AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 17282, Տպվել է` 1517, Ուղարկվել է էլ.փոստով` 0

2018-Ի ՏԱՆՋՈՂ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ճիշտն ասած` Հայաստանին հատկապես հիմա շատ է հարկավոր, որ կառավարությունը հաջողի: Քանի որ վատ վիճակի վերջին խազին ենք հասել, էլ տեղ չկա ավելի վատ լինելու, գումարած տարածաշրջանային անբարենպաստ ֆոնն ու մեր խելահեղ հարեւանի ամենօրյա դարձող անմիտ սադրանքները, երբ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ եւ ինչով այս անգամ կկրակի կամ ինչ նոր սուտ կհորինի նա: Ու հիմա մեզ առավել, քան երբեւէ, պետք է դուրս գալ արատավոր շրջանից, կոտրել տնտեսության դատապարտվածության իրավիճակը, արյուն ներարկել նրան, նրա հետ նաեւ` Հայաստան պետությանն ու պետականությանը: Սա հասկանում են բոլորը եւ հատկապես կառավարությունը, որն իր հնգամյա ծրագիրն Ազգային ժողով էր ներկայացրել ու ընդամենը 64 ձայնի հավանության արժանացավ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում: Ընդդիմությունը միահամուռ դեմ քվեարկեց ծրագրին, մինչ այդ էլ քննադատեց այն` համարելով, որ դա առկա իրավիճակը չփոխող ծրագիր է:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ վերստին հաղթահարեց այն հոգեբանական թեսթը, որով հերթական անգամ նրա դիմացկունությունն էր փորձարկվում` դե լավ, էլի, ասա, 2018-ից հետո դու ես լինելու վարչապետը, թե՞ ոչ, եթե դու չես լինելու, էլ ի՞նչ ես խոսում:

Կառավարության ծրագրի ներկայացումը մի կողմից թվում է, թե խիստ տնտեսական երեւույթ պիտի լիներ, ու այդ ակնարկներն էին անում հատկապես մեծամասնության ներկայացուցիչներն իրենց ելույթներում ծրագրի այս կամ այն բարեմասնությունը ներկայացնելիս: Սակայն մյուս կողմից էլ, որքան էլ տարօրինակ թվա եւ որքան էլ դա գոնե առերեւույթ չընդունվի 64 ձայն ապահոված մեծամասնության ու իր կոալիցիոն գործընկերոջ կողմից, այս հարցը կամա-ակամա քաղաքական բովանդակություն ունի: Իսկապես, ի՞նչ արտաքին քաղաքականություն է ունենալու մի վարչապետ, որի ծրագրում այդ հարցի հետ կապված ոչ մի հստակություն չկա: Կամ պատկերացնո՞ւմ եք Կարեն Կարապետյանին որպես Հայաստանի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար պատերազմական իրավիճակում, որն ամրագրված է որպես վարչապետի նոր լիազորություն հենց Սահմանադրությամբ:

Ու այդքանից հետո չհարցնել նրան, թե ո՞վ է լինելու վարչապետը կամ հենց ի՞նքն է այս ծրագիրն իրականացնող վարչապետը` այնքան էլ հասկանալի չէ, ինչպես որ հասկանալի չէ, թե` «ձեզ ինչ, թե ո՞վ է լինելու վարչապետը»: Չիմանա՞նք գլխներիս գալիքը 2018-ից հետո, չիմանա՞նք` ո՞վ է պատերազմական իրավիճակում որոշում կայացնելու, չիմանա՞նք` ում վրա պետք է հույս դնենք, կամ արդյո՞ք ըստ այդմ կփոխվի ներկա տնտեսական ստատուս-քվոն, թե՞ այնուամենայնիվ այս վիճակն է մնալու եւս հինգ տարի, հետեւանքներով հանդերձ: Չէ՞ որ Հայաստանում ծրագիրը ոչինչ է, անձն` ամեն ինչ:

Իհարկե, «Ելքն» ու նրա ղեկավարները, իրենց իսկ բնորոշմամբ` երբ խաչաձեւ հարցաքննությամբ փորձում էին Կարեն Կարապետյանից խոստովանություն կորզել, ունեին իրե՛նց քաղաքական հետաքրքրությունը, մանավանդ այս վերջին քննարկումը հիանալի ցույց տվեց, որ նրանք տնտեսությունը հասկացող պատգմավոր չունենալով` հենց նախապես միայն քաղաքական խնդիր էլ ունեն իրենց խմբակցությամբ: Փոխարենը «Ծառուկյան» դաշինքի տնտեսագետները քաղաքական երաշխիքներ եւ իրերի դեֆակտո դրությունը փոխելու ցանկություն չէին տեսել կառավարության ծրագրում, որքան էլ Կարեն Կարապետյանն ասում էր. «Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է` դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր: Մեր երկիրը շեն ու բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է»:

Իսկ թե ո՞ւմ ծրագիրն է ներկայացնում վարչապետը մոտակա հինգ տարվա համար, նա՞, թե մի այլ վարչապետ է իրականացնելու դա 2018-ից հետո` այս հարցերը հենց տեղում վերջնականապես պարզվեցին կարկառուն ՀՀԿ-ականների օգնությամբ` դա կարեւոր չէ, սա ՀՀԿ-ի ծրագիրն է, Սերժ Սարգսյանի ուղերձի հիմքով եւ գլխավորությամբ, ՀՅԴ-ն էլ գումարում էր նաեւ իր ծրագրային մոտեցումները, ու երկուսը միաբերան պնդում էին, թե այս դեպքում կարեւոր չէ, թե ո՞վ է վարչապետը:

Խոստովանենք, եթե որեւէ մեկն իմանա, որ վեց ամիս հետո վարչապետ չի լինելու, հազիվ թե աշխատելու ցանկություն ունենա: Համենայնդեպս` Կարեն Կարապետյանը պնդում էր, որ ինքն աշխատելու ցանկություն ունի, անգամ թեսթի բարդացող հարցերին, թե գործող նախագահին հետագայում վարչապետ աշխատել համոզողների մեջ ինքը կա, թե՞ չկա` Կարապետյանը պատասխանեց, թե ինքը համոզողների մեջ չէ: Ներկա իշխանության ներքին բարքերն իմացողները կպնդեն, որ արդեն համարձակություն է այդպիսի բան թեկուզ կես բերան ասելը:

Մեր կարծիքով` վարչապետը ավելի կոշտ հակադրվելու պահը բաց թողեց. դե եթե ինքը չի աշխատելու` ի՞նչ ունի կորցնելու, հակառակը, նա կկարողանար այդպես իր վարկն ամրապնդել, իսկ «Ելքը», ինչ նպատակ էլ որ հետապնդեր իր սեւեռուն հարցերով, ակամա կնպաստեր Կարեն Կարապետյանի քարտի արժեւորմանը: Չնայած` հուլիսի 6-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստին Կարապետյանը դեռ շանս ունի` այդ արտահերթ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականն է քննարկվելու, իսկ դա հիանալի առիթ կարող է դառնալ բաց թողնվածը լրացնելու: Չնայած` Կարապետյանը հազիվ թե դա անի` նայելով մեր տնտեսության դեֆակտո կարծրացած քվոտավորմանը եւ իրերի վիճակը խոսքերից այն կողմ փոխելու անհնարինությանը, սա պետք է ենթադրել:

Որ իշխանության ներսում սրվում է պայքարը` 2018 թվականին ընդառաջ, սա հստակ երեւաց հենց խորհրդարանում: Իհարկե, ցավալի է, որ մի ժամանակում, երբ սահմանին չորս զոհ ունեցանք, համանախագահների այցը զուգորդվեց ադրբեջանական նկրտումների նոր առարկայացման հետ, անգամ այդ պարագան չզբաղեցրեց մեր պատգամավորների միտքը քաղաքական բաղադրիչով` ընդդեմ ներիշխանական ինտրիգայնության, պատգամավորներից ոչ մեկը կառավարության հնգամյա ծրագիրը քննարկող նիստի սկզբում գոնե մի գնահատական չհնչեցրեց ոչ սահմանի իրավիճակի, ոչ դրա վերաբերյալ քննարկման պահանջով:

Մինչդեռ` թե ո՞վ է լինելու վարչապետը, արդյոք Սերժ Սարգսյանը իշխանության է մնում որպես վարչապետ` սա բացահայտ, թաքնված կամ միջնորդավորված բոլոր պատգամավորներին էր հետաքրքրում:

Ահա սա է մեր քաղաքական դասի էությունը, ու որ ասում էինք` քաղաքական բաղադրիչի պարունակություն, հենց դա էլ նկատի ունեինք:

Չնայած` մյուս կողմից էլ որեւէ ծրագիր իմաստավորվում է նրանով, թե ով պետք է իրագործի այն: Եթե այն մարդը, ով ներկայացնում է` սա մի բան է, իսկ եթե այլ մարդ եւ բոլորովին տարբեր հիմա ներկայացվածից` այլ բան:

Ընդհանրապես` հնարավոր չէ պատկերացնել, որ հայկական իրականության մեջ որեւէ մեկը, միջին պաշտոնյաներից սկսած մինչեւ ամենաբարձրը, ունակ են ժամանակին եւ արժանապատիվ հեռանալ. եթե դուք հիշեք բացառությունները, ապա կհաստատեք օրինաչափությունը: Ժամանակին եւ արժանապատիվ հեռանալը, ընդ որում` մինչ այդ արժանի ժառանգորդներ պատրաստելով, արվեստ է, ինչին կարող են տիրապետել միայն բարձր հոգեւոր արժեքներ կրողները:

Իսկ մերոնք բոլոր մակարդակներում միայն մտածում են մի բանի` իշխանությունը պահելու եւ այն անձնական բարեկեցությունն ապահովելուն ի սպաս դնելու մասին:

Ավելորդ չէ նշել, որ իշխանություն պահելու կամ ցանկալի անձին փոխանցելու օրենսդրական բազմաբարդ գործողությունները սովորաբար եթե զուգորդվում են բարդ ու շղթայական գործնական քայլերով, միշտ էլ մեծ է հավանականությունը, որ որեւէ օղակ կարող է շղթայից դուրս գալ, իսկ ողջ շղթան էլ` անսպասելի քանդվել, քանի որ բարդը միշտ էլ պարզին պարտվելու տիեզերական կանոնի մշտապես մատուցվող շանսն ունի:

Վերադառնալով կառավարության ծրագրին, որի շուրջ խորհրդարանում կրքեր բորբոքվեցին, եւ որի մասին վարչապետն իր եզրափակիչ ելույթում ասաց. «Մենք կազմել ենք շատ աշխատունակ, պոտենցիալ ու հաշվարկված ծրագիր: Մենք ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք շատ խոշոր մասնագետների հետ եւ ոչ միայն հայ մասնագետների հետ: Մեր պատկերացմամբ, մեր ծրագիրը պրոֆեսիոնալ ծրագիր է, որը մեր հայկական պետությունը տանելու է դեպի լավը»: Սակայն ընդամենը մի քանի թվեր արդեն ցույց են տալիս մեր մոտիկ ապագայի անուրախությունը, որքան էլ, ըստ վարչապետի` բանիմաց, ազնիվ եւ աշխատելու ցանկություն ունեցող անձինք են հավաքվել կառավարությունում:

Համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճ, աղքատության կրճատման ապահովումՙ իջեցնելով այն 12 տոկոսով, զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբՙ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում: Հինգ տարում այս թվերը կորչելու են գնաճի ու զանազան տնտեսական վայրիվերումների մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.