AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 97. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 17211, Տպվել է` 1518, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆՙ ԱՌԱՆՑ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հունիսի 21-ին լրացավ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 25-րդ տարելիցը: Հրամանատարի զինվորները նրա պարագայում մահանալ, զոհվել, ընկնել բառերը չեն ընդունում, որովհետեւ իրենց Լեոնիդն անմահ է:


Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը Լեոնիդ Ազգալդյանին 1990 թվականի գարնանն է հանդիպել Վարդենիսի տարածքում, որտեղից նա իր ջոկատի հետ Քարվաճառի ուղղությամբ պաշտպանություն էր իրականացնում: Մոտալուտ պատերազմի ու ռազմական թեժ գործողությունների հոտն առածՙ Լեոնիդ Ազգալդյանը կանոնավոր բանակի մանրակերտն էր ստեղծել. նրա ջոկատի տղաներն օրական 12-14 ժամ զինավարժությունների էին մասնակցում, օրական երկու անգամ լողանում էին, սափրվում, կոկիկ հագնվում. ծխելը, խմելն արգելված էր, մորուք պահելըՙ նույնպես: Ազգալդյանը դեմ էր ֆիդայիզմ երեւույթին ու դրա թիվ մեկ նախանշան մորուքին: «Մենք երեւի ֆիդայիզմի զոհ դառնանք, եթե չենք ուզում հասկանալ իրավիճակի լրջությունը»,- ասել է Ազգալդյանը: Այն կամավորները, ովքեր ցանկություն էին հայտնում անդամագրվել Ազգալդյանի խմբին, պարտավորվում էին խստորեն հետեւել հրամանատարի սահմանած կարգուկանոնին, հակառակ դեպքում ստիպված էին հեռանալ: Ամենօրյա զինավարժությունների ու զինվորական խիստ դրվածքի շնորհիվ է, որ Ազգալդյանի ջոկատը չորս տարի տեւած մարտերում ընդամենը վեց զոհ է տվել: Ամիսներ շարունակ Լեոնիդն իր տղաներին զենք չի տվել, քանի դեռ նրանք ռազմական հմտությունների չեն տիրապետել: Մինչդեռ այլ ջոկատների հրամանատարներ առաջին իսկ օրն են կամավորներին ավտոմատ տվել ու հաջորդ օրը նրանց թաղումը կազմակերպել:

Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի երկայնքով Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարությամբ կազմակերպվում էր մեր ինքնապաշտպանությունը: Նա գլխավորում էր բանտից նոր դուրս եկած Աշոտ Նավասարդյանիՙ Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահի ստեղծած ռազմական կառույցը, որ կոչվում էր Անկախության բանակ: Բայց Հանրապետական կուսակցությունը, որ Գերագույն խորհրդում պատգամավորական խումբ ուներ, մեկ տարի անցՙ 1991-ին որոշեց, որ այլեւս չեն ուզում ռազմական կառույց ունենալ: Նրանք իրենց պայքարը տեղափոխեցին քաղաքական դաշտ: Վազգեն Սարգսյանը արգելում է Ազատագրական բանակի համար Հայաստանից ռազմամթերքի տեղափոխումը Մարտակերտ ու Շահումյան:

«Ամոթով եմ հիշում, բայց հիշել պետք է. Հանրապետական կուսակցությունը զինաթափ արեց Լեոնիդին հենց Վարդենիսում: Ես դրա ականատեսն եմ եղել: Մինչեւ հիմա աչքիս առաջ է այդ պատկերը: Հանրապետականներն ուղարկել էին իրենց կոմիսարին, որը հիմա իրենց քաղաքական գործիչներից է. չեմ ուզում նրա անունը տալ, եթե կարող է, թող ինքն ամոթ զգալովՙ այս պատմությունը պատմի ու ներողություն խնդրի: Այդ կոմիսարը եկել էրՙ Լեոնիդի զենքերը հավաքելու, որովհետեւ Վազգեն Սարգսյանը որոշել էր, որ կամավորական անկախ միավորումներ չպետք է լինեն եւ բոլոր զենքերը պետք է հանձնվեն կենտրոնական ռազմական համակարգող մարմնին: Մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ Լեոնիդից վերցրած զենքերը տանող այդ մարդու կերպարանքը, չեմ կարողանում հասկանալ ու ներել նրան: Մեր սահմաններն անպաշտպան էին, գյուղացինՙ անզեն. բոլորը գիտեին, որ Ադրբեջանը ռազմական լուրջ գործողությունների է պատրաստվում, ու Հանրապետական կուսակցությունը գալիս էՙ Լեոնիդին զինաթափ անելու: Զենքերը Երեւան տեղափոխելով Վազգեն Սարգսյանին գոհացրին, բայց կարճ ժամանակ անց, բարեբախտաբար, Ջավախքի մեր հայրենակիցները զենք-զինամթերք, զինվորական հագուստ ուղարկեցին: Պիտի բոլորն իմանան, որ եթե այդ ժամանակ չլիներ Ջավախքը, մերոնք սարսափելի դրության մեջ կհայտնվեին»,- պատմում է Ազատագրական բանակի զինվոր Սարգիս Հացպանյանը :

1991 թվականի մայիս-հունիսին հիմնադրված Ազատագրական բանակը հայոց պատմության մեջ առաջին ռազմական միավորն է, որն ընդգրկել է Հայաստանը, Սփյուռքն ու Արցախը. այդ համախմբումը համահայկական միասնականություն, հավաքական ուժ ու ոգի ձեւավորելու միտում է ունեցել: Լեոնիդ Ազգալդյանը շատ հեռատես է եղել ու հասկացել է, որ ամբողջ մոլորակի հայությունը պետք է համախբվի, վերամիավորվի. ազատագրական պայքարը հենց այդ համախմբման հավատով է սկզբնավորվել: Արցախյան հերոսամարտի ժամանակ Սփյուռքն անգնահատելի առաքելություն է կատարել, որի մասին գրեթե չի խոսվում: Հենց Լեոնիդ Ազգալդյանի գաղափարն է եղելՙ առաջին ռազմական կառույցը կոչել Ազատագրական բանակ, որովհետեւ նրա նպատակն Արցախն ազատագրելն էր, ոչ թե պաշտպանվելը: Հրամանատարն իր ձեռքով է Ազատագրական բանակի զինանշանը նկարելՙ խոյահարող նետ: 80-100 հոգուց կազմված այդ ջոկատը 27 ռազմական գործողություն է իրականացրել, 27-ն էլ հաջողված ու հաղթանակով պսակված: Հանձին ու ի դեմս Լեոնիդ Ազգալդյանիՙ նրա տղաները տեսնում էին Հայաստանի բանակն ստեղծողին: Երբ Լաչինն ազատագրվել է, Ազգալդյանին շնորհավորել են, իսկ նա ասել է. «Այս ամենը կհավասարվի զրոյի, եթե մենք չունենանք կանոնավոր բանակ»:

Լեոնիդ Ազգալդյանն իր ներկայությամբ Շահումյանում իրավիճակ է փոխել, որը հանգեցրել է նաեւ ամբողջ Արցախի իրավիճակի փոփոխությանը: Նրա ռազմական հմտությունները, բնատուր ձիրքերը, առաքինությունն ու ազնվությունը, ուժեղ կամքը, առաջադեմ մտածելակերպը անհամեմատելի են: Ազգալդյանի զինվորները չեն կարողանում մատնանշել նրա նման երկրորդ հայորդու, հրամանատարի ու մարդու: Լեոնիդ Ազգալդյանը Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագն ու բազմակի ռեկորդակիր է եղել: Ֆիզիկական տվյալներին զուգահեռՙ նա մտավոր շնորհներ է ունեցել. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը:

Ազատագրության բանակի զինվորները հիշում են, թե ինչպես Ազգալդյանին Շահումյանում միացավ նաեւ Վլադիմիր Բալայանը: Այդ ժամանակ Դաշնակցությունը Շահումյանում կուսակցականացված ռազմական կառույցներ ուներ: Վլադիմիր Բալայանին դաշնակցականները 14 միավոր զենք էին տվել: Լեոնիդը Վլադիմիրին ասել է, որ Ազատագրական բանակը ոչ մի կուսակցության չի պատկանում. այն ապակուսակցական ու ապաքաղաքական է: Վլադիմիր Բալայանը զենքերը վերադարձրել է Դաշնակցությանը, դուրս եկել այդ կուսակցության շարքերից եւ միացել Ազատագրական բանակինՙ դառնալով ամբողջ արցախյան ճակատի հրամանատարը:

«1992 թվականը մեր նահանջի ժամանակաշրջանն էր: Հայաստանից ու Արցախից ղեկավարվող ռազմական սխալ գործողությունների պատճառով Շահումյանը դավադրաբար ընկավ: Մարտակերտը, որ Արցախի գրեթե մեկ երրորդն է կազմում, համարյա կորցրեցինք: Լեոնիդ Ազգալդյանն ու Վլադիմիր Բալայանը զոհվեցին. մեր մարտիկների շրջանում խուճապ սկսվեց: Ասպարեզ մտավ Լեոնիդի մանկության ընկերըՙ Ալեքսանդր Թամանյան կրտսերը, որը շարունակեց Ազատագրական բանակի հիմնադիր հրամանատարի գործը: Լեոնիդն ու Վլադիմիրը չկային, բայց նրանց տղաները մինչեւ վերջ կրեցին նրանց գաղափարները եւ անխախտ սկզբունքներով շարունակեցին իրենց ճանապարհը: Տարածքային կորուստները հետ բերեցինք: Քարվաճառն ազատագրելը երազանք էր Լեոնիդ Ազգալդյանի համար: Նա դեռ 1989-90 թվականներին երկու անգամ Հայաստանի կողմով կտրել-անցել էր Արցախՙ Դադիվանք, ու մշակել էր Քարվաճառի ազատագրման գործողությունները: Լեոնիդի զոհվելուց հետո քանի որ Շուշին եւ Բերձորն արդեն ազատագրված էին, նրա զինվորները որոշեցին իրենց հրամանատարի ծրագիրը կյանքի կոչել, եւ 1993-ի մարտի վերջերին Քարվաճառն ազատագրեցին: Ազատագրական բանակի զինվորներն առաջինն են ոտք դրել Քարվաճառ: Ազգալդյանիՙ արդեն պատրաստի ռազմական գործողությունների ծրագիրն ուղղակի իրականացվել էՙ ընդամենը մեկ զոհ տալովՙ Սասուն Հակոբյան»,-պատմում է Սարգիս Հացպանյանը:

Լեոնիդը մահից հետո էլ է ծառայել ազգին, ու եթե այսօր Հայաստանն ու Արցախը տարանջատված չեն, նրա զինվորների համոզմամբՙ պարտական ենք մեծ զորավարին: Արցախյան ազատամարտի Նժդեհ, գերմարդ, գաղափարական կերպար. լեգենդ. այսպես են Լեոնիդ Ազգալդյանին բնութագրում նրա տղաները:

«Սա Հայաստանն է եւ վերջ. ոչ ոք իրավունք չունի այն վաճառքի, փոխանակման, հանձնման դնել» հայտնի արտահայտությունը Ազգալդյանն ասել է Մարտակերտի եւ Շահումյանի միջակայքում մի լեռան վրա: Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները վախվորածՙ չէին էլ համարձակվում խոսել Արցախի անկախության, վերամիավորման մասին: Իսկ Ազգալդյանը զգուշացրել է, որ ոչ մի թիզ հող ոչ մի դեպքում չի կարելի զիջել: Արցախ աշխարհը Հայաստանն է եւ վե՛րջ: Նրա համար յուրաքանչյուր զինվոր անգնահատելի արժեք է եղել: Այդ պատճառով էլ ռազմական յուրաքանչյուր գործողություն ծրագրել է այնպես, որ զոհեր ու վիրավորներ չունենանք: Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադեւոսյան) պատմում է, որ գյուղերից մեկի ազատագրումը նա նորից է ծրագրելՙ չհամաձայնելով իր հետ, քանի որ հակառակ դեպքում մենք զոհեր կունենայինք: Պաշտպանությունն ու հարձակումը նա միշտ կազմակերպել է այնպես, որ մարդկային կորուստներ չունենանք: Երբ կամավորները նրան ասել ենՙ մենք եկել ենք մեռնելու, Լեոնիդը հակադարձել էՙ մեզ մեռնողներ պետք չեն, մեզ ապրող ու ապրեցնողներ են պետք:

Ազգալդյանի զինվորները համոզված են, որ եթե իրենց հրամանատարը ողջ լիներ, մինչեւ հիմա նոր տարածքներ ազատագրված կլինեին ու կունենայինք այլ Հայաստան, այլ զինված ուժեր:

Ազատագրական բանակի զինվորները չեն ինտեգրվել Հայաստանի մերօրյա զինուժի գեներալիտետի դրվածքին ու պահվածքին: Նրանք այդ շարքերում չեն: Տղաներից շատերը Պաշտպանության բանակի սպաներ են ու մեծ մասամբ ծառայում են Մարտակերտում, հետախուզության առաջին գծում: Լեոնիդ Ազգալդյանից ժառանգած բարոյական արժեքները նրանց համար դեռ շարունակվում են:

Ազգալդյանի տղաները մինչեւ հիմա չեն հավատում, որ իրենց հրամանատարն ադրբեջանցու գնդակից է ընկել: Եղնիկներ կոչվող տարածքումՙ անտառամիջյան զառիվերին, երեք հոգի մի քանի օր դարանակալած սպասել է նրան: 1992-ի հունիսի 21-ին ջոկատի վարորդիՙ Պավել Թադեւոսյանի հետ Շահումյանից Մարտակերտ վերադառնալիս նրա վրա կրակահերթ են բացել: Վարորդին հաջողվել է մեքենայի ձախ դռնով դուրս փախչել ու փրկվել, իսկ Լեոնիդն առաջին իսկ փամփուշտից զոհվել էՙ մատը նռնակի օղակին: Դարանակալածները ոչ մի ավար իրենց հետ չեն վերցրելՙ ոչ զենք, ոչ էլ Ազգալդյանի մոտ եղած խոշոր գումարը, որով նա պատրաստվում էր զինամթերք գնել: Իսկ դարանակալման վայրում գտնվել են հայկական բուշլաթներ, «Սալյուտ», «Կոսմոս» սիգարետների մնացորդներ, պահածոյացված ուտելիքՙ Հայաստանից: Այն ժամանակվա իշխանություններն այս ողբերգական միջադեպը ներկայացրել են որպես ադրբեջանական դիվերսիա:

Հ.Գ.- Լեոնիդ Ազգալդյանը ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի ազգային հերոսի կոչման այդպես էլ չարժանացավ: Արդեն երկու տարի պարբերաբար բարձրաձայնվում էՙ Երեւանի Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով, սակայն վերեւներից ոչ մի արձագանք: Հերոսացման համար մեր երկրում հերոսի կոչում վերջին անգամ շնորհվել է 1996-ին, դրանից հետո ազգային հերոսի կոչումներ են տրվել ֆինանսական ներդրումների, հայրենիքին մատուցած ծառայությունների համար: 1999-ին այդ կոչումը շնորհվեց Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին, 2004-ինՙ Քըրք Քրքորյանին եւ Շառլ Ազնավուրին: Վերջին մարդը, որ Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել Նիկոլայ Ռիժկովն էՙ 2008-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.