AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



ԽՃԱՆԿԱՐ

Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 8042, Տպվել է` 297, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ. ՎՈԿԱԼ

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Հունիսի 6-ինՙ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկեց մեծն կոմպոզիտորի անվան արդեն 13-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է «վոկալ» մասնագիտությամբ:

Այս իրադարձությանը նվիրված Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հիշեցրեց կոմպոզիտորի հետեւյալ խոսքերը.«Մենք պետք է այնպիսի՛ երաժշտություն գրենք, որ աշխարհն այն սիրի, եւ սիրելով այդ երաժշտությունը հետաքրքրվիՙ ո՞րն է այդ ժողովուրդը, որը ծնել է նման կոմպոզիտորներ, որտե՞ղ է այն, ուր ստեղծվում են այսպիսի հիանալի ստեղծագործություններ»: Եվ կարծում եմ, որ Խաչատրյանի անվան մրցույթը հենց Արամ Խաչատրյանի այս հիանալի միտքը իրականություն դարձնողն է,- ասաց նախարարը:

Արմեն Ամիրյանը նաեւ վստահություն հայտնեց, որ այսօր մրցույթին մասնակցող երիտասարդները, տեսանելի ապագայում դառնալով աշխարհահռչակ, հպարտությամբ են հիշելու իրենց մասնակցությունը խաչատրյանական մրցույթին:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Միջազգային հումանիտար եւ մշակութային համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը գերազանցել է հարյուրը, ընտրվել է 43 երգիչ աշխարհի տարբեր երկրներիցՙ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեքսիկա, Կիպրոս, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Արցախ եւ այլն: Նրա վկայությամբ, մրցույթի ժյուրին բավականին պատկառելի կազմ ունի. դրա նախագահն է ՌԴ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ժյուրիի կազմում են կանադահայ սոպրանո Իզաբել Պայրաքտարյանը, Ջոն Ֆիշերը, Մարկ Հիլդրյուն, Ջորջ Պարոդին, Ռիչարդ Ռոդզինսկին, Անդրեյս Ժագարսը, Էդուարդ Թոփչյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ որոշվեց այս տարի մրցույթն անցկացնել «վոկալ» անվանակարգում, Արմեն Սմբատյանն ասաց. «Վոկալիստների բազմաթիվ մրցույթներ կան աշխարհում: էնպես որ ինչ-որ մի արտառոց բան չենք որոշել...Գիտե՛ք, վերջին տարիներին շատ լավ նոր ձայներ են հայտնվել Հայաստանում... Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիան (WFIMC, որի անդամն է խաչատրյանական մրցույթը), դա ընդունեց: Սկզբում չէին համաձայնում, որովհետեւ Արամ Խաչատրյան մրցանակաբաշխությունը ավելի շատ գործիքային արվեստի հետ էր կապվում, բայց մենք կարողացանք նրանց համոզել...»:

«Մրցույթի մասնակիցների առջեւ դրված պարտադիր պայմաններից էՙ Խաչատրյանից բացի, կատարել նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից: Մասնակիցներին կդատի միջազգային հեղինակավոր ժյուրին, հուսանքՙ հաշվի առնելով նաեւ հանդիսատեսի ճաշակը»,- տեղեկացրեց Արմեն Սմբատյանը: Էդուարդ Թոփչյանն էլ կատակեց. «Ունկնդրի ճաշակին հետեւելը հնարավոր է, բայց վտանգավոր: Պրոֆեսիոնալ ժյուրին հենց նրա համար է, որ մրցույթը չդառնա Եվրոտեսիլ»: Նա նշեց, որ Խաչատրյանի մրցույթը աշխարհում նշանակություն ունեցող իրադարձություն է, ինչը լավ է եւ՛ Խաչատրյանի, եւ՛ մեր երկրի հանրահռչակման առումով, շեշտելով, որ ինքն ուրախ է լինել ժյուրիի կազմում, քանի որ սիրում է օպերային երաժշտությունը:

«Այս մրցույթը միշտ էլ նշանակալից է, որովհետեւ այն բացահայտում է տաղանդավոր հրաշալի երիտասարդների, մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են մի բանի, որն աշխարհում լավագույնն էՙ երաժշտությանը: Ուրախ եմ, որ այս տարի մրցույթն անցկացվում է «վոկալ» ժանրում: Համոզված եմ, որ բոլորը գերագույն հաճույք կստանան»,- ընդգծեց Կոնստանտին Օրբելյանը :

«Ամեն տարի այս մրցույթին, որը հիմնադրվեց ի պատիվ Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանիՙ 2003 թվականին, մասնակցում են բազմաթիվ անվանի երաժիշտներՙ ինչպե՛ս ժյուրիի կազմում, այնպես էլ որպես պատվավոր հյուրեր», - ասաց Օրբելյանը: Այս տարի նրանց թվում են Էլժբետա Պենդերեցկանՙ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի խորհրդի նախագահ եւ գլխավոր տնօրեն, Հովարդ Ուիթկինսըՙ «Մետրոպոլիտեն օպերա»-յից, օպերային հայտնի երգչուհի Օմեդա Կազլաուսը եւ այլք:

«Այս մրցույթը բացառիկ է այն բանով, որ մեծն Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն մրցույթի օտարազգի մասնակիցները, որոնք երբեք չեն խոսել հայերեն»,- ասաց Իզաբել Պայրաքտարյանը :

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողը որպես պարգեւ ստանում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ եւ երրորդ տեղերի մրցանակակիներըՙ համապատասխանաբար 5 հազար եւ 3 հազար դոլարին համարժեք դրամ: Կան նաեւ հատուկ մրցանակներ: Մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից եւ 3 հիմնական փուլերից:

Մրցույթի առաջին փուլը (1-ին, 2-րդ օր) կանցկացվի հունիսի 7-ին եւ 8- ին. ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին, 10-ին: Կմասնակցի 20 երաժիշտ: Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնականՙ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի լավագույնս ներկայանան հունիսի 12-ին եւ 13-ին կայանալիք երրորդ փուլում, որի ընթացքում էլ կորոշվեն հաղթողները: Հունիսի 14-ին ավանդական գալա-համերգով տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը:

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի պետական կոնսերվատորիան: Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, աջակիցըՙ «Արդշինբանկը»:

Հունիսի 6-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ ելույթ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը: Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի` Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանի եւ բարերարի համատեղ որոշմամբ կիսանդրին նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը:

Այնուհետեւ Օպերային թատրոնում կայացավ մրցույթի բացման համերգը: Ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ հատուկ այս օրվա համար ժամանած ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը, Օպերային թատրոնի երգչախումբը, Իզաբել Պայրաքտարյանը, «Բոլշոյ» թատրոնի մենակատարներ, ուրիշներ: Հնչեցին Արամ Խաչատրյանի, Ժյուլ Մասընեի, Ջոակինո Ռոսսինիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.