AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 10715, Տպվել է` 1047, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՅՐՈՒԹԻՑՙ ԽԱՌՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Յա բարոն, երնեկ ձեզ, որ ձեր երկիրն ունեք»: Ասողը ոստիկան է, Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդակայանի անվերջանալի ստուգողներից վերջինը, որ հայկական անձնագիրս վերադարձնելովՙ դեպի Երեւան բարի ճանապարհ էր մաղթում ինձ: Եվ ինչպես բոլոր արաբ լիբանանցիները, «բարոնով» էր դիմում ինձՙ երկքաղաքացի լիբանանահայիս, եւ անկեղծ հայտնում իր մտածումը: Սակայն պետական անվտանգության աշխատակցի համար անհարիր նրա արտահայտությունը հպարտություն առթելուց ավելի մտահոգություն պատճառեց ինձ. 1943 թ.ից ի վեր անկախ պետականություն ունեցող այդ գողտրիկ երկրի ոստիկանը ինչո՞ւ պիտի երնեկ տար ինձՙ հայիս:

Բացատրություն միշտ էլ կարելի է գտնել, մանավանդ եթե նկատի ունենանք ընդամենը 10 հազար ք.կ.-ից քիչ ավելի տարածք եւ 5 միլիոնի հասնող բնակչություն ունեցող այդ երկրի ծանր վիճակըՙ 1948 թ.ից ի վեր երկրի տարբեր մասերում փախստականի կարգավիճակով բնակվող ավելի քան կես միլիոն պաղեստինցիներ, հարեւան Սիրիայի արհավիրքներից փախուստ տված շուրջ 800 հազար փախստականներ, կրոնաքաղաքական հակամարտությունների ու ահաբեկչությունների սարդոստայնով շրջապատված մի երկիր, որի ապագան անստուգությունն էՙ հզորների կամքից ու քմահաճույքից կախված, որին դեմ դնելու համար երկիրը չունի ներքին համապատասխան ամրություն եւ ուժ: Եվ անշուշտ հատկապես դա՛ էր մղում անվտանգության աշխատակցին երնեկ տալու մեզՙ հայերիս:

Երնեկի արժանանալու համար Հայաստանը Լիբանանի արաբների եւ հատկապես քրիստոնյա արաբների աչքին ունի շատ կարեւոր մի արժանիք, որը վերջին տարիներին, հատկապես Հռոմի պապի պատմական այցից եւ քառօրյա պատերազմից հետո ստացել է նոր հնչեղությունՙ տարածաշրջանում տիրող քաոսային իրավիճակի, ահաբեկչությունների եւ մոլեռանդության դիմաց ամուր, մեր պինդ կեցվածքը, որը իրերին ու իրադրություններին մեզնից ավելի գլոբալ նայող լիբանանցիներին ներշնչում է մեզ հետ համերաշխելու, ինչ-որ չափով ապահով զգալու տրամադրություն, որը, խոստովանենք, մեր պետական իշխանությունները գործնականորեն դեռեւս չեն գնահատել, ու թերեւս չեն հասկանում, մինչ մեր ժողովրդի մեծամասնության հայացքը շարունակում է սեւեռված մնալ դեպի Ռուսաստան եւ Արեւմուտք...

Մինչդեռ այդ փոքրիկ երկրի ժողովրդից, փյունիկեցիներից ժառանգված նրա առեւտրական հանճարից, զարմանալի կենսասիրությունից, աշխարհի բոլոր ռիսկային գոտիներում արդյունավետ աշխատելու հմտությունից, դրսում իրենց շահածը հայրենի գյուղ ու բնակավայր վերադարձնելու ավանդությունից սովորելու խնդիր մենք ունենք, իսկապես: Ունենք նաեւ նախանձելու տեղ. Լիբանանի ազգաբնակչության համախառն ներքին արդյունքը տարեկան կազմում է 15000 դոլարՙ մեր 3600-ի դիմաց: Երկրի դրամատներից ոչ ամենահարուստի դրամագլուխն ավելի է, քան Հայաստանի բոլոր բանկերի ունեցած կապիտալը միասին: Այդ բանկերը ներկայումս բառացիորեն տրաքում են արտարժույթի առատությունից, մեծամասամբ Ծոցի երկրներում եւ աֆրիկյան զարգացող պետություններում լիբանանցի ձեռներեցների ու մասնագետների շահած գումարներով կուտակված, նաեւ, ինչպես պնդում են չարախոսները, հանգուցյալ Սադդամ Հուսեյնի եւ արաբ այլ միապետերի փախցրած ունեցվածքով: Միջազգային արժույթային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ուշադիր հսկողության ներքո լիբանանյան բանկերը ներկայումս հնարավորություն չունեն մեծ ներդրումներ կատարելու դրսում, իսկ ներսումՙ գերհագեցումը տեղ չի թողել նոր ներդրումների համար, բացի անշարժ գույքի շուկայից, որը մայրաքաղաք Բեյրութը դարձրել է արդեն անշնչելի:

Համենայնդեպս, Հայաստանը կարող է միջոցներ գտնել օգտվելու լիբանանցիների ձեռներեցությունից: Թեեւ համեմատաբար փոքր շուկաՙ Հայաստանը կարող է շահել դեպի Եվրասիական երկրներ եւ առաջին հերթին դեպի քրիստոնյա Ռուսաստան նրանց առեւտրատնտեսական շահագրգռվածությունը, որն առայժմ դրսեւորվում է զբոսաշրջության ձեւովՙ Լիբանանից Հայաստան օդանավերի մարդաշատ չվերթերով, հայ ուղեւորների չափ արաբ այցելուների աճող թվով: Դրան ես անձամբ ականատես եղա անվտանգության աշխատակցի «բարի ճանապարհ» մաղթանքի ուղեկցությամբ օդանավ մտնելուց հետո:

Այո, մենք երկիր ունենք, որը բաց պետք է լինի հատկապես լիբանանցիների դիմաց: Այս պարագայում խոսքը չի վերաբերում վիզաներին ու նման բաներին, այլՙ մտքի եւ հոգու բացվածությանը: Եվ հիշեցնեմՙ լիբանանցիներին չի կարելի խաբել. նրանց պարագայում «խաբողին խաբող ու կես» սկզբունքն է գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.