AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 8738, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ, ԵՎ ՈՎ` ՉՀԵՌԱՑՈՂԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի նախագահը փաստորեն մնաց այն միակ ֆիգուրը, որը չնայած Սահմանադրական փոփոխություններին, մեր երկրում խորհրդարանական կառավարման անցնելու կամ լայն վարչապետական լիազորություններով դերակատարման հեռանկարին, այնուամենայնիվ, առայժմ բոլոր գործընթացների լարերը պահում է իր ձեռքում, իսկ նրա որոշումները հաճախ անսպասելի են լինում նաեւ սեփական կուսակիցների համար. ապացույցը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի առաջադրումն էր, որի անունը մինչեւ նախորդ երեկո, երբ տեղի ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի եւ խոհրդի նիստերը, անգամ հեռավոր ենթադրություններում չէր շոշափվել: Թեեւ` մենք չէինք բացառել փորձառու մեկի ԱԺ նախագահ դառնալն այն դեպքի համար, երբ հարկավոր լինի այս խորհրդարանը նախապատրաստելու մեկ տարի հետո սկսվելիք լիարժեք փոփոխություններին, ու այն ժամանակ արդեն ե՛ւ վարչապետին, ե՛ւ խորհրդարանի նախագահին կփոխեն արդեն հիմնավորապես եւ ըստ նոր պատկերացումների ու դերաբաշխման: Իսկ դրա համար երիտասարդ կադրերին դեռ պետք է նախապատրաստել, փորձառու կադրով էլ ապահովագրվել ամեն տեսակ անակնկալներից ու շրջադարձերից: Այս հարցում գոնե չէինք սխալվում, եւ հենց դա տեղի ունեցավ երեկ Հայաստանի Ազգային ժողովում, երբ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց մասնագիտությամբ մանկաբույժ Արա Բաբլոյանին (նա ընտրվեց 88 կողմ քվեներով), իսկ ԱԺ նախագահի տեղակալներ` Արփինե Հովհաննիսյանին եւ Էդուարդ Շարմազանովին` նրանց ընտրությունն այսօր է: Վերջիններիս թեկնածությունները հենց միգուցե ուղերձ ունեն մեկ տարի հետոյին, երբ արդեն բոլորի դերակարատարումը հստակ կգծագրեն:

Զարմանալի է, որ իրեն խորհրդարանական ընդդիմություն անվանող «Ծառուկյան» դաշինքը ԱԺ նախագահի այլընտրանքային թեկնածու չառաջադրեց, ու մեր զարմանքին խառնվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի զարմանքը, որն ասում էր, թե ծառուկյանական 31 ընդդիմադիր պատգամավորի առկայությամբ` ընդդիմադիր «Ելքի» առաջադրած ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանը ստացավ միայն 12 ձայն:

Բայց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու «Ծառուկյան» դաշինքն արդեն առաջադրեց Միքայել Մելքումյանին (հեյ գիտի հա` Նաիրա Զոհրաբյան եւ Իշխան Զաքարյան, որոնց մասին էլ այդ պաշտոնին հավակնելու լուրեր կային): Իսկ թե ինչ ըմբռնում կգտնի քաղաքական գործչի իմիջ չունեցող մարդու` Արա Բաբլոյանի ընտրությունը քաղաքական մարմնի ղեկավարի պաշտոնում ե՛ւ Հայաստանի ներսում, ե՛ւ արտաքին հարթության մեջ` ընդամենը մի քանի ամսում հասկանալի կլինի: Համենայնդեպս` ՀՀԿ խմբակցության ղեկավար (դեռ ընտրվելու է, բայց կուսակցությունն արդեն առաջադրել է) Վահրամ Բաղդասարյանը «Ազգի» հետ զրույցում համաձայն չէր այդ տեսակետի հետ եւ համարում էր, որ Բաբլոյանը հենց քաղաքական գործիչ է` երկուժամկետ ԱԺ հանձնաժողովի նախագահ, երեք ժամկետ ԱԺ պատգամավոր եղած եւ միջազգային կառույցներում Հայաստանը ներկայացրած մարդը հենց այն քաղաքական գործիչն է, որը պետք է Ազգային ժողովին:

Ավելացնենք, որ ըստ կուսակցական առաջադրումների` «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավարը ինքը` Գագիկ Ծառուկյանն է լինելու, նրա խմբակցության այն 12 պատգամավորները, որոնք ԿԸՀ-ում հետուառաջի արդյունքում էին ստացել մանդատները, դեռ խաբս են տալիս, ու երեւում է` նրանցից ոչ մեկն էլ մանդատը վայր չի դնի:

«Ելք» խմբակցությունը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը , ՀՅԴ խմբակցությունը` Արմեն Ռուստամյանը :

Գալուստ Սահակյանին առայժմ շնորհակալություն հայտնեցին անցյալ գործունեության համար` տեղ տալով պատգամավորական կորպուսի առաջին շարքում: Իսկ նրան սովոր ԱԺ ղեկավարման վահանակը մեկ օրով գրավել էր եւ անփորձության պատճառով բոլորին մի լավ զվարճացրեց ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը :

Չհեռացող նախագահի խոսք

Սերժ Սագսյանը երեկ մեկնարկած Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված իր ելույթում, անդրադարձ կատարելով երկրի խնդիրների ողջ համալիրին, փաստորեն հաստատեց, որ ոչ մի տեղ էլ չի հեռանալու, առաջվա նման շարունակելու է մնալ գործընթացները կառավարողը, համենայնդեպս` երկրի համարյա բոլոր ոլորտների վերաբերյալ նրա ծրագրային եւ հեռահար տեսակետները այդ էին հուշում: Եթե անգամ դեռ չի ուրվագծվում` ո՞ր պաշտոնում է մնալու Սերժ Սարգսյանը, դա արդեն երկրորդական խնդիր է` նախագահի՞, ուժային կառույցները համախմբող բլոկի՞, թե՞ ազգային անվտանգության քարտուղարի. սա արդեն տեխնիկայի խնդիր է, բայց որ նա չի հեռանում, սա` հաստատ:

Ելույթը շատ ծավալուն էր, տարբեր առիթներուվ դեռ նրա խոսքն ու մեր շուրջը կատարվողը կիհամադրենք, բայց մի երկու շեշտադրման վրա ուշադրություն դարձնենք:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում, փաստորեն, մի փոքր բացեց խաղաթղթերը, իր խոսքով, բեկումնային եւ պատասխանատու ժամանակաշրջանի համար, որն արդեն սկսվել է, պատգամավորներն էլ պետական կառավարման նոր կարգի առաջին քայլը կատարողներն են` սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական համակարգի անցումն ապահովելով, միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվանալով եւ վերակազմակերպելով Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության սկզբունքները, հատկապես Ադրբեջանի հակահայկական բանաձեւերը նվազեցնելով եւ նրան իր տեղը ցույց տալով:

Եթե մի պահ մոռանայինք, թե ով է ելույթ ունեցողը` նրա ելույթը կարող էր անգամ ընդդիմադիր ելույթ թվալ, այնքան բան էր նա առաջարկում փոխել մեր կյանքի տարբեր ոլորտներում, այդպիսով արձանագրելով, որ դրանք վատթար վիճակում են:

Իսկ Հայաստանի նախագահի` արդարադատություն եւ իրավապաշտպան գործունեություն իրականցնող անձանց ընտրելիս «ոչ թե մեր համախոհն է», այլ`«իր գործի գիտակն է» սկզբունքով առաջնորդվելու առաջարկը պարզապես զարմանալի էր. մյուս ոլոտներում, ուրեմն, կարելի է, հա՞, այդ սկզբունքով չառաջնորդվել: «Ազնվություն, գումարած պրոֆեսիոնալիզմ, հանածն կոռուպցիա»` «կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ, վանող եւ անշահավետ է», «միասին կարողանալու ենք հետեւողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը եւ ազդեցությունը Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս», «բյուրեղացնել քաղաքական մրցակցությունը» եւ այլ զարմանազան ծրագրատեսլականներ, որոնք տեւական ժամանակ են պահանջելու` միասինը եթե դիտարկենք ըստ պաշտոնավարման ժամկետների հրամայականների:

Չգիտեմ` ինչ աստիճանի էին մտածել նախագահի ելույթը գրողները, երբ նշել էին, թե խորհրդարանական կառավարման ձեւ հաստատելով` մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը, այն դեպքում, երբ իրապես արմատական ընդդիմություն խորդարանում չկա կամ դա կարելի է վերագրել, թերեւս, միայն «Ելքին»: Բայց գործիքների առումով` համաձայն ենք, պառլամենտում ներկայացված քաղաքական ընդդիմության դերն օրենսդրորեն, իրոք, ընդլայնվել է, կան հիմնարար օրենքներ, որոնք որակյալ` երեք հինգերորդ քվեով են ընդունվելու: Այսինքն` ընդդիմությունը ֆորմալ առումով կարող է ազդել այդ օրենքների ընդունման, ինչպես նաեւ մի շարք առանցքային պաշտոնյաների ընտրության վրա, ինչպես նախագահ Սարգսյանն էր ասում:

«Մեր երկիրը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ապրելու եւ ինքնադրսեւորվելու ամենաբարենպաստ ու ապահով երկիրը: Այդպիսին դառնալու գործընթացին յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր մասնակցությունըՙ ձեւավորելով ուժեղ եւ արդար պետություն»: Հա, եթե մինչ այդ մեր զավակները չմեկնեն երկրից:

Նա անդրադարձավ ե՛ւ տնտեսական կարելիություններին, ե՛ւ տեղական արտադրության խթանմանը, ե՛ւ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկումը սահմանից աստիճանաբար դեպի տնտեսություն տեղափոխելուն, ե՛ւ այդ բոլորի մասին խոսում էր որպես մասնակից:

«Մեր նպատակն էՙ ունենալ ինտելեկտուալ Հայաստան», ասաց ու նայեց ԱԺ այն կորպուսին, ուր նստած էին նշանավոր օլիգարխ-հակաինտելեկտուալները:

Իսկ Արցախի հարցին նրա հիմնավոր անդրադարձը նաեւ հուշում է այն ենթադրությունը, որ, այնուամենայնիվ, նախագահը հավանաբար նպատակ է դրել մնալ մի այնպիսի համակարգի կառավարող որպես, որտեղ երկրի ներքին ու արտաքին անվտանգության համար պատասխանատու կառույցները գուցեեւ միավորվեն, եւ որի լիազորությունները շատ լայն կլինեն` վարչապետի լիազորությունները հակակշռելով, ինչպես պատերազմական վիճակներում է լինում: «Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում», նշեց Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ Կազանի փաստաթուղթը շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ.« Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում ու ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, ու հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը»: Ապա եւ պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ: Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսեւորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում: Ըստ դրաՙ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արեւմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին: Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի:

Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձեւակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից:

Փոխարենը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ: Այսինքն` պարտադիր նաեւ Ադրբեջանի համար եւ երաշխավորվածՙ միջազգային հանրության կողմից: Ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաեւ, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաեւ Արցախի ներկայացուցիչները:

Մի խոսքով, հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Արցախի հարցին առնչվող այլ հետաքրքական մանրամասներ էլ կան, որոնք արժե բուն ելույթում նորից քննազննել, եւ դա փորձագետներն անպայման կանեն:

Հ.Գ. - Ի դեպ` այդպես էլ անընկալելի մնաց, թե ինչու էին «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավորները բացակայում ԱԺ նիստի սկզբի այն հատվածում, երբ հնչում էին Հայաստանի նախագահի խոսքը, Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնանքը, եւ ամեակարեւորը` նրանք չմասնակցեցին պատգամավորական երդման արարողությանը: Դե` գոնե կքնեին, ինչպես ուրիշ պատգամավորներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.