AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 7899, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈԼՈՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԹՇՆԱՄԻ՞ ԵՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ադրբեջանի զինված ուժերում «հայկական լրտեսական ցանցի բացահայտման» առիթով այդ երկրի պետական անվտանգության ծառայության տնօրեն Մադաթ Գուլիեւը տեսակետ է հնչեցրել, որ արտաքին ուժերից «սպառնալիքներ կան, որոնց արմատները գալիս են դեռեւս 1988-90-ական թվականներից»: Նրա գնահատմամբ, խոսքը մի քանի երկրներից եւ միջազգային կառույցներից Ադրբեջանին «սպառնացող վտանգի մասին է»: Գուլիեւի խոսքերով, «վերջին սպառնալիքը բացահայտվել է պաշտպանության նախարարության կողմից, իսկ նախագահը գլխավոր դատախազ Գարալովին հանձնարարել է, եւ քննչական խումբն արդեն հետաքննություն է անցկացնում»: http://anaxeber.az/fles/29226

Ինչի՞ մասին է խոսքը, փորձել են պարզել լրագրողները, եւ ստացվել է հետեւյալ պատկերը. տարածաշրջանում Ադրբեջանի համար Թուրքիայից բացի մյուս բոլոր երկրները, ինչպես նաեւ արեւելյան հարեւան Թուրքմենստանը, «ազգային անվտանգության համար սպառնալիք են»: Այդ երկրներից, ինչպես կարելի է անսխալ գուշակել, Ադրբեջանի առաջին սպառնալիք դիտվում է Հայաստանը, որը «քսանհինգ տարի է, օկուպացրել է ադրբեջանական հողերը եւ չի հրաժարվում իր ծավալապաշտական քաղաքականությունից»:

Չնայած պաշտոնական քարոզչությանը, որը Վրաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները գնահատում է իբրեւ «ռազմավարական համագործակցություն», վերոհիշյալ լրագրողական հետաքննության ձեւակերպմամբ Վրաստանում «վերջին տարիներին գլուխ է բարձրացնում ազգայնականությունը»: Այն առաջին հերթին դրսեւորվում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններով»: Խոսքը վերաբերում է ներկայումս Ադրբեջանի կազմում ընդգրկված որոշ տարածքների, որոնք նախկնում մեծամասամբ բնակեցված են եղել իսլամադավան վրացիներով:

Տարածքային այդ վեճը բավական սուր դրսեւորվել է 1918-20 թվականներին եւ լուծվել հօգուտ արդեն խորհրդային դարձած Ադրբեջանի: Խնդիրը վերստին օրակարգային էր Վրաստանում Զվիադ Գամսախուրդիայի կառավարման շրջանում: Էդուրադ Շեւարդնաձեի եւ հատկապես Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք հարցը, կարծես, տրված էր մոռացության: Այսօր, ըստ երեւույթին, Վրաստանում որոշակի շրջանակներ այն սկսել են վերստին արծարծել, ինչը, բնականաբար, Ադրբեջանում համարում են «ծայրահեղ ազգայնականություն»:

Բացի դրանից, Ադրբեջանում գտնում են, որ Վրաստանի «էթնիկ ադրբեջանցիներն անտեսված են, իշխանությունները վարում են «բնիկ ադրբեջանական տեղանունների անվանափոխության քաղաքականություն, Վրաստանի ադրբեջանական դպրոցներում անտեսված է Ադրբեջանի պատմությունը»: Խնդիրն, ըստ երեւույթին, բավական լուրջ է: Հակառակ դեպքում Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջալալօղլուն թույլ չէր տա հետեւյալ ձեւակերպումն անել. «Առանց Ադրբեջանի հետ բարեկամության Վրաստանը չի կարող ոտքի վրա կանգնած մնալ»: Սա բավական բաց տեքստով արված սպառնալիք է: Ադրբեջանում կարծում են, որ Վրաստանի իշխանությունների «ոչ բարեկամական կեցվածի» դեպքում Քվեմո-Քարթլիի ադրբեջանական բնակչությունը կարող է բարձրացնել «ազգային ինքնորոշման հարց»: Բաքվի լրատվամիջոցներում այդ տարածաշրջանը գրեթե միշտ անվանվում է «Բորչալու», որը դիտվում է Թուրքիայի հետ կապի միջոց:

Ադրբեջանին հաջորդ «սպառնալիք» է դիտվում Իրանը, որը «1990-ական թվականներին գաղտնի եւ բացահայտ աջակցել է մինչեւ Բաքու առաջ շարժվելու հայկական զինված ուժերի ծրագրին, ինչպես նաեւ աջակցել հարավային շրջաններում անջատողական ձգտումներին»: Ըստ վերլուծականի, Իրանը «չի հրաժարվել իր վտանգավոր մտադրություններից»: Ավելին, դրանց գումարվել է եւս մեկըՙ Կասպից ծովի «ադրբեջանական հատվածի նավթագազային հանքավայրերի նկատմամբ հավակնությունները»: Նույն մեղադրանքը ներկայացված է նաեւ Թուրքմենստանին:

Լրագրողական ուսումնասիրության մի զգալի հատվածը նվիրված է Ռուսաստանից «եկող սպառնալիքներին»: Այդ շարքում առաջինը խոսվում է «Ռուսաստանի կողմից ադրբեջանական հողերում Հայաստան անունով ֆորպոստ ստեղծելու եւ շարունակվող օկուպացիային աջակցելու» մասին: Երկրորդ տեղում Ադրբեջանի հյուսիսային շրջաններում «անջատողական ուժերի հետ ռուսական որոշակի շրջանակների համերաշխությունն է»: Խոսքը լեզգիաբնակ շրջանների մասին է, որոնք տնտեսական եւ մշակութային սերտ կապերի մեջ են Դաղստանի ինքնավար հանրապետության հետ:

Ուսումնասիրությունն ավարտվում է խիստ ենթատեքստային ընդհանրացմամբ. «Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե Ադրբեջանը տարածաշրջանում մեկուսացված է: Նախիջեւանի հատվածում Թուրքիայի հետ ընդհանուր սահմանի առկայությունը թույլ է տալիս ապահովել երկու երկրների մշտական ցամաքային կապը»: Հասկացվում է, որ հարեւանների հետ հավակնոտ հարաբերություններում Ադրբեջանը շեշտը դնում է Թուրքիայի աջակցության վրա:

Թվում է, պատահական չէ, որ այս կարգի վերլուծություններ Ադրբեջանում արվում են «հայկական լրտեսական ցանցի բացահայտման» մասին տեղեկատվության համատեքստում: Ըստ երեւույթին, այդ երկրի հասարակական տրամադրությունները բոլորովին այն չեն, ինչ ներկայացնում է պաշտոնական քարոզչությունը: Իրականում Ալիեւի վարչախմբի արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ Ադրբեջանը խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ: Ընդ որում, դրանք չափազանց խորն են, եւ եթե իրադարձությունները զարգանան Ադրբեջանի համար ոչ նպաստավոր սցենարով, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, երբ բախումն անխուսափելի կլինի:

Շուրջ երկու տասնամյակ է, ինչ Բաքվի քարոզչամեքենան հետեւողականորեն պնդում է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ոչ մի արմատական հակասություն չունի հարեւան երկրների հետ, չի միջամտում նրանց ներքին գործերին եւ թույլ չի տալիս, որպեսզի նրանք էլ իր ներքին խնդիրներին խառնվեն: Խնդրո առարկա վերլուծականը հակառակն է ապացուցում:

Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը դեռեւս կայացած պետություն չէ: Ամենակարեւորըՙ նրա սահմանների օրինականության հարցը դրսեւորվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի, այլեւ Վրաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի հետ ունեցած տարածքային վեճերի կտրվածքով: Խոսք չկա, նման իրավիճակն իրոք լրջագույն սպառնալիք է, բայց դրա համար չպետք է մեղադրել ինչ-որ արտաքին ուժերի: Ադրբեջանի պետականությունը եւ, մանավանդ, նրա սահմանների հարցը վիճելի են ապրիորի: Ոչ թե բոլորն են Ադրբեջանին «թշնամի», այլ այդ երկիրն է, որ խախտում է տարածաշրջանի էթնոմշակութային հավասարակշռությունը:

Տպավորություն է, որ, ինչպես Թուրքիայում, Ադրբեջանում էլ կանխազգում են, որ Մերձավոր Արեւելքում հավանական կարգավորումը հենվելու է նախկին սահմանների վերանայման քաղաքականության վրա: Պաշտոնական Բաքուն կարծես ահազանգ է հնչեցնում, որ մասնատման վտանգը մոտենում է եւ փորձում համախմբել ուժերը: Ըստ երեւույթին, Ադրբեջանի հարավում եւ հյուսիսում ինչ-որ խմորումներ կան: Միլլի մեջլիսի պատգամավոր Վահիդ Ահմեդովը կարծիք է հայտնել, որ եկել է նոր վարչա-տարածքային բաժանման ժամանակը: Նա գտնում է, որ դա պետք է կատարվի ըստ «տնտեսական գոտիների, որոնք Ադրբեջանում 9 են»: Կարելի է վստահաբար ենթադրել, որ էթնիկ փոքրամասնությունների պատմական բնակության շրջանները կվերացվեն եւ կկցվեն ադրբեջանական հոծ բնակչություն ունեցող տարածքներին: Այլ բան է, որ այդ դեպքում, շատ հնարավոր է, ազգային ինքնության համար շարժումները կարող են ավելի սուր դրսեւորվել: Պարզ է մի բանՙ անկախությունից քառորդ դար հետո էլ Ադրբեջանը չունի լիարժեք պետականության նույնիսկ ներքին համոզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.