AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



Ո՞Վ` Ո՞ՒՄ

Տեղադրվել է` 2017-08-10 22:24:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 22381, Տպվել է` 5049, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԵՎՐՈՊԱՅԻ ԹՈՒՐՔԱԿԱՆԱՑՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անկարայի եւ Բրյուսելի միջեւ ուժերի ցուցադրման պայքարը շարունակվում է: Թուրքիան Եվրոխորհրդարանին անդամակցելու թեկնածուների թվում է: Նա նաեւ ձգտում է մուտք գործել Եվրոմիության կառույցը, բայց մերժում է գործել նրա օրենքներով եւ մեղադրում է Եվրոպային խոչընդոտելու համար իր մուտքն արեւմտյան երկրների ընտանիքից ներս:

Փակուղային իրավիճակն այսպես է ձեւակերպում նախագահ Էրդողանը . «Եվրոմիության դիրքորոշումը հստակ տեսանելի է... 54 տարի է անցել եւ նրանք շարունակում են լոդրություն անել»: Նա նաեւ քննադատում է Բրյուսելին ամեն ինչում, սկսած վիզայի հարցերից մինչեւ սիրիացի գաղթականներին օգնություն ցուցաբերելը:

Եվրոպայի համար Թուրքիան այն անհրաժեշտ չարագործն է, որ Մերձավոր Արեւելքում գործի է դնում արեւմտյան երկրների մտահղացած որեւէ ծրագիր: Բայց Անկարայի համար այդ դերն ստանձնելը զուգակցվում է Եվրոպային միանալու իրավունք ձեռք բերելու հետ, մի երազ, որ Թուրքիային սպասողական դրության մեջ է պահում արդեն շատ երկար տարիներ:

Թուրքերին բնորոշ է նվաճել երկրներ եւ տիրանալ դրանց հարստությանը: Այդպես վարվել են նրանք հայերի եւ բյուզանդացիների հետ: Այն օրվանից, երբ Ֆաթիհ Սուլթան Մուհամեդը նվաճեց Կոնստանդնուպոլիսը 1453-ին, օսմանցի ղեկավարների աչքերը հառած են եղել Եվրոպային: Թուրքերն իրենց իշխանության ներքո պահեցին Բալկանյան երկրները ավելի քան չորս դարՙ մահվան եւ ավերածությունների ժառանգությունը թողնելով մինչեւ մեր օրերը:

Առայժմ Եվրոպան դեռ կարողանում է դիմադրել թուրքականացման վտանգին, բայց ոչ ոք չգիտի, թե ինչքան երկար կդիմանա այս իրավիճակը: Թուրք ղեկավարները բառեր չեն խնայում: Նրանց մտադրությունը շատ հստակ է: Երբ նախագահ Էրդողանը հորդորում է Եվրոպայում գտնվող յուրաքանչյուր ընտանիքին ունենալ առնվազն հինգ երեխա, «ովքեր հետագայում կորոշեն Եվրոպայի ճակատագիրը», ամեն ինչ շատ պարզ է դառնում բոլորի համար: Նա նաեւ սպառնում է եվրոպական երկրների առաջնորդներին հասկացնելով, որ եթե չզիջեն եւ իր կամքով չառաջնորդվեն, ապա չեն կարողանալու ապահով կյանք վարել ու անվտանգ քայլել իրենց փողոցներով: Մինչ եվրոպական երկրների առաջնորդներն, իրենց հերթին, խոնարհվում են Էրդողանի առաջՙ դրդված քաղաքակիրթ վարվելաձեւի նորմերով:

Թուրքիան ժողովրդագրական առումով խիստ բեւեռացված է: Կա մի խմբավորում, որն աշխարհին տվել է առաջնակարգ, բարձրորակ գրականություն, ինչպես Օրհան Փամուքը, ով արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի: Կա նաեւ մեկ ուրիշ խմբավորում, շովինիստների եւ կրոնական ծայրահեղականների, որոնք ապրում են գետնախորշերում: Երբ իսլամ ամբոխը քվեարկում է հօգուտ Էրդողանի նման մարդկանց, որպեսզի վերջիններս ստանձնեն բռնատիրական իշխանությունը, առաջին խմբավորման մեջ եղածներն են տուժում հիմնականում: Նրանք ստիպված են լինում կա՛մ վտարանդի դառնալ արտասահմանում, կա՛մ էլ հյուծվել Էրդողանի չափից ավելի մարդաբնակ բանտերում:

Անշուշտ, կա նաեւ մի երրորդ խմբավորումըՙ հանձինս քրդերի, որոնք բնակչության մեկ երրորդ մասն են կազմում եւ ձգտում են ինքնիշխանության կամ անկախության:

Բայց Էրդողանը չափազանց ինքնավստահ է գործում ամբարտավանություն դրսեւորելով Եվրոպայի նկատմամբ: Ներկա իրավիճակը հաշվի առնելով, եվրոպացիները քաջ գիտակցում են, որ հենց թուրքերի առաջ բացեն դարպասի դռները, Եվրոպայի թուրքականացումը շատ ավելի հնարավոր կդառնա, քան Թուրքիայի եվրոպականացումը:

Հուլիսի 15-ին, նախագահ Էրդողանն ու նրա AKP իշխող կուսակցությունը օգտագործեցին ձախողված հեղաշրջման առաջին տարեդարձը ի ցույց դնելու համար իրենց մկանների զորությունը: Էրդողանը կարիք ուներ իր ներքին թշնամիներին եւ եվրոպացի մարտահրավեր նետողներին ցուցադրել իր գոռոզությունն ու հանդգնությունը: Նրա գլխավոր ընդդիմադիր, ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիջդարօղլուն մի քանի շաբաթ առաջ այդ «պուտչը» բնութագրել էր որպես «վերահսկված հեղաշրջում»:

Քիլիջդարօղլուն Անկարայից Ստամբուլ էր հասել քայլելովՙ ի նշան բողոքի նախագահի ռեպրեսիվ քաղաքականության դեմ: Նա ավելի երկար ճանապարհ էր անցել, քան ժամանակին Մահաթմա Գանդին, որ բողոքում էր ընդդեմ բրիտանական իշխանության:

Ստամբուլ հասնելով Քիլիջդարօղլուն քննադատական ելույթով հանդես եկավ 1,5 միլիոնանոց ամբոխի առաջ: Մարտահրավերը ընդունելով, Էրդողանը կրակոտ ելույթ ունեցավ 5 միլիոնանոց ամբոխի առաջ Ստամբուլի կամրջի մոտ, որն այսուհետ կոչվելու է «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ»: Նա ամբոխի միջով անցավՙ պաշտպանված 25 հազար ոստիկաններով: Ապա Անկարա թռավ շարունակելու համար հիշատակումը խորհրդարանում, որը ռմբակոծության էր ենթարկվել հեղաշրջման փորձի ժամանակ:

Այնտեղ նա ելույթ ունեցավ 170 հազար հաշվող ամբոխի առաջ: Նա ասաց. «Մենք չենք կարող թագուհուն, արքային կամ շեյխերին հաղթել, առանց նախապես հաղթելու զինվորներին, ձիերին եւ նավակներին: Նախ մենք գլխատելու ենք այդ դավադիրներին»: Ապա ավելացրեց, որ «առանց վարանելու» հավանություն տալու է մահապատժին, եթե խորհրդարանը քվեարկի հօգուտ դրա վերականգնմանը:

Նման հռետորական խոսքերը Թուրքիային ավելի շատ մոտեցնում են սաուդյան իրավաբանությանը, քան Եվրոպային:

Էրդողանն իր խոսքերի տերն է: Նրա ելույթները դատարկ սպառնալիքներ չեն պարունակում: Մինչ օրս նա կալանքի տակ է պահում 155 հազար մարդու: 50 հազար մարդ բանտարկված է: 140 հազար մարդ ազատված է իր աշխատանքիցՙ հեղաշրջմանը մասնակից լինելու կասկածի պատճառով: Աշխատանքից ազատվածների թվում են դատավորների մեկ երրորդը, ոստիկանության մեկ տասներորդը, 7,800 զինվորականներ, ավելի քան 8000 ակադեմիական աշխատողներ եւ 33 հազար դասատուներ: 942 ընկերություններ բռնազավթված են:

Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» Թուրքիային անվանել է աշխարհում լրագրողների խոշորագույն բանտապանըՙ 160 կալանավորված լրագրողներով:

Էրդողանի հռչակած արտակարգ դրության պայմաններում, ոստիկանությունը ոչ մի ապացույցի կարիք չունի ձերբակալելու լրագրողներին որպես «ահաբեկիչների» կամ «ահաբեկիչների կողմնակիցների»:

Եվրոմիության վենետիկյան հանձնաժողովի զեկույցում սահմանադրական փոփոխությունները «վտանգավոր ետքայլ» են համարվում, նաեւՙ «Թուրքիայի սահմանադրական ժողովրդավարական ավանդույթների այլասերում»:

Նման զարգացումներից տագնապած Եվրոխորհրդարանը ընդհանուր 638-ից 477 ձայներով քվեարկեց հօգուտ Թուրքիայի անդամակցության բանակցությունների առկախմանը, որը շռնդալից «ոչ» էր նշանակում Էրդողանի բռնատիրությանը:

Էրդողանը Եվրոմիությանը վերջնագիր է ներկայացրել, առ այն, որ եթե այդ կառույցը չշարունակի բանակցությունների գործընթացը, ապա Թուրքիան պարզապես ետ կքաշվի ու կհեռանա: Այդուհանդերձ, եվրոպացի առաջնորդ Ժան Կլոդ Յունկերի հայտարարությունը գալիս է հաստատելու, որ Եվրոմիությունը պարտավորվում է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ եւ կոչ է անում Անկարային ամրապնդելու ժողովրդավարությունը երկրում: Սակայն, զգուշացնում է, որ «եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ապա Թուրքիայի կառավարությունը վերջնականապես կփակի իր առաջ Եվրոմիությանը անդամակցելու գործընթացը»: Այժմ պետք է սպասել եւ տեսնել, թե ով է առաջինը ընկրկելու: Եթե մենք հիշենք Էրդողանի լարված, ոչ բարեկամական հարաբերությունները Իսրայելի առաջնորդ Նաթանյահուի եւ Ռուսաստանի առաջնորդ Պուտինի հետ, ապա դժվար չէ կռահել նրա առաջիկա քայլերը:

Իր հարեւանների եւ հեռավոր երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները անկասկած իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի վրա: Ռուս-թուրքական մերձեցումը վստահորեն նպաստելու է, որ Մոսկվան անտեսի Հայաստանի շահերը: Նմանապես, Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելը վատ է անդրադառնալու Հայաստանի վրա:

Շատ փորձագետներ եւ պետական այրեր Հայաստանում հավատացած են, որ Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցությունը նպաստելու է, որ Անկարան առավել քաղաքակիրթ ձեւով վարվի իր հարեւանների հետ: Նրանք պնդում են, որ դրանով Եվրոպայի սահմանների մեջ կներառվի նաեւ Հայաստանը, եւ Թուրքիան ստիպված կլինի վերացնել Հայաստանի շրջափակումը:

Սակայն, նախադեպերը վճռականապես հակադրվում են այս տեսակետներին: Բավական է նշել, որ Թուրքիան եւ Հունաստանը թեեւ անդամ են ՆԱՏՕ-ին, բայց Անկարան շարունակաբար խաբում է Աթենքին: Ավելին, նա բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները չեն կարողանում մազաչափ անգամ ազդել նրա վրաՙ փոխելու իր ամբարտավան կեցվածքը: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ Եվրոմիությանը անդամակցելը ոչ մի կերպ չի կարող ծառայել Հայաստանի շահերին: Թուրքիան միշտ էլ իր ասածն է առաջ տանելու: Շարունակելու է «կարկանդակը ուտելուց հետո էլ այն պահել իր ձեռքում», այսինքն առաջ է տանելու իր հակասական քաղաքականությունը, մինչ Եվրոպան դեմքը թեքելու է մի ուրիշ կողմ:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.