Ստեփանակերտ-Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.