AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #027, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



ԵՐԱԽՏԻՔ

Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6792, Տպվել է` 606, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԳԻՏՆԱԿԱՆԸ

ՀՀ ԳԱԱ Նախագահ, ակադեմիկոս Ռ.Մ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յու.Մ.ՍՈՒՎԱՐՅԱՆ
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գ.Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ակադեմիկոս Համլետ Գեւորգյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Լրացավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Համլետ Ամբակումի Գեւորգյանի 90 տարին:

Համլետ Ամբակումի Գեւորգյանը (Տեր-Գեւորգյան) ծնվել է Երեւանում 1927 թ. հուլիսի 10-ին, սովորել է Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1944-ին ավարտել է Երեւանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը, 1944-45-ին սովորել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, ապա` ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որն ավարտել է 1950 թ.: 1955 թ. ավարտել է Հայաստանի ԳԱ փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան եւ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով: 1970 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հավանական եւ հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի եւ նրան հարող տասնյակ հրապարակումների թեզերը: 1972 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 2013 թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչում:

Հ. Գեւորգյանը 1956 թ.-ից ցայսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում. եղել է, հաջորդաբար, ԳԱ փիլիսոփայության սեկտորի իմացաբանության թեմատիկ խմբի ղեկավար, ինստիտուտի դիալեկտիկական մատերիալիզմի եւ բնագիտության փիլիսոփայական հարցերի բաժնի վարիչ, գիտության փիլիսոփայության, ժամանակակից փիլիսոփայության, պատմության փիլիսոփայության գիտահետազոտական խմբի ղեկավար: Պատրաստել է փիլիսոփայական գիտությունների 15 թեկնածու եւ դոկտոր: 1992-1996 թթ. վարել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 1965-1980 թթ. համատեղությամբ ԵՊՀ-ում դասավանդել է փիլիսոփայություն, նորագույն եւ ժամանակակից փիլիսոփայության պատմություն, իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն եւ մեթոդաբանություն, տրամաբանություն:

Հ. Գեւորգյանի գրչին են պատկանում 13 մենագրություն` գրքեր եւ բրոշյուրներ, 180-ից ավելի հոդվածներ, կոլեկտիվ աշխատությունների բաժիններ, հանրագիտարանային բառահոդվածներ եւ այլն, որոնք վերաբերում են գիտության փիլիսոփայությանը, մեթոդաբանությանը եւ տրամաբանությանը, արեւմտյան փիլիսոփայության պատմությանը եւ իմացաբանական ուսմունքների քննական վերլուծությանը, պատմության ու մշակույթի փիլիսոփայությանը, հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին:

Փիլիսոփայության մեջ իմացաբանական խնդրակարգը հենց սկզբից եղավ Հ. Գեւորգյանի գիտական հետաքրքրությունների առանցքը, եւ հիմա էլ այն հանգուցային է համարվում փիլիսոփայության եւ նրա պատմության համար: Մասնավորապես իմացաբանական հարցադրումներն ու լուծումներն այն բանալին են, որը հնարավորություն է տալիս «բացելու» եւ ըմբռնելու նոր ժամանակի գիտության եւ փիլիսոփայության դասականների ուսմունքներն ու գիտական մտքի զարգացման ընթացքը:

1960-ական թթ. Հ. Գեւորգյանի աշխատություններով կատարվեց անցումը իմացաբանության ավանդական ընդհանուր խնդրակարգից դեպի գիտության փիլիսոփայության, մեթոդաբանության եւ տրամաբանության բնագավառը, որը դարձավ նրա ղեկավարած բաժնի հետազոտությունների առարկան եւ համամիութենական ճանաչում բերեց գիտության փիլիսոփայության, մեթոդաբանության եւ տրամաբանության հայկական դպրոցին:

1969-1974 թթ. Մոսկվայի եւ Կիեւի համապատասխան բնագավառի մասնագետների մասնակցությամբ լույս ընծայվեցին երեք պրակներ «Գիտական գիտելիքի տրամաբանական վերլուծության փիլիսոփայական հարցերը» անվանումով: Իսկ Անդրկովկասի փիլիսոփաների եւ տրամաբանների մասնակցությամբ 1977 թ. լույս տեսավ «Փիլիսոփայությունը եւ գիտության մեթոդաբանական հարցերը» ժողովածուն: Հ. Գեւորգյանի ծրագիրը ելնում էր այն փաստից, որ գիտական տեսությունը տրամաբանական ամբողջական համակարգի տեսքով ներկայացնելու լոգիստիկական իդեալին փոխարինելու եկած` «գիտության զարգացման, գիտական հայտնագործության, ապացուցումների եւ հերքումների տրամաբանության» տեսությունները նույնպես նպատակ ունեն տրամաբանական վերլուծության միջոցով եւ տրամաբանական կառուցվածքների մեջ գիտական գիտելիքը ներկայացնել ճանաչողության սուբյեկտից լիովին օտարված տեսքով: Հ. Գեւորգյանը այս ծրագրի տեսական հիմնավորումը տվել է մի ամբողջ շարք հրապարակումներում («Դիտողություններ գիտական գիտելիքի տրամաբանական-իմացաբանական վերլուծության մասին», «Գիտական գիտելիքի օբյեկտիվության տեսանկյունները», «Գիտական տեսության ձեւականացման պրոբլեմը», «Ճշգրիտ փիլիսոփայության ժամանակակից մի քանի տարատեսակությունների մասին» եւ այլն) եւ «Հավանական եւ հավաստի գիտելիք» (1965, ռուսերեն), «Գիտելիքի ժամանակակից տեսության ակնարկ» (1978) գրքերում:

Գիտության փիլիսոփայության եւ մեթոդաբանության խնդրակարգի իմաստավորումը տրվել է Հ.Գեւորգյանի «Գիտության պատմական մեթոդաբանության ակնարկ» (1987, ռուսերեն) գրքում եւ պատմական վերակազմությանը վերաբերող մի շարք հրապարակումներում: Բացահայտվել են այն տեսանկյունները, որոնցով գիտությունը ներկայանում է որպես պատմական երեւույթ եւ մշակույթի երեւույթ, հատկապես քննվել է գիտության պատմամշակութային մեկնաբանությունների հետ գիտական գիտելիքի օբյեկտիվության եւ գիտական ռացիոնալության համատեղելիության հարցը:

«Հավանական եւ հավաստի գիտելիք», «Գիտելիքի ժամանակակից տեսության ակնարկ», «Գիտության պատմական մեթոդաբանության ակնարկ», «Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» գրքերում Հ. Գեւորգյանը դիտարկել է փիլիսոփայական-իմացաբանական բնույթի բարդ հարցեր, որոնք քննվել են դեռեւս գիտության եւ փիլիսոփայության դասականների կողմից: Սակայն քննության առարկա դարձած այդ հարցերից շատերը, որոնք թվում էր, թե արդեն լուծված են, վերստին արծարծվում են` ծնունդ տալով նորանոր գաղափարների:

Հ. Գեւորգյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում են գտնվել նաեւ հայոց պատմությանը եւ հայ մշակույթին վերաբերող հարցերը: Նրա «Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» (1992, ռուսերեն), «Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ» (1997), «Փիլիսոփայություն, պատմություն, մշակույթ» (2005) գրքերում ու պատմական վերակազմության մեթոդին վերաբերող մի շարք հոդվածներում տրվել են պատմափիլիսոփայության եւ մշակույթի փիլիսոփայության հիմնահարցերի նորովի մեկնաբանություններ եւ քննության են առնվել Հայաստանի պատմության, հայ փիլիսոփայության եւ մշակույթի պատմության հիմնահարցերը: Այս հարցերում նա ելնում է այն կանխադրույթից, որ հայոց պատմությունը եւ հայկական մշակույթի պատմությունը պետք է ներկայացվեն ժամանակակից արեւմտյան պատմագիտական, պատմափիլիսոփայական եւ մշակութաբանական տեսությունների համատեքստում:

Հ.Գեւորգյանի «Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» գրքում առաջին անգամ ներդրվել են «մշակույթի սինխրոնիկ եւ դիախրոնիկ ամբողջականություն» եւ «ազգային մշակույթի պատմական շարունակականություն» գաղափարները, տրվել է ազգային մշակույթի սահմանումը, բացահայտվել էթնիկական մշակույթի եւ ազգագրական մշակույթի հետ նրա հարաբերությունը, հստակեցվել մշակույթի ժառանգորդման խնդրի լուծման համար պատմական վերակազմության մեթոդի հնարավորություններն ու կիրառության պայմանները եւ այլն:

Հ.Գեւորգյանը միշտ կարեւորել է հայ փիլիսոփայության պատմությունը փիլիսոփայության ընդհանուր պատմության համատեքստում քննության առնելու արդիական խնդիրը, որի վերաբերյալ հետաքրքրական դիտարկումներ են պարունակում նրա «Հայ փիլիսոփայության պատմության մշակութաբանական տեսանկյունները» ծավալուն հոդվածը, «Ժամանակակից Արեւմտյան փիլիսոփայությունը եւ նրա հնարավոր ազդեցությունը հայ փիլիսոփայության վրա» ակնարկը եւ ուրիշ հրապարակումներ: Տարբեր առիթներով նա բազմիցս անդրադարձել է մասնավորապես Դավիթ Անհաղթի եւ հայ փիլիսոփայության մեջ նրանով սկզբնավորված ավանդույթին: Ըստ Հ. Գեւորգյանի` քաղաքակրթությունների հաջորդափոխության ժամանակաշրջանումՙ մ.թ. առաջին հազարամյակում, չափազանց կարեւորվում են հայ մշակույթում եւ հատկապես փիլիսոփայությունում հունա-հելլենիստական եւ վաղքրիստոնեական ավանդույթի պահպանումն ու նրա փոխանցումը Եվրոպական քաղաքակրթությանը:

Ակադեմիկոս Հ. Գեւորգյանը ծավալել է նաեւ մանկավարժական եւ հասարակական արգասավոր գործունեություն: Իր տեսական գիտելիքները նա ի սպաս է դրել մեր ազգային կյանքի համար արդիական շատ խնդիրների լուծմանը: Ամենից առաջ նա հրաշալի դասախոս է, ԵՊՀ-ում կարդացել է փիլիսոփայության եւ տրամաբանության ընդհանուր դասընթացներ, ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետում` հատուկ դասընթացներ` «Ժամանակակից իմացաբանական ուսմունքները», «Ժամանակակից տրամաբանական ուսմունքները», «Նորագույն եւ ժամանակակից փիլիսոփայության պատմություն»: Գրել է «Տրամաբանություն» դասագիրք (համահեղինակ` Վ. Բաղդասարյան, 1994 եւ 2015), «Հասարակագիտության հիմունքներ դասընթացի հայեցակարգ եւ ծրագիր»: Պատրաստել է երկու տասնյակից ավելի գիտության դոկտորներ եւ թեկնածուներ: Նա եղել է Հայկական հանրագիտարանի փիլիսոփայության եւ իրավունքի գիտաճյուղային խմբագրության նախագահ, Հայկական հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի անդամ: Հանրագիտարանի համար գրել է շուրջ հարյուր հոդված փիլիսոփայության եւ տրամաբանության վերաբերյալ: Եղել է հանրապետության Մինիստրների խորհրդին առընթեր Տերմինաբանական կոմիտեի, Հայերենի բարձրագույն խորհրդի, ՀՀ Սահմանադրությունը մշակած` Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի անդամ:

Համլետ Գեւորգյանն իր ողջ ստեղծագործական գործունեության մեջ որդեգրել է գիտական ճշմարտության չափանիշը: Վաստակաշատ փիլիսոփան մշտապես հավատարիմ է մնացել պատմական իրողությունների օբյեկտիվ գնահատման չափանիշներին, ինչը վկայում է նաեւ նրա ազնիվ քաղաքացիական կեցվածքի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.