AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3778, Տպվել է` 439, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴՅՈՔ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչն է, անկախ նրանիցՙ դա էներգակիրներ արտադրող, թե՞ արտահանող երկիր է: Սակայն ներմուծող պետության համար այնուամենայնիվ այն առավել կարեւոր է պայմանավորված դրսից այդ հումքի մատակարարման կայունության պահպանման, աղբյուրների եւ դրանց տեղափոխման ճանապարհների բազմազանեցման հետ:

Հայաստանի համար, որն անցել է 90-ականների, այսպես կոչված, մութ ու ցուրտ տարիների միջով, այս խնդիրը էլ ավելի կարեւոր է, քանի որ այնՙ այսինքն կայուն էներգամատակարարումը պայմանավորում է պետության թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական կայունությունն ու զարգացումը: Էներգետիկ անվտանգությունը, սակայն, ոչ միայն էներգակիրների ներմուծման, այլեւ ներքին արտադրական հզորությունների բազմազանեցումն է նաեւ: Իսկ դրան կարելի է հասնելՙ եթե համակարգվի եւ հավասարակշռվի էներգակիրների արտաքին ներմուծումները ու ներքին հզորությունների օգտագործման հնարավորությունները:

Սակայն նույնիսկ այսքանը բավարար չէ էներգետիկ անվտանգության համակարգի կայունության համար, հարկավոր է, որ գործող հզորությունները ապահովեն երկու կարեւորագույն գործառույթ եւսՙ այդ համակարգին տան ռազմավարական խորություն, երբ գեներացնող հզորությունները նախատեսված են երկարատեւ ժամանակաշրջանի համար, եւ երբ այդ համակարգերը նշված ժամանակահատվածի համար ապահովում են էժան ու որակյալ էներգոարտադրություն:

Ահա այս միասնությունն է, որն ապահովում է էներգետիկ անվտանգությունը եւ երաշխիք է տալիս պետությանը, որ այն կայուն է ու նախատեսված երկարատեւ շահագործման համար: Հայաստանի Հանրապետության համար, որը գտնվում է մասնակի շրջափակման մեջՙ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, պետք է հատկապես զգայուն լինեն էներգետիկ անվտանգության խնդիրները: Հիշեցնենք, որ ելնելով տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական հավասարակշռությունից, հնարավոր ճգնաժամերից ու հատկապես առկա հակամարտությունների սրումից, կարեւոր է, որ էներգետիկ անվտանգությունը որպես պետության ընդհանուր ազգային անվտանգության բաղկացուցիչ, շարունակի կայուն գործելՙ ապահովելով էներգամատակարարում երկրի ռազմական, արդյունաբերական, գյուղատնտեսական ու սոցիալական սեկտորներին:

Ինչեւէ, էներգետիկ անվտանգության հիմնախնդիրը Հայաստանի զարգացման համար առանձնահատուկ նշանակություն ունի, հետեւաբար այս թեման պետք է լինի գործող յուրաքանչյուր կառավարության ուշադրության կենտրոնում, նպատակ ունենալով զարգացնել, արդիականացնել եւ բազմազան դարձնել մատակարարման ու գեներացման հնարավորությունները:

Վերջին օրերին կառավարությունը բազմաթիվ հայտարարություններ է անում Հայաստանում, այսպես կոչված, մաքուր էներգիայի զարգացման մասինՙ նկատի ունենալով արեւի եւ քամու միջոցով վերականգնողական էներգետիկայի նոր հզորությունների գործարկումները մեր երկրում: Բավականին դրական թվացող այս հայտարարությունների եւ դրանց շուրջը երբեմն կազմակերպված քննարկումները, այնուամենայնիվ մասնագիտական շրջանակների համար ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ: Նման մտահոգության պատճառը այդ տեսակի էներգահզորությունների զարգացման արեւմտյան փորձի, այսպես ասենք, ոչ միշտ հաջողված նախադեպերն են:

Այս առումով արժե հիշեցնել, որ վերջին մեկ տասնամյակում վերաբերմունքը այս տիպի էներգետիկ հզորությունների նկատմամբ հիացմունքից շատ վաղուց արդեն փոխվել է զգուշավոր լավատեսության, պայմանավորված այն խնդիրներով, որ այս տեսակի էներգետիկ հզորությունները առաջացնում են պետության եւ երկրի էներգամատակարարման համակարգերի համար: Եթե դեռ մի քանի տարի առաջ մասնագիտական գրականության մեջ խոսելով արեւի ու քամու էներգիայի մասին այն անվանում էին այլընտրանքային, ապա հետագայում հրաժարվեցին նման ձեւակերպումներիցՙ հասկանալով, որ իրականում այդ հզորությունները չունեն ռազմավարական խորություն ու կայունություն: Այսինքն, դրանք շատ թանկ են թե՛ կառուցման եւ թե՛ շահագործման տեսակետից, եւ ամենակարեւորըՙ երկարաժամկետ կտրվածքով չեն ապահովում էներգետիկ մատակարարումների կայունությունը:

Ավելի ուշ, որոշ շրջանակներ սկսեցին օգտագործել մաքուր էներգիա տերմինը, նկատի ունենալով, որ այն չունի բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սակայն շատ արագ այս թեզը եւս հերքվեց: Արեւի ու քամու էներգիայի արդյունաբերական մասշտաբի շահագործման փորձերը ցույց տվեցին, որ դրանք բավականին բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա եւ այս խնդրի հետագա ուսումնասիրման ու քննարկման կարիք կա: Մասնավորապես հողմաղացների զանգվածային օգտագործումը բացասաբար է ազդում թռչունների (մասնավորապես դրանց մշտական բնակության վայրին մոտիկ եւ չվերթի ճանապարհին գտնվող նման համակարգերի պարագայում) զանգվածային ոչնչացման պատճառ են հանդիսանում, գրանցվել են այդպիսի տասնյակ դեպքեր:

Նույնը նաեւ արեւի էներգիայի պարագայումՙ արդյունաբերական մասշտաբի շահագործման պայմաններում, երբ այն ընդգրկում է հսկայական տարածքներ, ապա ֆոտովոլտային պանելները կարող են բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա: Հայտնի է, որ մեկ մեգավատ հզորության կայանի կառուցման համար հարկավոր է մինչեւ երկու հեկտար տարածք, այսինքն 10Մգվ պարագայում դա կկազմի 20 հեկտար տարածք, իսկ 50 Մգվ-ի պարագայումՙ 5 անգամ ավելի:

Այսինքն հսկայական տարածքի վրա կառուցվելիք արեւային կայանները շրջակա միջավայրին որոշակի վնաս հասցնելու պոտենցիալ ունեն, որը եւս պետք է հաշվի առնել նման կայաններ կառուցելիս: Այսինքն տարածված կարծիքը մաքուր կամ կանաչ էներգիայի մասինՙ միայն մասամբ է իրականությանը համապատասխանում (այս առումով դեռ աշխատանք պետք է իրականացվի, եւ հենց կառավարությունը պետք է նախաձեռնի շրջակա միջավայրի վրա դրանց թողած ազդեցության ստուգումները, հատկապես հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական առանձնահատկությունները): Հետեւաբար վերջին տարիներին նախընտրում են օգտագործել վերականգնողական էներգիա տերմինը, որն ավելի մոտ է ճշմարտությանը, ինչը սակայն չի ազատում մեզ այն մտահոգություններից, որոնք առաջանում են նմանատիպ հզոր կայանների շահագործման դեպքում:

Ինչեւէ: Հայաստանում քամու եւ արեւային էներգիայի մասշտաբային շահագործման փորձերը առաջացնում են հարցեր, պայմանավորված նաեւ դրանց կառուցման, շահագործման, պահպանման, կայունության ու այլ խնդիրների հետ: Շատ կարեւոր է հասկանալ դրանց գնագոյացման մեխանիզմները եւ ամենակարեւորըՙ Հայաստանի տնտեսության համար դրանց զարգացման կարեւորությունն ու ռազմավարական հեռանակարը: Հարկավոր է նաեւ փորձել այս գործընթացի համար օգտագործել տեղական գիտական միտքը եւ տեխնոլոգիաներն ու մշակումները, հարկավոր է նաեւ տարանջատել իրարից նշված վերականգնողական էներգիա հասկացությունը, հաշվի առնելով դրա արդյունաբերական եւ կենցաղային բաղկացուցիչները: Հետեւաբար այս թեման պետք է դառնա մասնագիտական շրջանակների քննարկման լրջագույն խնդիր:

(վերջը հաջորդիվ)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.