AZG Daily #19, 19-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2611, Տպվել է` 327, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐՎՈՂՆԵՐԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ո՞վ հաղթեց, ո՞վ չէր հաղթելու եւ ո՞ւմ մասին են խոսքերն ավելորդ

Երեւանի քաղաքային ավագանուն հերթական ընտրությունները, որ երեւանցիների շրջանում ավելի շատ ընկալվում է որպես քաղաքապետի ընտրություն, դարձան պատմություն: Իշխող քաղաքական ուժը պահպանեց իր դիրքերը, իսկ նրա թեկնածունՙ Երեւանի քաղաքապետի պաշտոնը:

Առաջինը, որ պետք է արձանագրել, բնակչության ցածր ակտիվությունն էր: Ցուցակներում գրանցված մոտ 845 հազար ընտրողներից Երեւանի քաղաքային ավագանու ընտրություններին մասնակցեց մոտ 345 հազարը կամ հազիվ 41 տոկոսը: Նման պասիվության բացատրությունները մի քանիսն են:

Առաջինըՙ քաղաքական ընդամենը երեք ուժի մասնակցությունը, որից մեկինՙ մեծ վերապահումով կարելի է ասել քաղաքական ուժ: Փաստորեն չկար մեծ այլընտրանքՙ կամ իշխող ՀՀԿ-ին, կամ «ընդդիմադիր» «Ելք» դաշինքին: Բացակայում էին թե՛ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները, թե՛ այդ շեմը չհաղթահարած, բայց մեծ թվով ձայներ հավաքածները: Երկրորդ, ինչպես քաղաքական կուսակցությունների մեծ մասը, այնպես էլ ընտրողներից շատերն այս ընտրությունները անկարեւոր եւ ոչինչ չորոշող համարեցին: Երրորդ, այս իրավիճակում ՀՀԿ-ի հաղթանակը կասկած չէր հարուցում եւ անգամ նրան ձայն տալու նպատակ ունեցողներից շատերը չգնացին ընտրատեղամասեր: ՀՀԿ-ի համար հիմնականում աշխատեց կուսակցական եւ վարչական ռեսուրսը, այսինքն մարդիկ, որոնք կոնկրետ շահեր ունեին եւ որոնք մոբիլիզացրեցին իրենց ընտրազանգվածին: Ինչեւէ:

Այժմՙ ընտրությունների արդյունքների մասին: Ինչպես արդեն նշեցինք, Տարոն Մարգարյանը դարձյալ կընտրվի Երեւանի քաղաքապետ, քանի որ նրա ներկայացրած կուսակցությունը ստացավ 240 հազար ձայն կամ ավելի քան 71 տոկոսը: Որքանո՞վ էր դա արդարացի եւ ինչպիսի՞ն էր նրա գործունեությունը որպես քաղաքապետ անցած տարիների ընթացքում:

Միանշանակ գնահատել Տարոն Մարգարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում, դժվար է: Այն, որ մայրաքաղաքը բարեկարգվել է, ավելացել են քաղաքային բարեկարգված այգիները, բակերը, կանոնավոր կերպով փողոցները ասֆալտապատվում են, լուսավորված են, քաղաքային տնտեսությունը աշխուժանում է, մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչությունը բարձրանում է, վթարային շենքերի մի քանի հարյուր ընտանիքներ նոր բնակարաններ ստացան, այդ ամենը նկատելի է անզեն աչքով: Այսինքն, որպես ընթացիկ հարցերի կառավարիչ Տարոն Մարգարյանը իր պարտականությունները վատ չի կատարում: Այլ է եզրակացությունը, երբ խոսքը վերաբերում է միլիոնանոց քաղաքի համար ռազմավարական նշանակության հարցերի լուծմանը, նոր գաղափարների եւ մոտեցումների կիրառմանը:

Խոշոր քաղաքների համար առաջնային հարցերից է երթեւեկության համար նոր տարբերակներ գտնելը, նոր փողոցներ, ստորգետնյա եւ վերգետնյա անցուղիներ կառուցելը: 2000-ականների կեսերին Երեւանի տարբեր հատվածներում նման բաներ կառուցվեցին, բայց 2008-ից հետո գործընթացը կանգ առավ:

Ընդհանրապես, քաղաքաշինական ծրագրեր Երեւանում գրեթե չեն իրականացվում, բացառությամբ նախկինում սկիզբ առածների (Հյուսիսային պողոտա, Գլխավոր պողոտա եւ այլն) շարունակությունը: Գերակա շահ հայտարարված տարածքներում էլ անհեթեթ իրավիճակ է պահպանվում: Կոնդի մի մասում հանրային գերակա շահը վերացվեց, բայց նախկինում այդ պատճառով իրենց տնից դուրս եկած մարդիկ դեռեւս չեն ստացել փոխհատուցումը:

Կոզեռն թաղամասում երեք անգամ որոշվեց տարածք հատկացնել նույն կառուցապատողին, որն այդպես էլ չսկսեց կառուցապատումը, իսկ քաղաքապետարանը պարզապես դիտորդի վիճակում էր: Այս առնչությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեր ուղղած հարցին պատասխանելով, Տարոն Մարգարյանը խոստացավ տեղեկացնել, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ տարածքին, բայց խոստումը չկատարեց, իսկ մեր կրկնակի հիշեցումը եւս մնաց անպատասխան: Մի շարք այլ, ավելի փոքր իրացման գոտիներում նույնպես իրավիճակը նույնն էՙ ծրագիրը ոչ իրագործվում է, ոչ չեղյալ համարվում, քաղաքապետարանն էլ որեւէ կերպ չի ազդում այդ ամենի վրա:

Մայրաքաղաքի ամենաառօրեական եւ ամենասուր հարցը հասարակական տրանսպորտի ողբալի վիճակն է: 2013-ին, երբ որոշվեց տրանսպորտի սակագինը դարձնել 150 դրամ եւ աստիճանաբար անցում կատարել միկրոավտոբուսներից ավտոբուսների, բողոքի ցույցեր տեղի ունեցան դրա դեմ: Երեւանի քաղաքապետը չցանկացավ իր վրա պատասխանատվություն վերցնել եւ նոր սակագնի պայմաններում արմատապես բարելավել տրանսպորտի աշխատանքը, կասեցնելով իր իսկ ընդունած որոշումը: Արդյունքում, ավելի քան 30 ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներ փակվեցին անշահութաբերության պատճառով, իսկ 150 դրամ չվճարել ցանկացող քաղաքացիներից շատերը դրա պատճառով այժմ վճարում են 200-300 դրամ, 2-3 տրանսպոտ փոխելով, շարունակելով երթեւեկել գերբեռնված միկրոավտոբուսներով: 4 տարի շարունակ, Երեւանի քաղաքապետարանը ոչինչ չարեց այս իրավիճակի կարգավորման համար, նախընտրելով դիտել, թե ինչպես են մարդիկ ստորացված երթեւեկում հասարակական տրանսպորտով, իսկ սակագնի դեմ «պայքարողները»ՙ հրճվում իրենց պյուռոսյան հաղթանակով:

Այժմ անդրադառնանք ընդդիմադիր քաղաքական ուժիՙ «Ելք» դաշինքի ստացածՙ ակնկալվածից քիչՙ 70 հազար ձայներին (21 տոկոս): Բանն այն է, որ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին նրա ընտրողներից շատերը սովոր են տեսնել Ազգային Ժողովում, այլ ոչ թե Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մայրաքաղաքից այս դաշինքն համեմատաբար շատ ձայների մոտիվացիան սա էր: Խորհրդարանական ամբիոնի մոտ գոռգոռացող, իշխող քաղաքական ուժի պատգամավորների հետ փոխադարձ հեգնանքով լեզվակռիվի մեջ մտնող Նիկոլ Փաշինյանն, ինչպես ասում են, տվյալ դեպքում «իր ափսեի մեջ էր»: Սակայն, մայրաքաղաք կառավարելու համար այդ հատկանիշները, մեղմ ասած, հազիվ թե պետք գան:

Երեւանցիներից շատերի հիշողության մեջ էլ թարմ է 2008-իՙ Երեւանի այգիների մետաղյա ցանկապատերը պոկել կոչող, ոստիկանների վահաններն ու մահակները խլող ցուցարարներին հրահրող, պետական հաստատությունները գրոհելու տանող Նիկոլ Փաշինյանը: Հանուն սեփական քաղաքական նպատակների եւ հավակնությունների Երեւանում խժդժություններ հրահրողը, ջարդարարություններ անողը չի կարող նրա քաղաքապետը դառնալ: Մյուս գործոնը նրա երեւանցի չլինելն է, որը թեեւ որոշիչ չէ, բայց տեղային հայրենասիրության զգացումը մեզանում հաճախ է իր ազդեցությունն ունենում:

«Երկիր Ծիրանի» կուսակցությանը եւ մասնավորապես Զարուհի Փոստանջյանին չի կարելի լուրջ ընկալելՙ մարտնչող տգիտություն, որն իր վարկանիշը ձեւավորում է հիստերիկության նոպաների եւ սկանդալների միջոցով: Այստեղ ավելացնելու ոչինչ չկա, մնացած ամեն ինչ տեսանելի է բոլորին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.