AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8749, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԻՐ ՍԱՐՍԱՓԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Շատ պարագաներում Մ. Նահանգների զանգվածային լրատվամիջոցները եւ ընդհանրապես հանրությունը կարճատեսություն են ցուցաբերում այն ամենի հանդեպ, ինչը կատարվում է Ամերիկայի սահմաններից դուրս: Թուրքիայի վայրագ գործելակերպը երկրի ներսում եւ նրա միջազգային գործողությունները ամերիկացիների մեծամասնության անտարբերությանն են արժանանում: Նրանք բավականանում են հիմնականում լսելով այն հորդորները, որ Թուրքիան Ամերիկայի «վստահելի դաշնակիցն է»: Դրանով նրանք անվտանգ են զգում իրենց: Թուրքական կառավարության որեւէ գործողություն կամ սխալ եւ կամ վատ վարքագիծ առանձնապես մտահոգության առարկա չի դառնում: Լրատվամիջոցներն էլ, իրենց հերթին, նպաստում են այդ անտարբերությանը, որն աշխարհի այլ վայրերում կարող է հազարավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ դառնալ:

Նման վերաբերմունքը առկա էր Մ. Նահանգներում մինչեւ նախանցյալ շաբաթ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ժամանեց Վաշինգտոն, իր հանդուգն, «մաչոիստական» կեցվածքովՙ ոտնակոխ անելու համար Մ. Նահանգների քաղաքացիների սահմանադրական իրավունքները եւ Ամերիկա արտահանելու համար իր սարսափի մարտավարությունը: Նրա երկար սպասված այցելությունը Վաշինգտոն ձախողվեցՙ քաղաքի փողոցներում բռնկված անակնկալ իրադարձությունների հետեւանքում:

Էրդողանի այցելության օրակարգի գլխավոր հարցը պահանջելն էր Ամերիկայից, որ դադարեցնի ռազմական օժանդակություն ցուցաբերել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարող քուրդերին: Սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում Միացյալ Նահանգների վարչակազմը համոզվել էր, որ Սիրիայի քրդերն են ամենավստահելի ու արդյունավետ պայքարողներն ընդդեմ Ռաքքայի խալիֆայության, որի «կնքահայրն» է Էրդողանը:

Այսպիսով, Մ. Նահանգների քաղաքականությունը, հենվելուՙ առնվազն պատերազմի այս փուլում, քրդերի վրա հակասում էր Էրդողանի քաղաքականությանը եւ ծրագրերին: Հակառակ, սակայն, գործի դրված բոլոր միջոցներին, Անկարան չկարողացավ տարհամոզել Թրամփի վարչակազմին: Վաշինգտոն կատարած Էրդողանի այցը այդ քաղաքականության վերջին հուսահատ քայլն էր, որն ամբողջությամբ ձախողվեց:

Հակառակ իրար հասցեին ուղղված հաճոյախոսություններին, Թրամփի վարչակազմը մազաչափ անգամ չզիջեց, իսկ Էրդողանն իր զայրույթն արտահայտեց Վաշինգտոնի փողոցներում, խուլիգանությամբ:

Էրդողանի Վաշինգտոն կատարած ամեն մի այցելություն ուշագրավ երեւույթ է դառնում: Անցյալ տարի նրա ելույթը Բրուկինգզ ինստիտուտում ավարտվեց աղմկալի վեճով, Մուհամմեդ Ալիի թաղման արարողության ժամանակ նրա ներբողական հյուսելու փորձը տապալվեց, եւ նա լքեց Մ. Նահանգները առանց պաշտոնական ձեւականությունների:

Այս տարվա այցելությունը առավել մռայլ էր եւ նրա բարկությունը իր թիկնապահների միջոցով այլախոհների դեմ կռվի վերածվեց Ազատության երկրում:

Աշխարհի պետություների շատ առաջնորդներ այլցելում են Մ. Նահանգներ եւ երբեմն արժանանում են թշնամական ցույցերի, սակայն նրացից ոչ մեկը չի կորցնում իր արժանապատվությունը ցուցարարների հետ փոխադարձ կռվի բռնվելու համար:

Չենգիզ Չանդար անունով վետերան թուրք մի լրագրող «Turkey Pulse» (Թուրքիայի զարկերակ) թերթում նկարագրելով Էրդողանի ձախողված այցը Վաշինգտոն, գրում է «լեռը երկնեցՙ մուկ ծնեց»: Սակայն, դիվանագիտական սկանդալը շատ ավելի մեծ էր, քան մուկը: Երկու ցույցեր ընդդեմ իր այցելության ավարտվեցին արյունալի բախումներով: Թուրքիայի դեսպանի բնակարանի առաջ մայիսի 16-ին կազմակերպված ցույցը վերածվեց մեղադրական բանավեճի թուրք եւ ամերիկացիՙ կարգապահությունը պահպանող պաշտոնյաների միջեւ եւ 9-ը հոգի հիվանդանոց փոխադրվեցին:

Տեսաժապավենները արձանագրեցին Էրդողանին ցուցումներ տալիս իր գաղտնի ծառայությունների թիկնապահներին, որ հարձակվեն խաղաղ ցուցարարների վրա, որոնց թվում էին քուրդեր, հայեր եւ եզդիներ, որոնք պատմականորեն եւ մինչեւ օրս ենթարկվել են թուրքական բռնությունների ու վայրագությունների:

Այնքան ժամանակ, որ Էրդողանը մնում էր Անկարայում իր սուլթանական գահի վրա, նրա գործողությունները քիչ մտահոգություն էին առաջացնում: Բայց հենց նա իր իսկական դեմքը ցույց տվեց Ամերիկայի տարածքում, ներկայացուցիչների պալատի, սենատի եւ նույնիսկ պետքարտուղարության պաշտոնյաները չէին կարող լուռ մնալ:

Ամենակոպիտ, ոչ-դիվանագիտական արձագանքը հնչեցրեց սենատոր Ջոն Մկքեյնը (Հանրապետական, Արիզոնայից), որ հայտարարեց. «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Նման բան մենք չենք անում այստեղ: Ավազակային նման վարքագիծը ոչ մի արդարացում չունի»: Նա նաեւ կոչ արեց Մ. Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:

Ի դեպ, Տեխասի օրենսդիր մարմինները նախորդ շաբաթ բանաձեւ ընդունեցին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Շատ հավանական է, որ դա Էրդողանի պարսավելի ամբարտավանության դեմ ուղղված քայլ էր:

Գիտակցելով, որ դիվանագիտական հաճոյախոսությունների ժամանակներն այլեւս անցել են, պետքարտուղարությունը եւս մարտահրավեր նետեց: Իր հայտարարության մեջ նա դատապարտեց կատարվածը, համարելով այն հարձակում ազատ խոսքի արտահայտման դեմ եւ զգուշացրեց Թուրքիային, որ նման արարքը հանդուրժելի չէ: «Մենք հնարավոր ամենախիստ ձեւով մեր մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի կառավարությանը», նշեց պետքարտուղարության խոսնակ Հեթեր Նոերտը :

Իսկ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնախմբի նախագահ Էդուարդ Ռոյը (Հանրապետական, Կալիֆոռնիայից) ասաց. «Օտար կառավարությունների գործակալները երբեք անձեռնմխելի չպետք է համարվեն հանցավոր արարքների համար»: Գլխավոր դատախազՙ Ջեֆ Սեշընզին ուղղված իր նամակում նա շտապ հետաքննություն պահանջեց անցկացնել եւ «համապատասխան մեղադրանք» առաջադրել մեղավորներին, նախքան, որ ավտանգության աշխատողները հեռանան երկրից:

Իր հերթին, Էրդողանի կառավարությունը մեղադրեց Մ. Նահանգներին «պատշաճ անվտանգություն» չապահովելու համար, եւ դարձյալ էժանագին հակահարձակումների անցավՙ ցուցարարներին բնորոշելով որպես PKK-ի կողմնակիցների: Անկարան Մ. Նահանգների դեսպանին կանչեց իր բողոքը ներկայացնելու համար:

Հակառակ գոտկատեղից ներքեւ խփելու իր սովորության, նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ լռություն պահպանեց, հավանաբար ենթադրելով, որ հարցը վերաբերում է պետքարտուղարությանը:

Բայց «Բոստոն Գլոբը» արդարացի չգտավ այդ լռությունը եւ իր խմբագրականը վերնագրելով «Թրամփի ամոթալի լռությունը թուրքական բողոքի հանդեպ», թերթը խիստ քննադատեց նախագահին: «Բոստոն Գլոբը» հայտարարեց. «Նախագահ Թրամփը ոչ մի խոսք չունի ասելու այն բանից հետո, երբ Թուրքիայի անվտանգության մարմինների աշխատողները վայրագաբար հարձակվեցին ցուցարարների վրա, որոնք Վաշինգտոնում փողոց էին դուրս եկել: Դա պարսավանքի արժանի է»:

Չնայած Էրդողանի այցելությունը շատ բան չտվեց իր երկրին, այդուհանդերձ, իր իրական դեմքի բացահայտումը ցույց տվեց, թե ինչ է կատարվում Թուրքիայում, որտեղ իր ներքին քաղաքականության հետեւանքով միլիոնավոր մարդիկ են ճնշման ենթարկվում: Բայց կարծես այդքանը բավական չէր, նա նաեւ փորձեց իր բռնատիրական իշխանությունը բանեցնել ամերիկացի քաղաքացիների վրա:

Այս այցելությունը իսկական դաս հանդիսացավ ամերիկացի քաղաքագետների եւ լրատվամիջոցների համար, որոնք իրենց մաշկի վրա զգացին Էրդողանի վայրագությունը: Դա նաեւ դաս էր ամերիկացի քաղաքացիների համար, որոնց անտարբերությունը լռելյայն խրախուսում է այն բռնությունները, որոնց ենթարկվում են միլիոնավոր անմեղ մարդիկ Մ. Նահանգների հովանավորած երկրների կառավարությունների կողմից:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.