AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 7879, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐՈՍՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՀԵՐՈՍՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ճիշտ, ընդօրինակելի հերոսների փնտրտուքը մեր ժամանակինը չէ միայն: Մարդու բնույթն այնպիսին է, որ նա օրինակի, կողմնորոշիչի, ոգեւորության ու ներշնչանքի աղբյուրի կարիք ունի: Տարբեր ժամանակներն առաջադրել են իրենց հերոսներին, որոնք անկախ դասագրքերի իդեալական-անկյանք կերպարների, իրական ու առարկայական օրինակներ են դարձել մարդկային խմբերի, անհատների, հատկապես երտասարդների համար: Չենք ասում, թե դրանք միշտ ամենաճիշտ ու ամենադրական կերպարներն են եղել` ամեն ժամանակ իր հերոսի բովանդակությամբ է լցված եւ առաջարկ-պահանջարկ է ձեւավորում ըստ ա՛յդ բովանդակության: Ու այն ազգերի բախտն է բերել, որոնք ընդօրինակելի ճիշտ հերոսներ են ունեցել տվյալ ժամանակաշրջանի համար:

Պատմական էքսկուրս չենք անի` երբ, ո՞վ եւ ինչու, միանգամից խոսենք մեր ժամանակի մասին, որտեղ կարող են երիտասարդության համար ընդօրինակելի լինել ամենահակասական կեպարներ` կրթությունից հեռու փողատիրոջից սկսած, թաղի գողականով եւ կասկածելի բարոյականության մարդկանցով վերջացրած: Չեմ ասում, թե հայերս չունենք իսկապես ընդօրինակման արժանի մարդիկ` այն էլ` որքան, դրանք բավարար ու միգուցե նույնիսկ չափից ավելի շատ են: Սակայն ուրիշ բան են առանձին շերտերի պատկերացումներն այդ հերոսներին ներկայացվող պահանջների մասին, ուրիշ բան` զանգվածային գիտակցությունը, որի վրա կարող են ազդել հաջողակ համարվող գործատիրոջ` միջոցների առաջ խտրություն չդնելով հարստանալու ճարպկությունն ու մղել դա պատճենելուն, այդպիսով` ակամա ժամանակի հերոս դարձնելով հենց այդպիսի «հերոսի» կամ հակահերոսի: Կամ` կարող է ընդունելի թվալ բռունցքով խնդիր լուծողի թվացյալ ամենակարողությունը, որը նույնպես կարող է դեռահասների համար ձգտման եւ նմանվելու խայծ դառնալ: Եթե ավելացնենք, որ հերոսների կերպարը հանրությանը մատուցողներն իրենք շատ հաճախ կասկածելի ճաշակի տեր կամ իրենց ֆինանսավորող դրամատիրոջ ճաշակով առաջնորդվող մարդիկ են, հստակ կարելի է պատկերացնել, թե ինչ հերոսներ են մատուցվում հանրությանը, ինչ բառապաշար ունեն նրանք, որտեղից է սկսվում նրանց կրթությունը կամ ավելի ստույգ` անկրթությունը: Եւ առհասարակ` նման հերոսներով իրական դրական կերպարներին երկրորդ պլան մղելով` ուր ենք գլորում մեր հասարակությանը: Կարողանո՞ւմ եք նայել մեր հեռուստատեսությունների ոչ լրատվական ծրագրերը, զգում ե՞ք` մեծ մասամբ (բացառությունները նույնպես օրինաչափությունը հաստատելու վկա են) ովքեր են մեր էկրանների ամենօրյա հերոսները, ինչի մասին են խոսում, ինչպես են ոլորում հայերեն բառերը, ինչպես են ամենաքստմնելի թեմաները եթեր քարշ տալիս: Ով կարող է ասել, թե մի քանի րոպեից ավելի կարող է նայել ութսուն տոկոսի ձգող հեռուստաաղբը: Միշտ էլ հաճելի բացառություններ կան թեեւ:

Բայց ամեն ինչ կորած չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ բազմաթիվ ազդակներ կան, որ հանրության սրտում դեռ մեծ արձագանք են գտնում դրական պատմությունները` պայքարող, կրթվող, աշխատասիրությամբ նպատակին հասնող մարդկանց մասին, եւ փառք Աստծո, որ ասենք չկրթված ու կացնային մեր գործարարների կողքին կան նաեւ ուսյալ, իրենց նպատակը հայությանն օգտակար լինելը դարձրած մեծահարուստները, որոնք դա ամենեւին էլ ցուցադրաբար չեն անում, այլ արդյունքային հանրագումարով ( այս առումով` Քըրք Քըրքորյանի փողերով ստեղծված հոլիվուդյան ֆիլմի օրինակը երանի վարակիչ լիներ իրենց բարերար համարողների համար` իսկապես հայանպաստ ծրագրեր ֆինանսավորելու):

Կամ կան այնպիսիք, որոնք մայրենի լեզվի հերն անիծող եւ անհոդաբաշխ թերասացություններ շաղ տվողների կողքին` կարող են ոչ միայն լեզուների տիրապետել, այլեւ գրագետ մայրենին գերադաս օգտագործման պահել` վարակիչ օրինակ դառնալով մյուսների համար (Ռուբեն Վարդանյանը, Հրանտ Վարդանյանի որդիները, Ռալֆ Յիրիկյանը, էլի մեկումեջ կան):

Բայց եւ հանրությանը կերպար առաջադրողներն այնքան էլ չեն ջանում ընդգծել տարբերությունը, քանի որ միջին թաղային հեղինակության նկարագրից շատ չտարբերվող նկարագրով ահռելի հարստություն կուտակածներին պետությունը եւս իրենց տեղը ցույց չի տալիս, ավելին` նրանք հանգիստ կարող են պաշտոններ ու բիրիքով մանդատներ գնել, այդպիսով իրենց կերպարը ճարպիկի ու բաշարողի շապիկում տեղադրելով, ինչ-որ շերտերի համար ընդօրինակելի դարձնելով: Միտքը, թե դիպլոմը, պաշտոնն ու մանդատն առնովի են, կրթվելն էլ կարեւոր չէ, կարծես դեռ երկար ժամանակ չի պատրաստվում իր տեղը զիջել մի փոքր ավելի մարդկային մտայնությանը, նույն պատճառներով էլ` կերպար առաջարկողներն իրենց առաջարկները կառուցում են դրա համար փող ծախսողի քիմքով ու ճաշակով:

Իհարկե, վիճակն օրհասական չէ, քանի որ օժտված երիտասարդության ստեպ-ստեպ առկայծումները հույս են ներշնչում, որ հասարակությունն, այնուամենայնիվ, տեղ-տեղ կարողանում է ինքնամաքրվել եւ ապահովել զարգացման ինչ- որ գեներացիա: Բայց եթե հանրության մակարդակով չենք գիտակցում, գիտակցելուց հետո էլ` մեր ամենակարողներին չենք հասկացնում, որ ազգի կերպար ենք խաթարում, իսկապես վաղը կարող է ուշ լինել անհավասարակշռությունն ուղղելու: Այս իմաստով մեր մեծահարուստներից մեկ-երկուսը գոնե կարող էին տարբերվել ու ֆինանսավորել այնպիսի նախագծեր, որոնք առանց պաթոսի, արժեքային տանելի մակարդակով դրական պատմություններ կստեղծեին` գտնելով իսկապես ազգի տաղանդավոր եւ ընդօրինակման արժանի հերոսներին, ու կհասցնեին հանրությանը: Դրանք կպատմեին եւ ապրիլյան պատերազմի հերոսների ( ի սեր Աստծո, այդպիսի պաթոսով եւ կեղծ շեշտադրությամբ ֆիլմեր մի արեք նրանց մասին, պաթոսը հերոսների թշնամին է), եւ կրթությամբ, արժեքային համակարգով ազգի համար իրական նշանակալիություն կրողների մասին, որոնք իսկապես մեզանում կան, գոյություն ունեն, երբեմն անտեսված, երբեմն` իրենց իսկ տիտանական ջանքերով հասարակությանը հայտնի: Այդ իմստով արժե հարցնել` ամեն մեկս էդ ուղղությամբ ինչ- որ բան ձեռնարկե՞լ է, որ հետո թեւերը թափ տա ու ասի` համատարած դեգրադացիա է, լավ բան չեն ուզում: Իսկ այն քիչը, որ արվում է, իսկապես ուրախացնող է:

Երեւի հայերս, այնուամենայնիվ, Աստծո կողմից մոռացված ազգ չենք, քանի որ հանրության մեծ մասին կրթելն իրենց գործը չհամարող, գլուխը կախ իրենց գործին մտավորականության կողքին, պետության եւ իրավասուների թերացումներից անկախ, Աստված մեզ ուղարկում է այդպիսի հերոսներ, որոնք եւ զանգվածային դրական ընկալում ունեն:

Անձամբ ես Աստծուց շնորհակալ եմ` հայ երիտասարդության համար ընդօրինկման արժանի այնպիսի կերպար ուղարկելու համար, որպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Նրա հանդեպ զանգվածային համակրանքը նաեւ լայն զանգվածների համար սիրելի սպորտաձեւով` ֆուտբոլով է պայմանավորված, բայց երբ իմանում ես նրա մասին ավելին ու ավելին, հասկանում ես, որ, իրոք, նրա կերպարն Աստծո պարգեւ է, որին նմանվելը ամոթալի չէ անգամ ամենալավ դաստիարակությունը ստացած երեխաների համար: Ֆուտբոլը` միջոց, որով մեր Հենոն ցույց է տալիս բոլոր այն հատկանիշները, որոնք պետք են բոլոր մասնագիտությունների համար` պրոֆեսիոնալիզմ, կամքի ուժ, աշխատասիրություն, զսպվածություն ու համեստություն, այս բոլորը ոչ մի պահ չմոռացված հայկականությամբ ներծծված: Սակայն ֆուտբոլի համար բարձրակետ այս հատկանիշներով մեր ժամանակի այս հաջողված կերպարը չի ավարտվում: Մյուս` միջազգայնորեն հայտնի ֆուտբոլիստները էժան ժամանցների հետեւից են գնում` մեր Հենոն ավելացնում է լեզուների իմացության իր բագաժը` վեցերորդ լեզուն է սովորում, կարդում աշխարհի հայտնի գրողներին, լսում դասական երաժշտություն, այցելում պատկերասրահներ եւ այլն: Հասկանո՞ւմ եք` ինչ է կատարվում: Զանգվածային սպորտաձեւով երիտասարդության սիրելին դարձած հերոսը կարծես հուշում է` սոսկ սպորտը քիչ է, սիրելիներս, կարդացեք, զարգացեք, լեզուներ սովորեք, ամենակարեւորը` մի գոռոզացեք եւ երբեք մի մոռացեք ձեր հայ լինելը: Ինչով Աստծո պարգեւ չէ այս կերպարը, որ բազմաթիվ իրավասուների, հասարկության մեջ առկա բարքերի ավերածն է մաքրում մեր երիտասարդության հոգիներում:

Նրա նման ուրիշները կան` գիտության մեջ, արվեստում, իրական արժեքներ, միգուցե մեր մեղքն է նրանց չգտնելն ու նրանց վերաբերյալ դրական պատմությունները հասարակությանը չհասցնելը, մարդկանց հոգիները չբուժելը:

Մի օրինակ էլ իմ կողմից. Տավուշի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի աշխատում է երեւանցի մի աղջիկ` Սաթեն Պետրոսյանը: Նա մեծացել է փափուկ կյանքով, Երեւանում ունի այն ամենը, ինչ պետք է երեւանցի երիտասարդությանը` որպես մեկնարկային հնարավորություն: Բայց նա այդ բոլորը թողել է Երեւանում ու գնացել մշտապես ադրբեջանական կրակոցների տակ եղած գյուղի դպրոց`աշակերտներին տալու իր ներսի լույսը, քանի որ միայն լուսավոր մարդիկ կարող են այդ քայլին գնալ: Նրան աշակերտները շատ են սիրում, նա է իրենց համար բացահայտել է մաթեմատիկայի ու մարդկային հոգու գեղեցկությունը: Նրա նման մարդիկ կան, նրա նման արժեքները մեր կյանքը հավասարակշռող հանգուցակետեր են, իսկ մենք ամեն օր ոչ թե նրանց մասին ենք պատմում, այլ Վստրեչի Ապերի կամ իրար սիրտ դանակ խրող կասկածելի տղերքի մասին: Մեր ԶԼՄ-ները չեն սիրում դրական պատմություններ, նրանք ավելի շատ մարդկանց ճնշող, ոչնչացնող, տրորող, ցնցող, «շատ շտապ» պատմությունների գերին են, որոնք պահանջարկված են, ռեյտինգ են ապահովում, սակայն նաեւ ագրեսիա են առաջացնում եւ անիծում հասարակության հերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.