AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԴՍՏԱՆ

Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 9506, Տպվել է` 979, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅԱՋԻԻ ՈՒ ԴԱԴԱՋԻԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՆԵԼԼԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հարգելի՜ ընթերցող, եթե քո ուշադրությունից չվրիպեց վերնագիրը ու շարունակեցիր կարդալ, ապա, ամենայն հավանականությամբ, քեզ եւս չի հաջողվել խույս տալ հիշյալ անձանց հետ պարտադրված ծանոթությունից: Մեր մեջ ասած, հնար էլ չկա: Հնդկական սերիալների հերոսներն այսօր մերՙ հայկական իրականության մեջ ամենուր են: Աչքներս լույս, Իչա անունով համերկրուհի էլ ունենք (վերջերս ծվնած աղջիկներից մեկին այդպես են անվանել): Անկախ տարիքից, սեռից, կրթական մակարդակիցՙ մեր բնակչության մեծ մասը տարված է սերիալների վերապատմում-քննարկումներով: Չեն էլ համբերում, որ հեռարձակվի հերթական սերիան, առաջ են ընկնում ու համացանցով դիտում անգամ անհասկանալի լեզուներով բլբլացող սերիաները, որ հետո առիթ ունենան իրար խոսք կտրելով ներկայացնել եղած-չեղածը: «Աղջի՜, տեսա՞ր էդ հորթ Իչային, բա էն սրտամեռ Տապու՛ն...», «բայց էդ Բայաջին ի՛նչ կեղտոտ մարդ ա», «բա էն Դադաջի՜ն, Դադաջին... ի՛նքը, իրա բեղե՛րը, բռնած գործե՛րը...»: Ու այսպես շարունակ, միչեւ գլուխդ դժժում է ու բոլոր հերոսներն իրար են խառնվում անհուսալիորեն: Ո՜վ գիտե, գուցե պարզվի, որ բայաջին դադաջիի կորած եղբայրն է: Իսկ սերիաները youtube-ում շարունակում են անկասելի կերպով դիտումեր հավաքել, ներքեւում ամենաշատ մեկնաբանություն գրողներն էլ մեր հայրենակիցներն են: Անկեղծ ասած, չեմ զարմանա, եթե մեր փողոցներում շուտով սարիներով հայուհիներ հայտնվեն: Արդեն իսկ դաջվածքի սրահներում մեծ պահանջարկ է վայելում ձեռքերը հինայով նկարազարդելը: Հնդկական պարային մոտիվներով հայկական գովազդի ֆոնին զարմանալի չէ, որ շրջանավարտներն առաջարկում են վերջին զանգի ծրագրում հնդկական պարային համար ներառել: Յուրացվել են գլխի բնորոշ շարժումը, ողջույնի «նամաստեն» եւ նույնիսկ ոտքերի առջեւ խոնարհվելը (վերջերս նման դեպքի ականատես եղանք ընտրարշավի ժամանակ): Օգնական Ռամի մասին էլ չեմ ասում: Նույնիսկ դպրոցականներին է «օգնում» դասերը սովորելիս:

Հումորըՙ հումոր, բայց լրջանալու պահերը շատ են...

Քավ լիցի, թող թյուր կարծիք չստեղծվի, թե դեմ եմ հնդկական մշակույթին, սակայն սերիալարշավի ազդեցությունը հետզհետե գրոտեսկային ուրվագիծ է ստանումՙ իր կանխատեսելի ու անկանխատեսելի հետեւանքներով: Մեր հեռուստատեսային երեկոները վաղուց է, ինչ «հնդկական» են: Ալիքները փոխում ես ու աչք են ծակում գույնզգույն սարիները, արցունքառատ լացուկոծը: Իբր մի լավ օրի ենք: Ու ազգովին ո՛նց ենք հուզվում, գույն ու երանգ փոխում, սրտմաշուկ հառաչում: Ասել է թեՙ ապրում ենք ուրիշի մտացածին կյանքով, սպառում մեր հոգեկան ռեսուրսներն ու անդառնալի ժամանակը: Սերիալները ցածրակարգ «արվեստ» են համարվում եւ ազգովին դրանցով այդքան տարվելն անընդունելի է: Մարզերում հիմնականում հասանելի են ընդամենը մոտ մեկ տասնյակ հեռուստաալիքներ: Հակառակի պես հեռուստալսարանային առումով ակտիվ ժամերին միմյանց հաջորդում են հնդկական սերիալները: Հարկավ, կան նաեւ այլ «օճառային օպերաներ», բայց հնդկականների մասսայականությունն աննախադեպ է: Ու առանց սպառվելու շարունակում են փրփրելՙ սարքովի հույզերով ու կեղծ սերերով աչք ու հոգի մրմռացնել, փորփրել: Կյանքում էլ կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական երեւույթներ ու իրադարձություններ, բայց այդ սերիալներում ասես փշափնջված են երկրի երեսին գոյություն ունեցող մարդկային արատները: Էլ վարձու մարդասպաններ, էլ օրգանների վաճառք, էլ հազար ու մի դավ ու խարդավանք... Բացասական հույզերի ահռելի մի կույտ, որը թափվում է խեղճ հեռուստադիտողի գլխին: Մարդկային օրգանիզմն ունակ չէ կարճ ժամանակահատվածում հաղթահարել այդ ծավալի բացասական հույզեր ու զգացողություններ: Մերՙ առանց այն էլ բարդ ու խնդրաշատ իրականությունն ավելի է խճողվում: Չափազանցված բացասական տեսարանները, հույզերն իրենց սեւ գիծն են թողնում նյարդային համակարգի վրա որպես դանդաղ ներգործող թույն: Կենսական հենքից հեռու, բացառիկ իդեալական են դրական կերպարները: Սերիալների իրադարձային զարգացմանը տեմպ են հաղորդում ոչ համոզիչ, արհեստածին իրավիճակների կուտակումները:

Արվեստի նշաձողն ավելի ու ավելի վար է իջնում: Դեպ ո՞ւր է միտված, ուղղորդված եթերային այս քաղաքականությունը:Անշուշտ, վերջին նպաստող գործոնը չէր նաեւ ոչ այնքան վաղ անցյալում կինոդահլիճներում ցուցադրվող հնդկական ֆիլմերի հանդեպ «նոստալջին»: Ասում են, որ երբ ֆիլմի ավարտից հետո վառվում էին լույսերը, բոլորի աչքերը կարմրած էին լինում: Բայց այդ ֆիլմերը գոնե երկսերիանոց էին, իսկ հիմա ամեն սերիալը տարիներով է ձգվումՙ ընտանեկան երեկոները ենթարկելով «բոլիվուդյան տեռորի»: Ի պատիվ Բոլիվուդի պետք է ասեմ, որ նախանձելի մանրակրկտությամբ ու հետեւողականությամբ են ցուցադրվում կրոնական ծեսերն ու ավանդույթները: Քսանմեկերորդ դարում, երբ տեղեկատվությունն արդի ամենահզոր զենքերից մեկն է, չես կարող վստահ լինել, թե դա ինչ ազդեցություն կունենա: Այդպիսով հետզհետե չե՞նք կորցնի «մեր»-ի զգացողությունը, հետաքրքրությունը սեփական ազգի անցյալի նկատմամբ: Օտարը նորույթի ուժով գրավիչ է թվում: Մինչդեռ ունենք այնպիսի հրաշալի տոներ, ավանդույթներ, էկրանավորման սպասող գրական ժառանգություն, տարազներ, որոնք տեղով մեկ մշակութային հարստություն են: Ցավալի է, եթե այսօրվա պարմանուհու աչքին սարին ու գլխանոցն ավելի հրապուրիչ են երեւում, քան մեր տատերի զնգուն, երգեցիկ սուրմաներն ու զուսպ, նրբագեղ տարազները: Զարմանալի չէ, որ Սբ. Սարգսի տոնը դեռ մնում է երկրորդ պլանումՙ առաջնայնությունը զիջելով Սբ. Վալենտինին: Նույնիսկ ամենահզոր, հարուստ մշակույթն էլ այսօր ունի ներկայացվելու, քարոզվելու խնդիր: Համաշխարհային սարդոստայնի հսկայածավալ, բազմազան տեղեկատվությունն ակամա արհեստական անջրպետ է ստեղծում նոր սերնդի ու նրա իսկ ազգի մշակութային ավանդների, պատմության միջեւ: Ծառն արմատով է ուժեղ, ազգըՙ սեփական անցյալի հետ իր ոգեղեն կապով:

Զուր չեն ասում, որ հայի չափը չափազանցն է: Իմ բարի՜, դյուրահավա՜տ ազգ, այդքան գրկաբաց ընդունելով օտարի «մշակույթն ու արժեքները», ախր վտանգում ես սեփականդ: Հյուրընկալության Վանատուր աստված ունեցող իմ ազգ, բարեսիրտ միամտությամբ օտարի առջեւ որպես ճերմակ սփռոց մի՛ տարածիր ինքնությունդ...

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մշակութային փոխհարստացումն ու փոխազդեությունը ողջունելի երեւույթ է: Հարկ է հավաստել, որ Հնդկաստանն աշխարհի ներկայանալի մշակույթ ու անցյալ ունեցող երկրներից է, սակայն դրա մի աննշան մասի պարզունակ մեկնաբանությունն է սրտակեղեք տեսարաններով համեմվում ու ներկայացվում հայ հեռուստադիտողին: Սերիալներն առաջ են բերում յուրօրինակ մտավոր կանգ ու լճացում: Իսկ լճացման վերջը ճահիճն է:

Մեր դարում հետզհետե որոշիչ է դառնում համացանցի ու հեռուստատեսության դերն ու ազդեցությունը: Եթե ծնողն ավելի զգոն ու զգուշավոր է համացանցի դեպքում եւ կարող է վերահսկել, արգելափակել որոշակի կայքեր, ապա հեռուստատեսության դեպքում իրավիճակն այլ է: Հիրավի, եթե որեւէ օտար-անծանոթ հայտնվի մեր տան շեմին ու հավաստիացնի, որ ինքն արհեստավարժ դաստիարակ ու մանկավարժ է, մենք չենք վստահի նրան անվերապահորեն: Սակայն հեռուստատեսությունը հենց նույն այդ «անծանոթն» է, ով անարգել մուտք է գործում յուրաքնչյուր տուն ու ասում, ցուցադրում ինչ խելքին փչի: Ավելի ստույգՙ ինչ փչի այն մարդկանց խելքին, ովքեր ի պաշտոնե պարտավոր են նախանձախնդիր լինել մշակութային, ազգային արժեքների ներկայացման ու քարոզման համար: Հայտնի է, որ անձի աշխարհայացքի, հոգեկերտվածքի, բարոյական ու վարքային հատկանիշների հիմնական ձեւավորումը կատարվում է հենց մանկության ու պատանեկության տարիներին: Ավելին, գիտնականները հավաստում են, որ եթե երեխան մինչեւ ութ տարեկանը դիտում է ահասարսուռ տեսարաններ, ապա հետագայում հակված է լինում անհիմն հակահասարակական ագրեսիվության: Ինչպիսի՞ն կլինի փոքրիկի տեսլականն աշխարհի մասին, եթե նրա աչքն ամեն օր վարժվում է արյունալի ու դաժան տեսարանների, ականջին խորթ չեն գողական ժարգոնն ու ագրեսիվ առոգանությունը: Խոստովանենք, այնքան հաճախ ենք երեխային «զբաղեցնելու» նպատակով ապավինում նորօրյա «դաստիարակ» մեծն երկնագույն էկրանին: Վերջերս համացանցում կարդացի, որ մի իննամյա փոքրիկ բաց հովանոցով նետվել է տասներորդ հարկի պատշգամբից. ինչ է թեՙ այդպես էր վարվում մուլտֆիլմի նրա սիրած հերոսը:

Ազգային արժեքներ ներկայացնող կրթամշակութային հաղորդումներն իրենց տեղը զիջել են սերիալներին: Եթերային ժամանակի առյուծի բաժինը հատկացվում է դրանց: Սերիալներՙ հայկական, հնդկական, կորեական... Իսկ ի՜նչ ենք տեսնում հայկականներում: Վատ, ժարգոնով փառավորապես համեմված հայերեն, նեղմիտ թայֆայական խարդավանքներ, անանց ոխակալություն ու նեյնիմներ... Հայը հային սպանում է, «գցում» է, դավաճանում է...

Մի պահ պատկերացնենք, թե ինչ է տեսնում այն զբոսաշրջիկը, ով մի քանի օրով եկել է Հայաստան: Ակնկալելով հաղորդակցվել երկրի յուրահատուկ ազգային ու մշակութային դիմորոշ գծերինՙ սեղմում է կախարդական կոճակն ու... բարի գալուստ սերիալների ձգձգվող ու անձուկ աշխարհՙ գոռոցներ, արցունքներ ու հիստերիա... Եթե հնդիկներն անդրադառնում են իրենց ավանդույթներին, կրոնին ու սովորույթներին, ապա մենք այդ էլ չենք անում: Հաճախ է աչքի զարնում եվրոպական կենցաղի խղճուկ կրկնօրինակումը:

Հայկական հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունի սփյուռքաբնակ հայության վրա: Հայապահպանության ոգեղեն ու բնազդական մղումից դրդվածՙ արտերկրում բնակվող հայը դիտում է հայրենական ալիքներ: Եվ այս դեպքում չկա՞ այն վտանգը, որ նա հայեցի արժեքների փոխարեն կընկալի կեղծը, սարքովին, խեղաթյուրվածը: Ու հայը, ով վաղնջական ժամանակներում էլ եղել է արվեստ արարող, մշակույթով ապրող մարդՙ տեղեկատվական այս պղտոր հորձանուտում կկորցնի իր ինքնությունը: Չէ՞ որ մշակույթն է այն ողնասյունը, որն օգնում է ազգին մեջքը շտկած ու հպարտ կանգնել, ի տես աշխարհի վերահաստատել իր լինելությունը: Թող այն մտայնությունը չստեղծվի, թե «արվեստն արվեստի համար» սկզբունքի կամ «փղոսկրյա աշտարակ»-ի գաղափարների ջատագովն եմ: Բնավ: Բայց ի վերջո, հեռուստատեսությունն արվեստը չպիտի իջեցնի, հարմարեցնի զանգվածային ցածր մակարդակին, այլ ընդհակառակըՙ պետք է հասարակությանը հրամցնի բարձրարվեստ գործերՙ դրանով իսկ նպաստելով ազգի կրթական ու մշակութային զարգացմանը, ճաշակի ձեւավորմանը:

Ոչ այնքան վաղ անցյալում մեր իրականությունը պարզապես ներծծված էր ռաբիս երաժշտությամբ: Այն ամենուր էր հնչում: Ե՛վ էկրանից, ե՛ւ ռեստորաններում ու հանգստի այլ վայրերում, ե՛ւ տների ու մեքենաների պատուհաններից էին փղձկալով հորդում ռաբիսի ծեքծեքուն ելեւէջները: Ռաբիսը հզոր ալիքի պես վրա էր եկել ու արդեն դառնում էր կեցութաձեւ, միջավայր, վակուում, ժխտողականություն... Բայց ի՞նչ կատարվեց. արվեստագետների բարձրաձայնած վրդովմունքի ու, հավանաբար, պատասխանատու անձանց գործունեության շնորհիվ էականորեն կրճատվեց հեռուստատեսությամբ հնչող ռաբիսի չափաբաժինը: Այն մշակութային ոլորտից դուրս էր մղվել ու զբաղեցնում է իրեն ավելի բնորոշ նիշանՙ ռեստորանային ուտուշ-խմուշական միջավայրը :

Տնտեսագիտության ցանկացած դասագրքում կկարդանք, որ առաջարկն ու պահանջարկը փոխկապակցված են, պայմանավորված միմյանցով: Կյանքն ապացուցել է, որ մշակութային քաղաքականության դեպքում առաջարկն է ծնում պահանջարկ: Քսանմեկերորդ դարի հայն իրավունք ունի եւ պետք է իր մտավորական, պետական առաջնորդներից պահանջի ազգային ու մշակութային բովանդակության հարստացմանը միտված հեռուստահաղորդումներ ու ֆիլմեր: Այսպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում պետականություն պահպանող ու պաշտպանող ժողովուրդն ունի որակյալ հոգեւոր սնունդ ստանալու կարիք: Ազգին ազգ դարձնողը, պահողը մշակույթն է: Աշխարհին չենք կարող զարմացնել շքեղ հյուրանոցներով, պիցերիաներով, ողորկ երկնաքերներով... Այդ ամենն առանց մեզ էլ կա. տեսե՜լ են, գիտե՜ն: Կարեւորը մեր սեփականն էՙ Խորենացու սթափ ու իմաստագեղ բարբառը, կոմիտասյան անապակ ու մարդասեր ելեւէջները, ազգային նրբագեղ այն զարդանախշի տեսքն ու երանգը, որոնցով տարբերվում ենք ու այս տարերային աշխարհում տարբերում ենք մերըՙ հայն ու հարազատը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.