AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 10775, Տպվել է` 492, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ «ԿՈՒՏԸ» ԵՎ ԱՅՆ ԿՈՒԼ ՏՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առանց վիզաների Եվրոմիություն այցելելու հնարավորությունը դարձել է այն հիմնական եւ գրեթե միակ «կուտը», որ ԵՄ կոմիսարները փորձում են տալ նախկին Խորհրդային Միության հանրապետություններին իրենց ազդեցության տակ, այսինքն թակարդը գցելու համար: ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի գլխավոր «բլիթը» լինելով, այն մի դեպքում համեմատաբար արագ են տալիս, մյուս դեպքերումՙ երկար պահում այն համտեսել ցանկացողների թքի առաջ, անընդհատ հիշեցնելով այդ մասին, ներկայացնելով այն գրեթե որպես երկնքից թափվող մանանա:

Առանց վիզաների ԵՄ այցելելու հնարավորություն ստացած առաջին երկիրը ԵԱՏՄ-ո՞ւմ

Մոլդովայի քաղաքացիների համար համեմատաբար արագՙ 2014-ին, տրվեց առանց վիզաների ԵՄ այցելելու հնարավորություն, ցույց տալու համար, որ մյուս երկրները նույնպես կարող են դա ստանալ, եթե «խելոք մնան», այսինքնՙ կատարեն բոլոր պայմանները, այսինքնՙ պահանջները: Դրան նպաստեց նաեւ, որ Մոլդովայի բնակչությունը փոքրաթիվ է, սոցիալական վիճակըՙ վատ, հետեւաբար եւ ԵՄ այցելողների մեծ հոսքեր չեն լինի:

Այլ է պարագան Վրաստանի եւ Ուկրաինայի: Նրանք ամբողջ երեք տարի սպասեցին առանց վիզայի Եվրոպա այցելելու «բլիթը» ստանալուն, այդ ընթացքում կերակրվելով «եվրոպական մեծ ընտանիքին միանալու», «եվրոպական արժեհամակարգի կրող լինելու» եւ նմանատիպՙ ոչինչ չասող, քարոզչական «կտերով»: Ընդ որում, «ուղեղների լվացումը» այնքան հզոր եւ համակարգված է արվում, մեդիա եւ սոցցանցային տիրույթներն այնպես ուղղորդված են, որ այդ երկրներում քչերը հարց տվեցինՙ իսկ «ի՞նչ է տվել առանց վիզաների ԵՄ այցելելու հնարավորությունը Մոլդովային անցած երեք տարիների ընթացքում», ինչպե՞ս է դա ազդել այդ երկրի տնտեսության վրա: Այն դեպքում, երբ այդ երկիրը չունի փակ սահմաններ, հարեւաններից մեկը ազգակից, ԵՄ անդամ Ռումինիան է, մյուսըՙ նույն կողմնորոշումն ունեցող Ուկրաինան: Առանց վիզաների Եվրոպա գնալու հնարավորություն ունեցող Մոլդովայի տնտեսությունը պարզապես տարեց-տարի ավելի է ընկղմվել ճահճի մեջ, իսկ սոցիալական վիճակըՙ հասել աննախադեպ վատթարացման: Այս երկրի անմխիթար տնտեսական ցուցանիշների մասին եւ դրանց համադրումը Հայաստանի ցուցանիշների հետ, նկատի ունենալով բազմաթիվ նմանությունները մեր երկու երկրների միջեւ, նախկինում արվել է («Ինչո՞ւ հենց Մոլդովան համեմատենք Հայաստանի հետ», «ԱԶԳ», 5.02.2016թ.), ուստի չկրնկնվենք:

Նշենք միայն, որ սոցիալ-տնտեսական վատթարացող վիճակի հետեւանքով, ԵՄ հետ ասոցիացված եւ առանց վիզաների ԵՄ այցելելու հնարավարություն ունեցող երկրում, անցյալ տարվա նախագահական ընտրություններում հաղթեց այն քաղաքական ուժը, որը հանդես է գալիս ընդդեմ ԵՄ ծավալապաշտության: Նոր ընտրված նախագահ Իգոր Դոդոնը դիմել է ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար եւ ստացել այն: Ահա եւ հարցի պատասխանը, թե ի՞նչ նշանակություն ունի առանց վիզաների ԵՄ այցելելու հնարավորությունը տվյալ երկրի համարՙ բացարձակապես ոչ մի: Ինչ վերաբերում է ԵՄ հետ ասոցիացմանը, որին նաեւ Հայաստանը, չգիտես ինչու, այդպես ձգտում էր, բայց տեղի չունեցավ ԵԱՏՄ մտնելու պատճառով, ապա նոր խորհրդարանում այդ մասին վերջերս «Ելք» կոչվող դաշինքից հիշեց պատգամավոր դարձած նախկին վարչապետը: «Մոռանալով» Ուկրաինայի եւ Մոլդովայի համար ԵՄ հետ ասոցիացման թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական ողբերգական հետեւանքները, նախկին վարչապետը բերում էր Վրաստանի իբր թե դրական օրինակը:

Քանի որ վերոնշյալ քաղաքական ուժի ղեկավարների եւ ոչ միայն ղեկավարների պարագայում ԵՄ հանդեպ հիվանդագին եւ հավանաբար ոչ առանց շահի սերը մթագնել է գիտակցությունը, հարկ ենք համարում ներկայացնել Վրաստանի վերաբերյալ մի քանի փաստեր: Կվերականգնի՞ դա նրանց գիտակցությունը, թե՞ ոչ, դժվար է ասել, եթե Մոլդովայի եւ Ուկրաիայի վիճակները նրանք չեն ցանկանում տեսնել, ապա Վրաստանինը նույնպես հակված չեն լինի տեսնել: Այդուհանդերձ, ներկայացնենք տվյալներ հարեւան երկրից:

Ինչո՞ւ են հիշեցնում Վրաստանի չստացած դրախտը, երբ ...

Հիմք ընդունենք երկու հիմնական ցուցանիշներՙ տնտեսության (համախառն ներքին արդյունքիՙ ՀՆԱ) ծավալի եւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների փոփոխությունները վերջին 5 տարիներին: Այդ ժամանակ հիմնականում ավարտվել էին Վրաստանի իշխանությունների ակտիվ բարեփոխումները, որոնց մասին հիացմունքից շնչահեղձ լինելով սիրում են խոսել եվրոպական «բլիթի» մեր սիրահարները: Այսպիսով, Վրաստանի տնտեսական աճը ըստ տարիների.

2012 թ.ՙ 6,4 տոկոս

2013 թ.ՙ 3,4 տոկոս

2014 թ.ՙ 4,6 տոկոս

2015 թ.ՙ 2,9 տոկոս

2016 թ.ՙ 2,2 տոկոս

Այսինքն, միասին վերցրած վերջին հինգ տարիներին Վրաստանում տնտեսական աճը կազմել է 19,5 տոկոս, իսկ միջին տարեկան աճըՙ 3,9 տոկոս: Սա այն դեպքում, երբ նախորդող տարիներին ամերիկյան եւ եվրոպական կառույցներն առատորեն ֆինանսավորել են գունավոր հեղափոխություն իրականացրած առաջին հետխորհրդային երկրինՙ մինչեւ 4 մլրդ դոլար, որի գերակշիռ մասը դրամաշնորհներ են եղել: Անգամ երկրի ղեկավարների աշխատավարձը 2 տարի վճարում էր ամերիկյան կառավարությունըՙ նախադեպը չունեցող երեւույթ աշխարհում: Ի դեպ, որքանո՞վ է սա համապատասխանում անկախ երկրի կարգավիճակին, այլ խոսակցության թեմա է: Այնուամենայնիվ, ընդդիմախոսները կասեն, բայց սա ոչ թե «կուտ» է, այլ բավականին լավ եւ ախորժալի «բլիթ»: Թերեւս, բայց դա եզակի օրինակ էր եւ արդեն անցյալ է դարձել: Ուկրաինան եւ Մոլդովան, ի տարբերություն Վրաստանի, չստացան նման «բլիթներ», քանի որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հասկացան, որ չեն կարող այս երկրների ծախսերը նույնպես իրենց հարկատուների ուսերին դնել եւ բավարարվում են նրանցՙ վերեւում նշված անորոշ խոստումներ տալով:

Վրաստանի այս ցուցանիշները համադրենք նույն տարիներին Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների հետ, որոնք հետեւյալն են

2012 թ.ՙ 7,2 տոկոս

2013 թ.ՙ 3,3 տոկոս

2014 թ.ՙ 3,6 տոկոս

2015 թ.ՙ 3,2 տոկոս

2016 թ.ՙ 0,2 տոկոս

Այսինքն, հինգ տարիներին միասին վերցրած, նման ծավալի օգնություն չստացած, շրջափակման, մշտական պատերազմական վիճակում գտնվող, դեպի արտաքին աշխարհ ճանապարհներ չունեցող Հայաստանի տնտեսական աճը կազմել է 17,5 տոկոս, իսկ միջին տարեկան աճըՙ 3,5 տոկոս: Տարբերությունը չնչին է, այնպես ինչպես մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով, որոնք հետեւյալն են.

2012 թ. Վրաստանՙ 4130 դոլար - Հայաստանՙ 3576 դոլար

2013 թ. Վրաստանՙ 4266 դոլար - Հայաստանՙ 3732 դոլար

2014 թ. Վրաստանՙ 4433 դոլար - Հայաստանՙ 3889 դոլար

2015 թ. Վրաստանՙ 3719 դոլար - Հայաստանՙ 3547 դոլար

2016 թ. Վրաստանՙ 3842 դոլար - Հայաստանՙ 3511 դոլար

Ինչպես երեւում է երկրի կենսամակարդակը որոշող այս հիմնական ցուցանիշով նույնպես էապես չենք զիջում Վրաստանի ցուցանիշին: Ավելին, 5 տարվա ընթացքում Վրաստանում այս ցուցանիշը նվազել է մոտ 300 դոլարով կամ 7 տոկոսով, իսկ Հայաստանումՙ 65 դոլարով կամ 2 տոկոսով: Տվյալ դեպքում եվրոպական «բլիթից» օգտվող Վրաստանի ազգային արժույթըՙ լարին 2014-ին կտրուկ արժեզրկվեց, նույնքան կտրուկ գնաճի եւ կենսամակարդակի անկման պատճառ դառնալով: Ներկա պահի դրությամբ էլ 186 երկրների մեջ վերոնշյալ ցուցանիշով Վրաստանը զբաղեցնում է 110-րդ, Հայաստանըՙ 115-րդ տեղը: Գրեթե հարեւաններ ենք նաեւ զբաղեցրած տեղերով:

Այստեղ միանշանակ է մեկ բան, եթե Վրաստանը չթշնամացներ հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ԵՄ հետ ասոցիացվելու փոխարեն Հայաստանի պես մուտք գործեր ԵԱՏՄ, ապա անհամեմատ ավելի լուրջ տնտեսական զարգացում կունենար: ԵՄ հետ ասոցիացման պատճառով կրած կորուստները, մասնավորապես երկար ժամանակ վրացական հիմնական արտահանվող ապրանքների համար ռուսական շուկայի փակվելը, լուրջ վնասներ հասցրեցին Վրաստանի գյուղատնտեսությանն ու սննդարդյունաբերությանը: Դա իհարկե այդ երկրի որոշելիք խնդիրն է, բայց որ ընդօրինակման արժանի չէՙ հաստատ է:

Վրաստանի զարգացումը տրամաբանորեն պետք է ավելի արագ ընթանար, եթե նկատի ունենաք այդ երկրի նպաստավոր աշխարհագրական դիրքը: Ելքը դեպի ծով եւ խոշոր նավահանգիստները, ադրբեջանական ապրանքների համարՙ կարեւոր, իսկ հայկական ապրանքների համար գլխավոր տարանցիկ երկիր լինելը, միջազգային նավթատարների եւ գազատարների անցնելը իր տարածքով եւ այս ամենից ստացվող եկամուտները, ծովափնյա հանգստավայր լինելը արդեն իսկ բավական են, որպեսզի Վրաստանը առանց հավելյալ ջանքերի կարողանա ունենալ ավելի բարձր կենսամակարդակ, քան մենք: Այդ երկրի զարգացումը հիմնված է հիմնականում այս ամենի վրա, քանի որ դադարել են ստացվել այն ռեսուրսները, որոնց մասին նշվեց վերեւում: Ինչ մնում է քաղաքական կարգավիճակին, ապա վրացական հասարակական շրջանակները մեծ անհանգստությամբ են խոսում երկրիՙ թուրք-ադրբեջանական կախման մեջ ընկնելու մասին: Անգամ դրա դեմ ընդդիմացող քաղաքական ուժ է ստեղծվելՙ Վրաստանի հայրենասերների այլանսը, որը խորհրդարան անցած երեք կուսակցություններից մեկն է: Հազիվ թե նման հեռանկարը Հայաստանի համար ցանկալի տարբերակ լինի:

Այս ամենը գուցե դժվար հասանելի են «Ելք»-ում հանգրվանած նախկին վարչապետին եւ մյուս բոլորին, որոնք Վրաստանը ձգտում են ներկայացնել որպես եվրոպական «դրախտի» ճանապարհն ընտրած երկիր եւ տեղի-անտեղի մեզ համար օրինակ բերում այդ ընտրությունը: Մենք փորձել ենք հեշտացնել նրանց գործը եւ ներկայացնել այն իրականությունը, որ կա թե՛ այդ, թե՛ եվրոպական տարատեսակ «կտեր» կուլ տված այլ երկրներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.