AZG Daily #19, 19-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1820, Տպվել է` 306, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՙ ԸՆՏԱՆԻՔ

ՆԱԻՐ ՅԱՆ

ՄԱԿ-ն ամեն տարի մայիսի 15-իՙ ընտանիքի միջազգային օրվա համար կարգախոս է ընտրում: Այս անգամվանը «Ընտանիք, կրթություն, բարեկեցությունն» էր: Դեռ 1994 թվականից ՄԱԿ-ի որոշմամբ ընտանիքը միջազգային հարնության ուշադրության ու հետաքրքրության առանցքում է, բայց հենց նույն միջազգային հանրությունը հատկապես զարգացած երկրներում ունի աղավաղված ընտանիքի մոդել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ, օրինակ, Շվեյցարիայում 4 ընտանիքից մեկն է միայն պահպանվում, իսկ Եվրոպայում պահպանվում է 3 ընտանիքից մեկը: Մինչեւ դարավերջ մոլորակի վրա մարդկության թիվը կհասնի 11 միլիարդի: Այդ աճը կապահովեն հետամնաց երկրների կիսագրագետ ու սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք չեն կարող իրենց երեխաների համար կրթական, սոցիալական պայմաններ ստեղծել: Մարդկանց այդ ստվար զանգվածը զարգացած երկրների համար մեծ խնդիր է լինելու, որովհետեւ հենց միայն նրանց կերակրելը դժվար ու օրհասական հարց կդառնա:

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ աճել է ու շարունակում է աճել: Ամեն 4-րդ ընտանիքում ամուսիններն ամուսնալուծվում են, ամեն 4-րդ ընտանիքի հայրն ընտանիքի հետ չէ: Դասական ընտանիքի մոդելի այսօրինակ շեղումը հոգեբանական աղետ է երեխաների համար: Երբ ծնողներն ամուսնալուծված են կամ հայրն արտագնա աշխատանքի պատճառով ընտանիքի հետ չի ապրում, տղա երեխան չի ունենում ճիշտ պատկերացում, թե ինչ է տղամարդն ու հայրն իրականում, իսկ աղջիկ երեխան չի ունենում տղամարդու իր իդեալը: Վիճակագրական թվերի հետեւում կան հոգեբանական աղետալի խնդիրներ: Հոգեբան Իրինա Ծատուրյանը հաստատում է, որ աղճատված, ամուսնալուծված կամ անառողջ հարաբերություններով ընտանիքի բոլոր անդամներն ունենում են առողջական խնդիրներ, առավել եւսՙ կինը: Պարզվում էՙ սեռական շեղումներ կամ քրեական կենսագրություն ունեցողների 75 տոկոսի ընտանիքներում ծնողները բաժանված են եղել, կամ հայրն ու մայրն անառողջ հարաբերություններ են ունեցել:

Որքան էլ դժվար լինի ընտանիք ստեղծելն ու պահելը, այնուամենայնիվ հատկապես յուրաքանչյուր աղջիկ երազում է ամուսնանալ, որովհետեւ կնոջ կարեւորագույն առաքելությունը երեխաներ ունենալն է: Մայրը դեռ բնությունից նստած է կնոջ մեջ: Գաղտնիք չէ, որ զուգընկեր գտնելն այսօր մեծ խնդիր է դարձել: Համացանցը որոշ չափով ստանձնել է այդ դերը, որը, սակայն, որպես կանոնՙ հուսալի չէ: Մենք բաց, ծանծաղ, ժամանակավոր հարաբերությունների ազգ չենք, որքան էլ որ եվրոպական բարքերը ներթափանցեն մեր իրականություն:

Պարզվում էՙ արդեն ութ տարի մեր երկրում գործում է «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը, որը հասցրել է ամուսնացնել մոտ 800 զույգերի: Գործակալությունը գրանցում է տղամարդկանցՙ սկսած 28, եւ կանանցՙ սկսած 25 տարեկանից: Գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը պատմում է. «Վերջերս մեզ մոտ գրանցվեց մի պատգամավորի աղջիկ: Այնքան կիրթ ու դաստիարակված էր, որ պատգամավորների նկատմամաբ կարծիքս բոլորովին փոխել եմ: Ամուսնացրինք-գնաց: Մեր ամուսնացրածներից միայն մեկ զույգ է բաժանվել, այն էլ շատ արագ կայացրին ամուսնանալու որոշումը. դեռ միմյանց լավ չէին ճանաչում, մեզ չլսեցին, ամուսնացան ու կարճ ժամանակ անց բաժանվեցին: Մենք ունենք նաեւ յոգայի կենտրոն: Դրա անհրաժեշտությունն առաջացավ, որովհետեւ գալիս էին գեր աղջիկներ ու հույսները մեզ վրա դրածՙ երազում էին ամուսնանալ: Մենք էլ յոգայի միջոցով նրանց նիհարեցնում ենք, սիրուն, նրբիրան հարսնացու դարձնում ու ամուսին գտնում»:

Հայաստանում ամուսնալուծությունների պատճառները տարբեր ենՙ անհատական ու ընդհանուր: Հայերս մինչեւ վերջին 30 տարին աչքի ենք ընկել ամուր ընտանիք կազմելու եւ ընտանիք հասկացությանըՙ որպես սրբություն սրբոց վերաբերվելու առանձնահատկությամբ: 1950-60-ականներին ամբողջ Հայաստանում ամուսնալուծված ընտանիքները մատների վրա կարելի էր հաշվել: Ամուսնալուծությունը հասարակական հզոր քննադատության ու պարսավանքի էր արժանանում, ինչպես նաեւ դառնում կարիերայի կործանման պատճառ:

Նախորդ դարավերջին ամուսնալուծության նկատմամբ հասարակական վերաբերմունքը սկսեց փոքր-ինչ մեղմանալ, մեր դարում այն արդեն սվիններով չի ընդունվում: Մասնագետներն ամուսնալուծութունների հիմնական պատճառներից մեկը համարում են ընտանիքիում կին-տղամարդ դերերի փոփոխությունը: Նախկինում կինը ֆինանսական կախվածության մեջ էր ամուսնուց, որովհետեւ համարյա կարծրացած դրվածք կարՙ տղամարդը պետք է գումար վաստակի, ընտանիքի հոգսը նրա ուսերին պետք է լինի: Մեր ժամանակների տնտեսական, շուկայական նոր փոխհարաբերությունները ձեւավորեցին կին-տղամարդ դերերի վերաբաշխում ու վերադասավորում, ինչի հետեւանքով այլեւս պարտադիր պայման չէ, որ ընտանիքը կերակրողը լինի տղմարադը: Այդ դերը ստանձնեցին կանայք: Մեր երկրում ընտանիքների 25 տոկոսի գլուխը կինն է: Ֆինանսապես անկախ լինելն ընտանիքի հոգսը դժվարությամբ ստանձնող տղամարդուց բաժանվելու համար հիմք է հանդիսանում: Սա եւս ամուսնալուծությունների պատճառ է: Պատճառ է արտագնա աշխատանքը, ինչը ծնում է արտամուսնական կապեր. ամուսիններն օտարանում են, ընտանիքում բույն է դնում դավաճանությունը, անվստահությունը, որը հանգեցնում է բաժանումի:

Ամուսնալուծությունների հիմնական պատճառներից են սոցիալական խնդիրները: Ճգնաժամային շրջաններ են համարվում ամուսնության առաջին եւ հինգերոդ տարիները: Առաջինի դեպքում ամուսինները դեռ իրար բավականաչափ չճանաչած են ամուսնանում, իսկ երկրորդի դեպքում ճգնաժամային առաջին տարին մի կերպ հաղթահարելովՙ անհամատեղելիությունն ու անհամաձայնությունները հետագայում ավելի են խորանում ու վերաճում բաժանումի:

Հոգեբանները նշում են ամուսնալուծության խիստ հայկական եւս մի պատճառ, երբ նորապսակների կյանքը դասավորում, նրանց ուղղորդում ու ֆինանսական ապահովություն են ստեղծում ծնողները: Նրանք էլ հենց դառնում են հրահանգողներն ու թելադրողները, որի պատճառով տարաձայնություններ են առաջանում տարբեր ճակատներումՙ կին-տղամարդ, հարս-սկեսուր, փեսա- զոքանչ եւ այլն: Կախվածությունը ծնողներից ամուսիններին թույլ չի տալիս ինքնուրույն կանգնել սեփական ոտքերի վրա ու կայանալ:

Ոչ միայն ընտանիքի հայկական, ավանդական մոդելն այլեւս առաջվանը չի, այլեւ վերացել է յոթ որդով սեղան նստելու նահապետական սովորությունը: 1940 թվականին Սովետական Միությունում ծնելության բարձր ցուցանիշով Հայաստանն առաջիններից էր: Արդեն քսան տարուց ավելի հայկական ընտանիքներում ծնվում է առավելագույնը երկու երեխաՙ հատկապես արական սեռի նախապատվությամբ: Հետաքրքրականն այն է, որ հենց ֆինանսապես ապահովված ընտանիքներում են քիչ երեխաներ ծնվում: Նույն պատկերն է նաեւ Եվրոպայում:

ՄԱԿ-ը պարզել է, որ մինչեւ 21-րդ դարավերջ Հայաստանի բնակչությունը կնվազի 1 800.000-ի: Համաշխարհային ժողովրդագրությամբ ու մարդկության ճակատագրով հետաքրքրված գիտնականները փաստում ենՙ որպեսզի մարդկությունը ճիշտ զարգանա, անհրաժեշտ է ապահովել երեք ազգերիՙ հայերի, հրեաների ու պարսիկների բնականոն աճը: Մինչ այժմ մենք վերացող ազգերի ցուցակում էինք, բայց ՄԱԿ-ն ուրախալի նորություն է հրապարակելՙ հայերս կրճատվող, բայց ոչ վերացող ազգ ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.