AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 20728, Տպվել է` 2923, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԵՂԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Հունիսի 1-16-ը Նախիջեւանում անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Պաշտոնապես դրանք «պաշտպանական» բնույթ էին կրում: Տեղեկատվության պակասի պատճառով դժվար է ասել, թե փաստացի ինչ են խաղարկել թուրք եւ ադրբեջանցի զինվորականները: Զորավարժություններին ադրբեջանական կողմից տրված քաղաքական գնահատականը մեկն է. «Թուրքիան Նախիջեւանի անվտանգության երաշխավորն է»: Հայտնի չէ, թե Թուրքիան երբ եւ որտեղ է նման պարտավորություն ստանձնել: Պաշտպանության բնագավառում թուրք-ադրբեջանական փոխադարձ օգնության մասին պայմանագրում խոսվում է կողմերից մեկի դեմ երրորդ երկրի զինված նախահարձակման դեպքում մյուսի անհապաղ օժանդակության մասին: Այսինքն, պատերազմի դեպքում Թուրքիան պարտավորվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, բայց չունի նրա տարածքը կամ դրա մի մասը պաշտպանելու պարտավորություն:

Ստեղծված իրավիճակը բավական դիպուկ բնութագրել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն, որի կարծիքով` «Նախիջեւանը իրավական առումով Ադրբեջանի, ֆիզիկապես` Թուրքիայի մաս է»:(http://cebhe.info/turkiyenin-naxcivan-plani-nedir-64392): Նրա տեղեկացվածությամբ, Նախիջեւանի բնակչության 80 տոկոսը ներկայումս ապրում եւ աշխատում է Թուրքիայում: «Նախիջեւանում պետք է բնակվեր 350-400 000 մարդ, բայց այնտեղ փաստացի կա 30-40 000 բնակչություն, ինչը սպառնալիք է տեղաշրջանի անվտանգությանը»:

Այս առումով նա կարեւորում է Նախիջեւանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը: Ջալալօղլուի կարծիքով` այդ դեպքում կվերանա մուտքի արտոնագրային ռեժիմը, Նախիջեւանում կշրջանառվի թուրքական լիրան, կբացվեն հազարավոր աշխատատեղեր, կբարելավվեն բնակչության սոցիալ-կենցաղային պայմանները: Ասվածից հասկացվում է, որ ազատ տնտեսական գոտու անվան տակ Թուրքիան իրականում ձգտում է Նախիջեւանը բռնակցել:

Հայտնի չէ, թե հարցի շուրջ որն է Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը: Քաղաքական իմաստով Նախիջեւանը ներկայիս ադրբեջանական ռեժիմի համար, կարծես, կորցնում է կարեւորությունը: Ադրբեջանի քաղաքական վերնախավում տեղի են ունենում խորքային վերադասավորումներ, որոնց արդյունքում իշխանության տարբեր օղակներում ամրապնդվում են նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք կապված չեն նախիջեւանյան կլանի հետ:

Դրանից, իհարկե, չի հետեւում, թե Ադրբեջանի իշխանությունը պատրաստ է Նախիջեւանը հեշտությամբ զիջել Թուրքիային, բայց անկլավային տեղաշրջանը պահելու այլ հնարավորություն էլ, կարծես, Բաքուն չունի: Անվտանգության եւ տնտեսական իրավիճակի հնարավորինս կարգավորման հարցերում դիմելով Թուրքիայի աջակցությանը, Իլհամ Ալիեւը փաստացի խոստովանում է, որ Նախիջեւանի հանդեպ Ադրբեջանը չի կարող կատարել իր պարտականությունները: (*)

Անկասկած, Նախիջեւանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը եւ իրավիճակի համեմատական բարելավումը մեկ օրվա խնդիր չէ: Դրա համար ժամանակ եւ իրավական կարգավորում ենթադրող որոշումներ են պետք: Հնարավոր է, գործընթացը տեւի ոչ մեկ տասնամյակ: Այդ ամբողջ ժամանակաշրջանում, սակայն, բաց է լինելու մի հարց. Թուրքիան եւ Ադրբեջանը չեղարկո՞ւմ են Կարսի պայմանագիրը, Ռուսաստանը եւ Թուրքիան պատրա՞ստ են վերանայել Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը: Եթե խոսքը նոր իրավա-պայմանագրային հարաբերությունների մասին է, ապա թուրք-ադրբեջանական որեւէ պայմանավորվածություն, որը շոշափում է Նախիջեւանի կարգավիճակի հարցը, պետք է պարտադիր քննարկվի նաեւ Հայաստանի հետ: Հակառակ դեպքում թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունները չեն ունենա իրավական ուժ:

Հայաստանի համար նոր իրավիճակը կարող է հնարավորություն դառնալ, որպեսզի Նախիջեւանի հարցը միջազգայնացվի: Իսկ առհասարակ տեսանելի է, որ Ադրբեջանում անհանգստացած են Մերձավոր Արեւելքում հնարավոր վերաբաժանումներով եւ աշխատում են մինչ այդ Նախիջեւանի համար ապահովել թուրքական պրոտեկտորատ: Այդ միտումը չափազանց ակնհայտ է եւ վկայում է, որ Ադրբեջանը վստահություն չունի, որ կարող է իրավական դաշտում պաշտպանել Նախիջեւանի նկատմամբ իրավունքը:

*) 1995 թ.ին Հեյդար Ալիեւը կոչ էր անում Թուրքիայինՙ տեր կանգնելու Նախիջեւանինՙ որպես իր հարազատ տարածք: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.