AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2970, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«TIMES SQUARE»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՆԻՇԸ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ավանդաբար միայն հայ համայնքին արտոնվածՙ «Times Square»-ում, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը կայացավ կիրակի, ապրիլի 23-ին: Այս տարի սգո հավաքի մասնակիցների թիվը սպասվածից շատ ավելին էր, ուստի կազմակերպիչների խնդրանքով ոստիկանությունն ընդարձակեց ժողովրդի համար նախատեսված տարածքը: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ անկախ եղելության վաղեմությունից եւ դրա նկատմամբ ԱՄՆ գործող վարչակազմի վերաբերմունքից, ամերիկահայ սերունդները եկել եւ գալու են «Times Square», տարին մեկ անգամ ոգեկոչելու 1.5 միլիոն անշիրիմ հայ նահատակների հիշատակը:

Առաջին շարքերը, որոնք սովորաբար հատկացվում էին Նյու Յորքի «Հայկական տանն» ապրող ցեղասպանության առաջին սերնդի վերապրածներին, այսօր նրանցով զբաղեցված չեն այլեւս: Փոխարենըՙ «Իմ պապը փրկվել է կոտորածներից» ցուցանակը պարզած սերունդն էր լրացրել բացակա մեծերի շարքերը:

Հայտարարվեց լռության րոպե Հայոց ցեղասպանության նահատակների, Արցախի պաշտպանության մարտերում ընկած հայ զինվորների եւ Արտակ Ռաֆայելյանի հիշատակին: Հավաքը վարող, պատմական գիտությունների դոկտորՙ Ռաքել Կօշկակարեանն ու Արմեն ՄըքՕմբերը ներկայացրեցին միջոցառման ընթացակարգը եւ ժամանած հյուրերին: Հարթակին կրկին ծանոթ դեմքեր ենՙ Ֆրենք Փալոուն, Քերոլայն Մըլոնին, Չաք Շումերը, հայ հայտնի փաստաբանՙ Մարկ Կիրակոսը, Հայ դատի, ԱՄՆ հայկական համագումարի ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր: Երախտապարտ լինելով մեր հիշատակի հավաքն ամեն տարի իրենց ներկայությամբ պատվող ԱՄՆ կոնգրեսականներին եւ սենատորներին, այդուհանդերձ պետք է ասել, որ տարեց տարի նրանց արտաբերած նույն տեքստն արդեն անգիր են արել շատերը: Փոքր բացառություն էր այս անգամ կոնգրեսական Մըլոնին, ով զարմացրեց հայ օլիմպիական չեմպիոնների հաջողությունների մասին իր իրազեկությամբ, որի ելույթի ընթացքում միջոցառման կազմակերպիչները մեդալներ հանձնեցին Երեւանից ժամանած չեմպիոններՙ Միհրան Հարությունյանին եւ Ալբերտ Ղազարյանին:

Հիշատակի միջոցառման «new wow»-ն երկու դեռահասների «1915»-ին նվիրված ռեփի կատարումն էր, ինչը ոչ պատշաճ թվաց Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի, Հայ ավետարանական ընկերակցության, Ամերիկայի Հայ կաթողիկե թեմի հոգեւոր այրերի դիմաց: Ելույթների ընթացքում գրեթե չհնչեց նախագահ Թրամփի անունը: Հուզական խոսքի ու պաթոսի մեջ ականջս լարել էի, որպեսզի բաց չթողնեմ գործնական, իրավական տիրույթում արվող քայլերի մասին որեւէ տեղեկություն: Միակ հույսս Կալիֆոռնիայից ժամանած Մարկ Կիրակոսն էր, ով զերծ մնաց իրավական ոլորտին առնչվող փաստեր հրապարակելուց: Ետնաբեմում փորձեցի տեղեկանալ նրանից Թուրքիայի դեմ իր մասնակցությամբ մի քանի դատավարությունների ընթացքի, Համբիկ Սասունյանի նկատմամբ «Պարոլի» ընձեռած հեռանկարի մասին: Ասաց. «Տուր ինձ երեսուն օր ժամանակ»: Գիտեմ, որ այս հարցերի պատասխանները մեծ աղերս ունեն Կոնգրեսում առաջադրվող H.Res. 220 բանաձեւի հաջողությունից, որպեսզի ամերիկյան դատարանը դուրս գա քաղաքական զսպաշապկից եւ արդար վճիռ կայացնի:

16 տարի լուսաբանելով «Times Square»-ում տեղի ունեցող հիշատակի արարողությունները, համոզված կարող եմ ասել, որ շնորհակալ առաքելության ուխտի հետեւորդ, այս միջոցառման գլխավոր հովանավորՙ «Վարդանանց Ասպետների» ամենամյա ձեռնարկները վաթսունականների մոդելով, ոճով եւ բովանդակությամբ, այլեւս սպառել են իրենց: Սգո արարողությունն ամենեւին չի նշանակում, որ պետք է պահպանել կեսդարյա վաղեմության կարծրատիպերը: Վաղուց ստեղծագործ միտք, արհեստավարժ մոտեցում, պահանջատիրական բնույթի պաստառներ եւ համարձակ ոճ է անհրաժեշտ:

Կազմակերպական առումով այս տարի թերեւս վատագույնն էր: Ամերիկյան բարեհամբույր, հարգալից (a մինչեւ z), ամեն մանրուք հաշվարկած կարգն ու վարքը հայ կազմակերպիչների սպասարկած տարածքում կարծես անհետանում է: Նկարահանող խմբերը կրկին կանգնած էին հանդիսատեսի առջեւ, փակելով նրա տեսադաշտը կատարվածից, այնինչՙ մետրերի վրա տեղադրված էին մեդիայի համար նախատեսված բարձրադիր հարթակներ, որոնց վրայով երեխաներն էին վազվզում: Կարգ պահպանող Գարեգինը ցուցանակ պահողներին աջ ու ձախ նկատողություն էր անում իր ուզած ռակուրսի տակ դրանք չթեքելու համար: Մեդիայի համար նախատեսված սեղանից անհրաժեշտ թղթապանակը վերցնելիս, ոչ մեկի հոգը չէր, թեՙ ո՞վ ենք, ի՞նչ կազմակերպություն ենք ներկայացնում: Եվ, ամենակարեւորըՙ տասը հազարից ավել բազմություն պարունակող տարածքում հնարավոր էր ցանկացած բնույթի ահաբեկչական գործողություններ, քանզիՙ ոստիկանությունը մարդկանց չէր ստուգում:

«Times Square»-ի հիշատակի արարողությունների նկատմամբ ստուգանշային (գալչկա) այս վերաբերմունքը վաղուց փոխել է պետք: Հայերին ամեն տարի այս հրապարակ բերող նվիրական մղումը չպետք է շահագործել, հրամցնելով նրանց միօրինակ ծրագիր, հարյուր անգամ տեսածն ու լսածը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.