AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 8793, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌԱՋ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Կայսրություն կառավարելու Սուլթան Էրդողանի ձգտումները չեն բավարարվում միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդեպ ունեցած իր արհամարհանքով կամ Ռուսաստանի հետ հրթիռներ ձեռք բերելու շուրջ բանակցություններ վարելով: Դրանք նաեւ ձգվում են միջամտելու փոքրաթիվ հայկական համայնքի ներքին կրոնական խնդիրներին եւ ինչ-որ չափով կառավարելու դրանք:

Ապրիլի 24-ի իր ուղերձում արտահայտած միտքը, թե ոչ մի հայ Թուրքիայում իրեն երկրորդ կարգի քաղաքացի չպետք է զգա, հակասում է Պոլսո պատրիարքական ընտրությունների շուրջ իր կոպիտ միջամտություններին: Անարգելով հայկական համայնքինՙ նա պատրիարքական խնդիրներով զբաղվելու հարցը հանձնարարել է Ստամբուլի ոչ թե կառավարչին, այլ նրա տեղակալին:

Մարտ ամսին Կրոնական ժողովը նիստ գումարելով Գարեգին արք. Բեկչյանին (գերմանահայոց հոգեւոր առաջնորդ) ընտրեց տեղապահ` վերահսկելու համար նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Իր հերթին Բեկչյան արքեպիսկոպոսը Սահակ Մաշալյանին նշանակեց իր փոխանորդը: Ընտրությունները տեխնիկապես ավարտելու էին Արամ արք. Աթեշյանի լիազորություններըՙ որպես առաջնորդական փոխանորդի, մի պաշտոն, որ նա հարկադրաբար կորզել էր այդ նույն խորհրդից:

Կրոնական ժողովի անդամները որոշ առումով ենթակա են Աթեշյանին, եւ համայնքը հավատացած էր, որ խորհուրդը չի պահպանի իր անկախությունը եւ նրա օգտին կքվեարկի, բայց ստացվեց հակառակըՙ ընտրվեց Բեկչյանը, ցույց տալով, որ Աթեշյան արքեպիսկոպոսը վստահություն չի վայելում:

Այս ամենին հաջորդած մի այցելություն Ստամբուլի կառավարչի տեղակալի գրասենյակՙ շուռ տվեց ամեն ինչ: Տեղակալը պատվիրակությանը (որի կազմում էին Աթեշյանն ու Մաշալյանը) հաղորդեց, որ կառավարությունը, ընտրությունների արդյունքներից անկախ, շարունակում է Աթեշյանին ճանաչել որպես պատրիարքարանի ներկայացուցիչ: Նման միջամտության որպես պատճառ տրվում էր այն փաստը, որ ընտրություններ անցկացնելու համար համայնքը թույլտվություն չէր հայցել:

Ոչ Լոզանի պայմանագիրը, ոչ էլ որեւէ քաղաքակիրթ երկրի օրենսդրություն նման արհամարհական վարվելաձեւ թույլ չի տալիս: Այսպիսով Աթեշյանը հաղթական վերադարձավ իր պաշտոնին: Միաժամանակ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսը անհարմար դրության մեջ ընկավ, քանի որ շնորհավորական ուղերձ էր ուղարկել Բեկչյան արքեպիսկոպոսին:

Այդ ժամանակից ի վեր հայկական համայնքը Ստամբուլում շփոթ կացության է մատնված, կացություն կամ իրավիճակ, որ կառավարությունն է նախագծել:

Բոլոր երեք արքեպիսկոպոսներն էլ հակասական արտահայտություններով հանդես եկան, ցույց տալով, թե ինչքան լարված է իրավիճակը համայնքում: Աթեշյանը կառավարության ոչ պաշտոնական խոսնակն է դարձել, որի հետ որոշ մարդիկ դժվարանում են հարմարվել: Մաշալյանը անհակակշռելի հրանոթի է նման, որը շարունակում է առաջ տանել Աթեշյանի հանդեպ ունեցած իր թշնամությունը: Իսկ Բեկչյանը հուսահատությունից դրդված մտադրություն էր հայտնել, որ հրաժարվելու է, բայց վերջերս հայտարարեց, որ փոխել է իր մտադրությունը:

Թուրքական լրատվամիջոցները, մյուս կողմից, քննադատության ազատ ասպարեզ են գտել հանձինս հայկական համայնքի տարակարծությունների: Վերջերս «Միլլիեթ» թերթի թղթակից Մերտ Ինանը հարցազրույց էր ունեցել Մաշալյանի հետ, ով հայտարարել էր, որ «ընտրության հետաձգումը ղեկավարության անձեռնհասության պատճառով չէր, այլ Աթեշյանի մտադրված ձգձգումների, քաջ իմանալով, որ ինքը չի լինելու հաղթողը ընտրություններում: Եկեղեցին կաթվածահար վիճակում է, եւ կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունները: Տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեկչյանը հնարավորություն չունի ստանձնելու իր պարտականությունները, որովհետեւ իշխանությունը խլել է իրենից այդ իրավունքը: Գարեգինի հետ փորձում ենք հանդարտեցնել համայնքը, բայց նրա (Աթեշյանի) լռությունը խոչընդոտում է մեր ջանքերին: Այդուհանդերձ, նա չի կարող երկար ժամանակ լուռ մնալ: Ընտրությունները պետք է անցկացվեն շուտով: Պատրիարքական աթոռը չի կարող թափուր մնալ երկար ժամանակ»:

Բեկչյան արքեպիսկոպոսը անհանգիստ է: Նա Ստամբուլից Գերմանիա է թռչում, այնտեղից էլ Ս. Էջմիածինՙ մասնակցելու համար Մոսկվայում կայանալիք Գերագույն հոգեւոր խորհուրդի ընդլայնված նիստին:

Բեկչյանը ինքն էլ Գերագույն խորհրդի անդամ է որպես գերմանահայոց թեմի առաջնորդ: Աթեշյանի բացակայության դեպքում նա նաեւ Պոլսո պատրիարքարանն է ներկայացնելու, ինչը երեւութապես նշանակելու է, որ Ս. Էջմիածինը նախընտրությունը տալիս է Բեկչյանին, մինչդեռ կաթողիկոսի պաշտոնական դիրքորոշումը հավասար հեռավորություն պահելն էր թեկնածուներից:

Սբ. Էջմիածնի զատկվա ուղերձում Բեկչյանի անունը հնչեց արտահայտելով Ստամբուլի հայ համայնքի ընդհանուր տրամադրությունը, բայց ի հակադրություն թուրքական կառավարության թելադրանքներին:

Համայնքն ու Աթեշյանից բացի մյուս երկու եպիսկոպոսները փորձում են կառչած մնալ Էջմիածնի իշխանությունից: Ստամբուլի հայկական համայնքի առաջնորդ Պետրոս Շիրինօղլուն նախագահ Էրդողանի հետ հանդիպում է ծրագրում անցկացնել ընտրությունների վերջնական օրը որոշելու համար: Նա հույս ունի, որ վաքիֆների (կրոնական բարեգործական կազմակերպությունների) հառաջիկայում անցկացվելիք ժողովի ընթացքում, որին նախագահելու է Էրդողանը, նա կկարողանա կարճատեւ զրույց ունենալ նախագահի հետ:

Ի դեպ, հրեական համայնքն էլ պատրաստվում է ընտրել նոր րաբբի: Բայց նրանք որեւէ խնդիր չունեն, որովհետեւ կա ընդամենը մեկ թեկնածուՙ հանձին Րաբբի Հալեվայի:

Այս քաոսում Աթեշյանը գերագույն իշխանություն է վայելում եւ շարունակում է հայտարարություններ անել որպես կառավարության խոսնակ: Հակադրվելով Մաշալյանի արտահայտություններին, նա Ստամբուլի «Ժամանակ» թերթին հայտարարել է հետեւյալը. «Որպես կրոնական, հավատացյալ ժողովուրդ, մենք չունենք եւ չենք կարող ունենալ անձնական խնդիրներ: Որպես բարձրաստիճան կղերականներ մենք պատրիարքական աթոռի ամբողջ բեռը մեր ուսերին ենք վերցրել: Ես չեմ խուսափում ընտրություններից, բայց զարգացումներից առաջ ընկնելը չի լուծելու մեր ոչ մի խնդիրը: Եթե մենք համապատասխան մարմինների հետ համատեղ աշխատենք, ամեն ինչ հարթ ու խաղաղ է ընթանալու»:

Աթեշյանը քաջ գիտակցում է, որ որեւէ խելամիտ անձնավորություն չի ցանկանա ընդդիմանալ «համապատասխան մարմիններին»: Հասկանալի է, որ բոլոր գործընթացները պարտավոր են համաձայնեցված լինել կառավարության հետ, բայց Աթեշյանի վերջին նախադասությունը կարծես ընթերցողներին փորձում է հասկացնել, որ «ես եմ կառավարության ընտրյալը, այնպես որ ավելի լավ է համակերպվեք դրան եւ վերջ տաք ձեր առարկություններին»:

Համայնքի գործնական առաջնորդներից ոմանց մոտ այս մտայնությունը գնալով ամրապնդվում է: «Ակօս» շաբաթաթերթն է, որ համառորեն շարունակում է պայքարել ընդդեմ Աթեշյանիՙ արտահայտելով համայնքի ընդհանուր տրամադրությունը: Մյուս թերթերն ու առաջնորդները ավելի մեղմ կեցվածք են ընդունել հետագայում անակնկալի առաջ չգտնվելու համար:

Թուրքական կառավարությունը հաշվետու չէ միջազգային հանրությանը: Բոլոր առումներով նա կարծես որոշել է թելադրել իր կամքը հոգեւորականի տարազով պետական մի պաշտոնյա ունենալով համայնքում: Մենք չպետք է զայրանանք, եթե անխուսափելին տեղի ունենա: Մինչ այդ, մյուս հոգեւորականը գուցե ավելի բարձր պատասխանատվություն ցուցաբերի եւ առավել խոհեմ գործի չբարդացնելու համար թեժացած իրավիճակը:

Հետաքրքրական է տեսնել, թե ինչքան երկար է դեռ Պոլսո հայոց պատրիարքարանը մնալու փակուղու առաջ:

Թարգմ.ՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.