AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 7168, Տպվել է` 293, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Պ. Ք.

Մերկելը ԵՄ ինքնուրույնության կոչ է անում

Ինչպես եւ սպասում էին արեւմուտքցի քաղաքագետները եւ փորձագետները, ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ օրերս անցկացված Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովները դարձան ճակատագրական. երբեմնի Եվրոպան եւ եվրոպական համերաշխությունը գտան իրենց վախճանը: Արեւմուտքում եւ հետխորհրդային տարածքում հակառուսական լրատվամիջոցները աճապարեցին հաղթանակ տոնել եւ տարբեր ձեւերով մեկնաբանել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը եւ Եվրոպան համատեղ կդիմակայեն ռուսների նախահարձակմանը եւ պատրաստակամ են խստացնելու հակառուսական պատժամիջոցները: Մինչդեռ իրականությունը միանգամայն ուրիշ է:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների հաջողությունը սկզբում հենց կիրակի օրը կասկածի տակ առավ Սպիտակ տունը: Նախագահ Դոնալդ Թրամփի արտասահմանյան առաջին ուղեւորության ընթացքում նրան ուղեկցած Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Գերրի Քոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ում քննարկման թեման են դարձել պատժամիջոցները եւ Ռուսաստանը: Տարբեր երկրներ բանավիճել են հակառուսական պատժամիջոցների շուրջ, սակայն ԱՄՆ-ը դեռեւս հստակ դիրքորոշում չունի այդ հարցի առթիվ:

Այնուհետեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 28-ին «Մեծ յոթնյակի» եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովների ավարտից հետո հանդես եկավ իր կառավարման ժամանակահատվածում առավել աղմկալի հայտարարությամբ: Ինչպես նշեց Մերկելը, եվրոպացիները պարտավոր են ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը եւ անձամբ տնօրինել սեփական ճակատագիրը: «Մենքՙ եվրոպացիներս, պետք է ինքներս տնօրինենք մեր ճակատագիրը, իհարկե բարեկամություն անելով ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ լավ հարեւաններ լինելով հնարավոր բոլոր երկրների, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ: Անցել են այն ժամանակները, երբ մենք կարող էինք հույս դնել ուրիշների վրա»,- ասաց Մերկելը:

Կարեւոր է Մերկելի նաեւ այն հայտարարությունը, թե ինքը այդ եզրակացությանը հանգել է վերջին օրերի իրադարձությունների պատճառով: Սա նշանակում է, որ նրա հայտարարությունը հուզական բնույթ չի կրում: Այն կշռադատված է եւ հասցեագրված բնակչության լայն զանգվածներին:

Արդ ի՞նչ տեղի ունեցավ արտաքուստ ոչ այնքան բուռն, բայց շատ կարեւոր այդ երկու գագաթաժողովներում, որոնք աչքի չընկան աղմկալի հայտարարություններով, բայց նշանավորեցին Արեւմուտքի պառակտումը արդի օրակարգի բոլոր էական հարցերի առթիվ:

Առաջին, ուրվագծվեցին ԱՄՆ-ի ու Եվրոպայի լուրջ տարաձայնությունները արդիականության մի շարք հարցերի վերաբերյալ: Այսպես Սիցիլիայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը քիչ էր մնում ձախողմամբ ավարտվեր մոլորակի ընդհանուր ջերմացման հարցում ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշման պատճառով (ինչպես հանդիպումից հետո հայտարարեց Սպիտակ տունը, ԱՄՆ-ը դուրս կգա կլիմային նվիրված Փարիզյան համաձայնագրից): Լուրջ վիճաբանության մյուս թեման Աֆրիկայում սովի դեմ պայքարելու հարցն էր: Հարկ է նշել, որ օրակարգում հետին պլան էին մղվել Սիրիան, ահաբեկչությունը, Ուկրաինան:

Խոսակցության այդ ոճը պայմանավորված էր տվյալ պահի առանձնահատկությամբ: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալության մեկնաբան Յուրի Բարանչիկը , Եվրոմիության երկրները ուզում էին ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփի դիրքորոշումը պարզել ակնհայտորեն երկրորդական հարցերի վերաբերյալ եւ հետո միայն, տվյալ գործում հաջողության հասնելու դեպքում, ձեռնամուխ լինել գլխավորին, որպեսզի խուսափեն ձախողումից: Եվ Թրամփն էլ ցանկության դեպքում կարող էր հաստատել իր հավատարմությունը ԱՄՆ-ի մինչեւ օրս որդեգրած ուղեգծին: Սակայն Թրամփը որոշեց կազմակերպել ցուցադրական ելույթ եւ նույնիսկ ակնհայտորեն երկրորդական հարցերի քննարկման ընթացքում եվրոպացիների համար անհնարին դարձրեց իրոք կարեւոր հարցերի լուծման հեռանկարը: Դրանից հետո Եվրոմիության համար ակնհայտորեն դժվար էր խոսել իսկապես կարեւոր հարցերի մասին:

Երկրորդՙ ուրվագծվեցին տարաձայնություններ օրակարգի նաեւ ռազմաքաղաքական հարցերի առնչությամբ: Այսպես, Սպիտակ տունը պահանջեց, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից 23-ը իրենց բյուջեներում ռազմական ծախսերի բաժինը հասցնեն 2 %-ի: Այս թիվը որքան էլ փոքր թվա, այդուհանդերձ զգալի է Եվրոմիության «շփացած» երկրների համար: Եվ ակնհայտ է, որ Թրամփը մինչեւ 2024 թվականը չի սպասի այդ զուտ տեխնիկական խնդրի լուծմանը: Եվ Թրամփը ոչ մեկին որեւէ խոստում չտվեց ի դեպս այն բանիՙ եթե Եվրոպան չապահովի վճարումները:

Բացի դրանից, դատելով հակառուսական պատժամիջոցներն ընդլայնելու պատրաստակամության արտահայտումից եւ Մերկելի փաստական կապիտուլիացիայից, գագաթաժողովների ժամանակ տվյալ հարցերին առնչվող խոսակցությունը իրականում շատ ավելի կոշտ է եղել, քան կարելի է դատել հրապարակված փաստերի վրա հիմնված վերլուծություններից: Զգալի է դառնում նաեւ Եվրոմիության վրա ԱՄՆ-ի ճնշման տնտեսական կողմըՙ հակառուսական պատժամիջոցները վնաս են պատճառում գլխավորապես Եվրոմիությանը, բայց ոչ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային:

Սակայն գլխավորն այն է, որ Եվրոպան Ռուսաստանի դեմ մենակ է մնում Ուրկաինայի հարցում: Հիշյալ երկու գագաթաժողովներում Թրամփը ոչ մի անգամ չհիշատակեց այդ կարեւոր խնդիրը: Սա նշանակում է մեկ բան. Վաշինգտոնը տվյալ խնդիրը իրենը չի համարում: Իրանի, ահաբեկչության, Եվրոպայի հետ անարդարացի առեւտրի խնդիրները գոյություն ունեն, մինչդեռ Ուկրաինայի քաղաքացիական պատերազմի եւ ըստ այդմ Ռուսաստանիՙ որպես նախահարձակ երկրի խնդիրները գոյություն չունեն:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների կապակցությամբ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռառը նշում է. «Արտաքին քաղաքականության հանդեպ գործնապաշտական մոտեցման վերաբերյալ քանիցս հայտարարած եւ իրական սպառնալիքները հասկացող պարոն Թրամփը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ՆԱՏՕ-ի գծով մերձավորագույն դաշնակիցները այսուհետեւ Մերձավոր Արեւելքում օժանդակեն ԱՄՆ-ի գործողություններին գոնե ֆինանսական առումով: Այո, նրանք են ուզում բռնվել ձեռնամարտի, ուստի ստիպված կլինեն վճարել: Իսկ եթե նրանք չուզենան կատարել հակաահաբեկչական պայքարի նոր խնդիրը, ապա Սպիտակ տան ղեկավարը կարող է որոշել մարտի գնալ ուրիշ դաշնակիցների, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ»:

Այս համատեքստում Մերկելի մայիսի 28-ի հայտարարությունը շրջադարձային է. որպես երկբեւեռ աշխարհի տրոհման արդյունք ծագած նախկին Եվրոմիությունն այլեւս գոյություն չի ունենա:

Ինչո՞վ էր ապահովվում ԵՄ ներկայիս մոդելի գործունեությունը: Նրանով, որ դրան մասնակցում էին եւ գործունեությունը մեծ չափով ապահովում էին անգլոսաքսերը: Ֆինանսական հայեցակարգում ԵՄ-ն փոխարինում էր մարկին, ԵՄ քաղաքական կառուցվածքը Եվրոխորհրդարանում քվոտաներ էր ապահովում Վաշինգտոնին եւ Լոնդոնին ձեռնտու որոշումների ընդունման համար: Այս կառուցվածքում ռազմաքաղաքական «հովանոցը» եւ ռազմական ծախսերը ապահովում էր ԱՄՆ-ը, իսկ Մեծ Բրիտանիան Գերմանիայից եւ Ֆրանսիայից հետո երրորդ խոշոր վճարողն էր ԵՄ բյուջեին: Այժմ այդ ամենը գոյություն չունի: Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոմիության համար իբրեւ հովանավոր մնալ լոկ այն դեպքում, եթե եվրոպացիները իրոք Վաշինգտոնին վճարեն նրա պահանջածըՙ առայժմ 2 %-ը: Մեծ Բրիտանիան, դուրս գալով ԵՄ-ից, այսուհետեւ չի ֆինանսավորի նրան:

Ֆրանսիային կարելի է առհասարակ չդիտարկել որպես համաշխարհային մեծություն, քանի որ նա վաղուց գոյություն ունի իր գաղութների հաշվին եւ ինքնուրույն ֆինանսական կշիռ չունի համաշխարհային տնտեսության մեջ: Նա եկամտի տոկոսներով ապրող երկիր է եւ համաշխարհային քաղաքականության սուբյեկտի դերում հանդես է գալիս բացառապես իր երբեմնի ձեռքբերումների շնորհիվ: Հենց որ այդ նախկին գաղութները հրաժարվեն Ֆրանսիայում իրենց ոսկու եւ արժույթի պաշարները եւ ապրանքները մատակարարել նեոգաղութատիրական գներով, Ֆրանսիան միջազգային վարկանշային ցանկում կիջնի եւ կհայտնվի երկրների երկրորդ տասնյակում: Իսկ Ֆրանսիայում ներկայումս գոյություն ունեցող ազգամիջյան եւ միջդավանանքային խնդիրների ամբողջությունը այդ երկիրը պայթյունավտանգ է դարձնում Եվրոպայում:

Արդյունքում անգլոսաքսերը Եվրոմիությունը վերացնելու գործընթաց են սկսել. համաեվրոպական «Ֆրանկենշտեյնի» ստեղծման ծախսերը զգալիորեն գերազանցում են դրա օգտագործման արդյունավետությունը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Եվ քանի որ անգլոսաքսերը չունեն մշտական դաշնակիցներ, այլ ունեն մշտական շահեր, ապա Մերկելը զարմանալու պատճառ չունի:

Անգլոսաքսերը Գերմանիային լքում են հարյուրամյակի ընթացքում արդեն երրորդ ագամ: Ո՞րն է նման իրավիճակի պատճառը: Այն պարզ է. Ռուսաստանի հետ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս միասնական եվրասիական տարածքի շրջանակներում աշխարհաքաղաքական, տնտեսական եւ գիտա-արդյունաբերական դաշինք կնքելու փոխարեն Գերմանիան, ելնելով աշխարհում իր ազդեցության եւ կարգավիճակի խորապես սխալ գնահատականից, երեք անգամ փորձել է Ռուսաստանը ջնջել աշխարհի երեսից եւ իրեն ենթարկել: Դա չի հաջողվել: Իսկ սխալների դիմաց հարկավոր է վճարել: Եվ քանի որ Գերմանիան սեփական սխալների համար վճարելու մտադրություն չունի, ապա նրա փոխարեն դա պետք է անեն ուրիշները: Սկզբունքորեն հասկանալի է, թե ովքեր կլինեն դրանք:

Ուստի որեւէ կասկած չպետք է լինի այն հարցում, որ թե՛ Brexit-ը, եւ թե՛ Թրամփը նույն կարգի երեւույթներ են: Այնպես որ Գերմանիան մեն-մենակ է մնում Եվրոմիության բոլոր ֆինանսական, քաղաքական եւ կառուցվածքային խնդիրներին դեմ-հանդիման: Եվ Մերկելի արած հայտարարությունը հենց դրան է վերաբերում: Դա ամենքին ուղղված հրաման էՙ «Նախապատրաստվե՛լ»: Նման պայմաններում Մերկելի գլխավորությամբ Գերմանիայի քաղաքական վերնախավի անելիք առաջին քայլը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Իսկ դա նախ եւ առաջ նշանակում է Ուկրաինայի խնդրի լուծման այն տարբերակի ընդունում, որն առաջարկում է Մոսկվան: Քանի դեռ ուշ չէ, Գերմանիան պարտավոր է ապացուցել, որ ինքը ի վիճակի է Ռուսաստանի հետ համաձայնության հասնել իրավահավասար գործընկերության սկզբունքով, ինչպես վայել է իսկական գործընկերներին:

Փաստորեն սա է ամբողջը: Թրամփը կատարեց այն, ինչ ինքը ծրագրել էր: Եվրոմիությունն արթնացավ քաղաքական քնից եւ այժմ ստիպված է գործել ինքնուրույնաբար, առանց Վաշինգտոնին նայելու: Սա վերադարձ է քաղաքական իրատեսությանը: Եվրոպան այլեւս չունի դաշնակիցներ: Նա սեփական հայեցողությանն է թողնվել վաթսունամյա վերահսկողությունից հետո: Իսկ եթե նկատի ունենանք Եվրոմիության երկրների քաղաքական եւ տնտեսական տարբեր կշիռները, նրանց հաճախ տրամագծորեն հակադիր քաղաքական, առեւտրական եւ ֆինանսա-տնտեսական շահերը, ապա Գերմանիային դժվար թե հաջողվի միավորել տարբեր արագություններով զարգացող եվրոպական երկրներին: Նա միայն կկարողանա իր շուրջը պահպանել հին Եվրոպայի պատառիկները:

Նման պայմաններում ի՞նչ կանի ԵՄ արեւելյան ծայրամասը, չխոսելով արդեն Եվրոմիություն մտած կամ դեպի այնտեղ ձգտող նախկին խորհրդային հանրապետությունների մասին: Հնարավոր է, որ Մերկելը, ինչպես եւ Գերմանիան, մոտ ժամանակներս իրենց վրայից թոթափեն պատասխանատվությունը: Թե դա ինչ ձեւով կարվի, դեռեւս անհայտ է: Ենթադրվում էՙ դա տեղի կունենա բանկային ճգնաժամի հետեւանքով եվրոյից հրաժարվելու եւ մարկին վերադառնալու, ինչպես նաեւ Գերմանիայի գերիշխանությունը ճանաչող երկրներին ԵՄ ընդունելու միջոցով:

Այս պայմաններում Ռուսաստանը իրեն է վերադարձնում Եվրոպայում իր ազդեցության գոտին, ներառյալ ներկայիս Ուկրաինայի, Մոլդովայի, ինչպես նաեւ հարավումՙ Կովկասի տարածքի նշանակալի մասը: Հարցը լոկ այն է, որ դա պետք է արվի առանց անցյալի սխալների կրկնությանը: Խոսքը ոչ միայն տվյալ տարածքների ժողովուրդների, այնպես էլ բաժանված ռուս ժողովրդի միավորման, գաղափարախոսական, պատմամշակութային եւ արժեքային կողմերի ապահովման մասին է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.