AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 6534, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՌԻ ՀԵՏԵՎԻՑ ՆԱՅՈՂ ՀԱՅԱՑՔԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կանցնեն շատ տարիներ եւ Մարիամ Պռոշյանը ոչինչ չի հիշի այն օրվա մասին, երբ ինքըՙ լրիվ մերկ պառկել էր ծառի տակ... Իսկ այդ օրը օգոստոսի 12-ն էր, երբ Պռոշյան համայնքի Տեղերաշեն փողոցի հողամասերից մեկում, ծառի տակ հայտնաբերվեց լրիվ մերկ նորածին: Երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները վստահեցնում են, որ նա առողջական որեւէ խնդիր չունի: Հա, ծառըՙ սալորի է եղել, իսկ դրա տակ երեխային գտել է մի աղջնակ, ում սկզբից թվացել է, թե կատվի մլավոց է լսում:

Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանը կայքերից մեկին հայտնել է, թե նորածինը «լավ էլ սիրուն երեխա է», եւ որ մի շարք մարդիկ, կարդալով թերթերում ծառի տակ հայտնաբերված երեխայի մասին, ցանկություն են հայտնել որդեգրել նրան. «Տեսենենք, թե ինչ կլինի», ասել է գյուղապետը: Այժմ ձեւակերպվում են երեխայի փաստաթղթերըՙ նրան մանկատուն հանձնելու նպատակով: Որոշվել է, որ երեխան կրելու է Մարիամ անունը, քանի որ հայտնաբերվել է Խաղողօրհնեքի օրը, եւ Պռոշյան ազգանունը, որովհետեւ գտնվել է Պռոշյան գյուղում: Գուցե այլ գյուղից, հնարավոր էՙ նույն գյուղից...

Ծնողները, հասկանալի է, հայտնի չեն, հայտնի է միայն, որ այս օրերին երեխային հիվանդանոցում միայն մեկ հոգի է այցելումՙ Պռոշյանի համայնքապետը... Եւ մի բան էլ. Պռոշյանում ու ոչ միայն այնտեղ կան կանայք, որոնք չեն կարողանում մայրանալ, բայց ամենաշատը դա են ուզում:

Բայց այս պատմությունը մի տեսակ կիսատ է: Ինձ թվում է, ես անգամ համոզված եմ, որ օգոստոսի 12-ին Պռոշյանի Տեղերաշեն փողոցի այդ հողամասում, մեկ այլ ծառի հետեւում ուրիշ մարդ էլ է եղել: Ես սրանում համոզված եմ, քանի որ ես հավատում եմ մարդուն, գուցե իզուր: Հնարավոր է ոչ ոք էլ չի եղել, բայց, եթե եղել է, ապա ո՞վ. մա՞յրը, գուցե հա՞յրը, գուցե նրանցից իրենց երեխային խլե՞լ են, բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ ոչ ոք չի դիմել ոստիկանություն, ուրեմն կա՛մ մայրն է եղել այնտեղ, կա՛մ հայրը: Նրանցից ոչ ոք չէր կարող հեռանալ, ես այդպես եմ ուզում հավատալ: Բերել է, դրել ծառի տակ, ու մեկ ուրիշի հետեւում թաքնվել, թաքնվել ու նայել, նայել ու արտասվել, հետո, երբ ամեն բան ավարտվել է, սրբել է արցունքներն ու հեռացել այդՙ մեծագո՜ւյն հանցագործության վայրից, իրեն ամենեւին էլ հանցագործ չզգալով, կամՙ զգալով, դա կարեւոր չէ: Ինձ հայացքն է հետաքրքրական, մոր կամ հոր, երբ տեսնում է, թե ինչպես են տանում իր երեխային, որը կարող էր սիրել իրենՙ աշխարհում ամենաշատը, բայց որն ատելու է իրենՙ աշխարհում ամենաուժգինը:

Անպայման հանդիպելու են Մարիամն ու նրան ծառի տակ թողածը, եթե վերջինս մինչ այդ պահը դիմանա, քանի որ նայել է, թե ինչպես են Մարիամին տանում ու դիմացել է, առանց նրա էլ կդիմանա, այլեւս ամեն բանի կդիմանա, ամենաանդիմանալիին դիմացել է: Ու այդ հանդիպումը ոչինչ չի փոխելու, հնարավոր է գրկեն իրար, գուցե համբուրվեն ու շատ էլ անկեղծ, բայց մինչ այդ հանդիպումը կեղծիքն այնքան շատ է ու երկար ու մեծ, որ րոպեի անկեղծությունը հաջորդ վայրկյանին իսկ ջնջվելու է... Նա տեսնելու է, թե ինչպես է Մարիամը հեռանում ու անգամ չի էլ լացելու, քանի որ մի անգամ դա արդեն տեսել է, ավելի ճիշտՙ արել է:

Իսկ Մարիամը... երեւի նա խաղող շատ սիրի, գուցե դրա համն ու բույրը նրան ինչ-որ բան հիշեցնեն, գուցե նա մեծանա ու չսիրի անտառը, ծառերը, մանավանդՙ սալորի, ինքն էլ չհասկանալով, թե ինչու: Չի բացառվում, որ նա պարուհի դառնա ու սովորեցնի, թե ինչպես են ճիշտ շարժվում կյանքում, երբ դա գեղեցիկ է լինում... Ոչինչ հաստատ չէ, բացի մի բանից. կանցնեն շատ տարիներ եւ Մարիամ Պռոշյանը ոչինչ չի հիշի այն օրվա մասին, երբ ինքը պառկել էր ծառի տակ, կամ էլ նա ամեն բան կհիշի, մանավանդ այն հրեշային, բայց հարազատ հայացքը, որն իրեն էր նայում մեկ այլ ծառի հետեւից, երբ ինքն իր փոքրիկ մատներով դիպչում էր խոտերին, որ բռնվի, որ բարձրանա, որ ապրի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.