AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 13226, Տպվել է` 1846, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՏԵՍՔ Է ՍՏԱՑԵԼ

«Հայ Ձայն»

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը, իր հայաստանյան եւ սփյուռքյան կառույցներով մեծ կարեւորություն է ընծայում երիտասարդական ծրագրերի իրականացմանը հատկապես Հայաստանում եւ մասնավորաբար հանրապետության տարբեր շրջաններում, որտեղ, մայրաքաղաքի եռուզեռից եւ ակտիվ կյանքից հեռու, երիտասարդներն իրենց հասարակական-ընկերային, կրթական ու մարզական ոգեւորությունը սպառելու տեղ գրեթե չունեն: Հետեւաբար Վանաձորում, Վարդենիսում, Սեւանում, Եղվարդում, Գյումրիում, Արմավիրում, Եղեգնաձորում եւ Սիսիանում ՌԱԿ-ը նախաձեռնել է կրթամշակութային, մարզական եւ ընկերային կենտրոնների ստեղծումը, որտեղ մեծ թվով երիտասարդներ աճող ոգեւորությամբ հաճախում են: Նման ակումբներից մեկն էլ, թերեւս ամենաաշխույժը, ՌԱԿ Արմավիրի երիտասարդական ակումբն է, որը վերջերս հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ, որի նպատակն է բարետեսություն հաղորդել հարազատ քաղաքին:

«ԱԶԳ»

Արմավիր քաղաքի հանրային այգին իր այցելուներին է ներկայանում արդեն բոլորովին այլ տեսքով. այգու պատերը նկարազարդվել ենՙ քաղաքի բնակիչների սիրելի զբոսայգուն հաղորդելով նոր շունչ ու առավել գեղագիտական տեսք: Այգու նկարազարդման ու գեղեցկացման ամբողջ աշխատանքներն իրենց ուսերին են վերցրել Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներըՙ ամեն ջանք գործադրելով իրենց քաղաքի տեսքը բարելավելու ու բարեկարգելու համար:

«Հայ ձայն» համացանցային լրատվամիջոցի հետ զրույցում ակումբի ատենապետ Օժենի Ավետիսյանն ասաց, որ ծրագրի կազմակերպչական աշխատանքները տեւել են շուրջ մեկ ամիս, որոնք ներառում են տարածքի ընտրություն, քաղաքապետարանի հետ փոխհամաձայնեցում եւ այլն: «Արմավիրում նման ձեռնարկ առաջին անգամ էր տեղի ունենում, եւ մեծ էր բոլորի ոգեւորությունը: Արմավիր քաղաքի հանրային այգու գեղեցկացման աշխատանքներին մասնակցել են ՌԱԿ երիտասարդական ակումբի շուրջ 25 անդամներ: Այս ընթացքում մեր շարքերում նաեւ համալրումներ ենք ունեցել. երիտասարդներ, տեսնելով մեր ակտիվությունն ու կատարած աշխատանքը, ցանկություն են հայտնել դառնալ մեր ակումբի անդամներ: Այս քայլի շնորհիվ մեր հանդեպ հավատը մեծացավ, քաղաքապետարանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքի համար եւ համագործակցության առաջարկներ եւս եղան»,- նշեց Ավետիսյանըՙ ընդգծելով, որ նկարիչների կատարած աշխատանքը բավականին բարձր է գնահատվել մարդկանցՙ քաղաքի բնակիչների կողմից. բոլորը մոտեցել ու իրենց գոհունակության ու հիացմունքի խոսքերն են հայտնել երիտասարդներին: Ատենապետուհու խոսքերի համաձայնՙ նաեւ առաջարկներ են եղել նմանատիպ ակցիաներ իրականացնել մարզի այլ քաղաքներում եւս:

Արմավիրի քաղաքապետարանի «Զբոսայգի» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ երիտասարդների նախաձեռնությունը շատ լավ ու դրական է ընդունվել քաղաքապետարանի կողմից: «Ողջունելի է, որ այսօր մարդիկ ցանկություն ունեն գեղեցկացնելու իրենց բնակավայրը, դրան մաս կազմող զբոսայգիները. նման ծրագրեր նախկինում չեն եղել: Հարկավոր է նմանատիպ լավ եւ հետաքրքրական գաղափարներին աջակցել, եւ մենք հեշտությամբ ենք համաձայնել երիտասարդների ներկայացրած ծրագրի հետ, եւ խոչընդոտող հանգամանքներ չեն եղել: Նկարիչների աշխատանքները շատ գեղեցիկ են ստացվել, հաջողված են եւ ամբողջացնում են զբոսայգու տեսքը»,- նշեց մեր զրուցակիցը, ով նաեւ հավելեց, որ հետագայում եւս մեծ հաճույքով կհամագործակցեն երիտասարդների հետ այսօրինակ ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար:

«Հայ ձայնը» զրուցեց նաեւ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամ նկարիչների հետ, ովքեր իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել զբոսայգու գեղեցկացման աշխատանքներին:

Ակումբի վարչական անդամներից Նազիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակը եղել է Արմավիրում հետաքրքրական ու տեսարժան վայրերի թիվն ավելացնելը, քաղաքը գեղեցկացնելն ու ավելի գրավիչ դարձնելը: Նախապես քննարկումների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ քաղաքի հանրային այգում նկարազարդումներ իրականացնելն ավելի նպատակահարմար կլինի: «Սա մեր առաջին խմբակային աշխատանք էր: Մի փոքր դժվար է նկարչի համար աշխատել խմբում, քանի որ յուրաքանչյուրն իր ձեռագիրն ու մտածելակերպն ունի, բայց անշուշտ, խմբային աշխատանքը նաեւ իր ուսանելի կողմերն ունի, համատեղ եւ համակարգված աշխատանքի փորձ ես ձեռք բերում: Միասին ընտրեցինք աշխատանքի թեմատիկանՙ Սարյանի ու Վան Գոգի ստեղծագործությունները, որոնց համադրվել են նաեւ մեր անհատական աշխատանքները: Բոլորը շատ հավանեցին մեր կատարած աշխատանքը, արձագանքները բավական դրական էին, անցորդներն անգամ զարմացած էին տեղի ունեցածով: Նկարազարդվել են այգու 3 պատերը, որոնք այնքան էլ լավ տեսք չունեին. ուստի նկարների միջոցով դրանց երկրորդ կյանք է հաղորդվել»,- նշեց Նազիկըՙ հայտնելով, որ Արմավիր քաղաքի բարելավման վերաբերյալ նմանատիպ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն:

Խոսելով քաղաքային այգու նկարազարդման գաղափարի մասինՙ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամ Հայկ Շահինյանը նշեց, որ աշխատանքները մի քանի օր են տեւել. յուրաքանչյուր պատը նկարազարդելու համար պահանջվել է 3 օր: Աշխատանքները սկսվել են վաղ առավոտյանՙ ժամը 6-ին, եղանակային պայմանների պատճառով կեսօրից հետո ընդհատվել են, ապա վերսկսվել ու տեւել մինչեւ ուշ երեկո: Հայկը եւս ներկայացրեց համաքաղաքացիների գոհունակությունը, դրական արձագանքը, որին արժանացել են իրենց աշխատանքները:

Նշենք, որ Արմավիր քաղաքի հանրային զբոսայգու արտաքին բարելավման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են ՌԱԿ Կենտրոնական վարչության նյութական օժանդակությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.