AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 13350, Տպվել է` 1842, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ շաբաթ իսրայելական «Մաարիվ» օրաթերթի բացահայտում-կիսաբացահայտումը Ադրբեջանին վաճառված հրեական նոր սերնդի դրոնների հայկական կենդանի թիրախների վրա գործարկման վերաբերյալՙ կրկին սեւեռեց մամուլի ուշադրությունը Ադրբեջան-Իսրայել առեւտրառազմական ու քաղաքահետախուզական համագործակցության խնդիրների վրա: Ինչպես միշտ, օտար մամուլի, այս պարագայումՙ նաեւ իսրայելական մամուլի անդրադարձը եղավ շատ ավելի լայն հայացքով, քան հայկական մեր լրատվամիջոցներինը, որոնք իրենց սովորության համաձայն այդ խորքային խնդրին մոտեցան նեղ դիտանկյունիցՙ դրոններիՙ անօդաչու թռչող սարքերի նոր, առավել կատարելագործված տեսակիՙ Orbiter 1K-ի խմբաքանակի մատակարարման եւ հայկական կողմի վրա դրա գործարկման կտրվածքով, հիշեցնելով պարզապես նախորդՙ 2016 թ. ապրիլյան պատերազմին օգտագործված իսրայելական Harop տիպի դրոնների պարագան, որ, հաստատենք մեկ անգամ եւս, ադրբեջանական բանակի մեր դեմ կիրառած գլխավոր նորությունն էր այդ անգամ:

Նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով տեղյակ չեն իսրայելական մամուլի վերոհիշյալ բացահայտմանը կամ, չի բացառվում, տեղեկատվական սպրդեցմանը, շատ հակիրճ ներկայացնեմ այն:

Ըստ «Մաարիվ» թերթի, Իսրայելի պաշտպանության նախարարությանը ուղղված բողոքագիր է ներկայացվել առ այն, որ Աերոնիկս Դիֆենս Սիստըմս ընկերությունը նախորդ ամիս Բաքու թիմ է ուղարկել ցուցադրելու իր արտադրած Orbiter 1K դրոնները, որոնք կարող են յուրաքանչյուրը 1-2 կգ պայթուցիկ նյութ կրել եւ հարվածել թիրախին: Ադրբեջանցի զինվորականները պահանջել են այն ցուցադրել գործնականորենՙ հարվածելով սահմանին գտնվող հայկական դիրքերի վրա, ինչը մերժել են անել փորձարկու երկու մասնագետները, առարկելով որ դա հակասում է իրենց երկրի օրենքներին եւ որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան նախարարության թույլտվությունը, քանի որ Իսրայելը Հայաստանը չի նկատում թշնամի երկիր: Այնուամենայնիվ, գրում է թերթը, վկայակոչելով իրեն հայտնի մի աղբյուր, դեմոնստրացիային ներկա թիմի բարձրաստիճան անդամները ընդառաջել են ազերիների ցանկությանը, սակայն չունենալով համապատասխան փորձՙ չեն կարողացել ճշգրիտ հարված հասցնել նշանակետին: «Մաարիվն» ավելացնում է, որ ընկերությունը հերքել է «կենդանի թիրախների դեմ երբեւիցե փորձարկելու մասին տեղեկությունը», մինչ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ խնդրի վերաբերյալ հետաքննություն է կատարվում, բայց մերժել հավելյալ որեւէ բացատրություն տալ:

Ու մինչ Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է, կամ արդեն ավարտել է իր հետաքննությունը, կարծում եմ բնական եւ անհրաժեշտ պիտի լիներ հարց տալ մեր արտաքին գործերի նախարարությանը, թե մեր երկրի կողմից որեւէ դիմում ներկայացվե՞լ է իսրայելական կողմին այս առնչությամբ: Ավելինՙ մեր երկրի համապատասխան գերատեսչությունները իրենց հերթին ձեռնարկե՞լ են որեւէ հետաքննություն ոչ միայն այս, այլ ընդհանրապես: Օրինակՙ ճի՞շտ են տեղեկությունները, թե իսրայելացի մասնագետներ ոչ միայն մարզում, այլեւ անձամբ մասնակցում են կամ տեղում ուղղորդում ադրբեջանցիներին իրենց վաճառած ռազմական տեխնիկայիՙ դրոնների, հրթիռների, «Երկաթյա գմբեթ» սիստեմի եւ այլ զինատեսակների ղեկավարմանը, ընդհուպ դրանց օգտագործմանը հայկական դիրքերի վրա: Դեռ ավելինՙ մեր համար կարեւորագույն հարց է իմանալ, թե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օդային տարածքները անկախ մեզնից օգտագործվո՞ւմ են հակաիրանյան օդային հետախուզական թռիչքների համար, երբ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ, ինչպես ժամանակին հաղորդել էր ամերիկյան «Ֆորեյն փոլիսի» պարբերականը, 2012 թ.ից ի վեր ողջ Ադրբեջանը թռիչքուղի է համարվում իսրայելական հետախուզական լրտես-օդանավերի համար, որոնք երկու երկրների փոխպայմանավորվածությամբ իրավունք ունեն «սորտի»-ներ անելու դեպի հարեւան երկրների օդային տարածք, ինչը ստիպում է մեզ եւս մի հարցադրում հնչեցնել այստեղՙ այդ հարեւան երկրների մե՞ջ են մտնում նաեւ հայկական զույգ պետությունները:

Միամիտ պետք չէ լինել այս եւ նման հարցերի սպառիչ պատասխանը համապատասխան մեր գերատեսչություններից ակնկալելու չափ. նման հարցերը սովորաբար դատապարտված են անպատասխան մնալու, եւ ոչ միայն մեր երկրում: Սակայն մեր երկրում տիրող անվստահությունը, վերահսկող պետական կառույցների կամ մեխանիզմների գրեթե իսպառ բացակայությունը (հատկապես նկատի ունեմ խորհրդարան կոչվածը), ինչպես նաեւ հայկական ավանդական փնթիությունը ստիպում են ինձ եւ իմ նմաններին կասկածել, որ երկրի պաշտպանունակության որոշակի հարցեր, ինչպիսին են վերեւում նշվածները, գտնվում են հուսալի վերահսկողության տակ, մանավանդ տարօրինակ «ամոթխած լռության» այն մթնոլորտում, որը տիրում է Հայաստան-Իսրայել հարաբերությունների ասպարեզում:

Այդ հարաբերությունների մասինՙ հաջորդիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.