AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 9588, Տպվել է` 896, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՔՐ ԷԿՐԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՈՒ ԱՆԲԱԺԱՆ ԶՈՒՅԳԸ

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թատերագետ

Զարմանալի է մարդը, մենք, ամենքս: Տարիներով մեր կողքին ապրողները հրաշքներ են արարում, հաճույքով ըմբոշխնում ենք դրանք, բայց լռության ենք մատնում. կարծես շատ սովորական բան: Ինչո՞ւ: Չէ՞ որ անհամար լրագրողներ ունենք, իսկ նրանց արածն այնքան էլ սովորական չէ:

Խղճի «հրումով» ես ուզում եմ ընդհատել այս լռությունը եւ պատմել մի զույգի մասինՙ ոչ միայն արժանավորին արժանին մատուցելու, այլեւ մեր արժեքները կամ նրանց մի մասը, գոնե, ավելի ցայտուն դարձնելու միտումով: Ուրեմն հենց սկզբիցՙ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ մասին: Տեսեք, թե այդ նորին մեծություն նախախնամությունը ինչպես է հեռու-հեռվից, միանգամայն այլ ու տարբեր իղձերով ծնված-ապրած մարդկանց բերում, միավորում ու արժեքներ արարողի պատվանդանին է դնում: Խոսքն արդեն գրեթե չորս տասնամյակ մեր հայության, հետո էլ բովանդակ աշխարհի հայության համար ճանաչ ու հարազատ զույգի մասին է. Արփեն Մովսեսյան եւ Վահան Կարապետյան . հայկական փոքր էկրանի վարպետներ: Բնականաբար, պիտի զատենք նրանց ու այդպես մատուցենք:

ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆ . բնիկ արցախցիՙ Չայլու գյուղից, բայց նա ցավով է արտաբերում ծննդավայրի անունը:

1992թ. հունիսից այն գերյալ է... Մենք նրան ճանաչեցինք «Սվետլանա» անունով: Ընտանիքի հինգ զավակներից մեկն է: Դեռ դպրոցում նա սկսեց գրչի մարզումներ անել, ապա, հայրիկիՙ մանկավարժ Բախշի Մովսեսյանի ուղեկցությամբ եկավ Երեւան եւ ընդունվեց պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը: Վերջին կուրսում արդեն թղթակցում էր մամուլին: Եվ պատահական չէր, որ մի օր նա դարձավ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի աշխատակից: 1975-99թթ. վարում էր մոր եւ մանկան բաժինը: 1980թ. Արփենը եկավ հայկական հեռատեսիլ եւ դարձավ «Լրաբեր» լրատվական ծրագրի թղթակիցը եւ տասնամյակներ շարունակ անխաթար ու անբասիր կենդանի հաղորդումներ ու ռեպորտաժներ վարեցՙ լուսաբանելով Հայաստանի մշակութային իրադարձությունները:

Ինձ, որ անտարբեր չէին թողնում մշակութային, հատկապես թատրոնին վերաբերող հաղորդումները: Դեռ հիշողությանս ծալքերում են նրա լրաբերյան զրույցները: Էկրանին խոսքի մշակույթի անդավաճան նախանձախնդիրն էր: Լսելով ու տեսնելով բարետես, խելացի երիտասարդ աղջկա միանգամայն ընդունելի կարճ հաղորդումները, ցանկացա տեսնել նրան: «Լրաբերը» ռադիոտան հսկայական շենքի առաջին հարկում էր: Նրա պատուհանների տակ շարունակ ավտոմեքենաներ ու մարդիկ էին լինում խմբված: Հաղորդումները կենդանի էին, իսկ մասնակիցներըՙ շատ: Ես նրան բուռն զբաղումի մեջ գտա եւ զարմացա երիտասարդուհու կազմակերպվածությամբ: Նաեւ այն ջերմ ու սերտ կապով, որ նա ուներ իր հաղորդման մասնակիցների հետ: Չանցած եւս մի երկու տարի, երբ մեր ժողովուրդը անկախության ուղին էր բռնել եւ Արցախն էլ ոտքի էր ելել, «Լրաբեր»-ի պատուհանների տակ, ազատամարտիկի հագուկապով խառնված մարդկանց մեջ, դարձյալ տեսա Սվետային: Աղջիկը կարծես նրանց ուղղորդողը լիներ: Վերստին սեր ու հպարտույթյուն լրագրողի հանդեպ: Եվ այդ սերն այնքան էր, որ նրանք ընդվզեցին աղջկա ոչ հայկական անվան դեմ եւ հենց տեղնուտեղը փնտրեցին տարբերակներ եւ «Արփեն» անունով մկրտելով իրենց քույրիկին, հեռացան դեպի մեր անհանգիստ սահմանները:

Տարիների իմ ընդգծումները այսօր օգնում են, որ ինչ-որ չափով ամբողջացնեմ Արփեն Մովսեսյանի դիմանկարը: Եվ, ուրեմն երկրաշարժի գոտում էլ նա առաջիններից էր: Եվ պատահական չէր, որ հենց նա ուղեկցեց իր աղետյալ ժողովրդին օգնության եկած մեծն Շարլ Ազնավուրին... Որքան հիշում եմ, Արփենը միակ կին լրագրողն էր, ով անվախ գնում էր թեժ կետեր ու հրետակոծության տակ ռեպորտաժներ վարում: Պատերազմական օրերի թարմ տեղեկություններն էին ամփոփում նրա հարցազրույցները Արցախի պաշտպանության բանակի կազմակերպիչներից Սերժ Սարգսյանի հետ: Սա սխրանք է: Հնարավոր չէ, օրինակ, մոռանալ նրա կարճառոտ ու դիպուկ հաղորդումը Ցեխին Ծոր կոչվող վայրից, որտեղ տեղավորված էր դաշտային վիրահատարանը: Վիրաբույժը լեգենդար Արցախ Բունիաթյանն էր: Նաեւ, ինչպես մոռանանք նրա մեկ այլ ռեպորտաժը, որն այսօր պատմական սրբազան մասունքի արժեքն է ստացել... Խոսքը մեր առասպելական քաջազունիՙ Մոնթե Մելքոնյանի մասին է: Նա մարտը վարում էր Դադիվանքի համապատկերին: Միաժամանակ ստիպված էր պատասխանել անձնազոհ ժուռնալիստի հարցերին... Դժվար է ասել. նրանից ո՞ւմ համար էր սրբազան առաքելության եւ անձնազոհության պահ... Անմոռանալի է Մարտակերտի ազատագրմանը նվիրված նրա ռեպորտաժըՙ դարձյալ մարտադաշտից: Հետո Արփենն այդ հանդիպումներն ու զրույցները կհամարի կյանքի մեծագույն դասեր...Հապա հերոսության ու կորուստների վշտով առլեցուն էսսեների ու ռեպորտաժների շարքը, որ սկսվեց տաղանդավոր ու ջահել Սամվել Շահմուրադյանին նվիրված «Մարդու ժամանակը» տեսաֆիլմով: Ի՜նչ օրեր էին... Մի կողմից վիրավոր կամ զոհված մեր տղաներին էինք ընդունում, մի կողմից էլ եռաբլուր գնում... Ես էլ անմասն չմնացի Արփենի սխրանքից ու զոհաբերությունից: Ավագ քրոջս մինուճարըՙ Ֆարիդ Աբգարյանը, ծառայում էր Սեւծովյան նավատորմում արդեն չորս տարի, բայց լսելով հարեւանի հարձակումների մասին, անմիջապես վերադարձավ Այնթապ գյուղ: Փորձառու հետախույզը հավաքեց գյուղի ջահելներին եւ զենքի հետ վարվելու դասեր էր տալիս: Նրանք իրենց ջոկատը կոչեցին «Զորավար Անդրանիկ»:

1993-ի ամռանը վիճակը փոխվեց. վարձու եւ օտար համալրում ստանալովՙ Քելբաջարի տարածաշրջանում թեժ մարտերում նռնակը կիսեց Ֆարիդի մարմինը... Օգոստոսի 16-ին զինյալների ջոկատը հատուկ պատվով Այնթապ բերեց զոհված առաջին ազատամարտիկին... Մայրը մերժեց Եռաբլուր տանելու տարբերակը. ընտանեկան գերազմանը մոտ էր եւ ամեն պահ նա կարող էր որդուն այցի գնալ... Հրետանային համազարկերով նրան շիրիմ իջեցրին, եւ հանկարծ ժողովրդի միջից հայտնվում են Արփենն ու օպերատորըՙ տեսախցիկով... Անզոր եմ նկարագրել... Կարծես աստվածային մի ձեռք սպեղանի դրեց վշտացյալներիս սրտին... Միայն պետք է պատկերացնել, թե քանի-քանի ընտանիքների է նման այցերով, պատիվ բերող ռեպորտաժներով մխիթարել ու սփոփել Արփեն Մովսեսյանը... Փառքուպատիվ նրանց... Այսօր առավել ակնբախ է, որ անցյալ դարավերջին մեծ փորձություն ապրեց մեր ժողովուրդը, եւ նրա հետ էլՙ այս երիտասարդ ընտանիքը: Ինչպես ասում ենՙ փառք Տիրոջը, որ երկուսն էլ կոփված ու հասունացած դուրս եկան փորձությունից: Բեղուն գործունեությունից հետո անհամեմատ հասունացել եւ որոշակիություն էր ձեռք բերել լրագրողի ու քաղաքացու հայեցակետը: Վարպետացել էր: Առավել ամբողջական էր դարձել հաղորդման ձեւի ու բովանդակության սեփական փորձով ձեռք բերված կառույցը:

Եվ ահա դարավերջին իր ամփոփումներն էր անում հայկական ռադիո-հեռուստատեսային բնագավառի նորընծա երիտասարդ նախագահ Տիգրան Նաղդալյանը : Նա գործի առաջատարների հետ հեռահար նախագծեր էր հղանում եւ Արփենին առաջարկում է բարդ ու խորիմաստ մի նախագիծ կյանքի կոչել: «Շրջադարձ» էր կոչվում այն: Իր գեղագիտական տեսլականով եւ կռահումների համոզչականությամբ, հայ լրագրողը միացավ աշխարհում տեղի ունեցող հոգեւոր երեւույթների գերակայությունը հաստատող շարժմանը, որի համար նրա գործունեությունը 2002թ. գնահատվեց ՄԱԿ-ի մրցանակով: Այնուհետ մայրենի լեզվի անթերի իմացության եւ իր հաղորդումներով դրա փայլուն նմուշները ստեղծելու համար 2003-ին Արփենն արժանացավ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» հեղինակավոր մրցանակին: Առհասարակ Արփեն Մովսեսյանի մրցանակները, պատվոգրերը, մեդալները, մանավանդ մշակույթի վաստակավոր գործչի կոչումը, արդարացիորեն հաստատում է նրա ազնիվ ու անշահ վարքը: Դարավերջը, ակամա, Արփենի համար նոր ընտրության պատեհություն եղավ: Եթե մինչեւ այդ նա աշխատում էր տարբեր օպերատորների հետ, ապա 1999-ի թիֆլիսյան Վարդատոնից հետո գտավ իր օպերատորին, ով եւ մասնագիտական այնպիսի հազվագյուտ կարելիություններ, նրբագեղություն, ճաշակ, գեղագետի դիպուկ աչք, մանրամասներից մեծ ու գեղեցիկ ընդհանրացումներ անելու ունակություն բացահայտեց, որ դարձավ անփոխարինելի: Խոսքը Արփենի ամուսնուՙ ֆիզիկոս Վահան Կարապետյանի մասին է: Այդ օրվանից նրանց համատեղ գործունեությունը իսկական մշակութային գանձեր ստեղծեց հայկական հեռատեսիլի եթերում եւ դարձավ համահայկական նվաճում:

Դպրոցը փայլուն ավարտելուց հետո, միայն մեկ քննություն հանձնելով Վահանը ընդունվեց ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ եւ անմիջապես վերադարձավ Մեղրի: Արդեն ամիսներ անց համալսարանում հազիվ ծանոթ երիտասարդները, անկեղծ, ուրախությամբ շնորհավորեցին միմյանց: Հետո կրկին դասեր : Եվ նաեւ սեր... Երկուսն էլ ուսումնածարավ հոգիներ էին, տոգորված գիտելիքներ ձեռք բերելու տենչով:

Այնուհետեւ Վահանը մեկնեց Լենինգրադ եւ ընդունվեց Ա. Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտՙ սիրած գործում առավելագույնս խորանալու նպատակով: 1971թ. ավարտելով, գործուղվեց Հայաստան, Աբովյանի «Սիրիուս» գործարան: Տաս տարի Վահանն աշխատում էր որպես հատուկ կոնստրուկտորական բյուրոյի ավագ ինժեներ, միաժամանակ մասնագիտական առարկա դասավանդում տեղի էլեկտրատեխնիկական տեխնիկումում:

Դարձյալ ընդգծեմ, որ 1975-ին Արփենն ու Վահանը ամուսնացան եւ երեք սենյականոց բնակարան ստացան Աբովյանում: Ընտանիքը մեծացավ երկու փոքրիկներովՙ Նանեն եւ Սեդան: Արփենը շարունակում էր վարել «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի «Մոր եւ մանկան» բաժինը, իսկ 1980-ից դարձավ հայկական հեռատեսիլի «Լրաբեր» թղթակից, ապա ծրագրի մշակութային իրադարձությունների մեկնաբանըՙ ուղիղ եթերում: Եվ ամեն անգամ, երբ տարբեր փոխադրականներով նա Ռադիո էր գալիս թարմ, խնամված ու հավաք, մարդիկ կարծում էին, նոր է գեղեցկության սրահից դուրս եկել: Ռադիոպետկոմի նախագահ Տիգրան Հակոբյանը Մհեր Մկրտչյանին նվիրված հաղորդումից հետո ցանկացավ անձամբ շնորհակալություն հայտնել «Լրաբեր»-ի թղթակցին, երբ տեղեկացավ, որ նա գալիս է Աբովյան քաղաքից, այլ ոչ թե Աբովյանի անունը կրող փողոցից, որոշեց ու խոստացավ լուծել լրագրողի երեւանյան բնակարանի հարցը: Նախագահի ջանքերը մասամբ միայն հաջողությամբ պսակվեցին: Երեւանի սրտում բնակելի բարձրահարկի 10-րդ հարկումՙ մեկ սենյականոցՙ Աբովյանում հանձնած երեք սենյականոցի դիմաց... Ինչ արած. չորս հոգանոց ընտանիքը խցկվեց մեկ սենյակում: Եկավ ժամանակը եւ Վահանն էլ, որպես կամավոր սպա, զինվորագրվեց Քանաքեռում տեղակայված կապի գնդում...

ԲԱՂՁԱԼԻ ԶՈՒՅԳԸ. Եվ ինչպես արդեն ասել ենք, Թիֆլիսյան Վարդատոնը մկրտեց նորընծա օպերատորի փայլուն սկիզբը... Դիպուկ աչք ու նրբագեղությունՙ զուգակցված խոսքով: Այդ օրվանից աշխարհի հայաբնակ շատ երկրներում ու քաղաքներում եղան Վահանըՙ բնականաբար իր փայլուն լրագրող ու հեղինակ-հաղորդավար կնոջՙ Արփեն Մովսեսյանի հետ: Նախ նրանք եղան Ստամբուլում, հայերի երբեմնի ու մշտական օրրան Պոլսում, որտեղ հայությունն ու նրա տաղանդավոր զավակները հոգեւորի հավերժական ակոս են բացել... Պոլիսն իր հայաշեն թաղերով, դպրոցներով եւ մշակութային ու հրատարակչական վայրերով... Զույգի «Հայից հայ» հաղորդաշարը ինչքան օջախներ ու հոգիներ խոսեցրեց... Սկսած հրաշալի պոետներովՙ Պ. Դուրյան, Դ. Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սեւակ, ավարտած տաղանդավոր արձակագիրներովՙ Գր. Զոհրապ, Օտյան, Մնձուրի, որոնց գեղարվեստական ու հուման գաղափարները շարունակում էին պոլսահայ արդի գրողներն ու արվեստագետները. Զահրատ ու Խրախունի, Ռ. Հատտեճյան ու Արա Գյուլեր, Մկրտիչ Մարկոսյան... Թվով տաս հաղորդում եւ տեսաֆիլմ նվիրվեց պոլսահայ մտավորականներին:

Ապա Հունաստանը, Աթենքը եւ Սալոնիկը, ուր Հայ գրքի հրատարակչության 1500 ամյակի առիթով այնտեղ էին հրավիրվել... Մի խոսքով, տարիների մեջ 15 հաղորդում նվիրվեց հայ-հունական դարավոր կապերին: Առավել բարեպատեհ առիթ կարելի՞ էր երեւակայել, երբ, անկասկած, միաձուլվում են խոսքի քանքարն ու տեսախցիկի ընդելուզումի, մոնտաժի հնարավորությունները: Եվ ակնդիրը ականատեսն է դառնում իրականության եւ հույզերի հրավառության:

Այո, Արփենը հրաշալի տիրապետում է մայրենիի երկու բեւեռներին.... եւ հույզերի լեզվին: Նա յուրովի է միախառնում դրանքՙ ստեղծելով մի շքեղ ու հարուստ լեզու: Շքեղ ու պատկերավորՙ առանց սեթեւեթանքի, խորն ու բազմաշերտՙ առանց խրթնաբանության: Իսկ եթե գրավոր լեզվին ավելացնենք բանավորի հնչերանգային հարստությունը, հուզական շունչը եւ բազմազանությունըՙ կստանանք եթերում հանց ճախրանք հնչող լեզուն: Հաճախ Արփենի գրավոր խոսքը ունենում է չափածո շարունակություն: Արեւմտահայերեն հնչեղություն, փափուկ, աննշան երգեցիկ մի լար, որ առանձնակի քաղցրություն ու գրավիչ երանգ է պարգեւում նրա խոսքին: Անհնար է մեջբերել արեւմտահայ պոետներից եղած միջարկությունները. դրանք շատ-շատ են:

Բավարարվենք միայն սրանց կողքին դնելով նաեւ արեւելահայ գրողների ստեղծագործություններից մեջբերումները, որը Արփենը արտաբերում, հնչեցնում է մոր կաթի պես քաղցր ու բնական: Արփենը առավելագույնս բյուրեղացրել էր իր գրավոր խոսքը: Կարելի էր առանց երկընտրանքի խոսել նրան հատուկ գրելաոճի մասին, որը երբեք վերացական չէ: Ընդհակառակը. որոշակի էր նրա հերոսըՙ իր միջավայրով ու կենսակերպով, մտածողությամբՙ ինչպես որոշակի ՙ նրա խոսքն ու արտահայտչակերպը: Նա զերծ էր լրագրային ակնարկին հատուկ մակերեսայնությունից. ընդհակառակը, մանավանդ օտարի ենթակայությամբ, հենց այսօրվա Պոլսում ապրող նրա հերոսներն ունեն ներքին դրամատիզմ, որ հեղինակը մեզ է հաղորդում նրանց կենսագրական անհայտ կամ քիչ հայտնի մանրամասների շաղախով... Տարակույս չկա, որ հեղինակի տեքստը լրագրականի սահմանագիծը քանդելովՙ մտնում է մի այլ տիրույթ, որ գեղարվեստականին է վերաբերում: Նրա բերածը խոհագրություն է, դիմանկար, վարքագրություն:

Անհատականացում. այսպես կարելի է բնորոշել Արփենի ստեղծագործության ջիղը: Հատկանիշ, որ զորացնում եւ յուրօրինակ է դարձնում նրա ամեն անդրադարձ: Եթե եթերում Արփենը գերում է իր խոսքի հույզով ու խորքով, ապա օպերատորըՙ Վահան Կարապետյանը, գտնում է տեսապատկերներին համապատասխան ռիթմ ու անցումներ, ջանում է էպիկական-խոհական հատվածները առավել շարժուն ու գրավիչ դարձնել պաուզա եւ անցումների մտածված հերթագայության շնորհիվ: Օպերատորի «ձեռագիրը» ուշադիր եւ հետեւողաբար ուսումնասիրելիս նկատում ես, որ նրան ինքնահատուկ այլ լուծումներ կան: Օրինակ «անհանգիստ» իրար հաջորդող դրվագները հանկարծ դանդաղում են ու համապատկեր վերջակետ դառնումՙ գալով մի ընդհանրացման, որ գյուտի արժեք ունի: Ահա թե ինչ է նշանակում, երբ օպերատորական արվեստի տիրույթ է գալիս համակողմանի զարգացած մարդը, անհատը, ավելինՙ ֆիզիկոսը:

Հեռատեսիլի այս զույգի համատեղ հաղորդումների ու տեսաֆիլմերի թիվը անցնում է 7 հարյուրիցՙ նվիրված մեր պատմության եւ մշակույթի հսկաներին: Դժվար է թվարկելը: Վերջին երկու տասնամյակում այս զույգի հանդիսարանը անհամեմատ մեծացել է: Ճիշտ է, դա մերՙ Հայաստանի հեռուստադիտողի հաշվին է, սակայն աշխարհի ու հայ Սփյուռքի հայության համար անհամեմատ շահեկան պայմաններ են ստեղծվել: Եվ քանի որ նրանք անձամբ եղել են աշխարհի շատ հայահոծ քաղաքներում, ուզում ենք սեղմ հաղորդել այս բացառիկ զույգի շրջագայության քարտեզը. Եգիպտոս, Հռոմ, Հունաստանՙ Սալոնիկ, Ստամբուլ, Հարավսլավիա, Ռուսաստան, Վրաստան: Միայն տերյանական տարբեր հաղորդումների առիթով նրանք քանիցս եղել են ոչ միայն Ջավախքում, տերյանական վայրերում, այլեւՙ Օրենբուրգում, որտեղ բանաստեղծը մեկնել էր շատ կարեւոր առաջադրանքով, բայց վիճակը վատթարացել է եւ նա վախճանվել է օտար քաղաքում...

Արփեն-Վահան զույգի հաղորդումները դիտում է աշխարհի հայությունը, եւ տեղական մամուլում այնպիսի հուզիչ, ջերմ ու սրտագրավ, երախտագիտությամբ լի տողեր են գրում, որ չգիտես ինչը ընտրես եւ ինչը թողնես: Բնական է, օտար երկինքների տակ ապրող մեր հայրենակիցները որտե՞ղ եւ ինչպե՞ս կարող են լսել ազգի ընտրյալների ու մեծերի հետագիծը լուսաբանող նման հարուստ ու բարձրակարգ մեկնաբանումներ, որոնք ոչ միայն գիտելիք են հաղորդում, ընդլայնում մտահորիզոն, այլեւ ազգային արժանապատվություն են ներշնչում եւ, իհարկե, կարոտ հագեցնում...

Արվեստագետը մտքի ու հոգու բոլոր լարերով է ընդունում ազգի խնդությունն ու վիշտը, քայլառաջն ու նվաճումը, սակայն Ամարասը, Շուշին այն քաղցրիկ օրրանն են, որ ոչնչի հետ չեն կարող բաղդատվել: Դրանք Արփենի գրչի տակ հուրհրում են այնպիսի արբշիռ գույն ու երանգով, որ անհնար է չսքանչանալ: Դժվար է հաշվել, թե քանի՜ անգամ է դրանց փարվել, անդրադարձել, միեւնույն է նրա կարոտն անշեջ է եւ սերն անվախճան: Եվ ինչպե՜ս են դիցական հմայքով գերում ժապավենին դաջված եդեմական կանաչի ու լուրթ երկնքի հորիզոնները: Ի՜նչ արժեն հենց միայն պատմական-հոգեւոր ճարտարապետական հուշարձաններին նվիրված պատումները: Եվ գեղարվեստական ու տեսապատկերային հնարներով օպերատորն, ասես, մրցում է հեղինակի հետ ու հինում է իր տաղանդի խրախճանքը: Անհար է առանց հիացմունքի հետեւել Արցախի բնաշխարհին հատուկ կանաչ օվկիանոսի ու մով երկնքի անսահմանության եւ դաշնությանը... Եվ այդ հեքիաթի հենքում չզանազանել Ամարասի ու Գանձասարի, Դադիվանքի ու նույնիսկ հանց հաղթակամար հառնող ճարտարապետական կառույցներիՙ պատերի ու գմբեթների ավարտուն կատարելությունը: Վիթխարի բնապատկերինՙ նույնքան վիթխարի տաճարներ, մեն-մենակՙ հավերժի դիմաց... Օպերատորն, ասես, զգում է մարդու կարոտ ու մեկեն հեռվից մատուցում է սեւ սքեմով հոգեւորականին: Նա աճապարում է, կտրում բակն ու մտնում վանք... Սա սիմվոլիկ է: Իսկական հոգեւոր աշխարհի տիրակալը իր վեհատեսիլ կերպարանքով ու գեղեցիկ դեմքով Արցախի ոգին է. փառահեղ ու իմաստուն Պարգեւ արք. Մարտիրոսյանը . հոգեւոր հայր, որ ոչ մի պահ չլքեց իր հոտին եւ տասնապատկվեց նրա ուժը ոչ միայն իր խոսք ու մաղթանքով, այլեւ սրբազան ներկայությամբ: Նրա դեմքն ու խոսքը իմաստավորում են ոչ միայն կադրերը, այլեւՙ ամբողջ հաղորդումը, ֆիլմը: Արփենն ու Վահանը շարունակ առանձին պատկերից ու մանրամասնից ընդհանրացումներ են անում: Դարահասակ հոգեւոր կոթողների հզոր պատերըՙ երկնի անսահմանության մեջ եւ գմբեթներըՙ հանց խոյացող աղոթքներ... Տեսապատկերի սքանչացնող զորությունն ու ՄԱՐԴՈՒ արարչական ներկայությունը ներսդ լցնում, խորհրդածություններ են հարուցում Արցախ աշխարհի մասին ու տանում հավերժականի հանգույցները... Իրոք, դժվար է առանձնացնել այս կամ այն հայտագիրը:

Եվ զարմանալ կարելի է, թե Արփեն Մովսեսյանն ինչպե՞ս է կարողանում մեկտեղել հսկայական նյութն ու մարդկանցՙ մոռացության չտալով կառուցում է պինդ ու տպավորիչ տրամաբանական շղթա, ստեղծելով յուրօրինակ հանրագիտարանային աշխատանք, որ պատմական վավերագիր է: Դիտում ես ու խորհում, հիանում ազգի հնով ու նորով ապրող այս հրաշալի պատվախնդիր զույգի ստեղծագործական ջիղով եւ մտածում, թե որքա՜ն սփոփիչ եւ ոգեկոչող է նրանց անկեղծ նվիրումն ու մեծագործությունը: Անտարակույս մեր ազգի հոգին ու բեռը թեթեւացնելուն է միտված նրանց յուրաքանչյուր նախաձեռնություն: Էլ նվիրումն ինչպե՞ս է լինում...

Խոհերն ինձ հանգիստ չեն տալիս. այսՙ սցենարական, ռեժիսորական, հաղորդավարական, ընդհանրապես, մասնագիտական հսկայական գիտելիքներն ո՞ւր պիտի գնան: Արփենը մի ժամանակ որպես վերլուծաբան ընդգրված էր հեռուստա-ռադիո հաղորդումների խորհրդի աշխատակազմում: Իսկ Հայաստանում եղած ուսումնական հաստատությունները, որ մասնագետներ են պատրաստում ռադիո-հեռատեսիլի վիթխարի լսարանի ու հանդիսարանի համարՙ ո՞ւմ գիտելիքներից ու ծառայությունից են օգտվում... Այսքան բան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.