AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



ՊԱՏՄԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 7038, Տպվել է` 453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱԶԱԿՆԵՐԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՆ ՓՐԿԵՑԻՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ

ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Թեհրան

- Հաղթանակի այգին Երեւանում իմ սիրելի անկյուններից է, եթե ոչ` ամենասիրելի,- ասում է զրուցակիցս, ընդամենը մի քանի տարի առաջ Երեւանում հաստատված, ծնունդով Նոր Ջուղայեցի Ավո Հովհաննիսյանը` «մտավորական, հայրենասեր եւ բարեգործ քաղաքացի»` ինչպես նրան իր գրավոր ելույթներից մեկում որակում է ակադեմիկոս Սեն Արեւշատյանը, եւ ում, ցավոք, մեր հայրենակիցներից դեռեւս քչերը գիտեն:

Ես նայում եմ շուրջս, տեսնում այգու խնամազուրկ ծառեր, աղբակորույս արահետներ, լճակի հայելու մեջ լողացող ցելոֆանե տոպրակներ... չեմ հասկանում... Հետո որսում եմ զրուցակցիս հայացքը` այգին կատարյալ դիտակետ է Արարատով զմայլվելու համար: Այստեղից առանձնակի տպավորիչ է նաեւ Մայր Հայաստանի արձանը: Լավատեսական մտքերիդ հաջորդ «հենակետը» խաղով տարված երեխաների ուրախ ճիչն ու ծիծաղն է: Լավատեսություն` այն ինչ սպառել են մեզանից շատերը, ինչ վերականգնելու պետք ունենք: Լավատեսությունը պետք է դաստիարակվի` պատմության, ազգային մշակույթի իմացությամբ, այդ գիտելիքները մյուսներին հաղորդելու ցանկությամբ ու կարողությամբ: Այս առաքելությունը տրված է Ավո Հովհաննիսյանին` «հայ մշակույթի անխոնջ փրկարարներից մեկին» (Սեն Արեւշատյան): Լսենք նրան:

- Այն, ինչ պատմելու եմ, լսել եմ 1960 թվականին` Հարություն Գլանդյանից, ով Նոր Ջուղայի իմ հայրենակիցն էր: Մի խեղճ ընտանիքի զավակ էր, ծնվել էր մոտավորապես 1903-1904 թվականներին: Մանուկ տարիքից կորցրել էր հորը, ուներ մայր, երկու քույր: Ընտանիքն ապրել էր դժվար կյանքով, քաղաքի Դավրեժ թաղամասում: Ծնողներս նրա հետ մտերիմ էին, հաճախ հանդիպում էին, զրուցում: Մի անգամ, երբ ես արդեն հասուն երիտասարդ էի, նա դիմեց ինձ, ասելով. «Գիտեմ, հետաքրքրվում ես Նոր Ջուղայի պատմությամբ: Քեզ համար մի նվիրական հիշողություն ունեմ պահած...»: Այն, ինչ լսեցի Հարությունից, մեկընդմիշտ դաջվեց հիշողությանս մեջ եւ ամեն անգամ դրան անդրադառնալիս հուզվում եմ, ասես ինքս եմ եղել դրամատիկ այդ իրադարձությունների ականատեսը...

1915 թվականին ծրագրված ցեղասպանությունը միայն Պատմահայաստանի տարածքը չէր ընդգրկելու: Թուրքերի «հոգեւոր ուսուցիչները»` գերմանացիները, նպատակ ունեին ոչնչացնելու ողջ հայությունը: Պատահական չէ, որ նրանց ուշադրությունը բեւեռված էր նաեւ Նոր Ջուղայի բարեկարգ, գրեթե երկու հազարանոց հայության կողմը: Իհարկե, կար նաեւ Հնդկաստանի հայությունը, բայց նրան ոչնչացնելը տեխնիկապես ավելի անիրագործելի էր, քանի որ հնդկահայերը ամուր կապեր ունեին անգլիացիների հետ, եւ ոճիրը լայն արձագանքի տեղիք կտար: Չարաբաստիկ այդ օրերին Հարությունը մոտավորապես 8-9 տարեկան էր: Տան առեւտուրն անելու պարտականությունը փոքրիկի վրա էր: Ինչպես միշտ, հերթական անգամ տղեկը գալիս է պարսիկ խանութպանի մոտ` օրվա պահանջը գնելու: «Ձեր վերջը եկել է, բոլորիդ վերջացնելու ենք»,- ոչ այս, ոչ այն` փոքրիկի առաջ չարախնդում է հիմար պարսիկը: Ինչ իմանար խղճուկը, որ ութամյա սթափ տղան այս խոսքերը կմտապահի ու կհաղորդի մեծերին: Նոր ջուղայեցիների ականջներին վաղուց արդեն հասել էին նման լուրեր, բայց որ վտանգն այդքան որոշակի էր` չէր պատկերացնում եւ ոչ մեկը: Պարզվում է, որ հիմնականում ավազակներից ու բաշիբոզուկներից կազմված Բախտիարի վայրենի ցեղի ձեռքերով գերմանացիները որոշել էին հաշվեհարդար տեսնել տեղի հայ բնակչության հետ: Զենք ու զինամթերքով լիովին ապահովված, արնատենչ այդ ոհմակը գրեթե հասել էր Նոր Ջուղայի մատույցները` քաղաքի հարավային կողմում ընկած լեռան ստորոտը, որպեսզի որոշված պահին հրաման ստանալով հանկարծահարձակ լինի: Հայերը սկսում են մտածել, թե ինչպես արհավիրքի առաջն առնեն եւ գտնում են միակ հնարավոր ելքը: Որոշվում է դիմել ռուսական կայսրին` Թեհրանում տեղակայված կազակների օգնությամբ Նոր Ջուղայի հայ բնակչությանը պաշտպանելու խնդրանքով: Իհարկե, երկու հազար բնակչություն ունեցող քաղաքում կային մարդիկ, ովքեր ունեին որսորդական հրացաններ, բայց դա բոլորովին բավարար չէր ոսոխի դեմն առնելու: Այստեղ մեր հուզաշատ պատմությունն ընդմիջենք շատ կարեւոր լրացումով:

Իրանահայ վաճառականները դարեր շարունակ ազատ ելք ու մուտք ունեին հյուսիսի հզոր պետության` Ռուսաստանի մեջ: Իրենg ազնիվ գործունեության, ճկուն մտածողության շնորհիվ մեր հայրենակիցները շահել էին ռուս ցարերի վստահությունը ու վայելում էին նրանց հարգանքը: Անցնելով աշխարհից աշխարհ, տիրապետելով տարբեր ազգերի լեզուներին, ծանոթանալով նրանց բարքերին ու նիստուկացին, այս մարդիկ հեշտությամբ ու սիրով հանձնառում էին ռուսաց ցարի դեսպանի պարտականությունը, կատարելապես իրականացնելով այդ դժվարին գործը: Բացի այդ, շնորհիվ նաեւ նրանց գործունեության, Ռուսաստանում բարգավաճում էր տնտեսությունը, այդ թվում` երկաթի, մետաքսի, ձկնկիթի արտադրությունն ու առեւտուրը: Հայ-ռուս բարեկամական կապերի գեղեցիկ էջերից մեկը Աստվածատուր Սալթանյանի, ռուս գեղանկարչության մեջ սյուժետային ժանրի հիմնադրի պատմությունն է: Նա ծնվել էր Նոր Ջուղայում, որտեղ եւ դարձել է անվանի արվեստագետ: Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666 թվականին, խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ, հետագայում ռուս մեծ գեղանկարիչ հորջորջված Բոգդան Սալթանովը եղբոր հետ գալիս է Մոսկվա եւ այստեղ էլ ձեռք է բերում շնորհալի ստեղծագործողի համբավ: 1674 թվականին նա ընդունում է «ռուսական հավատք» եւ, ստանալով ազնվականի կոչում, դառնում է Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավարը: Սալթանովը ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի հեղինակն էր, որը կառուցվեց Ազովը Պետրոս 1-ի կողմից գրավելու առթիվ: Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձեւավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների եւ պալատների ներքին հարդարանքը: Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեեւիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրում է արծաթե գուշ: Մահանում է 1703 թվականին` Մոսկվայում: Տարեգրությունները հետաքրքրական հիշողություններ են պատմում այն մասին, թե ինչպես նոր ջուղայեցի վարպետը փայտից խաղալիքներ է պատրաստել փոքրիկ - ցարեւիչի Պետրոսի համար: Չմոռանանք նաեւ Լազարյանների, այլոց մասին: Պարսկահայերի միջոցով արեւմուտքն ու արեւելքը միացան Մոսկվայում:

Մի խոսքով` ռուսական պետությունը անվարան որոշեց, որ այս ժողովրդին պետք է փրկել, որովհետեւ նա իր կարեւոր ներդրումն ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Եվ այսպես, Նոր Ջուղայի հայերը իրենց Առաջնորդ Սահակ եպիսկոպոս Այվատյանի միջոցով (նրան կոչում էին նաեւ «շինարար առաջնորդ», Նոր Ջուղայում ծառայել է 1902-1920 թվականներին) հեռագիր են ուղարկում Ռուսիո մայրաքաղաք` շտապ օգնություն ստանալու խնդրանքով:

Ընդգծենք, որ Սպահանի հեռագրատան կազմը այդ տարիներին բաղկացած էր միմիայն հայերից, ինչը նշանակում էր, որ հեռագրի բովանդակությունը ուրիշներին հասու չէր լինելու: Պատասխանը չուշացավ. Թեհրանում տեղակայված կազակների զգալի մի խումբ թնդանոթներով զինված, առաքվեց դեպի Սպահան: Սրանք, դեռ քաղաքի դարպասներին չհասած, նախապես գործի են դնում թնդանոթները` դիմացինին հասկացնել են տալիս, որ գալիս է մի ուժ, որը պաշտպանելու է հայերին: Այս խելացի քայլը զսպեց բաշիբոզուկներին: Մի քանի ժամ անց ռուսները մտան Նոր Ջուղա: Մեր տունը Վանքի մոտ է: Զորքն անցնելու էր մեր տան մոտով, դեպի հարավ շարունակելով երթը, որտեղ տեղակայված էին Բախտիարի ցեղի ներկայացուցիչները: Մեծ պապս հիշում էր. երբ զորքը հասնում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքին (շատ հուզիչ պատմություն է` կազակները շատ հավատացյալ էին) բոլորը ձիերից իջնում են, չոքում, խաչակնքում, հետո նորից հեծնում ձիերը եւ առաջ շարժվում:

Կազակները ցրեցին թշնամիներին, գրավեցին նրանց զենքերը եւ միչեւ 1917 թվականը մնացին Նոր Ջուղայում, որպեսզի թալանչի ցեղերը նորից գլուխ չբարձրացնեն: Նոր Ջուղան ամեն ինչով նրանց ապահովեց: Նիկոլ անունով մի հայ իր տան երկրորդ հարկը հյուրանոց դարձրեց, ուր տեղավորվեցին ռուս սպաները: Դա մեր քաղաքի առաջին հյուրանոցն էր: Քաղաքից դուրս զորքին տրամադրվեցին մի շարք շինություններ, որոնք առ այսօր կան եւ օգտագործվում են պարսիկ զորքի կողմից: Հայությունը զորքին օգնում էր ուտելիքով, խմիչքով: Հարությունը պատմում էր, թե հաղթանակը ինչպես էր ոգեւորել իր մանուկ հոգին: «Ինքս ինձ ասացի` ես այս մարդկանց շատ եմ սիրում», հիշում էր նա: Տանն ունեին խաղողի վազեր: Մորաքրոջ հետ քաղում է խաղողը եւ փայտե սինին խաղողով լի, գլխին դրած ուղղվում դեպի կազակների հանգրվանը` դժվար էին ապրում, որոշում է մի քիչ դրամ աշխատել: Մտնում է զորանոց, դե` ռուսերեն չգիտեի, հասկացնում է, թե վաճառքի է բերել խաղողը: Մինչ անցնում է զորանոցի ճանապարհը, զգում է, որ բեռը թեթեւացել է, բայց, թե ի՞նչն է պատճառը` չի հասկանում: «Տեղ հասա ու բեռս ցած դրեցի: Տեսնեմ` մի քանի ողկույզ է մնացել»: Սկսում է լաց լինել: Սպաներից մեկը հարցնում է, թե ի՞նչ է պատահել: Հասկացնում է, թե բերել էր վաճառելու, բայց ահա, թե ինչ ստացվեց: Սպան ժպտում է ու ասում` ոչինչ, ինչքան պետք է` կվճարենք: Ապա տալիս է դրամը ու ասում, որ վաղը նորից բերի: Դա պատճառ է դառնում, որ Հարությունը ամեն օր ներկայանա: Կազակները սիրում են Հարությունին եւ կարգում նրան մատակարար: Ամեն առավոտ փոքրիկը նստում է զինվորների ֆուրգոնը, միասին գնում են առեւտուր անելու: Հարությունը թարգմանում է զինվորներին, օգնում ընտրություն անել: Ռուսերեն սովորեց նրանց հետ շփվելով: Լինում են նաեւ այն պարսիկի խանութում, ով սպառնացել էր, թե` «ձեզ ջարդելու ենք»: Այսպես շարունակվում է մինչեւ հեղափոխությունը: Հարությունի երազանքը Մոսկվա այցելելն էր: Տարիներ անց, արդեն հասուն մարդ, նա իրականացնում է երազանքը:

Պապս մեծ գինեգործ էր: Ռուս սպաներից մեկը նրա հետ շատ էր մտերմացել: Մեր տան դուռը միշտ բաց էր նրա եւ մյուսների առջեւ: Հրաժեշտի օրը այս ռուս սպան պապիս է նվիրում իր թուրը: «Ես գիտեմ, ինձանից ոչինչ չես ուզում, բայց սրանից ավել ես ոչինչ չունեմ»,- ասում է նա:

Այդ սուրը այսօր ինձ մոտ է` պապիցս է մնացել:

Այս պատմությունը պատասխան է նրանց, ովքեր կհարցադրեն, թե ինչու Ռուսական կայսրությունը հարկ համարեց փրկել հայերին:

Նկար 1. Կազակները Նոր Ջուղայում, 1915թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.