AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 16028, Տպվել է` 2000, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ: Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՍՐԱՅԵԼԻ»

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Այս անողոք «դատավճիռը» կայացրել է իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունում հրապարակած հոդվածաշարում, որոնցում նա կիսում է իր տպավորություններն ու խոհերը Հայաստան ու Ղարաբաղ կատարած ուղեւորության , հայ հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների շուրջ: Ի դեպ, Էսկինը շատ հաճախ է հանդես գալիս ռուսաստանյան ԶԼՄ-ներում, պարբերաբար հյուրընկալվում է իր ցեղակից Վլադիմիր Սոլովյովի հեռուստաբանավեճերում:

«Հայաստանը Իսրայելի՞ ճանապարհով, թե՞ ի հակառակն», «Իսրայելի փորձը Հայաստանի համար եւ հայերի վիրավորվածությունները»ՙ այսպիսին են հոդվածների վերնագրերը: Առաջինի մուտքը լրացված է Սերժ Սարգսյանի դիմանկարովՙ մութ մի սիմվոլի ֆոնի վրա: Երկրորդում Իսրայելի հարատեւման խորհրդանշանն էՙ Դավթի աստղը:

Սուր հարցեր են առաջադրվել հրեա գործչին հայ-հրեական առնչությունների կապակցությամբՙ հրեաների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը, զենքի վաճառքը Ադրբեջանին եւ այլն: Սակայն, Էսկինի խոստովանությամբ, հայ եւ հրեաՙ հասարակայնորեն նկատելի կամ լիազոր դեմքերի ցանկացած հանդիպում սկսվում է միշտ նույն հարցովՙ այդ ինչո՞ւ դուք, որ տուժել եք Հոլոքոստից, չեք ճանաչում հայերի ցեղասպանությունը: Հրեական կողմից ի պատասխան հնչում է նույն հերթապահ բացատրությունըՙ անհրաժեշտություն է մերձավորարեւելյան պարանը հյուսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Եվ հետո, եթե Իսրայելի կառավարությունը չի միացել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքին, ապա այդ ողբերգական իրադարձությունը ճանաչում են շատ հրեաներ:

Էսկինը հնարավորինս ժխտում է այն փաստը, որ դավանափոխ հրեաներն (դյոնմե) են կազմակերպել հայերի ցեղասպանությունը, որ, ընդհակառակը, հրեա դիվանագետներ Անդրեյ Մանդելշտամը, Հենրի Մորգենթաուն, գրող Ֆրանց Վերֆելը, իրավաբան Ռաֆայել Լեմկինը առաջինն են աշխարհին իրազեկել հայերի դեմ իրականացված ոճրագործության մասին:

Առհասարակ հրեաները չափից դուրս բարդ ժողովուրդ են այս կամ այն փաստի կամ իրադարձության վերաբերյալ նրա ներկայացուցիչների կարծիքներն ու մոտեցումներն ընդունելու համար: Ուստի կանգ առնենք Էսկինի մի դիտարկման վրա, որն առավել քան այժմեական է Հայաստանի համար:

«Շատ հայերի համար Իսրայելը դարձել է ազգային վերածննդի ու ժողովրդիՙ հայրենի երկրամաս վերադառնալու խորհրդանշան: Մինչդեռ Հայաստանը կորցրել է իր բնակչության գրեթե կեսը վերջին երեսուն տարում: Ի հակադրություն Իսրայելի, որն իր սեփական տարածքում հրեական «մարդաշատությունը» ավելացրել է 12 անգամ 70 տարում: Կովկասում զգացումները առաջնային են բանական վերլուծության ու իրական փաստերի համեմատ», խորհում է Էսկինը:

Հրեա փորձագետը նշում է, որ եղեռնի թեման անընդհատ շոշափվել է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ղարաբաղում: Միեւնույն ժամանակ նա բավականությամբ է արձանագրում, որ իր զրուցակիցները համաձայնել են նաեւ իր որոշ հետեւություններին, որոնք ընդհանրական հնչել են հետեւյալ կերպՙ ժամանակը չէ՞ գլխավորապես զբաղվելու պետության կառուցման հրատապ խնդիրներով հարյուր տարվա հեռավորության իրադարձությունը նորեն ու նորեն հիշեցնելու փոխարեն:

Իր գոյության առաջին երեսուն տարում Իսրայելում հրեա ժողովրդի նկատմամբ կոտորածների մասին հազվադեպ է խոսվել, սեղմելով շրթունքները, նշում է Էսկինը: Ողջ կենսաէներգիան նպատակամղվել է երկրի ամրապնդմանը, հրեական սփյուռքի ներգրավմանը այդ գործին, նոր պատերազմական հաղթանակների նվաճմանը: Սա չի նշանակում, թե իսրայելցիները հրաժարվել են Գերմանիայի հատուցումներից: Սակայն սեփական արնավերքերի նկատմամբ սպարտական մոտեցումը դրսեւորվել է թշնամիների դեմ մարտի դաշտերում, անապատը ծաղկուն այգու վերածելու ամենօրյա մաքառումների ժամանակ:

Էսկինը հույս է հայտնում, որ անկախության տարիներին իր բնակչության գրեթե կեսը կորցրած Հայաստանը կարեւորություն կտա Իսրայելի փորձին, ինչը կօգնի նրա գոյատեւմանը: Եվ այս հողի վրա հայ-հրեական լարված մթնոլորտը կվերածվի բարեկամականի:

Բազմիցս իրավացի է Էսկինը հրեական իմաստուն ու պրագմատիկ հայրենասիրության հարցում: Հայաստանում ցեղասպանության թեման բացարձակ գերազանցություն ունի արտագաղթի նկատմամբ, թեեւ, թվում է, հակառակը պիտի լիներ, քանզի արտագաղթն էլ է ցեղասպանություն, պարզապես այլ գույնիՙ սպիտակ, եւ, ամենացավալին, այն տեղի է ունենում մեր օրերում եւ ոչ միայն համայն հայության, այլեւ, պարզվում է, նաեւ հրեաների աչքի առաջ: Երկիրը դատարկվում է, եւ դա ո՞ւմ է հուզում: Երկրի պետական ղեկավարության համար այս թեման ամենաանցանկալին է: Արտագաղթի «ահագնանալն» ո՞րն էՙ վրդովվում է նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան ջահել աղջկա հարցապնդման: Իսկ ընտրություններից առաջ հանրապետականների «վեհաժողովում» ունեցած իր ելույթում նա լրիվ մոռացության մատնեց այդ ազգակործան երեւույթը, ասես այն գոյություն չունի: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ղեկավարությունը ցեղասպանության պարագան տարփողում է սոսկ հասարակության ուշադրությունը ողբալի ներկայից շեղելու համար:

Գուցե իսկապես օգտագործենք էսկինյան խորհուրդը ու փոխառնենք Իսրայելի փորձը, համակ ուշադրությունը կենտրոնացնելով ոչ թե ցեղասպանության ճանաչման, այլ արտագաղթի կանխման վրա, փորձենք «ուժեղ ու բարեկեցիկ» Հայաստան ստեղծելու գործը թողնել ոչ թե գալիք սերունդներին, այլ իրականացնել այն ներկայումս: Ամեն օրը ճակատագրական է դառնում հայոց աշխարհի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.