AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 20171, Տպվել է` 3316, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ՞ ԿԱՆԽԵԼ «ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այս շաբաթ ծրագրել էի անդրադառնալ Փարիզյան համաձայնագրից հրաժարվելու Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանՙ 194 պետությունների վրա թողած տպավորության եւ շրջակա միջավայրի վրա կլիմայական փոփոխություններով պայմանավորված սարսափելի հետեւանքների եւ աշխարհի բնակչությանը սպառնացող էլ ավելի սարսափազդու հեռանկարներին: Սակայն մեր տարածաշրջանում, հետեւաբար նաեւ մեր երկրի համար վտանգավոր ամենավերջին զարգացումները ստիպում են հետաձգել կլիմայական փոփոխությունների թեմային անդրադառնալը եւ ընթերցողների հետ մի քանի մտքեր փոխանակել տարածաշրջանի պայթյունավտանգ կացության շուրջըՙ համապատասխան մատնանշումներով:

Հասկանալի է, որ առաջին հերթին մեզ մտահոգողը հարավային մեր հարեւան ու բարեկամ երկրում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն էր, թիրախ ընտրելով Իրանի խորհրդարանը: Իր անսպասելիությամբ, կատարման պրոֆեսիոնալիզմով եւ պատասխանատվության գրեթե վայրկյանական ստանձմամբ, 17 մարդու կյանք խլած այդ ահաբեկչական գործողությունը կարող է դետոնատորի (պայթուցիչ) դեր կատարել Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների լարված ռումբի համար: Ճիշտ է, արարքի պատասխանատվությունն ստանձնողը «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական կազմակերպությունը եղավ, սակայն հրահանգողը, առանց դույզն կասկածի, Ար-Ռիադն էր, որի արտգործնախարար Ադել-ալ-Ջուբեյրը արարքից ընդամենը մի քանի ժամ առաջ ուղղակի էր սպառնացել Թեհրանինՙ «պատիժը լինելու է շատ խիստ»: Իսկ «պատժելու» պատրվակը արդեն իսկ պատժված եւ պատժվող Քաթարին օդային ու ծովային օգնություն հասցնելն էր Իրանի կողմից: Մարդասիրակա՛ն օգնություն Սաուդյան Արաբիայի եւ վերջինիս արբանյակ-հարկատու-դաշնակից 6 երկրների կողմից բոյկոտի ու շրջափակման ենթակա Քաթարին:

Իսկ վերջինիս վերագրված մեղքըՙ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը ֆինանսավորելն ու հովանավորելն էՙ ընդդեմ վահաբիստական Սաուդյան Արաբիայի ու սուննիական մյուս արաբ երկրների կամքի եւ, դրանով իսկ, օժանդակելը շիիթական Իրանինՙ Ար-Ռիադի արքիթշնամուն: Մինչդեռ Քաթարը օժանդակում էր նաեւ ISIS-ին` Սիրիայում:

Այլ խոսքով, այս պարագայում էլ մենք գործ ունենք ձեւով դավանանքային ու բովանդակությամբ ռազմաքաղաքական ծանոթ հակամարտության հետ, որի նպատակը մահմեդական աշխարհում տիրապետող դիրքի ու դերի ստանձնումն է:

Բայց հարցերի հարցը այն է, թե ինչո՞ւ հիմա, ավելի քան երկու տասնամյակ շարունակվող եւ ցարդ «փոխանորդային պատերազմի» (proxy war) բնույթ կրող հակամարտությունը այսպես ավելի ուղիղՙ ճակատային ձեւ ստացավ եւ այժմ սպառնում է արյունալի նոր թեժացումների առաջնորդել արդեն իսկ վառոդի տակառի վրա գտնվող ողջ տարածաշրջանը:

Եթե նայենք օրացույցին որոշելու համար տարածաշրջանային թշնամական պրոցեսների արագացման բուն ժամկետը, ապա կնկատենք 2017 մայիսի 21-ը, այսինքն այն օրը, երբ Մ. Նահանգների նախագահը իր նշանավոր ճառն էր արտասանում Ար-Ռիադում հավաքված սուննի երկրների առաջնորդների, այդ թվում, անշուշտ, սաուդյան թագավորի ու Եգիպտոսի նախագահի առաջ: Այդտեղ է, որ Թրամփը պաշտոնապես հայտարարեց Սաուդյան Արաբիային 110 մլրդ. դոլարի զինամատակարարումների մասին, մեծագույն հպարտությամբ, հակառակ փաստին, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս իր նախորդիՙ նախագահ Օբամայի ժամանակ, սակայն վերջինս զգուշանում էր գործնական քայլ կատարելՙ տարածաշրջանում լարվածությունը էլ ավելի չսրելու մտահոգությամբ:

Այդ ճառի ընթացքում էր նաեւ, որ Թրամփը հայտարարեց, թե ծայրահեղականության դեմ կռիվը չարի ու բարու միջեւ է, եւ ոչ թե տարբեր կրոնների, եւ 5 անգամ կրկնեց իր կոչըՙ «Դրանց դո՛ւրս արեք», միաժամանակ չմոռանալով մեղադրել Իրանինՙ Միջին Արեւելքի բազմաթիվ խնդիրների համար, ադպիսով սրելով դավանանքային պայքարը տարածաշրջանի ոխերիմ ախոյանների միջեւ:

Թրամփի հայտարարությունը ոգեւորեց հյուրընկալ երկրի ղեկավարներին, մինչ Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հեգնական շպրտեց. «Իսկական ընտրություններից նոր դուրս եկած Իրանը (Թրամփի կողմից) հարձակման ենթարկվեց ժողովրդավարության ու հանդուրժողականության բաստիոնից»ՙ Սաուդյան Արաբիայից:

Այժմ, հունիսի 7-ի ահաբեկչությունից հետո, տարածաշրջանի ճակատագիրը շատ բանով է կախված Թեհրանի զսպվածությունից ու խելամիտ քայլերից, բայց նաեւՙ մեծ տերությունների, նկատի ունեմ հատկապես Ռուսաստանի, Չինաստանի ո Գերմանիայի կեցվածքից, որոնք թերեւս ի վիճակի են զսպել իր տանն արդեն իմպիչմենտի սպառնալիքին ենթակա նախագահի անհավասարակշիռ քայլերը, ամերիկյան ժողովուրդի աջակցությամբ: Այլապեսՙ «մեծ պայթյունը» կարող է տեղի ունենալ:

Մինչ այդՙ մեր փոքրիկ երկիրը պետք է աչալուրջ հսկի ու պահի իր սահմանները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.