AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 13101, Տպվել է` 1808, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԴԵՀ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ այս տարվա հուլիսին այրվում էին պորտուգալական անտառները, իսկ Ստամբուլը հեղեղված էր ջրով, մեր ԱԻՆ-ը ուսումնական վարժություններ էր անցկացնում ամերիկյան եւ բրիտանական կազմակերպությունների ընկերակցությամբ, որոնց ընթացքում ցույց էր տալիս, թե որքան հմուտ է արտակարգ պատահարների ժամանակ, դրանք չեզոքացնելու եւ տուժածներին փրկելու-օգնելու գործում: Այդ ժամանակ ԱԻՆ-ը դեռ չգիտեր, որ ժամանակ անց այրվելու է Խոսրովի անտառը, ոչ ամբողջությամբ, իհարկե, ընդամենը 10 հազար հեկտար անտառային տարածք, կամ Խոսրովի անտառի տասը տոկոսը, ինչը, սակայն, մեր անանտառ երկրի համար մի անտառի արժեք ունի: Թե ո՞ւր կորան ուսումնական վարժանքների ժամանակ մեր փրկարարների ցուցաբերած հմտություները, երբ իրոք փրկելու կարիքը կար, դժվարանում եմ ասել, դժվար է ասել նաեւ, թե արդյոք այդ հմտությունները միայն բավարա՞ր են հրդեհ մարելու համար, մանավանդ որ մեր երկրում միայն Խոսրովի անտառը չէ, որ հրդեհվում էր:

Հիշո՞ւմ եք ապրիլը, այն ապրիլը, երբ մեր հովիվները ադրբեջանական անօդաչու թռչող սարք էին կործանում: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ էին խոսում նախքան այդ ապրիլը, դե մեր անհաղթ բանակի մասին, տարածաշրջանի ամենազորեղ բանակի մասին, դիրքերի անսասանության մասին, ավելի ռոմանտիկներըՙ առիթի դեպքում Բաքվում թեյ խմելու մասին անգամ, եւ, ի՞նչ եղավ ապրիլին: Ադրբեջանը տվեց Բաքվում թեյ խմելու հրաշալի առիթ, իսկ մենք ոչ միայն չօգտվեցինք դրանից, այլեւ շատ թալիշցիներ այսօր իրենց տներից հեռու են թեյ խմում, քանի որ իրենց տներում ապրելը վտանգավոր է դարձել, որովհետեւ իրենց տների ու հակառակորդի միջեւ ամայի տարածություններ կան, որոնք առաջ մերն էին, հիմա մերը չեն: Ուրեմն Բաքվում թեյ խմելու վստահությունը կուրացրել էր մեզ, այնքան, որ չէինք տեսնում, թե ինչպես էր Ադրբեջանը տանկեր ու հրետանի կուտակում սահմանին, ինչպես էր կենդանի ուժ կոտակում նույն վայրում, ինչպես էր նախապատրաստում հարձակումը, ինչ զենքով... Տեսանք արդեն հարձակվելիս, իսկ երբ հակառակորդին տեսնում ես միայն հարձակվելիս, ուրեմն նրան տեսնում ես նահանջիդ ճանապարհին: Փառք Աստծո, այդ նահանջը երկար չէր, բայց կարող էր եւ երկար լինել, կարող էր, քանի որ մենք պատրաստ չէինք, մենք ամենազորեղն ենք, ամենալավ զենքերով ու ամենաբարձր դուխով, բայց պատրաստ չէինք: Դրա համար էլ հովիվն էր այդ պատերազմի գլխավոր հերոսը...

Հետո, շատ ավելի ուշ, անձրեւ եկավ, սահմանից շատ հեռուՙ Երեւանում, մի ամբողջ օր, ըստ տվյալների այդ մեկ օրում Երեւանում այնքան անձրեւ եկավ, որքան գալիս է մեկ ամսվա ընթացքում, այն էլ անձրեւոտ ամիսներին: Պարզվեց, որ քաղաքապետարանը պատրաստ չէ այդ անձրեւին, ինչի արդյունքում մեքենաները դարձան նավակներ, այն էլ անհուսալի, խորտակվող: Իհարկե հետո ամեն ինչ ցամաքեց, բայց ոչ թե որովհետեւ քաղաքապետարանը սկսեց ավելի լավ աշխատել, այլ որովհետեւ անձրեւը դադարեցՙ ապացուցելով, որ մեր երկիրը անգամ անձրեւին պատրաստ չէ, էլ ուր մնաց պատերազմին:

Կամ կարկուտին, որն այս տարի մի քանի անգամ հարվածեց հայ գյուղացու բերքին, ընդ որում, ինչն ամենահատկանշական է, եղան գյուղեր, որտեղ կարկուտը մի քանի անգամ հարվածեց, ցույց տալով, որ մեր որոշ գերատեսչություններ ոչ միայն պատրաստ չեն կարկուտի դեմ պայքարին, այլեւ չեն էլ սովորում, թե ինչպե՞ս է պետք տանել այդ պայքարը: Ստիպված վարչապետը հանձնարարություններ տվեց, բայց վարչապետն այնքան շատ է հանձնարարություններ տալիս, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, արդարացիորեն, կարող են մոռանալ հերթականը, առաջնայինն ու երկրորդականը: Մանավանդ, որ իրենք որպես կանոն գյուղերում չեն ապրում, այլՙ «էլիտարներում», որտեղ կարկուտը չի հարվածում, բայց կարող է հարվածել... երկրաշարժը: Ի դեպ, դրան պատրա՞ստ ենք: Նկատի ունեմ գեղեցիկ շենքերի գեղեցիկ հագուստներով մարդիկ: Ասենք քանի՞ «էլիտար» շենք է կառուցվել, որի մասին կարող ենք վստահ ասելՙ սեյսմակայուն է...

Բայց մենք պատրաստ ենք, մենք, այսինքնՙ ռուսների հետ: Հրդեհը մարելու համար ռուսներից ինքնաթիռ կխնդրենք, պատերազմում հաղթելու համարՙ զենք, կարկուտի դեմ պայքարի համար էժան վարկեր, որ սուբսիդավորենք հայ գյուղացու վնասը: Մի խոսքով: Մենք պատրաստ ենք ռուսներից խնդրել, ու ամենակարեւորը նրանք են պատրաստ մեզ օգնել, մինչ մենք կհասկանանք, որ ավելի լավ է մի երկիր դառնանք: Դեռ չենք հասկանում, որքան էլ փորձում են սա մեզ հասկացնել ռուսները, մենք չենք հասկանում, երեւի, որովհետեւ հայերեն ենք խոսում, բայց դա էլ, կարծես թե, ժամանակի հարց է:

Մինչդեռ մեր ժամանակներն այնպիսին են, որ կարեւոր չէ, թե դու որքան հին ես, կարեւորն այն է, թե դու որքանով ես շարժվում ժամանակին համահունչ եւ որքանով ես պատրաստ վաղվան: Իսկ մենք պատրաստ չենք, մենք, այսինքն երկիրը, որը չի կարողանում հրդեհ մարել, իսկ պատերազմում հաղթում է դուխով, այսինքն արյամբ, շա՛տ արյամբ, մինչ երկրի քաղաքացիները, որոնք հայրենի բնության գրկում խմում են սահմանին կանգնած տղերքի կենացը ու դատարկ ապակե շիշը նետում խոտերի մեջ, արեւի տակ... Որքան շատ են այդ շշերը, այնքան շատ են խմել երկրի կենացը ու այդքան ամուր է երկիրը, որտեղ հրդեհ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.