AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #027, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



ՀԱԿԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 11103, Տպվել է` 2246, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՀՐԱՅԻ ԷՋԸ ՓԱԿՎԵՑ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Հուլիսի 4-ին Ալխանլու գյուղում անհայտ հանգամանքներում սպանված երկամյա Զահրա Գուլիեւայի շուրջ քարոզչության բարձրակետ, հավանաբար, պիտի համարել Լեյլա Ալիեւայի` Իլհամ Ալիեւի դստեր, հեղինակած «բանաստեղծությունը», որի հիման վրա իշխանության հպատակ ինչ-որ մի ռեժիսոր արդեն իսկ «փաստավավերագրական ֆիլմ» է նկարահանում: Տրամաբանությունը հուշում է, որ Լեյլայի հովանու ներքո կազմակերպվելու է «ֆիլմի» շնորհանդես, տեսաժապավենը շրջելու է արտերկրում Ադրբեջանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններով:

Բայց իրականության մեջ երկամյա Զահրայի էջը փակվել է ոչ միայն ֆիզիկապես: Ադրբեջանում նրան արդեն մոռացել են եւ անցել այլ թեմայի: «Մեզ նման սփյուռք հարկավոր չէ»,- Զահրայի մահվան առթիվ արտերկրում բնակվող ադրբեջանցիների անտարբերության առթիվ հայտարարել է Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան: (https://haqqin.az/news/104917) «Ալխանլուի ողբերգության վերաբերյալ ոչ համարժեք արձագանքը վկայում է, որ անհրաժեշտ է փոխել ադրբեջանական սփյուռքի բովանդակությունը եւ ձեւը»,- կարծում է նա եւ քննադատության սլաքներն ուղղում նաեւ արտերկրում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնք «միայն լավ հանգստանում եւ շոպինգ են անում», եթե տարեկան ընդամենը մեկ-երկու միջոցառում են կարողանում կազմակերպել. «Տասը-տասնհինգ հոգի հավաքվում են Խոջալուի օրվա, հունվարի 20-ի կամ Նովրուզի տոնի առթիվ, եւ ամեն ինչ դրանով էլ ավարտվում է»:

Երեւույթն արժանի է խորքային իմաստավորման: Բայց այստեղ հարկ է գնահատել, թե ինչպես է ադրբեջանական հասարակությունն արձագանքել Զահրայի մահվանը: Կարելի է ասել` հիմնականում անտարբերությամբ: Նույնիսկ այն դեպքում, երբ երիտասարդության հարցերի նախարարությունն էր հանդես եկել նախաձեռնողի դերում, Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվել Բաքվում եւ այլուր քիչ թե շատ աչքի զարնող ցույց, հանրահավաք կազմակերպել: Տապալվել է նաեւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձը: Մոսկվայում, մասնավորապես, Հայաստանի դեսպանատան դիմաց բողոք է արտահայտել ընդամենը... մեկ ադրբեջանցի:

Եւ այս դեպքում հասարակությանը կամ «ադրբեջանական սփյուռքի» կառույցներին մեղադրելու կարիք չկա: Հասարակությունը կարող է լռելյայն ընդունել հուլիսի 4-ի միջադեպի իշխանական վարկածը, բայց եւ թույլ չտալ, որ իրեն վերջնականապես հիմարի տեղ դնեն: Դա վկայում է, որ ադրբեջանական հասարակությունը գերազանց գիտի, թե իրականում ինչ եւ ինչպես է տեղի ունեցել: Հասարակության անտարբերությունը մեղադրանք է իշխանություններին, որոնց խղճին է ծանրացած աղջնակի մահվան պատասխանատվությունը: Ադրբեջանցիների գերակշիռ մեծամասնությունն իշխանություններին մեն-մենակ է թողել կատարվածի հետ, իր վրա պատասխանատվություն չի վերցրել ոչ կատարվածի, ոչ հետագա հնարավոր զարգացումների համար:

Կա նաեւ երկրորդ` «ադրբեջանական սփյուռքի» հանգամանքը: Գաղտնիք չէ, որ արտերկրում ադրբեջանական կառույցներ եւ կազմակերպություններ ստեղծվել են որպես հայկական Սփյուռքի հակակշիռ: Ամեն ինչ արվել է պետական մակարդակով եւ այդ կառույցների կարիքները հոգում է Ադրբեջանի կառավարությունը: Փաստացի դրանք երկրորդ դիվանագիտական ներկայացուցչություններ են, որոնց առջեւ դրված է կեցության երկրներում հասարակական կարծիք ձեւավորելու եւ քաղաքական լոբբիինգ իրականացնելու խնդիր:

Բայց Ադրբեջանում չեն հասկանում, որ հայկական Սփյուռքը ձեւավորվել է օրինաչափորեն` Ցեղասպանությունից հետո: Փաստի վերաբերյալ միջազգային կարծիքն այնքան աներկբա է եղել, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, արաբական աշխարհի երկրները հայկական կազմակերպությունների գործունեությունը ճանաչել են, իսկ տեղի հասարակությունները, քաղաքական եւ այլ շրջանակներ` աջակցել` որպես մարդկային գթասրտության դրսեւորում:

Համեմատել Հայոց ցեղասպանությունը Խոջալուի դեպքերի հետ եւ հույս պահել, թե միջազգային վերաբերմունքը կարող է հավասարակշռված լինել, խարդախամտություն է, ինչի դեմ ըմբոստանում է որեւէ երկրի հասարակական կարծիք: Անհնար է հակամարտության գոտում երկամյա երեխայի մահը ներկայացնել իբրեւ «հայկական ֆաշիզմի վկայություն», «դիտավորյալ սպանություն»: Համաշխարհային հանրությունը գիտի, որ ԼՂ հարցը լուծված չէ, զորքերի շփման գծում պարբերաբար խախտվում է հրադադարը: Ավելին, իր կեցվածքով Ադրբեջանն այնպիսի մթնոլորտ է ձեւավորել, որ շփման գծում յուրաքանչյուր միջադեպ ընկալվում է որպես նրա կողմից նախահարձակ գործողություն: Այդպես է իրականում, այդպիսին է նաեւ միջազգային ընկալումը: «Պատերազմն ավարտված չէ, մենք պատրաստ ենք ուժով վերադարձնել կորցրածը»,- սա է ադրբեջանական կողմի պետական քարոզչությունը, որին ենթարկվում են նաեւ արտերկրի կառույցները: Նման իրավիճակում անհնար է ներկայանալ զոհի, տուժածի, բռնության ենթարկվածի կերպարով:

Մի երկիր, որը սպառազինվածության մակարդակով աշխարհում 59-րդն է, չի կարող միաժամանակ ե՛ւ սպառնալիքներ հնչեցնել ե՛ւ ընդունվել որպես «հայկական ագրեսիայի ենթարկված»: Հուլիսի 4-ին Ադրբեջանը կիրառել է ուժ եւ ստացել պատասխան հարված: Սա է միջադեպի միջազգային ընկալումը: Զահրա Գուլիեւայի մահը դիտարկվում է այս միջակայքում: Ադրբեջանի փորձերը` միջազգային կարծիք ստեղծելու, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվում է հայկական կողմի հարձակումներին, ձախողվել են: Անգամ ներքին կյանքում աղջնակի մահը բողոքի բուռն ալիք չի բարձրացրել: Զահրայի էջը փակվել է նաեւ քարոզչական իմաստով: Շատ շուտով նրա մասին առհասարակ կմոռանան:

Սա պետք է ադրբեջանական հասարակության համար ցավալի ազդակ լինի եւ ապացույց, որ իշխող վարչախումբը նախանձախնդիր է ոչ թե մարդկանց անվտանգության ապահովմանը, այլ` իրավիճակի հետեւողական սրմանը, որպեսզի քաղաքական նպատակների սպասարկման եւս մեկ առիթ ունենա: Բայց կատարվածը պետք է իշխանությունների համար էլ դաս լինի: Չկա երաշխիք, որ ադրբեջանական հասարակությունը մշտապես դատապարտված է լռության, նա մի օր կարող է պոռթկալ եւ իր ողբերգության համար հաշիվ պահանջել: Ամբոխների լռությունը շատ վտանգավոր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.