AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-05 00:11:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 5782, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՏՐԻԳՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՄՈՏԻԿ ԱՊԱԳԱՅԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կարծում էիք` ռեյթինգային կարգի պատճառած ողջ ամոթն ընտրություններով ավարտվե՞ց: Ինչ եղավ` անցա՞վ, ու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները «լավագույն ընտրություններ» անվանելով` ամեն ինչ մոռացվե՞ց: Այդպես համարողները հազիվ թե ըմբռնեին, որ ընտրական ինստիտուտի այս կարգի գռեհկացումը չէր կարող նմանատիպ այլ փոխակերպումներ չունենալ հետագայում էլ, եւ դեռ ունենալու է: Ռեյթինգային կարգի կիրառմամբ համամասնական ընտրությունների գաղափարը արժեզրկելը երեւի քիչ համարվեց, պետք էր դեռ ընտրությունների բուն էությունը խեղաթյուրել, դա էլ վերջին սկանդալով արվեց: Քանի որ` ինչ արդյունք որ գրանցվել էր այդ «լավագույն» ընտրություններում, ու անկախ այն բանից, թե ինչ ռեսուրսերի գործադրմամբ դա տեղի ունեցավ, դեռ պետք էր դա էլ գետնաքարշ անել` մի քանի անձանցով ու անկախ ընտրողի քվեից որոշելով, թե ո՞վ կգնա խորհրդարան, ով` ոչ:

Սա տրագիկոմեդիա է, քաջություն ունենանք` խոստովանենք վերջապես: Մի կողմից կարելի էր մատների արանքով նայել այդպիսի գործընթացի հակաօրինականությանը, մտածելով, որ նայելով ռեյթինգայինների հավաքական արդյունքին` որոշողները սարսափել են, թե էս որքան անվանարկված մարդկանց են տանում խորհրդարան, ու որոշել են սրբագրել այդ արդյունքները:

Այդպես, փաստորեն, խորհրդարան անցնող երկու հիմնական ուժերում` ՀՀԿ-ում եւ «Ծառուկյան» դաշինքում մեկ ամիս սրբագրում էին, տալիս-առնում` ով գնա, ով չգնա խորհրդարան, ընտրողի քվեի հերն էլ անիծած: Բայց վերջին օրերին տեղի ունեցածը, երբ «Ծառուկյան» դաշինքի մեկ տասնյակից ավելի թեկնածուները դիմումներ գրեցին , որ չեն հրաժարվում իրենց մանդատներից, թեեւ իրենց անունից ինքնաբացարկի դիմումներ կային ԿԸՀ-ում, մեկ անգամ եւս մերկացրեց մերկին` որ ընտրություններն ու ընտրողի կամքը Հայաստանում զրո են, ու մեկ, լավագույն դեպքում մի քանի մարդ է որոշում` ո՞վ գնա խորհրդարան ( ի դեպ, նույնը տեղի է ունենում ՀՀԿ-ի ներսում, ուր նույնպես կան այնպիսի ինքնաբացարկներ, որոնք մտորելու տեղիք են տալիս):

Լավ, գոնե ֆորման, ֆասադը պահեիք ու լրիվ չանվանարկեիք ընտրությունների իմաստը. ժողովրդի վզին որ փաթաթում էիք ռեյթինգային կարգը, նրան ներքաշելով զանգվածային նյութաիրային հարաբերությունների մեջ, բա էլ ինչու էիք փորձում շրջանցել նաեւ ձեր մտցրած ռեյթինգայինի արձանագրած արդյունքը, հետն էլ` ընտրական ինստիտուտը, ընտրողին հիմարացնելով եւ հարմար մարդկանց փորձելով տանել խորհրդարան: Մի կողմից հասկանում ենք, որ հասկանում եք, թե խորհրդարան դրանց չի կարելի տանել` այդ է պատճառը, մյուս կողմից էլ չենք հասկանում ընտրական քվեի արժեքը վերջնականապես ոչնչացնելու մեր որոշողների մոլուցքը:

Ինչ կարող է լինել այս բոլորի տակ

«Ծառուկյան» դաշինքի 12 անդամներն այն 23-ից, որոնց անունից ինքնաբացարկի` մանդատից հարաժարվելու դիմումներ էին ներկայացվել ԿԸՀ, երկրորդ անգամ դիմում գրեցին ԿԸՀ, որ չեն հրաժարվում պատգամավորական մանդատից, այսպիսով կասկածի տակ դնելով իրենց անունից ինքնաբացարկի առաջին դիմումի օրինական ծագման հարցը, եւ վեր հանելով այն տգեղ սովորույթը, որ Հայաստանի քաղաքական ուժերում եղել է ու կա` ցուցակներում ընդգրկելուց առաջ պատգամավորության թեկնածուի հավակնություն ունեցողից նախապես, առանց ամսաթվի, ինքնաբացարկի դիմում են վերցնում եւ հարկ եղած դեպքում նրա կամքին դեմ էլ անգամ օգտագործում: Բացի այդ` նաեւ անհայտ մնաց, թե այն ութը, որին մանդատ տրվեց, ո՞ւմ կազմակերպմամբ կամ դրդմամբ էին գեներացվել ( Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան):

Դավադրություններ փնտրողներն ամեն ինչ տեսան դրա տակ. էլ որ` Ծառուկյանի դեմ է այս բալորը, նրան հերթական ապտակն է հասցվել, կամ որ` հենց Ծառուկյանն է կազմակերպել` վերեւների գիտությամբ, հետագայում խորհրդարանում այլ գործընթացներով այս բոլորը շարունակվելու է: Կամ` իբր Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են այդ 8-ը, անգամ հասան մինչեւ Ռոբերտ Քոչարյան, նույնիսկ` անձնապես Սերժ Սարգսյան, Հայաստանի նախագահի պարագայում ենթադրելով, թե նրան հարկավոր է սեփական պատգամավորական կորպուս մեկ տարի հետո սկսվելիք գործընթացների համար եւ այլն: Այսպիսի մոտ 10 տեսություն մենք հաշվեցինք մամուլում: Դրանք բոլորն էլ գոյության իրավունք միգուցե ունեն, քանի որ մեր քաղաքական համակարգը, որպես այդպիսին, անձերի, նրանց ապագա գործունեության ու նկրտումների, նրանց ունեցվածքի պահպանման կամ ընդլայնման կցորդն ու գործիքն է, ու այդ տեսություններից յուրաքանչյուրը տեղավորվում է այդպիսի քաղաքական դաշտի տրամաբանության մեջ:

Մեր կողմից ավելացնենք, որ անցած աշնանը փոփոխված Ազգային ժողովի կանոնակարգով` խմբակցության մանդատով խորհրդարան անցած պատգամավորն ինչ- որ պահի, այո, կարող է դուրս գալ խմբակցությունից, անգամ` նրան խմբակցությունը կարող է հեռացնել իր կազմից, սակայն այնպիսի դրույթ, որով ասենք մեկ տասնյակ պատգամավորներ կարող են նոր խմբակցություն ձեւավորել, մենք չգտանք (սա` այս կամ անձի` իր սեփական խմբակցությունը ձեւավորելու դավադրության առումով, չնայած ոչ ֆորմալ` պատգամավորներն իրար մեջ կարող են պայմանավորվել քայլերը համակարգելու առումով): Իսկ որ Ծառուկյանի կամքին հակադրվելով մանդատ ստացածները, փաստորեն, այո, հակասության մեջ են լինելու «Ծառուկյան» դաշինքի ապագա խմբակցության հետ` դա հաստատ, անգամ նրանք կարող են քվեարկել այդ խմբակցության որոշումներին դեմ, ներկայացված չլինելով, սակայն, հանձնաժողովներում:

Համաձայնեք, որ ակնհայտորեն «Ծառուկյան» դաշինքը խորհրդարան է մտնում արդեն թուլացած եւ ութ ականով, որոնք հակադրվելով Ծառուկյանի որոշմանը` հազիվ թե այլեւս յուրային համարվեն: «Քաղաքական թիմում, ինչպես սպորտում, մարզիչն է որոշումՙ որ խաղացողին եւ որտեղ, ինչ դիրքում է ավելի ճիշտ նրա արդյունավետությունն օգտագործել»` շարմազանովյան այս ճշմարտությունը, որը, սակայն, հակասության մեջ է ընտրաքվե հասկացության բովանդակության հետ, տվյալ դեպքում ճակատագրի հեգնանքով վերաբերում է մարզիկ Ծառուկյանին, որն ըստ այդ «պանյատկաների», տվյալ դեպքում էնքան էլ լավ մարզիչ դուրս չեկավ փաստորեն:

Նաեւ նկատի ունենանք, որ եթե անգամ, կարելի է ասել` հերթական անգամ, Ծառուկյանի եւ նրա խորհրդարանական խմբակցությունը թուլացնելուն էր ուղղված այս բոլորը, ինչպես ենթադրություններ է անում մամուլը, ապա որքան վնաս որ Ծառուկյանին է հասել, նույնքան էլ կազմակերպողին` գետնին հավասարեցնելով ընտրական ինստիտուտները Հայաստանում:

Մյուս կողմից` եթե նկատի ունենանք «Ծառուկյան» դաշինքից մանդատը վերցնելու վերաբերյալ նոր դիմում գրած 12-ից մեկի` Մուշեղ Սաղաթելյանի այն ակնարկը, թե որեւէ ապստամբություն չկա` վարչապետ կամ նախագահ ընտրելու ժամանակ կզգաք, թե ինչ է կատարվել, Ծառուկյանն այս խաղում չկա, վերջին ռաունդը ամսի 18-ին է, դեռ ինչ-որ բաներ կլինեն, սա սկիզբն է, ապա մտմտալու բան միգուցե իրոք կա:

Այս իմաստով առաջարկում ենք ուշադրություն դարձնել իսկապես այն ականին, որ դրված է նոր Սահմանադրության մեջ, Հայաաստանի նախագահի ընտրության գլխում: Ըստ այդմ` նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Այսինքն` որեւէ մոնոլիտ մեկ քառորդ, տվյալ դեպքում դա անգամ կարող է լինել «Ծառուկյան» դաշինք-խմբակցությունը, կարող է առաջադրել նախագահի սեփական թեկնածու, որքան էլ Հայաստանի նախագահի ինստիտուտը 2018 թվից հետո գրավիչ չթվա ու սիմվոլիկ լիազորություններով պաշտոն լինի: Բայց ինչ իմանաս` էլի նախագահ է, էն էլ Հայաստանի նման երկրում, որտեղ ոչ այնքան պաշտոնը, որքան անձն է կարեւոր այդ պաշտոնում, որտեղ զանազան ինտրիգներ միշտ էլ հնարավոր են: Է, «Ծառուկյան» դաշինք-խմբակցությունը եթե չձգի մեկ քառորդի, անգամ եթե այլ խմբակցություններում թեկնածուի առումով համախոհներ ունենա, ոնց է այդ խորհրդավոր ու առայժմ ծպտյալ թեկնածուին առաջադրելու: Դե` վարչապետի ընտրությունն էլ խիստ մոտակա խնդիր է, ու էլի Ազգային ժողովում: Մի խոսքով առնվազն մտածելու տարբերակներից մեկն է` վերջին ինտրիգների շարժառիթների համատեքստում:

Իսկ ընդհանրապես` ոնց որ թե շեղվեցինք գլխավորից` ովքեր դարձան մեր նոր խորհրդարանի 101 պատգամավորները, ի վերջո` մեկ օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում նրանց մանդատ հանձնեց, բա մի հայացք չնետե՞նք:

Չշոյված հայացք

ՀՀԿ-ի պատգամավորական կորպուսին նետված հայացքը մեծ լավատեսության տեղիք չի տալիս` ռեյթինգային կարգով ներս անցածների մեջ են հասարակության հարգանքն ու սերը չվայելող, շատ դեպքերում` գոնե ԶԼՄ-ների մակարդակով սկանդալների մեջ հայտնված, սակայն ունեցվածքի առումով «խիստ ծանրակշիռ», որոշ դեպքերում անգամ` օդիոզ դեմքեր. ազգական, փեսա, քրոջորդի, եղբայր` օրենսդրական աշխատանքի տեսակետից համարյա անհուսալի անձինք: Բացառությամբ երկու-երեք անձանց, որոնցից խորհրդարանական աշխատանքի փորձ ունեցողների մեջ մի քանիսին կարելի է նշել` Վահրամ Բաղդասարյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Կարապետյան, Կորյուն Նահապետյան, նրանք, այո, անելիք ունեն խորհրդարանում, մի երկուսի անունն էլ փորձ չունեցողների մեջ հաճույքով կարելի է տալ` Ֆելիքս Ցոլակյանն օրինակ: Իսկ մնացածի մեջ կան ե՛ւ հինգ տարի խորհրդարանում նստած-լռածներ, ե՛ւ մամուլի հրապարակումների բացասական հերոսներ, ու այս առումով հազիվ թե հանրությունը հասկանա ՀՀԿ-ին, հատկապես երբ այս կուսակցոթյունում ընտրություններից առաջ խոսում էին վերաբեռնման մասին:

Միգուցե մի փոքր ավելի տանելի նկարագիր ունի համամասնական կարգով մանդատ ստացածների ցուցակը, ուր մոտ մեկ տասնյակ պատգամավորների համար կարելի է չամաչել ե՛ւ միջազգային ատյաններում, ե՛ւ խորհրդարանականի կերպարի տեսակետից առհասարակ: Միգուցե այդ մի տասնյակը, կամ դրանից մի փոքր ավելի թիվ ներկայացնող պատգամավորները (որոնց համար ես իրոք անձնապես ուրախ եմ) փրկում են ՀՀԿ-ի դեմքը, գումարած` ինքնաբացարկ ներկայացրած եւ գործադիր գործուղվելիք պրոֆեսիոնալները:

Բայց ընդհանուր առմամբ այն թարմացումը, որ հանրությանը խոստանում էր ՀՀԿ ղեկավարությունը, մեծ հաշվով չի ստացվել, իսկ կուտակված խնդիրների լուծման առումով էլ մեծ հույսեր կապել նոր խորհրդարանի հետՙ ուտոպիա է: Ուրիշ բան, որ իրականում նոր կառավարությունն ու նոր իշխանությունը ձեւավորվելու է 2018 թվականից հետո, եւ այս խորհրդարանը շատ , թե քիչ հարմարեցված է այն անձերին, որոնց ամբիցիաները ուղերձ ունեն մեկ տարի հետոյի համար: Այնպես որ` սովորական անցումային խորհրդարան է, որ Աստված գիտե ինչ ուղերձ ունի ապագա ձեւավորվելիք իշխանությանը:

«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով անցածների մեջ նույնպես փեսա, աներորդի շրջագիծը կա, գումարած երկու-երեք խիստ էկզոտիկ ու մամուլին «սիրելի» դեմքեր, որոնք էլի մնալու են մամուլի մշտական ուրախությունը, ու չգիտես, թե ինչու է Ծառուկյանը նրանց խորհրդարան բերել` կարծես ինքն իր թշնամին է: Գումարած` այն ըմբոստ ութը, որոնք հնարավոր է, որ դառնան խմբակցության խորթ անդամները: Համամասնական ցուցակով էլ երեք-չորս հանրահայտ եւ ընդունելի գործչից այն կողմ առանձնապես խարիզմատիկ խորհրդարանականներ չեն ուրվագծվում, ասել է թե` խորհրդարանի եղանակը որոշող երկու մեծ խմբակցություններում որակի առումով առանձնապես մեծ փոփոխություններ չեն կատարվել, եթե չասենք, որ այնուամենայնիվ ավելի նվազ պատգամավորական թիվը, հակառակը, բացասաբար է ազդել պիտանիների եւ անպիտանների ընդհանուր տոկոսային հարաբերության վրա: Մնացածն արդեն կերեւա մայիսի 18-ին, Ազգային ժողովի առաջին նիստին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.