AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 6534, Տպվել է` 350, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԻ

Պ. Ք.

Վաշինգտոնը դարձյալ քաոս է սերմանում Մերձավոր Արեւելքում

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ իսլամական արաբական երկրների եւ ԱՄՆ-ի գագաթաժողով, որին մասնակցում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ արաբական 37 պետությունների ղեկավարներ: Դա տեղի ունեցավ առաջին անգամ: Գագաթաժողովի կարգախոս էր ընտրված «Միասին մենք ուժեղ ենք» արտահայտությունը: Հանդիպման գլխավոր նպատակը մասնակից երկրների գործարար, մշակութային ու քաղաքական կապերի հետագա խորացումն է հանդուրժողականության եւ համագործակցության հանդեպ ընդհանուր հավատի միջոցով: Հայտարարվեց, որ միջոցառման գլխավոր նպատակներից մեկը «երկրների միջեւ կայուն հիմքի եւ առավել պայծառ ապագայի ստեղծում է»:

Որպես գլխավոր օգտատեր հանդես էր գալիս, իհարկե, Թրամփը, որը էր-Ռիադի հետ կնքեց 110 միլիարդ դոլարի զենքի հայթայթման պայմանագիր: Նա հանդես եկավ լավ պատրաստված 30 րոպեանոց ճառով, որի գլխավոր թեզիսները հրապարակվեցին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքում: ԱՄՆ նախագահի ելույթի հիմնական դրույթը հետեւյալն է. «Մենք այստեղ չենք եկել ուրիշներին սովորեցնելու, թե ինչպես պետք է ապրեն, ինչ անեն կամ ինչպես հավատան Աստծուն: Դրա փոխարեն մենք այստեղ առաջարկում ենք փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցություն, որպեսզի հասնենք ամենքի համար լավագույն ապագայի»: Մահմեդական աշխարհին ահաբեկչության դեմ պայքարի համար միավորվելու կոչ անելով, հայտարարելով, որ խոսքը «բարու եւ չարի» պայքարի մասին է, Թրամփը ընդգծեց, որ ԱՄՆ-ը ձգտում է երկրների կոալիցիա ստեղծել, որը կունենա «ընդհանուր նպատակՙ ծայրահեղականության վերացումը»:

Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը նշում է, որ դա անհասկանալի նախաձեռնություն է, քանզի Մ. Նահանգները առանց այդ էլ գլխավորում է «Իսլամական պետության» դեմ պայքարող» կոալիցիան, որի մեջ մտնում են 60-ից ավելի պետություններ: Արդ, ո՞ր պետությունները կմտնեն նոր դաշինքի մեջ եւ ո՞ւմ դեմ կմարտնչեն: ԱՄՆ նախագահը պարզություն չմտցրեց այդ հարցում: Սակայն այցի նախօրեին The Washington Post թերթը գրել էր, որ փորձ է արվում ստեղծելու յուրօրինակ «արաբական ՆԱՏՕ», որի կազմի մեջ (Սաուդյան Արաբիայից բացի) կարող են մտնել ԱՄԷ-ն, Հորդանանը եւ Եգիպտոսը: Ընդ որում, Վաշինգտոնը մտադիր է միայն կազմակերպչական դեր խաղալՙ մնալով դաշինքից դուրս: Իբր հենց այդ նախագծի շրջանակներում են իրականացվում ամերիկյան զենքի անչափ խոշոր մատակարարումները Սաուդյան Արաբիային: Միեւնույն ժամանակ, ամերիկացի փորձագետները ընդգծում են, որ տվյալ նախագծի իրականացման հարցում գոյություն ունեն մի շարք աշխարհաքաղաքական, քաղաքական-դիվանագիտական ու տեխնիկական բարդություններ:

Սպիտակ տան նախաձեռնությունը նկատելի մտահոգություն է առաջացրել Իսրայելում, ուր Թրամփը երկօրյա այցով (մայիսի 22-23-ը) մեկնեց Սաուդյան Արաբիայից հետո: Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շատյնիցը հայտարարեց, որ իր երկիրը կուզենար պարզաբանումներ լսել այդ համաձայնագրերի առնչությամբ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց, որ Իսրյաելը Սաուդյան Արաբիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, որ այդ երկիրը առաջվա պես թշնամաբար է տրամադրված իրենց հանդեպ, եւ ոչ ոք չգիտե, թե նա ինչ կանի ապագայում:

Իրոք, ապագան մնում է անհայտ: Էր-Ռիադը, ձգտելով ավելի բարձր մակարդակի հասցնել Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները, փաստորեն շարունակում է վճարել իր անվտանգության դիմաց: Մինչդեռ ամերիկացիները, զինավաճառքի խոշոր գործարքների շնորհիվ մեծ գումարներ վաստակելովՙ մտադիր են տարածաշրջանային անվտանգության պատասխանատվության բեռը դնել այդ շրջանի երկրների վրա:

Կասկածելի է թվում առաջարկվող կոալիցիայի բուն ցուցակը: Այսպես. Մերձավոր Արեւելքում պատմականորեն գոյություն ունի Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի մրցակցության գործոնը: Բացի դրանից, նախագահ Թրամփը սուննի մահմեդական երկրներին առաջարկում է պայքար ծավալել շիա երկրների դեմ: Այս կապակցությամբ ամերիկացի փորձագետները հիշեցնում են, որ 2015 թվականին ձախողվեցին համաարաբական սուննի խմբավորումներ ստեղծելու Եգիպտոսի փորձերը: Այդ խմբավորումները պետք է գործեին Եմենում, որտեղ հակամարտություն էր ծագել հուսիտ ապստամբների եւ Եմենի կառավարական զորքերի միջեւ: Եգիպտոսի համար բարդություն ստեղծեց այն հանգամանքը, որ տվյալ խմբավորումները Եմենից հետո կարող են ուղարկվել Լիբիայի, ապա նաեւ Սիրիայի ճակատներ: Բացի դրանից, Թեհրանի դեմ պայքարին Կահիրեի մասնակցությունը սկզբունքորեն կասկածելի է թվում: Իրանը երբեւէ որեւէ ձեւով չի սպառնացել Եգիպտոսին: Իսկ իրակա՞ն է արդոք Էր-Ռիադի եւ Թեհրանի ռազմական բախման հնարավորությունը: Գերմանական Die Welt թերթի փորձագետների կարծիքովՙ իրական բախումը քիչ հավանական է, սակայն անուղղակի դիմակայությունը կշարունակվի Եմենում, Սիրիայում եւ Իրաքում «միջնորդավորված պատերազմների» միջոցով:

Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ իսլամաարաբական-ամերիկյան գագաթաժողովից հետո իրեն զգալ կտա շիա գործոնն Ադրբեջանում: Լարվածությունը կարող է աճել կրոնական խառը բնակչություն ունեցող երկրներում, օրինակ Բահրեյնում, Լիբանանում, գուցե նաեւ Պակիստանում: Այս ամենից շահում է առաջին հերթին «Իսլամական պետությունը», որը ստանում է թրամփա-սուննիական կոալիցիայի անկայունությունից օգտվելոււ հնարավորություն: Ջիհադիստները կարող են ակտիվորեն թափանցել Մերձավոր Արեւելքի ուրիշ երկրներ: Եթե ԱՄՆ-ի դիվանագիտությունը իրեն նման նպատակ էր առաջադրել նախագահ Թրամփի սաուդյան այցից առաջ, ապա նա հասնում է այդ նպատակինՙ իրար դեմ հանելով շիա եւ սուննի իրավունքների վրա հիմնված եւ մահմեդական աշխարհում առաջնության համար պայքարող պետություններին:

Թրամփը խստիվ քննադատում է Բարաք Օբամայի մերձավորարեւելյան քաղաքականությունը, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գործարքը: Թրամփը մահմեդական աշխարհի կենտրոն է անվանում ոչ թե Եգիպտոսը, այլ Սաուդյան Արաբիան, վերջինիս հետ զինավաճառքի բազմամիլիարդանոց պայմանագիր կնքելովՙ ԱՄՆ նախագահը հույս է հայտնում, որ դրանք Էր-Ռիադին կօգնեն ապահովելու տվյալ երկրի եւ ամբողջ Պարսից ծոցի անվտանգությունը իրանական վտանգին դեմ հանդիման, ինչպես նաեւ ընդլայնելու սաուդցիների մասնակցությունը տարածաշրջանում մղվող հակաահաբեկչական պայքարին:

Թուրքիան Սաուդյան Արաբիայի հետ թերեւս կարող էր մասնակցել հակաիրանական կոալիցիային, եթե Վաշինգտոնը հրաժարվեր սիրիացի քրդերին ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերումից, նշում են ամերիկացի փորձագետները: Քրդական հարցում Անկարայի եւ Թեհրանի դիրոքրոշումները փաստորեն համընկնում են, ինչը նվազեցնում է Սիրիայի հարցում երկու երկրների ռազմաքաղաքական դաշինքը պառակտելու Վաշինգտոնի հնարավորությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.