AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 13324, Տպվել է` 1858, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆԳՍՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Տարվա մեջ գոնե մեկ անգամ արձակուրդ գնալը նպաստում է աշխատունակության բարձրացմանը, իսկ հանգստի չգնալն, ընդհակառակը, նվազեցնում է աշխատունակությունը: Մարդիկ նախընտրում են տարվա մեջ հանգստանալ երկու անգամՙ ամռանն ու ձմռանըՙ իրենց արձակուրդը բաժանելով երկու մասի: Այդպիսի հանգիստն ավելի արդյունավետ ու բազմազան է: Հայաստանում մեծ մասամբ հանգստանում են մեկ անգամՙ ամռանը:

Հանգստի սովետական բովանդակությունն ու փաթեթավորումը մեծահասակների համար

Հայաստանը խորհրդային ժամանակներում տուրիստական երկիր էր: Օտարներին հատկապես գրավում էին մեր հանքային ջրերն ու սանատորիաները: Այդ տարիներին մեր երկիրը 530 հանգստյան տուն, պանսիոնատ ու սանատորիա ուներ, որոնցից 140-ըՙ բուժական: Հայաստանը 100-ից ավելի հանքային ջրերի աղբյուրներ ուներ, որոնցից միայն մի քանիսն էր օգտագործվումՙ Ջերմուկը, Բջնին, Արզնին, Դիլիջանը, Հանքավանը, հետագայում նաեւՙ Արարատը, Սեւանը: Խորհրդային հանրապետություններից մեր երկիր էին գալիսՙ հատկապես սանտորիաներում հանգստանալու եւ բուժում ստանալու: Մեր պապիկ-տատիկները լավ կհիշեն Ջերմուկի, Դիլիջանի, Բջնիի սանատորիաներում անցկացրած օրերը եւ այնտեղ ձեռք բերած ծանոթությունները ռուս, ղազախ, վրացի, բելառուս զբոսաշրջիկների հետ: Այդ ծանոթությունը հաճախ վերաճում էր տեւական ընկերության ու բարեկամության, փոխադարձ հրավերների, որոնց անկեղծությունը փաստում էին համատեղ լուսանկարներն ու հուշանվերները: Հայերը հանգստանում էին խորհրդային պետության այլ երկրներում եւս. Սոչի-սանատորիան ամենահեղինակավորն ու պահանջվածն էր: Ծով չունեցող հայերս սիրում էինք, ինչպես հիմա, նաեւ ծովափնյա հանգիստը: Ու մեր մեջ ասածՙ հայ տղամարդկանց աչքերը մեծ մասամբ հենց այդտեղ էին բացվում: Ծով գնացած հայ տղամարդը վերադառնում էր 180 աստիճանով փոխված, բարձրաձայն պատմելու համար չնախատեսված հիշողություններով առլեցուն:

Հանգստի սովետական բովանդակությունն ու փաթեթավորումը երեխաների համար

Աչքաբաց էին դառնում նաեւ խորհրդային ժամանակների դպրոցականներըՙ հատկապես պիոներները: Այդ տարիներին յուրաքանչյուր իրեն հարգող գործարան պիոներական ճամբարներ ուներ, որոնք աշխատում էին երեք հերթափոխով: Միայն Հայաստանից ամեն տարի 55 հազար պիոներ էր հանգստանում այդ ճամբարներում: Հանքավան, Ծաղկաձոր, Աղվերան, Դիլիջան. ճամբարները ոչ միայն բնության տեսարժան վայրերում էին, այլեւ գործարաններին կից: Ամեն տասներորդ հայ պիոներն ամառային արձակուրդներն անց էր կացնում պիոներական ճամբարում: Իսկ հանգստի այդօրինակ ձեւը խրախուսվում էր բոլոր առումներովՙ հավասար միջավայր, պայմաններ, սնունդ, պարտավորություններ եւ իրավունքներ բոլորի համար, ինչի արդյունքում ձեւավորվում էին թիմային մտածողությունը, կարգուկանոնին ենթարկվելու բնավորությունը, համընկերային փոխհարաբերություններըՙ լավ ու վատ կողմերով: Պիոներական ճամբարները լի էին արկածներով ու դիպվածներով: Երեխան այնտեղ կտրվում էր իր ծնողնորների կախվածությունից, կենցաղը, առօրյան կազմակերպելու, նոր միջավայրում ինքնադրսեւորվելու, նոր ծանոթություններ հաստատելու փորձեր անում: Նա ապրում էր սոցիում, որը հետագայում հեշտացնում էր հասարակությանն ինտեգրվելու գործընթացը:

Հանգստանում է աշխարհը. աշխարհումՙ նաեւ հայերը

Առհասարակ մարդկության եկամուտները վերջին տարիներին կրճատվել են տասը տոկոսով: Շոշափելիորեն նվազել են նաեւ հանգստի վրա ծախսվող գումարները, բայցեւայնպես, աշխարհում տարեկան մեկ միլիարդ մարդ դուրս է գալիս իր բնակավայրի սահմաններիցՙ որոշ ժամանակով հանգստանալու եւ լիցքաթափվելու առօրյայից: Այսինքնՙ երկրագնդի վրա յուրաքանչյուր յոթերորդը որեւէ կերպ , թեկուզ կարճ ժամանակով թույլ է տալիս իրեն հանգիստ անց կացնել:

Վրացիներն այսպես են հաշվում իրենց զբոսաշրջիկներին. եթե օտարերկրացին 24 ժամ անց է կացրել իրենց երկրում, ուրեմն արդեն իսկ զբոսաշրջիկ է: Այդ հաշվարկով նրանք հրապարակել են տվյալներ, թե իբր տարեկան ունեն 6 միլիոն զբոսաշրջիկ: Վերահաշվարկի դեպքում, այսինքն հաշվի առնելով, թե քանի օտարերկրացի է առնվազն հինգ օր անց կացնում Վրաստանում, թիվը կտրուկ նվազում է, 6 միլիոնը դառնում է մեկ միլիոն: Հայերը հիմնականում նախընտրում են Վրաստան գնալ: Այս տարի մոտ 150 հազար հայաստանցի հանգստացել է Վրաստանի ծովափնյա քաղաքներում: Այդ երկիրը եղել եւ մնում է հայերիս համար ամենամատչելի ու արդյունավետ հանգիստ անցկացնելու վայրը, որտեղ 7-10 օր հանգստանալու համար մեկ անձի համար անհրաժեշտ է 100-120 դոլար. առաջարկվող կացարանների գները ցածր են, սնվելու խնդիրը հեշտ լուծելի է, իսկ ծովափնյա հանգսի արդյունավետությունն ապացուցման կարիք չունի: Ըստ ամենայնիՙ Թուրքիան այս առումով ակտուալությունը կորցրել է: Եթե մի ժամանակ հայերը նախընտրում էին Անթալիան, ապա այսօր տարբեր պատճառներից ելնելովՙ ծովափնյա այդ վայրն այլեւս չի գրավում: Պարզ տրամաբանությամբՙ եթե ուղղակի ծով, ուրեմն կարելի է ավելի մատչելի տարբերակ ընտրելՙ Վրաստանը, իսկ եթե կան նոր երկիր ու պատմամշակութային վայրեր տեսնելու ավելի մեծ հնարավորություններ, ուրեմն ավելի նախընտրելի են եվրոպական երկրներն ու հատկապես Հունաստանը: Այս տարի հայերի հետաքրքրությունը Հունսատանի նկատմամբ ակներեւ ընդգծված էր: Ֆինանսական հնարավություններ ունեցողների շրջանում կերուխումի, պասսիվ հանգստի նկատմամբ պահանջարկը հետզհետե տեղի է տալիս: Փոխարենն աշխարհի ավելի քաղաքակիրթ երկրների հետ ծանոթանալու ձգտումն ու հետաքրքրությունն է մեծացել:

Ըստ վիճակագրությանՙ մեր երկրում իրեն ունեւոր (նրանք են իրենց մասին այդպես ասումՙ ոչ թե հարուստ, այլ ունեւոր) համարողների հինգ տոկոսը հանգիստն անց է կացնում եվրոպական երկրներում: Այս փաստն, իհարկե, դրական կողմեր ունի. ունեւոր խավը տեսնում է այդ երկրների կենսակերպը, կառավարման համակարգերն ու սկզբունքները. ի դեպ, մեծ մասը պաշտոնյաներ են, ու միգուցե նրանց մեջ դրսում տեսած դրականն ընդօրինակելու ձգտումներ արթնանան:

Ովքեր են հանգստանում Ռուսաստանում

Ռուսաստանը «չհայտարարագրված» հանգստի վայր է, որովհետեւ մոտ երկու միլիոն հայ է այնտեղ ապրում ու աշխատում: Իսկ դա նշանակում է, որ նրանք ամռանը հարազատներին կանչում են իրենց մոտ. հարազատական տեսակցությունն ու հանգիստը համադրվում են: Ու ստացվում է, որ հայերն ամենից շատ հանգստանում են Ռուսաստանում. ամռանն այդ երկիր է մեկնում շուրջ 250 հազար հայ: Փաստորեն, Ռուսաստանը մի քանի հարյուր հազար հայերի համար հանգստի վայր էՙ ելնելով ընտանեկան իրավիճակից, ինչը թելադրում են արտագնա աշխատանքի կանոնները:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բացի Ռուսաստան գնացողներից, տարեկան եւս 400 հազար հայ այս կամ այն կերպ որեւէ տեղ կարողանում է անց կացնել իր հանգիստը:

Հանգիստը երեխաների համար պարտադիր է

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների համար անպայման հանգիստ ապահովել: Բացի ընտանիքի հետ հանգստի մեկնելուց, երեխաների համար այլ տարբերակներ գրեթե չկան: Ճամբարներ վաղուց չունենք, թեեւ հարցումները ցույց են տվել, որ շատ ծնողներ կհամաձայնեին մատչելի գներով իրենց երեխաներին ուղարկել ճամբար: Հայաստանում ճամբարային հանգիստը ձեւավորված չէ, բայց լավ նախադրյալներ ունիՙ բնություն, պատմամշակութային վայրեր, արեւոտ, ոչ տեղումնառատ ամառ, որակյալ սնունդ, չապականված բարքեր: Խորհրդային տարիների ճամբարային կյանքը ցույց է տվել, որ երեխաներն այդկերպ նաեւ ճանաչում էին իրենց հայրենիքը, պատմաշխարհագրական, մշակութային գիտելիքներ ձեռք բերում: Իսկ այսօր հայ երեխան մեծ մասամբ տեղակայված է իր բնակավայրում ու չգիտե անգամ մոտակա քաղաքների, մարզերի անուններն ու տեղը:

Իրատեսական նախադրյալներ զբոսաշրջության համար

Մեր փոքրիկ հայրենիքն աշխարհագրական յոթ գոտի ունիՙ սկսած կիսատափաստանից մինչեւ փարթամ անտառներ ու լեռներ: Մեզ միայն ծովն է պակասում, սակայն զբոսաշրջային ճիշտ ռազմավարության ու քաղաքականության դեպքում Սեւանը կարող է գրավիչ ու արդյունավետ հանգստի գոտի լնել: Մեր հանքային ջրերը, բուժարանները -ս կարող են հետաքրքրել օտարներին: Առողջությունը պահպանելն ու վերականգնելը միլիոնավոր մարդկանց համար գերխնդիր է: Նման հնարավորություններ մեր երկիրը կարող է ընձեռել հայ եւ օտարազգի զբոսաշրջիկին: Որպես լեռնային երկիրՙ մենք կարող ենք գրավիչ լինել նաեւ ակտիվ հանգստի սիրահարների համարՙ նրանց առաջարկելով լեռնագնացություն, արշավներ, զիփլայներ, էքստրիմ զգացողություններ: Իսկ երեխաների համար կարող ենք ստեղծել անտառային կամ դաշտային ճամբարներ: Մեր երկրում կարելի է կազմակերպել նաեւ ձմեռային հանգիստ. Ջերմուկն ու Ծաղկաձորը դրա հնարավորությունները եւս ունեն: Մեր սնունդը որակյալ է, ալկոհոլային խմիչքներն ու ծխելն արգելված չէ, ահաբեկչությունների հավանականությունը զրոյական է: Զբոսաշրջությունը զարգացնելու նախադրյալները շատ են, տարբերակներըՙ խելամիտ ու իրատեսական, սակայն այս ոլորտն առայժմ պարապուրդի մեջ է ու առաջընթաց չի ուրվագծվում:

Հ.Գ.- Հարցումները ցույց տվեցին, որ հանգստի մեկնում են մեծ մասամբ քաղաքաբնակներն ու հատկապես երեւանցիները: Իսկ Ռուսաստան հանգստանալու գնացողների գերակշռող մասը մարզաբնակներ են, քանի որ այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնողները մեծ մասամբ մարզերից են: Գյուղերում արված հարցումները պարզեցին, որ գյուղացի երեխաները կուզեին Երեւանում հանգստանալ, բարձր շենքեր, լայն փողոցներ, մեծ-մեծ խանութներ տեսնել, մետրո, անգամ... երթուղային տաքսիներ նստել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.