AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 3910, Տպվել է` 466, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԻ ԵՎ ՄԻՄՅԱՆՑ ՄԻՋԵՎ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Մայիսի 3-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ եւ Թուրքիայի նախագահների եւս մեկ հանդիպում: Այն կարող էր չծրագրվել, մանավանդ Էրդողանը երեւի Պուտինի հետ քննարկումների կարիք չէր ունենա, եթե ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում գերիշխող չլիներ անորոշությունը: Ավելին, վստահություն ներշնչող տեղեկություններ կան, որ ամերիկյան զինված ուժերը պարեկություն են իրականացնում թուրք-սիրիական սահմանի որոշ հատվածներում, որպեսզի կանխեն թուրքական բանակի եւ Սիրիայի քուրդ ինքնապաշտպանական խմբերի միջեւ բախումները:

Այս ձեւակերպումն, ինչ խոսք, հույժ դիվանագիտական է: Գործնականում խոսքը վերաբերում է նրան, որ ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ը դաշինքի մյուս անդամ Թուրքիայի եւ վերջինիս կողմից ահաբեկչական ճանաչված քրդական ուժերի միջեւ ստեղծում է բուֆերային գոտի, որպեսզի Թուրքիան ձեռնպահ մնա սիրիական քրդերի դեմ պատժիչ գործողություններից: Ու թեեւ Էրդողանը քրդերին սպառնում է, թե կարող է նրանց հարվածել ցանկացած տեղում եւ պահի, իրականում Թուրքիան դեռեւս փորձում է դիվանագիտական ճանապարհով հարցերը կարգավորել, ապա նոր անցնել քրդերի դեմ լայնածավալ գործողությունների:

Երբ ԱՄՆ-ը հրթիռակոծեց Սիրիայի կառավարական ուժերի օդանավակայանը, Էրդողանը շտապեց միանշանակ աջակցություն հայտնել եւ նույնիսկ հորդորեց Վաշինգտոնին, որ ձեռնամուխ լինի Ասադին անհապաղ հեռացնելու գործողության եւ հայտնվեց անհարմար վիճակում: ԱՄՆ-ը նրա նախաձեռնությունը չպաշտպանեց, իսկ Ռուսաստանի արձագանքը հասկանալիորեն կոշտ էր: Այնուհետեւ Էրդողանն իրեն երկրորդ ինքնագործունեությունը թույլ տվեցՙ յուրովի հրապարակայնացնելով Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի որոշ դրվագներ: Միջադեպն այնքան էր արտառոց, որ Կրեմլի մամուլի ծառայությունը հարկ համարեց հանդես գալ պաշտոնական պարզաբանություններով եւ փաստացի հերքեց Թուրքիայի նախագահին:

Երկու երկրների նախագահների հանդիպման համար սա այնքան էլ պատշաճ ֆոն չէ, բայց իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը հայտնվել են ԱՄՆ-ի եւ միմյանց միջեւ: Եւ որովհետեւ Վաշինգտոնը չի շտապում հանդիպման գնալ ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի նախագահի հետ, թեեւ Թրամփը ցանկություն է հայտնել բանակցել անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, բնական է, որ Էրդողանը եւ Պուտինը պետք է մի կողմ թողնեին վերջին օրերի տհաճությունները եւ փորձեին եւս մեկ անգամ հասկանալ իրար:

Խոսքը հատկապես Սիրիայի հարցում դիրքորոշումների մասին է: Թուրքիայի դեպքում եթե ոչ ամեն ինչ, ապա հիմնական ցանկությունները, կարծես, պարզ են: Էրդողանի համար, ըստ երեւույթին, որեւիցե կարգավորում ձեռնտու է, եթե այն չի հանգեցնի Թուրքիայի հետ սահմանին քրդական ինքնավարության հռչակմանը: Մեկնաբանների մեծ մասը գտնում է, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները մի նպատակ են հետապնդումՙ ուժեղ կենտրոնադիր իշխանություն հաստատելու ճանապարհով պահպանել երկրի միասնականությունը: Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծումը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ շրջանները նույնպես ձգտեն անջատման:

Իր համար ճակատագրական այս հարցում Թուրքիային չի հաջողվում կայուն երաշխիքներ ստանալ ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Եվրոմիությունից: Ավելի վաղ միջազգային մամուլում տեսակետ էր շրջանառվել, որ Սիրիայում «Եփրատի վահան» գործողություն իրականացնելիս Թուրքիան ստացել է Ռուսաստանի համաձայնությունը: Կա՞ այդպիսի պայմանավորվածությունՙ ոչ ոք վստահաբար հաստատել կամ հերքել չի կարող: Փաստն այն է, որ Ռուսաստանը Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ ոչինչ չի հայտարարել: Իհարկե, պաշտոնապես Թուրքիայի այդ ծրագիրը չի դատապարտել նաեւ ԱՄՆ-ը: Բայց Վաշինգտոնն այսօր քրդերին անվանում է Մերձավոր Արեւելքում հակաահաբեկչական պայքարի դաշնակից եւ նրանց ցուցաբերում է ռազմաքաղաքական օժանդակություն:

Սոչիի հանդիպմանն Ռուսաստանի նախագահը թափանցիկ ակնարկել է, որ կա երկկողմ հարաբերություններն ամբողջ ծավալով վերականգնելու հնարավորություն: Դա Թուրքիային արված առաջարկություն է: Բանն այն է, սակայն, որ զուգահեռաբար ընթանում է ռուս-ամերիկյան ու թուրք-ամերիկյան երկխոսություն: Կողմերը նախապատրաստվում են G20-ի մակարդակով բանակցությունների:Ըստ նախնական տեղեկությունների, այդ շրջանակներում սպասվում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների առաջին հանդիպումը: Բացառված չէ, որ նույն ձեւով նախապատրաստվում է նաեւ Էրդողանի եւ Թրամփի հանդիպումը:

Այս սպասողական իրավիճակում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը եւ Թուրքիան որեւէ արմատական քայլի չեն կարող գնալ: Տպավորությունն այն է, որ թե՛ Էրդողանը, թե՛ Պուտինը մտավախություն ունեն, որ դիմացի կողմը Թրամփի հետ կարող է գալ սկզբունքային համաձայնության: Ըստ ամենայնի, անհավանական չէ, որ իր հերթին Վաշինգտոնն էլ փորձում է Թուրքիայի «հավատարմությունը»ՙ նրան մղելով Ռուսաստանի հետ հարաբերությունների: Թեեւ, իհարկե, այստեղ Ռուսաստանի եւ Թուրքիայի կշիռները տարբեր են:

Ավելի տեսանելի է թվում Վաշինգտոն-Մոսկվա մեծ պայմանավորվածության հեռանկարը: Այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի բավարարվել այն դերակատարությամբ, որ նրա համար կսահմանեն ՆԱՏՕ-ում: Եթե, իհարկե, Էրդողանը մինչեւ վերջ «չխելագարվի» եւ չդնի դաշինքից հեռանալու հարց, ինչը խիստ անհավանական է: Որովհետեւ դա Մերձավոր Արեւելքը վերջնականապես կդարձնի դժոխք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.