AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8665, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ Էՙ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի տնտեսության եւ երկրի բնակչության կենսամակարդակի որակական փոփոխություների համար անհրաժեշտ է բարձր տնտեսական աճՙ սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Քիչ հավանական է, եթե չասենք անհավանական, որ 2000-ականների երկնիշ տնտեսական աճը կունենանք այս եւ առաջիկա տարիներին: Սակայն, առնվազն միջին տարեկան 5-6 տոկոս տնտեսական աճ ունենալը իրատեսական է, այլընտրանք պարզապես չունենքՙ թե՛ որպես երկիր զարգանալու, թե՛ մեր տարածաշրջանում ագրեսիվ հարեւաններին դիմակայելու առումներով:

Այս տարվաՙ 2017-ի առաջին 4 ամիսներին, այսինքնՙ տարվա մեկ երրորդի տնտեսական ակտիվության 5,7 տոկոս աճի ցուցանիշը, կարելի է ասել, տեղավորվում է վերոնշյալ անհրաժեշտության շրջանակում: Թեեւ տարեսկզբից տնտեսական ակտիվության ավելի բարձր տեմպ ենք ունեցելՙ հունվարին տնտեսական ակտիվության աճը կազմել էր 6,5 տոկոս, հունվար-փետրվարինՙ 6,2 տոկոս, իսկ հունվար-մարտինՙ 6,6 տոկոս: Այդուհանդերձ, 5,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը ցածր ցուցանիշ չէ, իսկ եթե հաշվի առնենք, որ ապրիլին երկուՙ խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններ են տեղի ունեցել, ապա բնական պետք է համարել տնտեսական ակտիվության աճի նվազումը: Ընտրությունների ժամանակահատվածում սպասողական տրամադրություններ եւ որոշակի պասիվություն է արձանագրվում բոլոր երկրներում, եւ մենք այս առումով բացառություն չենք կարող լինել:

Տնտեսության հինգ ճյուղերից երեքն արձանագրել են աճ, իսկ երկուսըՙ անկում: Արդյունաբերության ծավալներն ավելացել ենՙ 12,9 տոկոսով, առեւտրի շրջանառությունըՙ 12,1 տոկոսով, ծառայություններըՙ 10,1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 2,9 տոկոսով, շինարարության ծավալըՙ 13,4 տոկոսով: Ըստ տնտեսության երեք ճյուղերի պատկերը համարժեքորեն արտացոլված է նախորդ տարվա միայն ապրիլ ամսվա համեմատ այս տարվա միայն ապրիլ ամսվա ցուցանիշներումՙ դարձյալ աճ են ունեցել արդյունաբերությունը, առեւտուրը եւ ծառայությունները, անկումՙ գյուղատնտեսությունն ու շինարարությունը: Սակայն այս տարվա նախորդ ամսվաՙ մարտի համեմատ, բացի գյուղատնտեսությունից, բոլոր ճյուղերում էլ անկում է գրանցվել: Գյուղատնտեսության աճն էլ պայմանավորված է սեզոնային գործոնով:

Այդուհանդերձ, առաջիկայում տնտեսական ակտիվության ավելի բարձր աճի ակնկալիքներ կան: Մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի լավ բերք է սպասվումՙ այս տարի կլիմայական բացասական մեծ ազդեցություններ չեղան, մյուս կողմից էլՙ շարունակվում են գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերը: Արդյունաբերությունում աճի տեմպը առնվազն կպահպանվի: Ծառայությունների ոլորտը շարունակելու է համարժեքորեն արձագանքել տնտեսության իրական հատվածում դրական զարգացումներին: Նույնը նաեւ առեւտրի շրջանառությունում: Առեւտրի եւ ծառայությունների վրա զգալի ազդեցություն են ունենում նաեւ արտերկրից եկող մասնավոր դրամական փոխանցումները: Դրանք, ըստ ԿԲ տեղեկատվության, այս տարի ավելացել են:

Տնտեսության մյուս կարեւոր ճյուղըՙ շինարարությունը, դեռ գտնվում է անկման մեջ: Այստեղ դրական տեղաշարժեր կարող են գրանցվել միայն, եթե իրագործվեն այն ներդրումային ծրագրերը, որոնք հայտարավել են կառավարության կողմից եւ որոնք պարբերաբար հետաձգվում են:

Հարկ է նշել նաեւ, որ բացի տնտեսական աճի բարձր ցուցանիշից, անհրաժեշտ է, որ այն որակական լինի: Այսինքն, աճը տեղի ունենա նախեւառաջ արդյունաբերության եւ գյուղատնտեսության, այլ ոչ թե առեւտրի ծավալների ավելացման շնորհիվ: Հենց այս ճյուղերն են ապահովում երկրի զարգացումը, որոնց կարելի է ավելացնել նաեւ շինարարությունը, որի աշխուժացումը մեծաթիվ աշխատատեղեր է ապահովում:

Մյուս կողմից էլ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումը պետք է լինի արտահանման ուղղությամբ: Հայաստանը փոքր շուկա է, մենք պարզապես պարտավոր ենք ավելի մեծ ծավալների արտադրանքի թողարկել եւ իրացնել արտերկրում: Այս տարվա 4 ամիսներին, անցյալ տարվանից սկսված, արտահանման բարձրՙ երկնիշ աճի միտումը պահպանվում է: Հատկապես կարեւոր է, որ այդ աճի մեջ աստիճանաբար ավելանում է պատրաստի արտադրանքի մասնաբաժինը: Այսպես, եթե արտաքին առեւտրաշրջանառությունը հունվար-ապրիլին ավելացել է 15,1 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 689 մլն դոլար, ապա արտահանումը 1 տոկոսային կետով ավելի բարձրՙ 16,1 տոկոսով է աճել, իսկ ծավալները կազմել են 608 մլն դոլար: Կարելի է ակնկալել, որ առաջիկա ամիսներին արտահանման ծավալների աճը կբարձրանաՙ շնորհիվ գյուղմթերքների մոտալուտ սեզոնի եւ դրանց արտահանման ծավալների ավելացման:

Դեռ վաղ է ասել, թե ինչպիսին կլինի տնտեսական աճի տարեկան ցուցանիշը, բայց ներկայիս միտումները հուսադրող են: Մնում է, որ արտերկիցՙ համաշխարհային տնտեսությունից եկող բացասական ազդեցություններ չլինեն, իսկ երկրի ներսում էլՙ ներքաղաքական բախումներ: Դրանց բացասական արձագանքը անմիջական է լինումՙ ի տարբերություն դրական անդրադարձի, որի համար լուրջ ջանքեր, ժամանակ եւ կայուն զարգացման տեմպեր են պահանջվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.