AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Օրերի հետ

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8816, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՇՓՈԹԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դասագրքային ճշմարտություն է, որ պետություն եւ իշխանություն իրար շաղկապված, բայց տարբեր հասկացություններ են, քաղաքագիտության մեջ դրանք վաղուց ուսումնասիրված, սահմանված ու բացատրված ենՙ համապատասխան փաստերով, պատմական հոլովույթներում գրանցված օրինակներովՙ սկսած եգիպտական-փարավոնական ժամանակաշրջանի «աստվածային» ըմբռնումներից, ստրկատիրական եւ ավելի ուշՙ ճորտատիրական ու ավատապետական հասարակարգերից մինչեւ ավելի նոր ժամանակների հեղափոխությունները, միապետությունների տապալումները, քաղաքացիական հասարակարգերի հաստատումը տարբեր պետություններում ու, վերջապես, համամարդկային իրավունքների կիրառման մեր ժամանակները, երբ ուժի իշխանությանը եկել է փոխարինելու ուժեղ իշխանություն հասկացությունը, որի ուժը, սակայն, հատկանշվում է «փափուկ ուժի իշխանությամբ» (soft power), որի ամբողջական կիրառման անցումային փուլում է գտնվում քաղաքակիրթ աշխարհն այսօր:

Նպատակս չէ տեսական քննարկումների մեջ մտնելը, մանավանդ որ մասնագետ չեմ, այլՙ հետեւորդ հասարակական իմաստության պարզությանը, որ այս պարագայում ձեւակերպվում է այսպես. «Իշխանությունները գնայուն են, պետությունըՙ մնայուն»: Այս միտքը մեր երկրում, հայրենաբնակ մեր ժողովրդի մոտ սկսեց արմատավորվել Խ. Միության կազմաքանդման օրերին եւ այնուհետեւ, երբ Հայաստանը հռչակվեց ազատ, անկախ, ինքնիշխան պետություն, եւ հայաստանցի մարդու մտապատկերից կամաց-կամաց սկսեց ջնջվել կուսակցություն-պետություն նույնականության 70-ամյա շփոթը, միակուսակցականության տիրապետությունը: Ու թեեւ հետագա տարիների զարգացումերըՙ ընտրությունների միջոցով իշխանափոխություն ապահովելու ջանքերի ձախողումը եւ քաղաքական լիարժեք ու բազմաշերտ էլիտայի չձեւավորվելը վնասեցին քաղաքական հասարակարգի ստեղծման գործը մեր երկրում, սակայն գոնե տեսականորեն տիրապետող է մնում վերոհիշյալ ճշմարտությունըՙ պետություն եւ իշխանություն տարբեր հասկացություններ են:

Սաՙ Հայաստանում: Մինչդեռ Սփյուռքում, օտար եւ տարբեր վարչակարգերի եւ անգամ հասարակարգերի պայմաններում ապրող հայի մտքում պետություն եւ իշխանություն շփոթը համայնքային որոշ շերտերում դեռեւս մնում էՙ այսպես կոչված հայրենական գործերում: Մինչդեռ միջին սփյուռքահայը, ծնվելով ու դաստիարակվելով գերազանցապես քաղաքակրթված երկրներում, առնվազն փորձում է որդեգրել անգլիական սկզբունքըՙ «Անգլիացին դրսում իր թագուհու արժանապատվությունն ու երկրի շահերը պաշտպանող ջենտլմենն է, իսկ երկրի ներսումՙ իր իրավունքները պաշտպանող քաղաքացին»:

Վերոհիշյալ շփոթն ու հակասությունը առաջին հերթին իրենց մաշկի վրա են զգացել, նվազ կամ առավել չափով, մեր ավանդական կուսակցությունները, որոնք կառույցներ ունեն նաեւ գաղթօջախներում ու համատեղ ծրագրեր: Գաղտնիք չէ, որ հայրենական եւ սփյուռքյան հատվածների միջեւ երբեմն առաջանում են մոտեցումների տարբերություններ, առաջնահերթությունների որոշման հարցում տարակարծություններ, ինչը բնական է: Սակայն երբեմն կեցվածքների միջեւ տարբերությունը խորանում է այնքան, որ դառնում է անլուծելի: Դա հատկապես դրսեւորվում է Ռամկավար Ազատական կուսակցության տարբեր թեւերի միջեւ, ինչպես 1994-96 թթ.ին, երբ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը, գլխավորությամբ իր բեյրության թեւի, եւ ոչ առանց նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության քաջալերանքի, ուղղակի ճակատ բացեց ՌԱԿ Հայաստանի կառույցի դեմ, ինչպես նաեւ ջանաց փակել «Ազգ» օրաթերթը: Նրանց առարկությունն այն էր, որ «կուսակցությունը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի պետությանը , մինչդեռ հիմա, երբ երկիրը դարձել է անկախ, ինչո՞ւ պետք է դառնա ընդդիմադիր»: Այլ խոսքովՙ միեւնույն շփոթըՙ պետություն-իշխանություն:

Սակայն դժվար էր երեւակայել, որ 20 տարի հետո, երբ այնքան բան է փոխվել աշխարհում ու մեր երկրում, նույն շփոթը, դարձյալ իշխանությունների մեղսակցությամբ, կշարունակվի, այս անգամ ոչ թե կենտրոնական վարչության, այլ մի խումբ ինքնակոչ եւ ինքնահավաք մարդկանց կողմից, որոնց միակ «կուսակցական» գործունեությունը ցարդ եղել է հանդիպել տարբեր պաշտոնյաների ու եկեղեցականների հետ եւ «պատկեր մը քաշվիլ», այլ խոսքովՙ ինքնահաստատվել:

Բայց առավել զարմանալին, ավելի շուտՙ անսպասելին այն է, որ հիշյալ խմբակի պարագլուխը, որ Բուենոս Այրեսի նահանգային խորհրդում մի քանի տարի պատգամավոր է եղել եւ, հետեւաբար, պետք է հասու լիներ քաղաքակիրթ երկրների ժողովրդավարական կանոններին եւ ըմբռնումներին, հետն ունենալով ՌԱԿ Հալեպի կառույցի այժմ դասալիք նախկին ղեկավարին, ինչպես նաեւ Բեյրութիցՙ ոչ հայկական մի կուսակցության անդամի, մայիսի 29-ին Երեւանի Թեքեյան կենտրոնում տված ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Առավոտի» հարցինՙ ասել է. «Այսօր եկել ենք այն եզրակացության, որ Հայաստանում ՌԱԿ պետք չէ գոյություն ունենա, 70-ից ավելի կուսակցությունների շարքում: Մենք 95 տարի չենք աշխատել, հայություն պահել, որ գանք ներքին քաղաքական խնդիրներում մրցակցենք: ՌԱԿ-ը Հայաստանի ներքին խնդիրներից պետք է հեռանա, դիտորդ լինի, որ Հայաստանում ժողովրդավարությունը զարգանա, ընտրությունները թափանցիկ լինեն»:

Խոստովանենքՙ քաղաքական այսքան խորը տգիտությունը հուսահատեցնող է: Շփոթը շարունակվում է: Մեզ մնում է մի պարզ խորհուրդ տալ. «Պարոններ, փորձեք դրսում իսկապես ջենտլմեն լինել, իսկ ներսում մենք կմնանք լավ քաղաքացի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.